«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Պետբյուջեի մուտքերի աճը երկու գործոնով է պայմանավորված»

«Պետբյուջեի մուտքերի աճը երկու գործոնով է պայմանավորված»
09.06.2017 | 01:41

ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ (ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)


-Պարոն Մինասյան, կառավարության վերջերս ընդունած որոշմամբ, 47 պետական ընկերություններ, որոնց մեջ կան նաև ռազմավարական նշանակություն ունեցող կառույցներ, օտարվելու են։ Ըստ Ձեզ, գործադիր իշխանության այս քայլը պետբյուջեի մուտքային մասն ապահովելու խնդի՞ր է հետապնդում:
-Պետբյուջեի ծախսերը սահմանված կարգով լիարժեքորեն կատարվում են։ Ինչ վերաբերում է մուտքերին, այստեղ առաջանցիկ աճ է արձանագրվել։ Պետբյուջեի եկամտային մասը որևէ խնդիր չունի։ Եթե պետությունը, որպես տնտեսավարող, պետական ընկերությունների համար լիներ ավելի արդյունավետ կառավարիչ, գուցե այդ մասնավորեցումը անիմաստ լիներ։ Ձեր նշած օրինագիծը կմտնի ԱԺ, մենք այն կքննարկենք, սակայն առավել քան համոզված եմ, որ մասնավորեցման հիմքում ընկերությունների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու խնդիրն է։
-Ի՞նչ եք կարծում, այս տարվա վերջին 4 ամիսների եկամուտների հավաքագրման աճը պայմանավորված է ստվերի կրճատմա՞մբ, թե՞ հարկերի դրույքաչափերի բարձրացմամբ։
-Այս տարվա վերջին ամիսներին արձանագրված պետբյուջեի եկամուտների աճը պայմանավորված է երկու գործոնով։ Առաջինը՝ մենք ունենք տնտեսության ակտիվության ցուցանիշի բարձր տոկոս, ինչը հրաշալի բազա է եկամուտների աճի համար։ Երկրորդ՝ իրականացվում է ստվերի դեմ պայքար, ինչի արդյունքը, գումարվելով տնտեսության ակտիվության աճին, ապահովում է եկամուտների աճ։
-Ֆինանսների նախարարը բազմիցս վստահեցրել է, որ մեր երկրի արտաքին պարտքը վտանգավոր սահմանագծին չի հասել, և պետությունը սիստեմաբար սպասարկում է այդ վարկերը։ Մյուս կողմից` Հայաստանը շարունակում է վերցնել նորանոր վարկեր։ Ըստ Ձեզ, այդ վարկերը արդյունավե՞տ են օգտագործվում։
-Իհարկե, վարկերի արդյունավետությունը ամենագլխավոր հարցն է, և դրանց արդյունավետ օգտագործումով են պայմանավորված տնտեսական դաշտի հետագա զարգացումները։ Եթե մարդը վարկ է վերցնում և գիտի, որ այն արդյունավետ է օգտագործելու, ապա այդ վարկը արդարացված է։ Կարծում եմ՝ մեր վարկային ռեսուրսների օգտագործումը և՛ երեկ, և՛ այսօր, և՛ վաղը կարիք ունի ավելի խոր վերահսկողության։ Այն իրականացնելու լավ հնարավորություն է տալիս փոփոխված Սահմանադրությունը։
-Դուք նկատո՞ւմ եք վարկերի դրական ազդեցությունը տնտեսական աճի վրա։
-Եթե դիտարկենք ենթակառուցվածքների զարգացմանը կամ որևէ տնտեսական օբյեկտի կառուցմանն ուղղված վարկային ծրագրերը, ապա, այո, դրանք էապես ազդում են տնտեսական աճի վրա։ Այդ վարկերը ևս պետք է լինեն չափազանց արդարացված՝ տնտեսական աճի տեսանկյունից։


Ճեպազրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4084

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ