Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրանի դեմ ահաբեկչության հետևից երևում են ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ականջները

Իրանի դեմ ահաբեկչության հետևից երևում են ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ականջները
09.06.2017 | 06:05

ԱՄՆ-ի գլխավորությամբ «հակաահաբեկչական» կոչված միջազգային կոալիցիան հունիսի 6-ին Սիրիայի հարավում հարվածել է «Իսլամական պետություն» և ահաբեկչական այլ խմբավորումների դեմ պայքարող Սիրիայի կառավարական ուժերի ստորաբաժանմանը: Միացյալ Նահանգները և կոալիցիան իրենց այդ քայլով, ըստ էության, պաշտպանել են ահաբեկչական խմբավորումներին Սիրիայի բանակի զորասյան հարվածներից ու շունչ քաշելու հնարավորություն տվել նրանց: Հարվածի պատճառով ոչնչացվել են հրետանային և հակաօդային պաշտպանության մի քանի միջոցներ, վնասվել տանկ, ըստ ամերիկյան աղբյուրների, առնվազն 60 հոգի զոհվել ու վիրավորվել է:

Ընդ որում` կատարվածն այս ամսվա ընթացքում կոալիցիայի արդեն երկրորդ հարվածն է Սիրիայի կառավարական ուժերին Ալ-Թանֆի շրջանում: Եվս մեկ ավիահարված հասցվել է մայիսի 18-ին Ալ-Թանֆ քաղաքից հյուսիս-արևմուտք գտնվող ապառազմականացված գոտու սահմանից դուրս գործող Սիրիայի ու նրա դաշնակիցների ուժերի վրա, որի պատճառով զոհվել է սիրիացի մի քանի մարտիկ:


«Իսլամական պետությունն» էլ, կարծես շնորհակալ ու վարձահատույց լինելով իր հովանավորին` ահաբեկչությանն աջակցող ԱՄՆ-ին, հաջորդ օրը` հունիսի 7-ի առավոտյան, հարձակվել է Թեհրանի մոտ գտնվող, Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնիի դամբարանում գտնվող մարդկանց, ինչպես նաև Իրանի խորհրդարանի վրա: Մի պետության օրենսդիր մարմնի, որը Սիրիայի նման գտնվում է Միացյալ Նահանգների սև ցուցակում: Իսրայելի և ԱՄՆ-ի որոշակի ուժերի հաջողվեց հասնել Սիրիայի ավերմանը, Իրանի հետ, չնայած մեծագույն ցանկությանը, դեռ չեն կարողանում նույն կերպ վարվել:
Ինչպես արդեն հայտնի է, չորեքշաբթի առավոտյան կանացի հագուստով չորս զինյալ ահաբեկիչներ ներխուժել են Իրանի խորհրդարան, ապա բախվել խորհրդարանի անվտանգության ուժերի հետ, սկսվել է փոխհրաձգություն:


Խորհրդարանի շենքի մուտքի միջանցքում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով զոհվել ու վիրավորվել են խորհրդարանի անվտանգության աշխատակիցներ, առնվազն մեկ հոգի էլ վիրավորվել է խորհրդարան դիմողներից: Ահաբեկիչները զինված են եղել ատրճանակներով և Կալաշնիկովի ինքնաձիգներով, խորհրդարանի շենք մտնելուց և միջանցքում կրակելուց հետո նրանք փախուստի են դիմել, որը, սակայն, երկար չի տևել: Անվտանգության ուժերին հաջողվել է սպանել խորհրդարանի շենքի վրա հարձակում իրականացրած չորս ահաբեկիչներին:
Եվս չորս զինյալ ահաբեկիչներ հունիսի 7-ի առավոտյան ներխուժել են իմամ Խոմեյնիի դամբարան (այն իրանցիների համար սրբավայր է) և կրակել ու վիրավորել են բազմաթիվ մարդկանց: Ահաբեկիչներից երկուսը ձերբակալվել են հենց ահաբեկչության վայրում, իսկ մյուսը գործի է դրել իր վրա ամրացված պայթուցիկ ռումբը: Ըստ արտերկրի ԶԼՄ-ների հրապարակումների, դամբարանի վրա հարձակում կատարած մահապարտ ահաբեկիչը կին է եղել:


Ոստիկաններն ու խորհրդարանի անվտանգության աշխատակիցները շարունակել են հետապնդման աշխատանքն ու մյուս օպերատիվ գործողությունները: Անվտանգության ուժերին հաջողվել է նաև վերականգնել կարգ ու կանոնը խորհրդարանում: Հայտնվում է, որ ահաբեկչության պատճառով Իրանի խորհրդարանի պատգամավորներից որևէ մեկը չի տուժել: Խորհրդարանի դռնբաց նիստին առընթեր կայացել է խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նիստը: Իրանի ներքին գործերի նախարար Ռահմանի Ֆազլին կոչ է արել Թեհրանում կայացնել ազգային անվտանգության արտակարգ նիստ:
«Ֆարս» լրատվական գործակալությունը սկզբում տեղեկացրել է, որ նշված ահաբեկչությունների պատճառով զոհվել է 4 հոգի, վիրավորվել` 10-ը: Հետո զոհերի ու վիրավորների` նշվածից մեծ թվեր հրապարակվեցին: Վերջին տվյալների համաձայն, Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների պատճառով զոհվել են 13 և վիրավորվել 43 իրանցիներ: Այս մասին հայտնել է ԻԻՀ ներքին գործերի նախարարի անվտանգության հարցերով տեղակալ Հոսեյն Զոլֆաղարին:


ԻՍՆԱ լրատվական գործակալությունը հղում կատարելով «Ֆրանս պրեսին», հունիսի 7-ին տեղեկացրել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Իրանի խորհրդարանում և իմամ Խոմեյնիի դամբարանում իրականացված ահաբեկչությունների պատասխանատվությունը: Իրանական լրատվամիջոցներն ավելի ուշ տեղեկություն հրապարակեցին այն մասին, որ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է սիոնիստական-թաքֆիրական ահաբեկչական խմբավորումը: Սիրիայում գործող ահաբեկչական-թաքֆիրական ամենախոշոր խմբավորումներն են «Իսլամական պետությունը» և «Ալ Նուսրա» ճակատը: Ըստ Իրանի, նրանք աջակցություն են ստանում սիոնիստական ռեժիմից: Դրա համար էլ այդ խմբավորումներն Իրանում կոչվում են սիոնիստական-թաքֆիրական: Երեկ մեկ անգամ ևս հաստատվեց, որ Իրանում հունիսի 7-ի ահաբեկչություններն իրականացրել է «Իսլամական պետությունը», որը, հովանավորվելով ԱՄՆ-ի ու նրա արևմտյան և արաբական դաշնակիցների, այդ թվում` Սաուդյան Արաբիայի կողմից, բազում ոճրագործություններ է իրականացրել տարածաշրջանում, հատկապես Սիրիայում և Իրանում:
Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահը, մոտ մեկ ամիս առաջ, հակադարձելով Սիրիայի վրա Իսրայելի կործանիչների հարձակումներին, հայտարարել էր, որ «թաքֆիրական ու սիոնիստական ահաբեկչության միջև սերտ կապեր կան», «Սիրիայի վրա սիոնիստական ռեժիմի կործանիչների հարձակումները և զինյալ խմբավորումներին ու ահաբեկիչներին ԱՄՆ-ի օգնության շարունակումը վկայում են թաքֆիրական ու սիոնիստական ահաբեկչության միջև սերտ կապերի առկայության մասին»:


Ամիր Աբդոլլահը ասել էր նաև. «Դամասկոսը թույլ չի տալու, որ, չարաշահելով Աստանայի և Ժնևի քաղաքական բանակցությունները, Թել Ավիվն իրականացնի տարածաշրջանում իր գաղտնի նպատակները», ապա կրկին կարևորել Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին Իրանի ցուցաբերած օգնության և աջակցության շարունակումը: Թեհրանում իրականացված ահաբեկչություններն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կամ նրա զինյալների միջոցով սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի այս դիրքորոշման ու քաղաքականության հակադարձումներն են:
Այն, որ Իրանում «Իսլամական պետության» ձեռքով իրականացված ահաբեկչությունների հետևում երևում են ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ականջները, իր անուղղակի հաստատումն է ստացել նշված ահաբեկչությունների առնչությամբ հենց ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքով, որն Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեկ համարել է նողկալի:


«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նողկալի վերաբերմունք է ցուցաբերել Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների նկատմամբ»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը:
Անդրադառնալով Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, Դոնալդ Թրամփը Իրանին մեղադրել է ահաբեկչությունը հովանավորելու մեջ և հայտարարել է. «Ահաբեկչությունը հովանավորող երկրները հայտնվում են իրենց լարած ծուղակում»: Իրականում Իրանը ոչ թե ահաբեկչությունն է հովանավորում, այլ ահաբեկչության և ահաբեկիչների դեմ պայքարող Սիրիայի իշխանություններին: Իրանի նշված քաղաքականությունն ԱՄՆ-ի ղեկավարության շրջանում, ըստ էության, հանգեցրել է կատաղության:


Իր թվիթերյան ուղերձում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գրել է. «Այն պահին, երբ Իրանը դիմակայում էր ահաբեկչական հարձակումներին, որոնք իրականացրել են ԱՄՆ-ի հետ կապված ու նրա հովանավորած անձինք, Սպիտակ տան հաղորդագրությունը և Սենատի նոր շրջափակումները (խոսքն Իրանի դեմ ԱՄՆ-ի Սենատի սահմանած նոր պատժամիջոցների մասին է- Ա. Հ.) նողկալի են: Իրանի ժողովուրդը այդ կարգի բարեկամությունը չի ընդունում»:
Նշելով, որ բռնատեր ղեկավարներն ատում են ժողովրդավարությունը, Իրանի ԱԳ նախարարը գրել է. «Նրանց վարձկանները հարձակվել են ժողովրդավարության կենտրոնի վրա, որն ամենից շատ են ատում»:
Իրանը, սակայն, մտադիր չէ ընկրկել ահաբեկիչներից ու նրանց հովանավորներից: Իսլամական հեղափոխության պահակազորի փոխհրամանատար, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին հունիսի 7-ին հայտարարել է, որ «Իրանը վրեժխնդիր է լինելու Թեհրանի ահաբեկչական հարձակման զոհերի համար», ապա հավելել. «Ահաբեկիչները պետք է իմանան, որ Իրանը երբեք չի նահանջելու նրանց դեմ պայքարից»:


Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ այաթոլլահ Խամենեին, չորեքշաբթի երեկոյան ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, ընդգծել է. «Նման դեպքերը չեն կարող Իրանի ժողովրդի ու պատասխանատուների վճռականության որևէ խախտում առաջացնել», ապա հավելել. «Իրանի ժողովուրդը հզորությամբ կշարունակի իր շարժումը և դեպի առաջ կշարժվի»:
ԻՍՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի քարտուղար Մոհսեն Ռեզային չորեքշաբթի Ինստագրամում «Կույր ահաբեկչություն Թեհրանում» վերտառությամբ իր գրառման մեջ նշել է. «Ահաբեկիչները բազմիցս փորձել են Իրան ներթափանցել, սակայն ամեն անգամ որևէ քայլ ձեռնարկելուց առաջ ձերբակալվել են: Եվ այսօրվա արարքի համար նրանք խստագույն պատիժ են ստանալու»:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ