«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«ASALA-ն՝ հուսահատությունից ծնված այս պոռթկումը, նույն մեր ֆիդայական շարժման օրգանական շարունակությունն է»

«ASALA-ն՝ հուսահատությունից ծնված այս պոռթկումը, նույն մեր  ֆիդայական շարժման օրգանական շարունակությունն է»
09.06.2017 | 06:53

«Իրատեսի» հյուրը գրող, գրականագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ է: Օրեր առաջ լույս է տեսել նրա հերթական գիրքը՝ «Պայթյուններ Թուրքիայում և... ոչ միայն. ASALA-ն՝ ներսից» վերնագրով (Հրատարակություն Լիբանանի «Սփյուռք» պարբերաթերթի), որը պարունակում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի՝ ASALA-ի գործունեությանն առնչվող բացառիկ մանրամասնություններ: Անհավանական թվացող պատմությունների շարքը՝ մատուցված դրանց մասնակցի կողմից ու շարադրված Կարո Վարդանյանի ձեռամբ և գրողական ոճավորմամբ, անտարբեր չի թողնի որևէ հայի: Եվ ինչո՞ւ միայն հային. այս պատմություններն ունեն համամարդկային հնչողություն, ինչպես ժամանակին համամարդկային արձագանքի ու գնահատականի են արժանացել ASALA-ի քաջարի մարտիկների իրականացրած գործողությունները՝ առիթ տալով տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության և հայրենազրկության մասին լռող աշխարհին վերանայելու իրենց կարծրացած մոտեցումները մեր հնամյա ազգի ողբերգության հանդեպ:

«ԳԻՐՔԸ ԳՐԵԼՈՒ ԱԶԴԱԿԸ ԵՂԵԼ Է ԱՅԴ ՇԱՏ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՄԱՐԴԸ»


-Պարոն Վարդանյան, 100 տարուց ավելի մենք տարփողում ենք Հայոց ցեղասպանության ու հայրենազրկության ողբերգական իրողությունների մասին, բայց աշխարհը, մեծ հաշվով, լուռ է դրանց նկատմամբ: Ինչպես Բեյրութում Ձեզ հանդիպած ASALA-ի մարտիկն է նկատում, այդ ամենի մասին բարձրաձայնումներն ու համաշխարհային արձագանքները ծայր են առել հենց իրենց ձեռնարկած գործողությունների շնորհիվ: Համաձա՞յն եք նրա հետ:
-Ինքս ինձ հետ եմ համաձայն այս դեպքում: Ես գրել եմ իրապատում վեպ: Նկարագրված պատմություններն իրողություններ են, որոնց, որպես գրող, ես հավելել եմ իմ տարիների մտածումները, դատողությունները՝ բնականաբար, հարազատ մնալով իմ հերոսի պատմածներին: Դա արել եմ մի պարզ նպատակով. որ գիրքը կառուցվածք ունենա: Գիրքը գրելու ազդակը եղել է այդ շատ խորհրդավոր մարդը, այսօր արդեն՝ բարեկամը, որը գիտակցել էր, որ պետք է որոշ բաներ բացահայտել ու հանրայնացնել: Ձեր նշած դատողությունն իմն է, որը վիճարկելու ենթակա չէ: Հավատացեք, մինչև 1970-ականների կեսերը աշխարհը ոչ միայն չգիտեր Հայոց ցեղասպանության մասին, այլև չգիտեր առհասարակ ինչ է Հայաստանը: Նույնիսկ Գուռիարանի նման լուսավոր, հանրաճանաչ լրագրողը, որն ուներ 600-700-միլիոնանոց իսպանախոս լսարան, խոստովանել է, որ մինչև հայերի տեղադրած ռումբից պատուհասվելը ինքը Հայաստանի մասին կցկտուր տեղեկություն է ունեցել: Իհարկե, հայկական շրջանակները աշխատել են մեր դատի ճանաչման ուղղությամբ: Բայց աշխատել են խաղաղ, անատամ եղանակներով. ապրիլից ապրիլ երթեր են կազմակերպել համայնքների ներսում, մշակութային ծրագրեր են իրականացրել, մեկ-մեկ էլ բողոքագրեր են ուղարկել ՄԱԿ-ին: Բայց այդպիսի բաներով աշխարհին չես զարմացնի, ոչ էլ գթասրտությունը կշարժես. աշխարհը, հզորները չեն սիրում ավելորդ խնդիր ունենալ: Եվ այդպես անտարբեր էլ մնաց աշխարհը մեր ողբերգության հանդեպ մինչև Գուրգեն Յանիկյանի կրակոցները, որոնց հաջորդեցին ASALA-ի ռումբերը: Ընդունելի՞ է այս մեթոդը, թե՞ ոչ, փաստն այն է, որ ռումբի հետ ստիպված եղան հաշվի նստել, վերլուծել, թե ովքեր են հայերը և ինչ են ուզում աշխարհից: Արդյունքում՝ այսօր, գոնե փաստացիորեն, Հայոց ցեղասպանությունը ճանաչված է: Չկա աշխարհում որևէ երկիր, որևէ ժողովուրդ, որ լսած չլինի, ավելին՝ համոզված չլինի, որ եղել է հայերի ցեղասպանություն: Այլ բան է, որ ինչ-ինչ նկատառումներով, մի երկիր պաշտոնապես ընդունում է այն, մյուսը՝ ոչ: Բայց շատ կարևոր է իմանալ, որ ցեղասպանության ճանաչումը ASALA-ի համար նպատակ չի եղել: Կազմակերպության նպատակը ի սկզբանե Արևմտյան Հայաստանի ազատագրումն է: Ճիշտ է, Ցեղասպանության գոնե փաստացի ճանաչումը հիմնականում ASALA-ի գործողությունների շնորհիվ է եղել, բայց եղել է ինքնաբերաբար, պայքարի ճանապարհին:
-Համարո՞ւմ եք, որ Ձեր գրքի հերոսին հանդիպելը ճակատագրի բացառիկ նվեր է թե՛ անձամբ Ձեզ համար, թե՛ բոլորիս, որ նրա պատմածների և Ձեր շարադրած վեպի շնորհիվ իրազեկվում ենք մեր ժողովրդի պատմության այլընտրանքային մի ընթացքի մասին:
-Դա ազդակ էր, և շատ շահեկան ազդակ: Նախկինում իմ հրապարակած հոդվածները, «Հատուցման 13 ղողանջ» պատմվածքների ժողովածուն իզուր չեն անցել: Աշխարհը Գաղտնի բանակը հռչակեց որպես ահաբեկչական կազմակերպություն, բայց մենք գոնե պիտի իմանանք, թե ինչ էր դա: Նրանց ահաբեկիչ կոչելը նույնն է, թե Աղբյուր Սերոբին, Գևորգ Չավուշին կամ Հրայր Դժոխքին կոչես ահաբեկիչ: Այդ մարդիկ իրենց ցավն ունեին, տեսնում էին, որ հայկական շրջանակները արդեն ըստ հավուր պատշաճի են անդրադառնում Հայ դատի խնդրին, որ նրանց հիմնական նպատակն իրենց ազդեցությունը համայնքների ներսում մեծացնելն է, մեկը մյուսի հաշվին առավելություններ գրանցելը, սեփական լիազորություններն ընդլայնելը և խաղաղ ապրելը: Ինչը տանում էր ուծացման, և այսօր ունենք դրա արդյունքները. մենք մեկը մյուսի հետևից տանուլ ենք տալիս նույնիսկ ամենաընտիր մեր համայնքները: Նկատի ունեմ Մերձավոր Արևելքի համայնքները, որոնք գոնե խորհրդային տարիներին շատ ավելի զտարյուն հայերից էին բաղկացած, քան մենք էինք այստեղ՝ Խորհրդային Հայաստանում: Ես շատ ուրախացա, որ իմ հոդվածները, գիրքը այդ ընկերոջը դրդել են, չգիտեմ որ երկրից, գալ-գտնել ինձ Բեյրութում, դիմելով մեծ ռիսկի, և պատմել որոշ կարևոր բաներ: Գրքում ներկայացվածն իմ ու իրազեկ տղաների իմացածի մի փոքրիկ մասն է: Կան շատ կնճռոտ, սև էջեր, որոնք չի կարելի միանգամից մատուցել՝ մեր հանրությանը հոգեկան, հոգեբանական ցնցումների չենթարկելու համար:

«ԱՆՔՆՆԵԼԻ Է, ՈՐ ՄՈՆԹԵՆ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆ Է, ՆՈՐԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԵՆԱԵՐԵՎԵԼԻ, ԱՐԺԱՆԻՈՐԵՆ ԿԻՍԱՍՏՎԱԾ ԴԱՐՁԱԾ ՀԵՐՈՍԸ»


-Ցավալի է իմանալ, որ անգամ ASALA-ի ներսում եղել են այնպիսի վտանգավոր տարաձայնություններ, որոնք հանգեցրել են արյունալի բախումների: Եվ ինչպես որ Դուք, այնպես էլ ես չեմ ցանկանում հավատալ, որ այդ գործում իր ներդրումն է ունեցել մեր պաշտելի ազգային հերոսը՝ Մոնթեն: Մարդը, որ եկավ ու նահատակվեց հանուն Արցախի ազատագրման, կարո՞ղ էր լինել այնպիսին, ինչպիսին նկարագրում է նրան Բեյրութում Ձեզ հանդիպած խորհրդավոր անծանոթը, որը ASALA-ի գործողությունների գլխավոր շարժիչ ուժերից է եղել տարիներ շարունակ:
-Ես շատ երկար եմ մտածել՝ արժե՞ անդրադառնալ 1983-ի ներկազմակերպական արյունահեղությանը, որը հայտնի է միայն շատ նեղ շրջանակների: Ամենահեշտ բանը կլիներ Մոնթեին շրջանցելը, ինչպես արել են և անում են տարիներ շարունակ: Իսկ այդպես են վարվել, որովհետև առանցքում Մոնթեն էր կանգնած: Անքննելի է, որ նա մեր ազգային հերոսն է, նորագույն ժամանակների ամենաերևելի, արժանիորեն կիսաստված դարձած հերոսը: Այստեղ նաև բանահյուսությունն է աշխատել, նաև ժողովրդական ընկալումն է աշխատել: Այդպես է, ամեն մի սերունդ իր ժամանակակից հերոսներից մեկին է ընտրում՝ որպես խորհրդանիշ, և հերոսականության բոլոր դրսևորումները վերագրում նրան: Մեր սերունդը Մոնթեին ընտրեց: Իսկապես, երանի թե Արցախում մենք 20 և ավելի Մոնթե ունենայինք. այդ դեպքում հաղթանակն ավելի շուտ կգար, կորուստներն ավելի քիչ կլինեին: Մոնթեն բացառիկ հրամանատար էր՝ օժտված մարտական գործողություններ կազմակերպելու և նվազագույն միջոցներով փայլուն իրականացնելու հանճարով: Բայց այդ որակները նրան միանգամից, որպես Աստծո շնորհ չէին տրվել: Նա թրծվել էր Գաղտնի բանակի շարքերում, և մենք իրավունք ունենք ճանաչելու նրա ողջ կենսագրությունը: ASALA-ն ստեղծվել էր բարդ իրավիճակներում, նրան հալածում էին ոչ միայն դրսի ուժերը, այլև մեր ազգային կուսակցությունները, որովհետև այդ կազմակերպության ծնունդն անսովոր մի վիճակի առաջ կանգնեցրեց կուսակցություններին: Տարաձայնությունները երբեմն դառնում էին սուր բողոքներ, որոնց գագաթնակետը դարձավ 1983-ի հուլիսի դավադրությունը: Վերջին ամիսներին մեզանում տեղի ունեցան, իմ խորին համոզմամբ, արատավոր իրադարձություններ, որոնք էլ և ստիպեցին ինձ անդրադառնալ այս ցավոտ ու կնճռոտ թեմային: Բավական էր, որ, ասենք, Ժիրայր Սէֆիլյանը հայտնվեր մեկ այլ հարթության վրա, ու մենք մի գիշերում մոռացանք, որ նա նույնպես մեր հերոսն է, ոչ պակաս հերոս, քան Մոնթեն կամ մյուսները, և մի ժամվա մեջ եթերներում նրանից փորձեցինք սարքել մորթապաշտ, իր զինվորին մարտի դաշտում թողնող-փախչող մի անձնավորություն: Մի այլ դեպք հիշեմ: Նույն այդ պատճառով Ալեք Ենիգոմշյանին՝ Մոնթեի ամենամերձավոր ընկերոջը, մեկ ժամվա մեջ հանկարծ սկսեցին ներկայացնել այլ լույսի ներքո, ինչ-որ մեկը հայտարարեց, թե նրա ռումբը հայի դեմ էր պատրաստվել: Այսպիսին է մեր հանրությունը: Եվ այս առումով Մոնթեն շատ ավելի խոցելի է: Այնքան թուղթ ու վկայություն կա նրա դեմ: Ես շատ եմ վախենում, որ հանկարծ մի սև ձեռք վաղը-մյուս օրը փորձի չարամիտ կամայականությամբ մեկնաբանել դրանք: ՈՒ եթե անի դա, շատ ցավոտ է անելու: Բայց արդեն երկրորդ սերունդն է Մոնթեով դաստիարակվում ու հրաշալի սերունդ է դաստիարակվում՝ ունենալով Մոնթեի պես դյուցազունին՝ որպես ներշնչանքի աղբյուր: Ես մի քանի անգամ եղել եմ Մարտունիում, առաջնագծերում, երկար զրուցել եմ միջին և ավագ սերնդի մարդկանց հետ ու կարող եմ հավաստիացնել, որ մարդիկ երանությամբ են հիշում Մոնթեին: Իսկապես նրա հերոսականությունն անխախտ է, բայց նրա կյանքի ASALA-ական շրջանը մի փոքր այլ է: Մի պարզ ճշմարտություն կա. կազմակերպությունն անհամեմատ վեր է իր յուրաքանչյուր շարքային անդամից: Կազմակերպությունից վեր միայն հայրենիքն է: Եվ եթե կազմակերպությունը վերը հիշված դավադրության արդյունքում խիստ որակումներ է տվել Մոնթեին և նրա ազդեցության տակ ընկած մեկ-երկուսին, պետք չէ փշաքաղվել: Պետք է այդ ամենը դիտարկել և գնահատել կազմակերպության շրջանակներում: ASALA-ի դավադիրը չի նշանակում հայրենիքի դավադիր, ինչպես դաշնակցության դավադիրը չի նշանակում հայրենիքի դավադիր: Սա պարզ ճշմարտություն է: Իմ գրքի այդ մի քանի էջում խոսքը ASALA-ի Մոնթեի մասին է, ընդամենը: Բարի լինենք՝ այդքանն ընկալենք:
-Մեր պատմության տարբեր դրվագներում արձանագրված են փաստեր, որոնք վկայում են, որ հայի մեջքը կոտրողը հաճախ եղբայրակիցն է: Դավադրությունը մեր տեսակին բնորոշ հատկանի՞շ է, ի՞նչ է:
-Չասենք՝ բնորոշ է, բայց ցավոք, խորթ չէ մեզ: Այդ եղբայրասպան ձեռագիրը նույնքան հին է, որքան հին ենք մենք՝ հայերս: Դավադիր հայի պիղծ ձեռքը մի քանի անգամ փորձ է արել բարձրանալու նույնիսկ Անդրանիկ Զորավարի վրա, որը լեգենդ է, մի ամբողջ ժողովրդի ճակատը պարզ անող, հպարտություն ներշնչող հերոս: Եվ փա՜ռք Աստծո, այդ մեկին ոչ միայն թուրքի գնդակը չէր դիպչում, այլև դավադիր եղբայրակցինը: Ցավոք, նմանատիպ դեպքերով հարուստ է մեր պատմությունը:
-Ձեր գրքի հերոսը չի՞ խոստացել երբևէ հանրայնացնել իր անունն ու անձը: Չէ՞ որ բոլոր ASALA-ականներն են բացահայտվել ձերբակալությունից հետո կամ հետմահու:
-Նա չի ձերբակալվել ու բացահայտվել, ըստ այդմ էլ պարտավոր է զգուշանալ, որքան էլ որ երկար տասնամյակներ են անցել: Գուցե մեզ համար դժվար է ընկալել այդ ամենը, որովհետև դա այլ հարթություն է, որում մենք չենք եղել: Նա արդեն իսկ մեծ ռիսկի է դիմել՝ հանդիպելով ինձ ու պատմելով իր իմացածը: ՈՒ դա արել է՝ հանուն իր կազմակերպության դավանած գաղափարների ճշմարտացի ներկայացման:
(շարունակելի)

Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ