Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հայկական «արխայնություն-դնջությունը» և ազերբայջանական «ջուջալարըմը»

Հայկական «արխայնություն-դնջությունը» և ազերբայջանական «ջուջալարըմը»
09.06.2017 | 07:32

ՆԱԽԵՐԳԱՆՔ


Գալիք դեղձաբույր ու խաղողահանդերձ սեպտեմբեր ամսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի ընտրությունն է։ Խիստ զավեշտալի է Բյուլբյուլօղլի Փոլադի (հուշեմ-հիշեք նրա օրիորդական տոհմանունը` Մուրթազօղլի Մեհմեդով Փոլադ) ընտրություն-նշանակումը, սակայն բացառված չէ։ Դուք այս պահին խիստ զայրացկոտ հարցնում եք, այդ ինչպե՞ս, իսկ ես` ձեր ծառան հեզ, բացատրում եմ` ահա այսպես, Մուրթազի զավակն ունի երեք և էլի մեկ զորավոր հաղթաթուղթ։ Նախ` ամենակաշառ յոթ կոտ ոսկին, հետո նաև իսրայելա-սեմիտական ամպհովանին, այնուհետև` դժոխային զեղծարարությունը և վերջապես բուն հայկական ջայլամիզմը։ Հրապարակում այս ամենը միաբանած հայտնվել է ոմն ազերբայջանուհի-թունահաբ։ Նրան դեռ կանդրադառնանք։ Այժմ դառնանք մի հուժկու թնդանոթաձգության ճնճղուկների երամի ուղղությամբ. «Ալիևն ինքը չոբան է Ալթայից, մեզ եկվոր է անվանում»։ Սա ասել է պատվարժան զորավար-գեներալ Նորատը Տեր-Գրիգորյան։ Արգո զորավար, աշխարհը իրո՞ք համոզված է, որ ազերիք և թյուրքերն առհասարակ Ալթայի կողմերից են։ Կասկածում եմ։

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ «ԹԼՊԱՏՈՒՄԸ»


Այս պոետը կիսագրագետ էր, սեփական անունը գրում էր մերթ Սայադ, մերթ էլ` Սայէաթ։ Սակայն նա բանաստեղծական մի աննման ցայգուլույս էր։ Պատահական չէ, որ անզուգական Պարույրը` Սևակ, գիտական թեզ պաշտպանեց` նվիրված Սայաթ-Նովային։ Նշյալ աշխատությունում նա զուգահեռեց Սայաթ-Նովայի և Վիլյամ Շեքսպիրի բանաստեղծական աշխարհները, համարժեքելով Սայաթի բանաստեղծությունները Վիլյամի սոնետների հետ։ Իսկ ես` ձեր ծառան հեզ, կնոջ հրայրքի և հմայքի ավելի ցնցող գովերգում չեմ տեսել համաշխարհային պոեզիայում, քան Սայաթ-Նովայի այս վառման տողն է.
Դո՜ւն կրակ, հագածդ կրակ, վո՞ւր մե կրակին դիմանամ։
Ես չեմ դիմանում և ահազանգում եմ ի լուր պատկան կառույցների, գրական և հասարակական շրջանակների, ի վերջո, ի լուր համահայկական արժանապատվության` Սայաթին ազերբայջանացնում են։ Ոմն Ջամիլյա Բաբաևա համացանցում զբաղվում է հակահայկական ցանցահենությամբ։ Ռուսերեն այս ծովահենուհի-դուրսպրծուկը ահա նման վերնագրով նյութ է տարածում. «Он вряд ли хотел бы быть армянином»։ (Համացանցը ոչինչ չի ներկայացնում Ջ. Բ.-ի վերաբերյալ։ Ակնհայտ է, որ վերոնշյալ ծածկագրի ներքո գործում է ազերբայջանական գաղտնի ծառայությունը)։


«Он»-ը Սայաթն է։ Եվ մինչ մենք քմահաճորեն քմծիծաղում ենք թյուրքա-ազերիական հերթական զառանցանքի վրա, նրանք կազմակերպված և դավադիր են գրոհում։ Եվրասիական անծայրածիր տարածքներում այսօր շուրջ 300 մլն մարդ կարդում է ռուսերեն։ ՈՒ հենց նրանք են թիրախը, չէ՞ որ 300 միլիոնի ճնշող մասն անտեղյակ է համաշխարհային քաղաքակրթության ալեկոծումներին հենց թյուրք էթնոսի, երեկ և այսօր էլ ազերբայջանական ենթաէթնոսի ներխուժումների պատճառով։ Մենք շատ հաճախ կուսական ամոթխածությամբ անտեսում ենք գերկարևոր մի երևույթ` ռուս-սլավոնական հոգեմտակերպում թյուրք-օսմանլուն, այսօր նաև ազերին ամենևին ջարդարար հրեշներ չեն։ Ռուս-թուրքական 12 պատերազմներից միայն մեկում է հաղթել թուրքը։ Ռուսիո փառահեղ գրականության կոթողային երկերից մեկի` «Խաղաղ Դոնի» գլխավոր և սիրելի հերոս Գրիգորի Մելեխովի մեջ նաև թյուրքական արյուն էր հոսում։ Հոսում-հորդանում է և թավալվում-խորտակում է քաղաքակրթական անհամար արգելապատնեշներ։ Հիշենք, որ մինչ օրս ռուս-սլավոնական լայնածավալ արժեհամակարգում ամրագրված է ազերբայջանական «սքանչելագործ» գրական մշակույթը, հանձինս Նիզամու և այլ պարսիկ հանճարների։ Նաև վերհիշենք, որ մայր Վոլգայի ափերը հեղեղված են թյուրքական ցեղերի հետնորդների հետքերով։ Ո՛չ, դրանք պատմական նախճիրի հետևանքը չեն անծայրածիր գերեզմանաթմբերի և այլնի տեսքով, հետնորդները վաղուց պետականություններ են ստեղծել և իրենց շեղ աչքերով դարձել են ռուսական կապուտաչյա ինքնության անքակտելի մասը։

Միով բանիվ այս ամենում Ջամիլյա-կեղծարարը հեծանիվ չի հորինում։ Նա շարունակում է ավանդական բռնակեղծումը։ Եթե արիացի Նիզամին վաղո՜ւց ազերի է, ինչու չազերիացնել մեկ այլ արիացու` Սայաթ-Նովային։ Բռնակեղծումը համակարգային է, հովանավորվում է պետականորեն և, ինչ խոսք, բավականին առատ բերք է տալիս։ Vesti.az կայքում ն բավականին «ծանրակշիռ» հիմնավորումներ է հրամցնում բանից անտեղյակ լսարանին ահա նման քաջատեղյակ լցոնումներով. «В Тбилиси издана книга §Сайат-Нова - Я с хиджрой друга пробудился¦, которая является научным исследованием жизни и поэтического наследия поэта-ашига 18-ого века с псевдонимом Сайат-Нова и именем собственным - Харут Сейид. Авторами научного труда являются Сайат-Эмир-заде и Сарра Сараблы»: Սույն գրքի հեղինակները, հենվելով համաշխարհային մշակույթի, արվեստի, գիտության և գրականության ցանկալի արժեքները կորզելու-յուրացնելու դարավոր և հրեշավոր փորձի վրա, արհեստավարժորեն «հիմնավորում» են Սայաթ-Նովայի ազերիական ծագումը և մուսուլման լինելու հանգամանքը գիտության, առհասարակ տարրական տրամաբանության հետ որևէ աղերս չունեցող փաստերով և կռվաններով։ Դրա կարիքը չկա։ Նրանք մշակութային, առհասարակ, քաղաքակրթական տարածքներ են նվաճում բացահայտ կեղծարարությամբ, աճպարարությամբ և շահում են ինչպես միշտ։ Շահում են, զի սա ռազմավարական մի գերխորունկ ծրագիր է, ազերիական էթնոհամակարգում ձևավորել ազգային վսեմ և հաղթական ինքնագիտակցություն։ Եվ, ինչ խոսք, ազերի պատանին դեռ դպրոցում սքանչանում է Նիզամու, Սաադիի և շատ ուրիշների հետ իր ազգակցությամբ, մինչև շումերների թագավորություն հասնող պատմությամբ և այլնով, և այսպես շարունակ երեկ, այսօր, նաև, վախենամ, որ վաղը։ Այս պարագայում «ստի ոտքերը կարճ են» ժողիմաստությունը կորցնում է նշանակությունը, զի նվաճողական այս ստի ոտքերը անվարան արշավում են աշխարհով մեկ։


Իսկ մենք վերամբարձ քմծիծաղում ենք, դե թող զառանցեն, ո՞վ է դրանց լուրջ ընդունում։ Բայց եկեք ծուռ նստենք, շիտակ խոսենք։ Եվրասիական (նախկին խորհրդային և արևելաեվրոպական) տարածքներում որքան մարդ է համոզված, որ Ֆիրդուսին, Նիզամին, Սաադին (և այլք) պարսիկ պոետներ են, և որ ազերբայջանական ազգ չկա, զի երբևէ չի էլ եղել։ Թերևս միայն նեղգիտական շրջանակները։ Մի խոսքով այժմ էլ մեր համակերպ համաձայնությամբ Սայաթ-Նովան, ուշ միջնադարի հանճարեղ հայ բանաստեղծն ազերբայջանացվում է։ Հաջորդ զոհը ո՞վ է, Նարեկացի՞ն։ Իսկ ինչո՞ւ ոչ։

ԳԱՎԱՌԱԿԱՆ ՄԱՐՏԵՐԻՑ ԴԵՊԻ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԱՌՃԱԿԱՏՈՒՄ


Հողմաղացն այս ամենից խիստ զայրացած քուն է մտել և ահա թե ինչ է նա երազում լսել.
Եկ փակենք նաև ջրատարները,
ծխնելույզները,
աղբատարները.
այնտեղ կարող են
բույն դնել մկներն
ու դեռ ավելին`
մեծ առնետները։
Այսպես է մեր ներկա օրը դիտարկել ինքնատիպ պոետ Վառլենը Ալեքսանյան։ Եվ տողերն այս ահազանգ են, զի մենք փակել ենք մեր արժանապատվության ջրատարներն ու ծխնելույզները, և առնետներն աղբահորերից ներխուժում-գրավում են մեր խոհանոցն ու ննջարանը։

Ի՞նչ անել։ Առանձնապես ոչինչ։ Պետք է պարզապես դուրս գանք վերամբարձ պերճամոլության բանտախցերից և ազգային ինքնագիտակցության դրոշները պարզելով` աշխարհի համար դառնանք նախ ճանաչելի, այնուհետև` նաև գնահատելի։ Ինչպե՞ս... Մի՞թե պարզ չէ. ազգային-պետական ռազմավարության մշակմամբ և դրա հետևողական կենսագործմամբ։ Ջ. Բ.-ի վերոհիշյալ «բացահայտումը» ռազմավարական հուժկու հարված է մեր ազգային արժանապատվությանը, ընդ որում` գոտկատեղից վար. նյութի վերնագիրը վերընթերցենք. «Он вряд ли хотел бы быть армянином»։


Հայը, որ 18-րդ դարի Թիֆլիսում շենացնող, ներքին և արտաքին խնդիրներում բարդույթավորված վրացական թագավորությանը զորական և մշակ մատակարարող ազգային տեսակն էր, «պարզվում է»` այնքան հացկատակ էր, որ Սայաթ-Նովան դժվար թե ցանկանար հայ լինել։ Բայց վերադառնանք նավախելի մոտ։ Տեսեք, «Մատենադարան» ֆիլմաշարն անզուգական հմայքով և խորքով է աշխարհին ներկայացնում Երկիր Նաիրին ու նրա բնակիչներին։ Ֆիլմաշարը ցուցադրվել է առաջատար հեռուստաալիքներով, սակայն նրա տեսանելիությունը երևի թե 1-2 մլն մարդ էր, զի ֆիլմաշարը բարդ է, նախատեսված է մտածող-հմայվող մարդկանց ճաշակը բավարարելուն։ Սայաթ-Նովայի մասին կարելի է և՛ ճանաչողական, և՛ խորունկ, նաև գայթակղիչ ֆիլմաշար նկարահանել, այո՛, նաև հենվելով Պարույր Սևակի զարմանալի բացահայտման վրա։ Իսկ մի՞թե ֆիլմաշարի հրաշալի շարժառիթ չեն մեր մշակույթի մյուս երևելիները. Ֆրիկն ու Քուչակը, Դուրյանն ու Զոհրապը և այլք։ Նաև Անի տիեզերական քաղաքը, Խորենացու «Հայոց պատմությունը» ծայրեծայր, Տրդատ արքունի ճարտարապետի ձեռամբ Սուրբ Սոֆիա տաճարի ավերված-անվերականգնելի գմբեթի վերակառուցումը։ Էհ, ո՞րը նշեմ և ո՞րը անտեսեմ։ Ավելի լավ է ուղղակի բղավեմ` ի գործ, ՀՀ պատկան-պետական կառույցներ (արտաքին գործոց և մշակույթի նախարարություններ, «Հայաստան» համահայկական հիմնադրամ և այլն)։


Ի դեպ, հայ ազգային մշակույթի խելամիտ հանրահռչակումը աշխարհով մեկ էապես կթեթևացնի հայրենի իշխանաց և կառավարաց հոգսը, զի կզարգացնի զբոսաշրջությունը, թեկուզ նման մշակութային գայթակղությունների գործարկմամբ. «Չկոճկված սիրահարի» լուսե հետագիծը միջնադարյան խավարում. Նահապետ Քուչակ» («չկոճկված սիրահարը» դարձյալ Սևակի բնորոշումն է)։ Կամ` «Ինչպես արմենոիդը վերականգնեց բյուզանդական կայսրության կործանված գմբեթը. Տրդատ Ճարտարապետ»։ Եվ այլն։

ՎԵՐՋԵՐԳ


Արժե՞ արհեստավարժ պոռնիկի հետ վիճաբանել բարոյականության շուրջ։ Չարժե, զի նա կամրանա իր ապականության պատվանդանի վրա, բարոյական մարդը կաղտոտվի ոտն ի գլուխ։
Արժե՞ բանավիճել ջամիլյաների և մուրթազօղլիների հետ, ապացուցելու, որ իրենց տեղային, պատմական և մշակութային (՞) առանձնահատկությունը էթնիկ սակավամտությունն է, ախորժալից ավարառությունը և մշակութային ցեղասպանդը։ Չարժե։
Սակայն արժե վստահաբար ջայլամային ախտանիշից ձերբազատվել։ Իսկ մինչ այդ ազերբայջանական «ջուջալարըմը» կալեկոծի աշխարհը։
Զինչե՞ր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին...


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7990

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ