Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տիրամայրը և թաքցրած Ավետարանի պատմությունը

Տիրամայրը և թաքցրած Ավետարանի պատմությունը
09.06.2017 | 00:34

Այս վկայությունը, որը ես լսել եմ դեռ կոմունիստական անաստվածության տարիներին հավատի կայծը սրտում ջերմ պահած մի բարեպաշտ տատիկից, կարծում եմ, օգտակար կլինի Աստծո գոյությանն ու Նրա Խոսքի` Ավետարանի զորությանը դեռևս կասկածող այժմյան հայորդիների համար:


«Երբ հազիվ տասը տարեկան էի, մայրս, երկար ժամանակ որբևայրի մնալուց հետո, հարազատների հորդորով ամուսնացավ գյուղի մի աշխատասեր ու աղքատ բատրակի հետ: Միասին մի փոքրիկ տուն-տեղ դրեցին, ու այդպես ապրում էինք:
Ես դեռ փոքրիկ աղջիկ էի ու շատ էի քաշվում միշտ լուռ և ինքնամփոփ խորթ հորիցս։ Բայց երբ նա ամեն շաբաթ երեկո՝ կիրակնամուտին, ձեթի ճրագն առնում, գնում էր իր սիրած անկյունը և սկսում աղոթք մրմնջալ, սիրտս անբացատրելի հարազատություն և ուրախություն էր զգում այդ պահին, և անպայման ուզում էի միշտ նրա կողքին լինել ինձ համար անհասկանալի այդ ուրախալի պահերին: Նա էլ տեսնելով իմ սերը Աստծո հանդեպ, ինձ շատ էր սիրում ու մնացած երեխաներից առանձնացնում էր, ասելով. «Էս Նանոս մի կողմ, մնացած իմ երեխեքն ուրիշ կողմ»:


Մենք բոլորս քնում էինք տան մեծ օթախում: Ես էլ չգիտեմ ինչու, գիշերները միշտ աչքերս բաց, տան օճորքին էի նայում ու մտածում Աստծո մասին, Որին ես չէի ճանաչում, բայց մանկան դեռ անմեղ սրտով գիտեի, որ Ինքը կա ու շատ բարի է, որ հայրս այդքան սիրով դիմում է Նրան:
Մի օր էլ գիշերը նման մտածմունքների մեջ էի, հանկարծ տեսա, թե ինչպես մեր օթախի դուռը կամաց ճռռաց ու մի ճերմակազգեստ, գեղատեսիլ կին մտավ ներս՝ ձեռքում բռնած իմ խորթ հոր աղոթքի ճրագը: Նա այդ լույսով մեկիկ-մեկիկ մոտենում էր քնածներին և ուշադիր զննում դեմքերը: Երբ մոտեցավ ինձ, ես վախից վերմակը քաշեցի գլխիս, բայց քիչ հետո, երբ կամացուկ այն հետ տարա, տեսա, որ նա արդեն հեռացել էր:
Առավոտյան ես այդ մասին պատմեցի մորս, նա, ի միջի այլոց լսելով, բանի տեղ չդրեց: Հաջորդ գիշեր նորից նույնը կրկնվեց, ու ես նորից մորս պատմեցի: Նա էլ, չիմանալով ինչ պատասխանել, ամուսնուն պատմեց: Լսելով այդ մասին, նա ինձ իր մոտ կանչեց, մազերս փաղաքշելով ասաց. «Նանո ջան, աղջիկ ջան, որ մեկ անգամ էլ այդ գիշերվա կինը գա, դու մի՛ վախեցիր, այլ ասա. «Ի՞նչ ես ուզում»:


Ես էլ ուրախացած, որ խորթ հորս պատվերը պիտի կատարեմ, ամբողջ գիշեր սպասում էի ճրագով կնոջը: Եվ իսկապես, կեսգիշերն անց հանկարծ նորից դուռը ճռռաց, ու ճերմակազգեստ կինը ճրագը ձեռքին մեկ-մեկ մոտեցավ քնածներին, իսկ երբ վերջում մոտեցավ ինձ, ես, ուշադիր նայելով նրա գեղեցիկ ու լուսավոր դեմքին, կամացուկ ասացի. «Հերս հարցնում է՝ ի՞նչ ես ուզում»: Նա էլ, մի քիչ խստությամբ, միայն այս ասաց. «Ես դեռ շա՞տ պիտի փակված մնամ»: ՈՒ հենց դա ասաց, իսկույն անհայտացավ: Ես, զարմացած կատարվածից ու լսածից, առավոտ ծեգին, երբ խորթ հայրս պիտի անասունները գոմից հաներ, որ հանդ տաներ, իսկույն վազեցի մոտն ու փոխանցեցի, ինչ լսել էի գիշերը: Երբ նա լսեց այդ բառերը, մի պահ քարացավ զարմանքից, երկյուղած ինձ իր մոտ քաշեց և խորհրդավոր շշուկով ասաց. «Հասկացա՛, աղջիկս, կհանեմ»: Ես չհասկացա, թե ինչ պիտի հանի, բայց պատկերացրի, որ խոսքը մի շատ գաղտնի ու կարևոր բանի մասին է:
Մեր տան բակում աթարի երկու մեծ ամրոց կար (ամրոցները անասունների աթարի չորացրած ու քառանկյուն կտրատած աղյուսանման խորանարդներից շարված բուրգեր են, որոնք ամռանը միմյանց վրա դարսում են, որ ձմռանը որպես վառելիք օգտագործեն), ու երբ ձմեռը գալիս էր, դրանցից մեկը միշտ հորս ու մորս վեճի առարկան էր դառնում: Մայրս զայրացած հարցնում էր. «Այ մարդ, էլի՞ թազա շարած ամրոցն ես քանդել տալիս, բա էն հին ամրոցը ինչո՞ւ չես թողում բերենք վառենք, չե՞ս տեսնում՝ արդեն միջի դարմանն իրարահան է եղել»:

Բայց հայրս, չգիտես ինչու, միշտ բարկանում էր մորս վրա ու տանտիրոջ իրավունքը բանեցնելով, արգելում էր հին ամրոցը քանդել: Այդպես անցել էին երկար տարիներ: Բայց երբ այդ օրը հայրս ինձնից լսեց գիշերային «հյուրի» հրամանը, իսկույն փայտե աստիճանը դեմ տվեց հին ամրոցին ու, բարձրանալով, աթարով սվաղած գագաթը քանդեց, մեջտեղի մասում մի փոս բացվեց, որտեղից մի փայտյա սնդուկ հանեց և իսկույն ներս՝ հացատուն տարավ: Մենք բոլորս զարմացած նրա հետևից ներս մտանք ու հետաքրքրված ուզում էինք տեսնել այդ տարօրինակ արկղի պարունակությունը: Երբ նա երեսը խաչակնքեց, մի կարճ աղոթք մրմնջալով ու «մեղա՛, մեղա՛» ասելով բացեց կափարիչը, բոլորս զարմացած տեսանք քառակուսի մոմած կտավի մեջ փաթաթված ինչ-որ բան: Նա երկյուղածությամբ կտավը քանդեց, և բոլորս տեսանք երկու խոշոր, կաշեկազմ գրքեր, որոնք համբուրելով նա կրծքին սեղմեց ու ասաց աչքերը փակ. «Սրանք մեր Տեր Աստծո ավետարաններն են, որ փախցրել եմ էս անհավատ կոմունիստներից, երբ մեր գյուղի եկեղեցու խաչը հանեցին, իսկ միջի եղած-չեղածը ոտնատակ արեցին: Էսօր Աստված Իր Աստվածածին Մոր միջոցով հրամայել է լույս աշխարհ հանեմ դրանք: Թե հետո ինչ կանեն ինձ, չգիտեմ, բայց մեր Տիրոջ կամքը թող միշտ օրհնված լինի»: Բոլորիս խստիվ պատվիրելով, որ ոչ մեկին չասենք սրանց մասին, մեկիկ-մեկիկ ամենքիս համբուրել տվեց գրքերի մագաղաթաբույր խաչերը, նորից դրանք փաթաթեց կտավի մեջ, մի նոր քթոցի մեջ դնելով բարձրացրեց, դրեց օճորքից կախված հացի ճոճկանի վրա (մկներից ու առնետներից հացը պաշտպանելու համար առաստաղից պարաններով կախած փայտե սարք- հեղ.):


Դեռ 1933 թիվն էր, գյուղում աջ ու ձախ, կուլակաթափի անվան տակ, աքսորում ու բանտերն էին լցնում խեղճուկրակ, դառը քրտինքով իրենց հացը վաստակող մարդկանց: Չանցած մի քանի օր՝ նրան գյուղսովետ են կանչում, մատ թափ տալիս վրան, սպառնում, քանի որ ինքը մի քանի անասունի տեր էր դարձել, ասում, որ որպես կուլակ նրա անունը ցուցակի մեջ է գրվել, այնպես որ, պատրաստ լինի Սիբիր աքսորվելու:


Ամբողջ կյանքում այդ մի քանի անասունը ունեցած, իր ընտանիքի համար մի փոքրիկ բույն սարքած խեղճ բատրակին հյուսիսի սառնաշունչ քամիներն էին սպասում՝ առավել սառնասիրտ, ավելի շուտ քարսիրտ ու պղծահոգի կոմունիստների հրամանով։
Երբ խորթ հայրս տուն եկավ, երեսին գույն չկար: Բոլորս ահով հասկացանք մեր գլխին եկածը: Սփրթնած ու լարված դեմքով նա աստիճանը լուռ բերեց, բարձրացավ վեր, չորացած հացերի հետևից կողովը մոտ բերեց, միջից հանեց մուգ կազմով ավետարաններից մեկը, որի վրա խամրած փայլով արծաթյա խաչն էր։ Հայրս ավետարանը խաչի կողմով կրծքին սեղմած ցած իջավ ու լռությամբ իր աղոթքի անկյունը գնաց։ Գիրքը երկյուղածությամբ դրեց փայտե ցածրիկ աթոռին, ճրագի լույսը վառելով ծնկի եկավ, ավելի շուտ փլվեց ավետարանի առաջ ու սկսեց դառնապես լաց լինել, ինչպես երեխան իր հոր առաջ: Մայրս, ձեռքերը փեշերին զարկելով, լաչակը քանդեց ու, վայ-վույը գցելով, դրանով աչքերն էր սրբում, քաջ գիտակցելով, որ ծղոտ առ ծղոտ հյուսած այս բույնն էլ է քանդվելու:


Իսկ մենք, երեխաներով իրար գրկած, առանց գիտակցելու գլխներիս գալիքը, սկսեցինք նրանց նման լաց լինել: Անցավ մի քանի րոպե, հանկարծ մեր լացի ձայների մեջ ինչ-որ հարազատ ու քաղցր, ինձ համար դեռևս անծանոթ բարբառով խոսքեր լսեցի: Ավետարանն էր՝ Աստծո խոսքը, հոգու երաժշտություն, որի նոտաները երկնքում են գրվում, բայց որը բոլոր արարածների մեջ միայն մարդը կարող է հասկանալ, այն էլ, եթե նրա հոգին հավատով «լարված է» երկնքի միակ ձայնանիշով, որ անվանում են սեր առ Աստված:
Հետագայում, երբ մեծացա ու եկեղեցի գնացի, այդ երկնային խոսքի «երաժշտությունը» լսեցի պատարագիչ քահանայի բերանից, որն այնքան հոգեհարազատ էր հոգուս, որ մինչև մանկությանս օրերն էր տանում, հասցնում: Բայց մեր ընտանիքի համար այդ խավար ժամին, այդ քաղցր խոսքերը կարծես հույսի մի-մի ճրագ էին վառում, ջերմացնում մեր սրտերը: Երբ հայրս դադարեց կարդալուց ու աղոթելուց, շուռ եկավ դեպի մեզ: Նրա հայացքում զարմանալի ու մեզ համար անբացատրելի խաղաղություն կար, ճիշտ այնպիսի, ինչպիսին իմ մանկական հոգում էր լինում, երբ մորս գրկում էի ծվարում:


Հաջորդ օրը, երբ գյուղսովետում վերջին անգամ քննում էին աքսորականների ցուցակը, հանկարծ հանձնաժողովի ամենատարեց ու ազդեցիկ անդամներից մեկը, երբ լսում է հորս անուն-ազգանունը, կարծես առաջին անգամ լսած լինելով, զարմացած վրա է տալիս. «Ի՞նչ, էս մեր քյասիբ ու տկլոր բատրակի՞ն էլ ենք արդեն կուլակ համարում, ուրեմն, դե ասա մենք էլ ենք, էլի, մի-մի կուլակ, էդ մեր ազգանունները ինչո՞ւ չենք գրում էս ցուցակի մեջ»: Մարդկային հոգու անիմանալի շտեմարանից մի պահ բռնկած այդ լույսը կարծես շանթահարում է անաստվածությամբ խամրած, խավարած սրտերը, ու բոլորը, կարծես վերին հրամանով, միաբերան համաձայնում են ու հորս անունը ցուցակից հանում:
Երբ այդ ավետիս լուրը գալիս հասնում է մեր տուն, հայրս այնքան էլ չի զարմանում, կարծես դա իր համար նորություն չէր: Նրա մահից տարիներ հետո հասկացանք, որ ուրիշների համար այդ բատրակ մարդը մեր Տեր Աստծո լուռ, բայց հավատարիմ ծառան է եղել՝ իր պարզ ու գեղջկական հավատով:


Իսկ մենք՝ երեխաներս, մորս հետ այս անգամ ուրախությունից էինք լաց լինում, ցածրիկ աթոռակի վրա դրված ավետարանի փայլատ խաչն էինք անընդհատ համբուրում, որպես մի չգիտակցված համր աղոթք՝ արցունքի մի քանի կաթիլ թողնելով վրան՝ ի նշան մեր անտեսանելի հոգիների տեսանելի համբույրի»։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հ. Գ. Ինչպես նկատեց ընթերցողը, մենք խուսափեցինք վկայվողների անունները շեշտելուց, հավատալով, որ արդեն ի Քրիստոս ննջածների անունները Աստծուն են հայտնի։ Իսկ ընթերցողին մնում է միայն հավատով ընդունել այս վկայության ճշմարտացիությունն ու մեր բոլորի Մայր` Աստվածածին կույսի բարեխոսությամբ փառավորել ամենքիս Արարիչ Աստծուն։ Ամե՛ն։

Դիտվել է՝ 3153

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ