Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նոր թատրոն Երևանում՝ Փոստանջյան և ընկերներ

Նոր թատրոն Երևանում՝ Փոստանջյան և ընկերներ
09.06.2017 | 14:38

Մայրաքաղաքի ու Հայաստանի բոլոր թատրոնները գերմրցունակ ու ակտիվ գործընկեր են ստացել, որ, ի տարբերություն իրենց, վայելում է ԶԼՄ-ների հետաքրքրությունը: Բոլոր թատրոնները հանգիստ խղճով կարող են փակել դռները, ոչ այն պատճառով, որ թատերաշրջանը ավարտվում է, արձակուրդ է՝ նրանք այլևս անելիք չունեն՝ մեծ բեմում է Զարուհի Փոստանջյանը: Նրա համար թատերական ու քաղաքական բեմերի միջև որևէ տարբերություն չկա: Բեմական ձիրքը ակնհայտ է, թույլ է ռեժիսուրան, բայց դա հնարավոր է զարգացնել՝ ամեն ինչ առջևում է: Թատրոնի մարդիկ գուցե առարկեն, որ դա թատրոն չէ, այլ՝ կրկես: Բայց Երևանի կրկեսը նախ քանդվել է ու արդեն քանի տարի միայն իր շենքն է կառուցում, հետո էլ՝ քաղաքական կրկեսը արդեն վաղուց ունի իր տերը՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի: Իսկ նա դիրքերը հենց այնպես չի հանձնում, նույնիսկ Զարուհի Փոստանջյանի պես ակնառու կերպարին: Այսօր Երևանի նորընտիր ավագանին առաջին նիստն արեց, զուգահեռ քաղաքապետարանի մուտքի առաջ առաջին նիստն արեց «Երկիր ծիրանի» խմբակցությունը:

Նիստը բացօթյա էր՝ շրջապատված լրատվամիջոցներով, բայց հանդիսատեսի հարցը լավ չէր լուծված: Զարուհի Փոստանջյանը ի լուր ամենքի հայտարարեց, որ Երևանի ավագանու մյուս անդամների հետ իրենց շփումը լինելու է «դատարանների միջոցով, պաշտոնական լեզվով, գրագրության միջոցով» և հորդորեց քաղաքացիներին իրենց խնդիրների վերաբերյալ դիմումներն ուղարկել իրենց անուններով: Զավեշտալի էր, որ քաղաքապետարանի մուտքը Զարուհի Փոստանջյանը շփոթել է քաղաքապետարանի հետ և հայտարարեց, որ իրենք գրավել են Երևանի քաղաքապետարանը, իսկ իբրև հաստատում՝ պայթեցրեց կարմիր փուչիկները: Ենթադրվում է, որ ներսում գտնվող հակառակորդը պայթյունից հետո միանգամից հանձնվել է՝ ուժերի անհավասարության պատճառով անիմաստ համարելով դիմադրությունը: Ներկայացման երկրորդ արարում «Երկիր ծիրանի» կուսակցության անդամներն էին բեմում: Սեդա Մելիքյանը հանեց Տարոն Մարգարյանի և Սերժ Սարգսյանի լուսանկարներով ափսեները ու շարեց աստիճանների վրա՝ խմբակցությունը քաղաքապետարան մտավ ափսեները կոտրելով: Թեև Սեդա Մելիքյանը հայտարարեց՝ «Սա մենք անում ենք իբրև նշան չարախափանի», իրականում այդ մոգական գործողությունը շատ ավելի մեծ խորհուրդ ուներ՝ նրանք սկսել են Տարոն Մարգարյանի երանավետ կյանքը դժոխքի վերածման քաղաքական գործընթացը: Ափսեներն էլ սովորական ափսեներ չէին, այլ թռչող ափսեներ, որ կոտրվելուց հետո շարունակելու են Զարուհի Փոստանջյանի հայտարարած պատերազմը ինքնուրույն՝ ամեն գիշեր երազում Տարոն Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը փշրվող ափսեների հռնդյունից վեր են թռչելու ու այլևս վախից ամբողջ գիշեր չեն քնելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Թատրոնի օրենքներով՝ այսքանից հետո, ստանալով շնորհակալ հանդիսատեսի բուռն, երկարատև ծափահարությունները, «բռավո»-ներն ու ծաղիկները, դերասանները պիտի գնային տուն: Բայց «բռավո»-ներ, ծաղկեփնջեր, ծափեր չեղան, ու Զարուհի Փոստանջյանը մտավ քաղաքապետարանի շենք: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները մեծ դժվարությամբ գտան իրենց աշխատասենյակը: Երկար դեգերումներից հետո նրանց ճանապարհը ցույց տվեց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը և ուղեկցեց «Բարև, Երևան» խմբակցության նախկին աշխատասենյակը: Իբրև շնորհակալություն՝ «Երկիր ծիրանին» նրան դիտողություն արեց, որ շենքում ցերեկային ժամին էլեկտրական լույսերը վառվում են: Մակարյանը չնահանջեց՝ ասաց՝ էլեկտրիկները փորձարկում են լույսերը: Իսկ երբ Զարուհի Փոստանջյանին հանձնվեցին աշխատասենյակի բանալիները, նա ազդարարեց. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Երևան քաղաքի բյուջեն չթալանվի»: Շինիչ ցանկություն է, եթե չի ուղեկցվելու խեղկատակությամբ, անեծքներով ու բեմադրություններով, որոնց հաճախակիությունը և կանխատեսելիությունը սպանում են դիտելու ցանկությունը:

Դիտվել է՝ 7205

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ