Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վտանգ է սպառնում Ջերմուկ առողջարանային քաղաքին ու շրջակա համայնքներին, «Ջերմուկ» հանքային ջրի բաղադրությանն ու գոյությանը

Վտանգ է սպառնում  Ջերմուկ առողջարանային  քաղաքին ու շրջակա համայնքներին, «Ջերմուկ»  հանքային ջրի բաղադրությանն ու գոյությանը
13.06.2017 | 07:40

Հայաստանի համար մեծ վտանգ ներկայացնող Ամուլսարի ոսկու (ոսկեբեր քվարցիտների) հանքավայրի շահագործման վերաբերյալ է ստորև ներկայացվող հարցազրույցը իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, Հանրային խորհրդի բնապահպանության ենթահանձնաժողովի նախագահ ՆԱԶԵԼԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ: Էկոլոգ-իրավաբան փորձագետի ստորև ներկայացվող իրավական տեսակետը, կարծում ենք, սթափեցնող ահազանգ պետք է լինի ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համար:

-ՀՀ բնապահպանության նախարարության կայքում 2016 թ. ապրիլին հրապարակվել են Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման փոփոխված նախագիծը, ռեկուլտիվացման, փակման և վերականգնման նախնական պլանը, ՇՄԱԳ-ը, հանքաքարի կույտային տարրալվացման և ոսկու կորզման գործընթացների տեխնոլոգիական ռեգլամենտը: Ծանոթ լինելով այդ փաստաթղթերին, մասնավորապես Ջերմուկ առողջարանային քաղաքին, շրջակա համայնքներին, «Ջերմուկ» հանքային ջրի բաղադրությանն ու գոյությանը սպառնացող ի՞նչ վտանգներ եք տեսնում:
-Անցյալ տարի «Գեոթիմ» (այժմ` «Լիդիան Արմենիան») ընկերությունը նույնպես իր կայքում հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի վերաբերյալ մի շարք փաստաթղթեր, այդ թվում` բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատումը (ԲՍԱԳ): Հատկանշականն այն է, որ նախկինում անցկացված հանրային լսումների և քննարկումների ժամանակ մասնագետների և հասարակության ներկայացրած փաստարկները, որոնց համաձայն Ամուլսարում հանքարդյունահանության իրականացումը կխախտի ՀՀ օրենսդրության և միջազգային մի շարք նորմեր, և որոնք ժամանակին հերքում էր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, այժմ ներկայացված են իրենց իսկ հրապարակած փաստաթղթերում:
-Կարո՞ղ եք որոշակի օրինակներ ներկայացնել:
-Նախկին քննարկումների ժամանակ «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչները հերքում էին, որ հանքավայրը մոտ է գտնվում գյուղական բնակավայրերին, և պնդում էին, որ հանքի շահագործումը որևէ բացասական ազդեցություն չի ունենա այդ գյուղերի շրջակա միջավայրի և նրանց բնակիչների սոցիալական վիճակի վրա: Այժմ, սակայն, ԲՍԱԳ-ում նշված է. «Հանքավայրը գտնվում է Գնդեվազ և Սարավան գյուղերի արոտների տարածքի վրա, իսկ հանքի տեղամասը գտնվում է գյուղական, բարձրադիր տարածքում: Հանքի տարածքի մեծ մասը մարգագետնային հողեր են, որոնք օգտագործվում են անասունների արածեցման նպատակով՝ բացառությամբ ԿՏՀ-ի և փոխակրիչի մի հատվածի տարածքի, որոնք գտնվում են ցածրադիր տարածքում՝ Գնդեվազ և Սարավան գյուղերի մոտակայքում մասնավոր և համայնքային հողերում»: Այսինքն՝ ցիանիդային (թունավոր) մեթոդով ոսկու կորզման գործարանը գտնվելու է հենց Գնդեվազ գյուղում, անցյալ տարի հատված ծիրանի այգիների տարածքում, ուր մեքենաներով տեղափոխվելու է հանքաքարը:
Ազդակիր գյուղական համայնքների բնակչության ապրուստի հիմնական աղբյուրը անասնապահությունն է և պտղաբուծությունը (հիմնականում` ծիրանի արտադրությունը), ու պարզ է արդեն, որ հանքարդյունահանման պատճառով արոտավայրերը կոչնչանան: Այգիների մի մասն արդեն հատվել է, մյուս մասն էլ կաղտոտվի: Միայն Գնդեվազում 152 հա ընդհանուր տարածքով մոտ 274 մասնավոր հողակտոր դուրս է բերվելու գյուղմթերքի արտադրությունից և անպիտան է դառնալու հետագա օգտագործման համար, հետևաբար բնակչությունը կզրկվի իր հիմնական ապրուստի միջոցներից: Նշված հանքի գործարկման պատճառով կաղտոտվեն գյուղերի հողերը, ջրերը և մթնոլորտային օդը:
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն. «Արգելվում է բնակավայրերում տերրիկոնների, հանքակույտերի և լցակույտերի տեղափոխումը, արդյունաբերական թափոնների, արտադրական, կենցաղային աղբի և մթնոլորտային օդը փոշով, վնասակար գազերով և գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող այլ թափոնների պահեստավորումը, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և բնակավայրերի տարածքներում նշված թափոնների այրումը»: Մինչդեռ, համաձայն համեմատաբար նոր ներկայացված փաստաթղթերի, հանքավայրի մոտ գտնվող համայնքները կրելու են փոշու, աղմուկի և գարշահոտության ազդեցությունը:
Նույն օրենքի 30-րդ հոդվածում, նշված է. «Օգտակար հանածոների արդյունահանումը, պայթեցման աշխատանքները, տերրիկոնների, հանքաշեղջերի և թափոնների տեղափոխումն ու շահագործումը պետք է կատարվեն մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմինների, ինչպես նաև մյուս մարմինների հետ համաձայնեցված` մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու կամ կրճատելու վերաբերյալ կանոնների պահպանումով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: Փորձաքննության ներկայացված նյութերում բացակայում են մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու միջոցառումները:
Նախկին փորձաքննությունների ժամանակ Ջերմուկը, լինելով եզակի հանքային բուժիչ ջրերի աղբյուրներով հայտնի առողջարանային քաղաք, զբոսաշրջության կենտրոն և արգելավայր, չի համարվել ազդակիր համայնք և այնտեղ չեն անցկացվել հանրային լսումներ: Բազմաթիվ քննարկումների ժամանակ «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչները պնդում էին, թե Ջերմուկ քաղաքը գտնվում է հանքավայրից հեռու և որևէ ազդեցության չի ենթարկվելու: Այժմ ընկերության և այլ փաստաթղթերում Ջերմուկ քաղաքը նույնպես նշված է որպես ազդակիր համայնք: Սակայն որևէ ուսումնասիրություն չի արվել Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրների, օդի և ջրերի մաքրության վրա հանքավայրի շահագործման ազդեցության վերաբերյալ: Այս պարագայում, քանի որ Ջերմուկն ազդակիր համայնք է, բայց նախորդ փորձաքննությունների ժամանակ չի ճանաչվել այդպիսին ու հանրային քննարկումներ այնտեղ չեն իրականացվել, Ամուլսարի հանքի շահագործման առնչությամբ մինչ այժմ տրված բոլոր փորձաքննական եզրակացություններն անօրինական են, քանի որ դրանք կատարվել են ՀՀ օրենսդրության և Օրհուսի կոնվենցիայի պահանջների խախտումներով:
Այժմ Ջերմուկ քաղաքը ճանաչվել է որպես ազդակիր համայնք, սակայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջի խախտմամբ, այնտեղ հանրային լսումներ այդպես էլ չեն անցկացվել: Այսինքն` հաշվի չի առնվել հանքավայրի հարևանությամբ գտնվող ամենամեծ համայնքի բնակիչների կարծիքը: Ազդակիր համայնք չի ճանաչվել նաև Կեչուտ գյուղը, որի բնակչության հիմնական ապրուստի միջոցը անասնապահությունն է, մինչդեռ անասուններն արածեցվում են հենց այդ տարածքներում:
-Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրների սանիտարական պահպանության գոտիներում արգելվում են պայթեցումները, ինչպես նաև շրջակա միջավայրն աղտոտող ցանկացած տնտեսական գործունեության իրականացում: Չնայած այս ամենին, Ամուլսարի հանքի շահագործման առնչությամբ փորձագիտական դրական եզրակացություն է տրվել: Ընկերությանը մի՞թե հաջողվել է հիմնավորել, որ պայթեցումները, որոնք կատարելու են շուտով, բացասական ազդեցություն չեն ունենալու:
-Եթե «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչները նախկինում հերքում էին, որ պայթեցումները կարող են ազդեցություն ունենալ շրջապատող բնակավայրերի վրա, ապա 2016-ի հուլիսի 5-ին նրանք Գնդեվազ գյուղում շրջայց են կատարել համայնքի անդամների տներում և արձանագրել, թե ինչ ճաքեր ու վնասվածքներ են առկա, որպեսզի հետագայում իրենց պարզ լինի՝ ո՞ր տնատիրությանը պետք է փոխհատուցվի վնասի դեպքում: Եթե ցնցումներն այնքան ուժեղ լինեն, որ առաջացնեն տների վնասվածքներ, ապա այդ ցնցումները, առանց այդ էլ ակտիվ տեկտոնիկ գոտում, կարող են առաջացնել հանքային ջրերի աղբյուրների կորուստ կամ վնասում, ինչը անգնահատելի բնապահպանական և տնտեսական վնաս կպատճառի Հայաստանի Հանրապետությանը:
Այո՛, ստորգետնյա ջրային ավազանը նույնպես բացասական ազդեցություն կկրի, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրների և Սևանա լճի ջրահավաք ավազանի վրա: «Լիդիան Արմենիա» ընկերությունը նշել է. «Պայթեցման գործողություններում օգտագործվող ազոտի միացությունները կարող են աղտոտել բացահանքերում առկա ջուրը: Ամենայն հավանականությամբ, այս միացությունների ներծծանցում տեղի կունենա ստորգետնյա ջրերի մեջ.... Նիտրատի կոնցենտրացիաների աճ կարող է տեղի ունենալ հանքի շահագործմանը հաջորդող ժամանակահատվածում ստորգետնյա ջրերից սնվող, հանքափոսերին շատ մոտ գտնվող բարձրադիր բազմամյա աղբյուրներում»: Միաժամանակ նշվում է. «Բացահանքերի տարածքից ԹԱԴ հոսակորուստները կարող են ստորգետնյա ջրերի որակի վրա ազդեցություն ունենալ: Սա կարող է ազդել բացահանքերի մոտակայքի աղբյուրների և գետերի ամենամյա հոսքերը սնուցող ստորգետնյա ջրերի վրա»:
Բացի այդ, ազդեցություն կկրի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը: Ինչպես նշված է ԲՍԱԳ-ում, «Ջերմուկի ջուրը մատակարարվում է աղբյուրների 4 խմբից, որոնցից մեկը՝ Մադիկենց աղբյուրը, Ծրագրի տարածքում է»: Այնուհետ նշվում է. «Ստորգետնյա ջրերի հոսքուղիների փոփոխությունների պատճառով Ամուլսար լեռան վրա որոշ բարձրադիր աղբյուրներ կարող են չորանալ ուշ ամռանն ու ձմռանը»: Այսինքն` Ջերմուկ քաղաքը կկորցնի իր խմելու ջրի աղբյուրները կամ, թեկուզ, դրանց մի մասը, քանի որ դրանք կա՛մ կաղտոտվեն, կա՛մ հանքի գործարկման պատճառով կցամաքեն:
Ջերմուկ քաղաքն ազդակիր համայնք դարձնելով հանդերձ, այնուամենայնիվ, այնպես է արվում, որ բաց հանրային քննարկումներ տեղի չունենան, համոզված լինելով, որ Ջերմուկի բնակիչները դեմ են հանքավայրի գործարկմանը, քանի որ նրանց ապրուստի հիմնական աղբյուրը տարվա մեջ 2-3 ամիս իրենց բնակարանները հանգստացողներին վարձակալությամբ հանձնելն է ու դեղաբույսերի վաճառքը: Բնակչության մի մասն էլ աշխատում է առողջարաններում և հանքային ջրի գործարաններում, մինչդեռ հանքի շահագործման դեպքում Ջերմուկ հանգստանալու և բուժվելու մեկնողների թիվը կտրուկ կնվազի, ինչն անմիջապես կազդի քաղաքի բնակիչների կենսամակարդակի վրա:
Ընդգծեմ, որ Ջերմուկ քաղաքից 7 կմ հեռավորության վրա հանքի շահագործումը հակասում է ՀՀ օրենսդրության մի շարք նորմերին, ինչը պետք է հաշվի առներ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը ու տար փորձագիտական բացասական եզրակացություն: Մասնավորապես՝ ՀՀ հողային օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն. «Բուժական-առողջարարական վայրերի և առողջարանների տարածքներում բնակչության հիվանդությունների կանխարգելման ու բուժման կազմակերպման համար բարենպաստ սանիտարական և բնապահպան պահանջներն ապահովելու նպատակով օրենսդրությանը համապատասխան սահմանվում են սանիտարական (լեռնային սանիտարական) պահպանության գոտիներ»:
Ջրային օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն. «Կեղտաջրերը և ցամաքուրդային ջրերն ընդունելու համար արգելվում է օգտագործել ջրային այն ռեսուրսը կամ դրա մասը, որը՝
1) պարունակում է բնական բուժիչ ռեսուրսներ,
2) գտնվում է առանձնահատուկ պահպանվող ավազանային տարածքների կազմում,
3) գտնվում է առողջարանների, զբոսաշրջության, մարզական և ռեկրեացիոն նպատակներով օգտագործվող վայրերի հարևանությամբ,
4) հանդիսանում է արժեքավոր տեսակի ձկների ձվադրման և ձմեռման վայր,
5) հանդիսանում է արժեքավոր կենդանիների բնակավայր կամ բույսերի աճման տեղամաս:
Կեղտաջրերը և ցամաքուրդային ջրերն ընդունելու համար արգելվում է կլանող հորատանցքերի և ջրհորերի կառուցումը»:
Ջերմուկ քաղաքից 7 կմ հեռավորության վրա հանքի շահագործումը հակասում է նաև ՀՀ կառավարության սեպտեմբերի 18-ի «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջության կենտրոն հայտարարելու մասին» թիվ 1064-Ն որոշմանը, որտեղ նշված է. «Առողջարանային ռեսուրսներով հարուստ Հայաստանում Ջերմուկ քաղաքն իր ուրույն տեղն ու ավանդույթներն ունի»: Այս պարագայում Ամուլսարի հանքավայրի գործարկման արդյունքում կարող ենք կորցնել Ջերմուկի հազվագյուտ հանքային ջրերի աղբյուրները (պայթեցումների, սեյսմիկության բարձր ռիսկայնության, աղտոտման արդյունքում), աղտոտել և առողջարանային նպատակի, զբոսաշրջության և հանգստի համար ոչ պիտանի դարձնել Ջերմուկի կուսական բնությունը՝ օդի, ջրերի, հողի աղտոտման և բարձր ճառագայթման հետևանքով: Արդյունքում ոչ թե կավելանան Ջերմուկի այցելուները և զբոսաշրջիկները, ինչպես ծրագրված է վերը նշված որոշմամբ, այլ կնվազեն: Առողջապահությունը, հանգիստը, զբոսաշրջությունը և հանքարդյունահանությունը համատեղելի չեն: Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները գերակայությունը տվել են վերջին ճյուղին:
-Բացի Ձեր նշած բնապահպանական, էկոլոգիական ու մյուս խնդիրներից, Ամուլսարի հանքի շահագործումը նաև ժողովրդագրական, հասարակական կարգի պահպանման, ինչպես նաև առողջապահական և սոցիալական այլ խնդիրներ կառաջացնի՞:
-Ինչպես նշված է «Լիդիան Արմենիա» ընկերության ԲՍԱԳ-ում. «Նման ծրագրերի ընթացքում առաջացած սոցիալական խնդիրները ներառում են ալկոհոլի օգտագործման մակարդակի, մարմնավաճառության և դրա հետ կապված սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, ինչպես նաև հանցագործությունների և բռնությունների աճ»: Այս պարագայում ինչպե՞ս կարելի է պատկերացնել առողջարանային քաղաքի բնականոն կյանքը և նորմալ զարգացումը:
-Ի՞նչ կարող եք ասել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջների այլ խախտումների առնչությամբ:
-Հաշվի չեն առնվել նաև շահագրգիռ այլ նախարարությունների և գերատեսչությունների կարծիքները: Օրինակ, բացակայում է ՀՀ առողջապահության նախարարության կարծիքը հանքավայրի շահագործման վերաբերյալ, որը պարտադիր էր փորձաքննության համար: ՀՀ առողջապահության նախարարությունն ընդգրկված չի եղել հանքավայրի կապակցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբում, իսկ իրենց տրամադրված փաստաթղթերը թերի են եղել: Փաստաթղթերի ամբողջական փաթեթը պահանջելուց հետո ոչինչ չեն ստացել, այդ պատճառով հնարավորություն չեն ունեցել եզրակացություն տալու: Այսպիսով, փորձաքննության դրական եզրակացությունը տրվել է` առանց հաշվի առնելու հանքավայրի շահագործման արդյունքում մարդու առողջության վրա նրա ազդեցությունը և վտանգավորությունը: Մինչդեռ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Գնահատումը և փորձաքննությունը ելնում են`
1) առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքից.
2) բնական պաշարների արդյունավետ, համալիր և բանական օգտագործման պահանջներից»:
Փորձաքննությունը կատարած մարմինն ընդհանրապես հաշվի չի առել ինչպես ազդակիր համայնքների` Գնդեվազի և Սարավանի, այնպես էլ Ջերմուկ քաղաքի բնակիչների բացասական կարծիքները:
«Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության և օգտագործման բնագավառում պետական ծրագիրը և միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1059-Ա որոշման համաձայն, «Ջերմուկ» ազգային պարկը պետք է ստեղծվի 2017-2020 թթ. ՀՀ բնապահպանության նախարարության կողմից` ՀՀ ԳԱԱ-ի և ՎԲՀ-Հայաստանի (WWF) համաձայնությամբ` ՀՀ պետական բյուջեի և ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրների ֆինանսական միջոցների հաշվին: ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով իրականացվել է «Ջերմուկ» ազգային պարկ ստեղծելու մասին միջնաժամկետ ծախսային ծրագիրը: ՀՀ կառավարության հաստատած Բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարության մեջ նշված է. ««Ջերմուկ» ազգային պարկի ստեղծմամբ կմիավորվեն «Հերհերի նոսրանտառային», «Ջերմուկի անտառային» և «Ջերմուկի ջրաբանական» արգելավայրերը: Դա հնարավորություն կընձեռի՝ ապահովելու էկոհամակարգերի ամբողջականության պահպանությունը և աջակցելու ազգային պարկի պահպանման գոտում գտնվող համայնքների տնտեսական զարգացմանը, խթանելու զբոսաշրջության զարգացմանը և բարձրացնելու բնակչության կենսամակարդակը»:
Ընդգծեմ, որ «Ջերմուկ» ազգային պարկի և դրա բուֆերային գոտու սահմանները, շատ մոտ գտնվելով Ամուլսարի ոսկու հանքին, ընդգրկելու են հանքարդյունահանման արդյունքում աղտոտված տարածքներ, ինչը կխախտի ազգային պարկի պահպանության ռեժիմը: Այսպիսով, Ամուլսարի ոսկու հանքում հանքարդյունահանումը և «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծումն ու զբոսաշրջության զարգացումն անհամատեղելի ծրագրեր են:

Հարցազրույցը՝
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 9918

Մեկնաբանություններ