Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իսկ ի՞նչն է ավելի կարևոր. «նախիջևաննե՞րը», թե՞ Արցախի հարավի անվտանգությունը

Իսկ ի՞նչն է ավելի կարևոր. «նախիջևաննե՞րը»,  թե՞ Արցախի հարավի անվտանգությունը
13.06.2017 | 07:45

(սկիզբը՝ այստեղ)

Այնպես որ, Արցախի ստատուս քվոն 19-րդ դարում է խախտվել, պարոն Ստեփան Դանիելյան, նաև տիկնայք և պարոնայք, որ ի շահ ԱՄՆ-ի ու Թուրքիայի այսօր համարձակվում եք զազրախոսել Անդրկովկասի ադրբեջանական խանությունների մասին։ Ստատուս քվոն կտրուկ խախտվեց 1918 թվականին, երբ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները կիսաերիտթուրքական և կիսաքեմալական Թուրքիայի ակտիվ աջակցությամբ շտապով նոր թուրք-պանթյուրքիստական պետական կազմավորում էին ստեղծում (Բագուն Ռուսական կայսրության սահմանների շրջանակներում պանթյուրքիզմի սաղմնավորման կենտրոններից մեկն էր Կազանի հետ մեկտեղ), յուրացնելով միանգամայն այլ տարածքի անվանումը, որը մինչ օրս էլ Իրանի բաղկացուցիչ մասն է։ Իհարկե, կարելի է խոսել նաև «Արցախի ստատուս քվո» տերմինի ավելի նեղ ընկալման մասին և ամեն ինչ սահմանափակել միայն 1994-ի մայիս-հունիսի պատմադիվանագիտական իրողություններով, այսինքն, հակամարտության գոտում զինադադարի կնքմամբ։ Եվ այդ դեպքում պետք է պաշտպանել Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի թեզը. ի վերջո, ժամանակն է խոսելու այն մասին, որ խախտված է Արցախ-ԼՂՀ-ի Սահմանադրությունը, և հարկ է առաջադրել 2016-ին կորսվածը հետ բերելու հարցը։ Այսինքն, հենց վերականգնել այն ստատուս քվոն, որը գրանցված էր հակամարտ բանակների միջև զինադադարի կնքման պահի դրությամբ։


Բայց այդ մասին «Րաֆֆու կենտրոնում» կայացած սեմինարում, որքան էլ տարօրինակ լինի, քչերն էին ուզում խոսել։ Նույնիսկ սեմինարի կազմակերպիչներն իրենք էին նախընտրում չշոշափել այդ թեման։ Ինչը և արտացոլվեց Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքում, թե` արդյո՞ք կարելի է համադրել Հորադիզի և, ասենք, Նախիջևանի կարևորությունը։ Այո, կարելի է և պետք է, պարոն Հովհաննիսյան։ Որովհետև Ձեր Նախիջևանում, կամ իմ Վանում, այսօր հայ չկա։ Իսկ ահա Հորադիզի բարձունքները կարևոր են նրանով, որ դրանց ստորոտում Արցախ-ԼՂՀ-ի` դեռևս հայերով բնակեցված մեկուկես-երկու շրջան կա։ Եվ հիմա` 2016-ի ապրիլին, Հորադիզի բարձունքները թողնելուց հետո, Արցախ-ԼՂՀ-ի հարավի բնակավայրերը սպառնալիքի տակ են։ Այնպես որ, հարգելի նախկին արտգործնախարար, Ձեր դիրքորոշումը, ինչի մասին Հայաստանի իշխանություններն էլ են խոսում` իբրև ոչ առաջնահերթ կարևորության, ինձ անձամբ ակնարկում է, որ դուք պաշտոնական Երևանի հետ ինչ-որ տեղ համակարծիք եք արցախյան խնդրի և ստատուս քվոյի հարցում ներկա գլոբալ մոտեցման առումով։ «Րաֆֆու կենտրոնի» ղեկավար Մանվել Սարգսյանը տվյալ դեպքում ճիշտ էր. հիմա, ըստ էության, խոսվում է միայն այն մասին, որ ինչ-որ ձևով կկիրառվի «զորքերի դուրսբերման դիմաց ոչինչ» սկզբունքը, այսինքն, խոսքը Արցախ-ԼՂՀ-ի սահմանադրական հողերի հանձնման մասին է։ Ընդ որում, այս ամենն առանց Հայաստանի ու Արցախի համար լուրջ երաշխիքների։ Սակայն Մանվելը ճիշտ չէ այն հարցում, թե դա, իբր, բխում է «Կազանյան փաստաթղթից», ինչին ես առարկեցի սեմինարի ընթացքում. այս ամենը գալիս է Մադրիդյան սկզբունքներից, որտեղ դա գրված է սևով սպիտակի վրա, և որտեղ կան Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների ստորագրությունները։ Իսկ 2017-ին Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստանի հանդեպ «Կազանյան փաստաթղթի» պատճառով ատելություն և վախ ներշնչելը պրոֆեսիոնալ չէ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի պարոն տնօրեն։ Ինչո՞ւ։ Կարող եք հարցնել նաև հարվարդյան իրավաբան Րաֆֆի Հովհաննիսյանին. որովհետև կազանյան փաստաթղթի տակ առհասարակ ստորագրություն չկա, քանի որ 2011 թվականին Ադրբեջանը տորպեդահարել է այդ թուղթը։


Այնպես որ, տիկնայք և պարոնայք, հայեր ու հայուհիներ, մի հավատացեք կեղծ մարգարեներին, մի հավատացեք նրանց, ովքեր ամեն կերպ փորձում են ձեր աչքում գովազդել Արևմուտքի ամենազորությունն ու Արևմուտքի հայամետությունը։ Սուտ է սա. նա, ով Հայոց ցեղասպանության համար պատասխանատու է Թուրքիայից ոչ պակաս, երբեք որևէ բան չի անի, որ ցեղասպանության զոհերի ժառանգներն իմանան ամբողջ ճշմարտությունը։ ՈՒ պետք է հիշել, որ, իհարկե, իմ կամ մեկ ուրիշի մտահոգությունը նախիջևանների, վաների, մուշերի, արդահանների և այլ հոգեհարազատ պատմական վայրերի անվիճելի արժեք լինելու առնչությամբ, գեղեցիկ է, սակայն հիմա ավելի կարևոր է ապահովել հայերի աներկբա ֆիզիկական անվտանգությունն այնտեղ, որտեղ այսօր նրանք ապրում են։ Այս տեսանկյունից պետք է գնահատել Հորադիզի բարձունքների մարտավարական ու ռազմավարական արժեքը, 2016 թ. մարտական գործողությունների հետևանքները։ Եվ ոչ թե այն տեսանկյունից, թե ինչ-որ տեղ ինչ-որ մեկը Րաֆֆի Հովհաննիսյանին խոստումներ կտա Նախիջևանի հաշվով կամ ինձ` Վանի հաշվով, մեկ ուրիշին էլ` Կարսի։ Թեև չի կարելի չհամաձայնել սեմինարին մասնակցող քաղաքական գործիչ-փորձագետ Ազատ Արշակյանի հետ. Կարսի, ուրեմն և Մոսկվայի 1921 թ. պայմանագիրը ռևիզիայի ենթարկելու ժամանակը վաղուց է եկել, ինչը, ի դեպ, նույնպես կնշանակի ստատուս քվոյի փոփոխություն, ընդ որում` ոչ միայն Արցախում, այլև ամբողջ Անդրկովկասում։


Վերջում այն մասին, թե պե՞տք է վախենալ, արդյոք, ստատուս քվոյի հնարավոր փոփոխություններից։ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի տնօրեն Ստեփան Դանիելյանը, ըստ էության, զբաղված էր հայության ահաբեկմամբ։ Իբր ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն կարող է հանգեցնել ուժերի աշխարհաքաղաքական հաշվեկշռի փոփոխության և տարածաշրջանում մարտական գործողությունների վերսկսման, այսինքն` պատերազմի։ Կոչ էր անում նաև մշտապես հիշել և «նայել» ԱՄՆ-ին։ Մնացածում, այո, նա ճիշտ է, այնպիսի իրավիճակ է, որ պետք է մշտապես հետևել Սիրիային ու Իրաքին, կանոնավորապես հետևել, թե ով և ինչ է ուզում անել Մերձավոր Արևելքում։ Ես սոսկ մի փոքր ուղղեմ նրան և լրացնեմ։ Նախ, ամեն ինչին զուգընթաց հարկ է հետևել այն ամենին, ինչ պատրաստվում են անելու ԱՄՆ-ը և Իսրայելը, ընդհանուր առմամբ, պայմանական, բայց վաղուց ընդունված «Քրդական խնդրի» երևույթի շրջանակներում։ «Քրդական խնդրի» մասին խոսակցությունը Արցախի ստատուս քվոյի առթիվ վախ ներշնչելու համար չէ, դա շատ խոր հարց է։ Երկրորդ, մեր տարածաշրջանի օրակարգը ձևավորում են ոչ թե Թուրքիան ու ԱՄՆ-ը, այլ, սկզբում և վերջում, Ռուսաստանն ու Իրանը։ Մի պարզ պատճառով` հենց Մոսկվան ու Թեհրանը 2014-ի աշնանը ապշերոնյան խանությանը ստիպեցին, ինչպես Ղազախստանն ու Թուրքմենստանը, ստորագրել Մերձկասպյան ենթատարածաշրջանում արտատարածաշրջանային երկրների զորքերի մուտքն ու ներկայությունն արգելող հռչակագիր-պարտավորություն։ Իհարկե, դա Ադրբեջանին չի խանգարում հենց հիմա ունենալու թե՛ ամերիկյան դյուրաշարժ բազաներ, թե՛ ամերիկյան հատուկ ծառայության զորախումբ, թե՛ իսրայելական «Մոսադ» հատուկ ծառայության գործակալներ։ Բայց մի բան է, երբ այս ամենը տեղի է ունենում, ըստ էության, ապօրինաբար, միջազգային այս կամ այն պարտավորության խախտմամբ, և այլ բան է, երբ այս ամենն օրինականորեն կանոնակարգված է և դառնում է պարտավորություն։


Մեկ անգամ ևս դիմեմ եվրոպացի փորձագետ Էրիկ Լեռներին, որպեսզի ոչ ոք մտքով իսկ չանցկացնի դույզն-ինչ կասկածել ինձ ավելորդ լավատեսության և երևակայության գիրկն ընկնելու մեջ։ «Նորություններ-Հայաստան» գործակալությանը 2012-ի նոյեմբերին տված հարցազրույցում նա, խոսելով Արցախ-ԼՂՀ-ի անկախության միջազգային ճանաչման հեռանկարների մասին (չէ՞ որ դա էլ է ստատուս քվոյի փոփոխման հնարավոր քայլերի շարքից), նշել էր. «Նոր երկրների ճանաչման գործընթացն անշրջելի է, մենք դա տեսնում ենք Կոսովոյի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Հարավային Սուդանի օրինակով»։ Նրա խոսքով` այդ բոլոր դեպքերում եղել են ճանաչման տարբեր հիմքեր և տարբեր քանակի երկրներ են ճանաչել այդ պետական կազմավորումները. «ՈՒստի Ղարաբաղը բոլոր հնարավորություններն ունի ճանաչված լինելու։ Այդուամենայնիվ, տրամաբանական է թվում դեֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը, առաջին հերթին, Հայաստանի կողմից։ Չէ՞ որ Կոսովոն սկզբում ճանաչեցին նրանք, ովքեր նրան անկախություն էին պարգևել։ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան և Հարավային Օսիան, այնուհետև նրանց հետ կնքեց միջպետական պայմանագրեր, ինչը զգալիորեն բարձրացնում է այդ երկրների կարգավիճակը։ Նույնիսկ Թուրքիան ճանաչել է Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունը։ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեֆակտո ճանաչումը հնարավորություն կտա ավելի արդյունավետորեն առաջ տանելու ճանաչման գործը։ Օրինակ, արտասահմանում եղած դիվանագիտական բոլոր հիմնարկներում պաշտոնապես ներկայացուցչություններ ունենալ։ Ես չեմ կարող խոսել բոլորի անունից, սակայն Հայաստանի մի շարք դեսպանություններում Ղարաբաղի ներկայացուցիչներ կան, որոնք, սակայն, այնտեղ են գտնվում Հայաստանի Հանրապետության քվոտայով, և իրավիճակի թելադրանքով այդ դիվանագետները հանդես են գալիս մեկ Ղարաբաղի, մեկ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների դերում»։ Դրա հետ մեկտեղ, Լեռներն այն կարծիքին է, որ Արցախ-ԼՂՀ-ի ճանաչումը պատերազմական գործողությունների չի հանգեցնի. «ԵՄ-ն ու ԱՄՆ-ը հանդես կգան քննադատական հայտարարություններով, բայց կոչ կանեն շարունակել բանակցություններն ու արդյունքի հասնել խաղաղ ճանապարհով։ Հնարավոր է, որ զինադադարի ռեժիմը խախտվի, բայց դա պատերազմական գործողությունների չի վերաճի»։


Հավելեմ. ոչ միայն ԱՄՆ-ն ու ԵՄ-ը դեմ հանդես կգան, պատերազմական գործողությունների դեմ ավելի շուտ հանդես կգան Իրանն ու Ռուսաստանը, քանի որ Արցախը, հակամարտության գոտին նաև նրանց սահմաններն են և Մեծ Մերձկասպյան ենթատարածաշրջանը և այլն։ Ինչը և, ի դեպ, ցույց տվեց 2016-ի ապրիլը. մինչ մյուսները «կոչ էին անում», Իրանն ու Ռուսաստանը գործնականորեն կասեցրին պատերազմական գործողությունները, հընթացս Թուրքիային բարձրաձայն մեղադրելով ռազմական էսկալացիա սանձազերծելու մեջ։ Չէ՞ որ բանը հիմա հասել է նրան, որ հենց 2017-ի մայիսին հնչել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որտեղ նրանք միարժեքորեն ընդգծել են. հակամարտության գոտում վերջին միջադեպերը հրահրել է Ադրբեջանն իր ագրեսիվ գործողություններով. «Մի քանի հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռակոծել են շփման գծի մյուս կողմի զինտեխնիկան։ Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական զինված ուժերը պատասխան կրակ են բացել տարբեր տրամաչափի ականանետներից...»։ Այսպես ուրեմն, դեռ մինչ այս հայտարարությունը, որով, վերջապես, ոչ միայն ՌԴ-ն, այլև ԱՄՆ-ը և Ֆրանսիան հրապարակավ ընդունել են, որ զինադադարի խախտման նախաձեռնությունը միշտ բխում է Բաքվից, թուրքալոբբիստ, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի պաշտոնակատար Ռ. Հոգլանդը հարցազրույցում հայտարարել էր. «Սա այն ոլորտն է, որի առնչությամբ մենք կարող ենք ասել, որ Վաշինգտոնում ու Մոսկվայում հարաբերությունները ոչ մի բացասական դրսևորում չունեն։ Մոսկվան, ինչպես Վաշինգտոնն ու Փարիզը, խաղաղություն է ուզում Հարավային Կովկասում։ Ինձ համար միանգամայն հասկանալի է, որ Մոսկվան պատերազմ չի ուզում Լեռնային Ղարաբաղում, Մոսկվան պատերազմ չի ուզում Ադրբեջանի ու Հայաստանի միջև։ Դա կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը և կվնասի Ռուսաստանի շահերին»։


Իսկ այն հաշվով, թե ինչ են ուզում ԱՄՆ-ն ու ԵՄ-ը, միստր Հոգլանդը, իհարկե, «տաքացել» է։ Ես չեմ հավատացել և չեմ հավատում Անդրկովկասում ԱՄՆ-ի մտադրությունների բարությանը, իսկ ապացույցները քաղում եմ և ուրիշներին էլ կոչ եմ անում քաղել հենց Սիրիայում ու Իրաքում ԱՄՆ-ի քաղաքականության նրբերանգներից, այդ թվում` «քրդական խնդրի» շրջանակներում։ Այնտեղ խաղաղության ու պատերազմամերժության նկատմամբ Արևմուտքի հակման հոտ չի գալիս։ Ստատուս քվոյի խախտումը, ընդ որում, հակահայ մեկնաբանությամբ, շատ պետք է և ձեռնտու է ԱՄՆ-ին (որպես Իսրայելի լծակի), իսկ մենք քանիցս տեսել ենք, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ոչ միայն պատրաստվում է Իրանի հետ այդպես էլ չվերականգնված հարաբերությունների կտրուկ վատացմանը, այլև խոսքից անցել է գործի։ Այս կապակցությամբ մեկ անգամ ևս հիշեցնեմ. նախագահական ընտրություններն Իրանում տեղի ունեցան մայիսի 19-ին և այն արդյունքը չգրանցեցին, ինչ կցանկանային ԱՄՆ-ը և Իսրայելը, ուստի լարվածության սրումը տարածաշրջանում առջևում է, այն վերստին կրելու է հակաիրանական բնույթ։ Ահա թե որն է Արցախի շուրջ և հակամարտության գոտում ստատուս քվոյի հարցի աշխարհաքաղաքական կողմը` լրացնելով «Րաֆֆու կենտրոնում» կայացած սեմինարում Արման Մելիքյանի զեկույցը, պնդեցի և պնդում եմ ես։ Այնպես որ, կոչ եմ անում հիշել և՛ եվրոպացի փորձագետ Էրիկա Լեռների 2012 թ. հաշվարկները, և՛ մեր սեփական փաստարկները հօգուտ ստատուս քվոյի այս կամ այն փոփոխության։ Ներկա ստատուս քվոն ինչ փոփոխություն էլ կրի, միայն թե դա չլինի ամերիկյան սցենարով, ավելի լավ է լինի այն սցենարով, որը ձեռնտու կլինի ոչ միայն մեզ` Հայաստանին ու Արցախին, այլև մեր հարևաններին` Իրանին և Ռուսաստանին։ Ընդ որում, Արցախ-ԼՂՀ-ի ոչ մի հեկտար սահմանադրական հող չպետք է հանձնվի, իսկ կորսվածը 100 տոկոսով պետք է վերադարձվի Արցախի պաշտպանության բանակի վերահսկողությանը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ