Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Գրավ ենք դնում մեր վաղվա օրը

Գրավ ենք դնում մեր վաղվա օրը
13.06.2017 | 07:57

Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ, իբրև թե, ազգաշահ մղումներով ընտրվել կամ վերընտրվել ձգտողները և այն էլ՝ ոչ մի միջոցի առաջ կանգ չառնելով, իրենց ուզածին հասնելուց հետո, ընդամենը մի բանով են փորձում փայլել, անգամ մրցակցելով իրար հետ. թե ինչ նոր մեթոդներով ավելի ակտիվացնեն մարդկանց թալանը:


Իհարկե, դրա փոխարեն հնչում են լրիվ այլ ու վերամբարձ իմաստներ՝ երկրի վիճակը լավացնելու, աղքատությունը վերացնելու, աշխատատեղեր ավելացնելու, արտագաղթը կասեցնելու, ցավոտ խնդիրներին լուծում տալու ուղղությամբ: Եվ սկսվում է իսկական անիմաստության ու աբսուրդի հերթական «ներկայացումը»:
Որպեսզի բարելավվի ժողովրդի կենսամակարդակը, պետք է բյուջեն լցնել, իսկ բյուջեն լցնելու համար ի՞նչ պետք է անել… Դե, իհարկե, մեր «սրտացավ» ու «մտահոգ» պարոնայք էլ ի՞նչ պետք է անեն. նրանք միայն մեկ հասցե գիտեն՝ ժողովրդի դատարկից էլ դատարկ, վարկերի բեռից հազար տեղից ծակ ու պատառոտ գրպանը: Եվ ազգընտիրները հապճեպ անցան իրենց «առաքելությունը» կյանքի կոչելուն:


Մենք արդեն իսկ ապրում էինք օր օրի ծաղկող և ուռճացող բազում խնդիրների ցանցում խճճված. բանկերի՝ բազմագլուխ հրեշ հիշեցնող ամենակուլ ներկայությանը գերի, երբ նրանց կողմից պապենական տան օտարումն ու աճուրդը արդեն սովորական բան են դարձել, կյանքի ամենաընդունված ընթացք: Մեր առջև արդեն իսկ վարկերից խուսափելու բոլոր ճանապարհները փակված էին՝ կրճատումների, գործազրկության, գոյատևությանն անհարիր վաստակի, առողջության համար ծախսվող հեքիաթային գումարների և այլնի զորավոր պատճառներով: Եվ միայն մեկ ճանապարհ էր բաց. պարզապես ապրել՝ շարունակելու համար երկրից հեռանալու ճանապարհը:
Իսկ մենք դեռ համառում ենք. շատերս դեռ մեզ մեր երկրի տեր ենք զգում ու ժամանակավոր փորձություն համարում ապաշնորհ ու աննինջ ախորժակ բացածների, մեղմ ասած, ավերը մեր շուրջն ու մեր կյանքում:


Բայց նոր զարգացումները թևաթափ են անում:
Հենց միայն առողջապահական համակարգում թափ առած անցուդարձը բավական է երկիր վտանգելու համար: Եվ այսօր միայն դրանից խոսեմ: Արդեն արտագաղթի պատճառների մեջ նշեցի բուժսպասարկման ահռելի մուծումներն ու ծախսերը: Եթե կարելի է մի կերպ, գրոշներով դիմակայել քաղցին, ցրտին, «յոլա» գնալ և խույս տալ վարկերի ձնագնդի պես աճող ու կործանում տանող թակարդին զոհ դառնալուց կամ գոնե օգտվել դրանց տանելի չափերից, ապա առողջական խնդիրների դեպքում խուսափելն անհնար է դառնում: Դե, հարցը ամենաթանկին՝ առողջությանն ու կյանքին է վերաբերում: Բայց ամենապարզ հետազոտությունների, ընթացիկ բուժման, դեղորայքի, վիրահատությունների համար պահանջվող գումարներն այնքան խելքից-մտքից դուրս չափերի են հասել, որ տունը գրավ դնելը՝ արդյունքում այն կորցնելը, վարկից վարկ շրջապտույտում հայտնվելն արդեն միակ ելքն են դառնում: Իսկ եթե հաշվի առնենք, որ այսօր գրեթե լիարժեք առողջ մարդ չկա մեր երկրում, որ հիվանդությունները, այս օր օրի «զարգացող» բժշկության պայմաններում, զարմանալիորեն ժամ առ ժամ աճում են ու բազմանում, որ դրանք բուժելու վիրահատական ճանապարհն աստիճանաբար ավելի գերակշռող է դառնում՝ անվճարունակ ժողովրդի համար իր անչափելի մեծ գներով, որ… որ… Հաշվարկներն արդեն ավելորդ են դառնում:


Ստացվում է՝ մարդն իր կյանքը մի փոքր էլ ավելացնելու համար, վերջին հաշվով, գրավ է դնում արդեն ոչ միայն իր, այլև իր հարազատների վաղվա օրն ու, ինչ-որ տեղ, դարձյալ կյանքը:
Պետական պատվերը, իհարկե, որոշ չափով՝ շատ աննշան, բայց էլի օգնություն է, չնայած բոլորս գիտենք, թե որքան ծուռ ճանապարհներ ու շեղումներ կան այդ ոլորտում, բայց ամեն մի նոր ընտրության՝ բոլոր խնդիրների հետ դրանց լուծման երազանքն էլ ենք փայփայում: Փորձում ենք հավատալ, որ եկողների համար երկիր պահելը, հայ մարդուն այդ երկրում պահելը, ազգին զավակ պարգևող հայ կնոջ, ամեն պահի պոտենցիալ զինվոր՝ հայ տղամարդու, ի վերջո, ամեն հայ մարդու առողջությունն ու կյանքը կարևոր են լինելու: ՈՒ ամեն անգամ սթափության պաղ ջուրը մեր գլխին չի ուշանում: Եվ ահա, ամեն բանի շարքին խառնած, փորձում են սեփականաշնորհել նաև վերջին պետական բժշկական կենտրոնները, որոնք դեռևս ժողովրդին ծառայության փշուրներ էին: Միլիարդներով «բյուջեն լցնելու» հեռանկարը անչափ է ոգևորիչ:


Բայց գեթ դա՝ մարդկանց չունեցած գումարները բազմապատիկով շորթելը չներկայացնեն որպես ազգի բարեկեցություն բարձրացնելու ուղի: Մինչդեռ ուղիներ՝ որքան ասես, հարստություն նույնպես ՝ որքան ցանկանաս՝ երկրի ընդերքում և դրանից դուրս:
Առողջապահական հարցեր լուծելու ուղիներն էլ անչափ շատ են և լրիվ տարբեր այն ամենից, ինչ արվել ու արվում է. և դրանցից առաջինը՝ մտահոգությունը մարդկանց այս անառողջ վիճակի համար: Ինչո՞վ կարելի է բացատրել այն, որ համեմատաբար ավելի մաքուր բուսական սնունդ օգտագործող մեր բնակչությունը որոշ հիվանդությունների ցուցանիշներով ամբողջ աշխարհի մակարդակով անգամ ռեկորդային առաջադիմություն է գրանցում: Օրինակ, քաղցկեղի ցուցանիշներով մենք առաջիններից ենք, եթե ոչ ամենաառաջինը: Որևէ մեկը փորձե՞լ է պարզել, թե որոնք են առանց այն էլ թվաքանակի խնդիր ունեցող ազգի այս սարսափելի բարձր հիվանդացության և մահացության պատճառները, ինչն էլ, փաստորեն, արտագաղթի և ազգի ոչնչացման նոր ու յուրօրինակ ձև է դարձել: Փորձե՞լ է բարձրաձայնել դրանց մասին և ուղիներ փնտրել դրանք բացառելու համար: Ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է պրոֆիլակտիկ բժշկության բացակայության, առանց այն էլ ոչ այնքան արդյունավետ բժշկական սպասարկման գրեթե անմատչելիության համար: Որևէ մեկը պատժվե՞լ է ժողովրդին և երկրին «մատուցած» այդօրինակ ծառայությունների՝ լռության և անգործության, ավելին՝ սխալ գործունեության համար: Ոչ, իհարկե ոչ: Դեռ գործընթացները նոր ուժ ու թափ են առնում:


Այնպես որ, բարի եղեք հնարավորինս շատ և հնարավորինս ավելի ծանր ու անբուժելի հիվանդություններով հիվանդանալ և այդպիսով սեփական ավելի մեծ ներդրումն ունենալ «բյուջե լցնելու» «ազգապահպան» գործում:
Իսկ թե ո՞ւմ համար՝ դա հասկանալն էլ թողնում եմ ձեզ:

ՆԱՆԵ

Դիտվել է՝ 2652

Մեկնաբանություններ