Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Ի՞նչ է կատարվում մեր երկրում. ո՞վ և ինչո՞ւ է պայքարում մեր գիտնականների ու գյուտարարների դեմ

Ի՞նչ է կատարվում մեր երկրում. ո՞վ և ինչո՞ւ է  պայքարում մեր գիտնականների ու գյուտարարների դեմ
13.06.2017 | 08:07

(սկիզբը` այստեղ)

Մեր ժամանակների կարևոր առանձնահատկություններից մեկը իշխանավորների սերնդափոխությունն է: Եթե 25 տարի առաջ մեր հասարակական հարաբերությունները ձևավորվում էին որպես հարաբերություններ հավասար սուբյեկտների միջև (մի տնից չէինք, մի հալի էինք, խորհրդային հալի էինք), ապա այսօր դրությունը էականորեն փոխվել է։ Առաջացել են կղզիացած արտոնյալ խմբեր, կաստաներ, որոնք վիճարկում են իշխանական ղեկին մոտ կանգնելու իրենց «վաստակած» իրավունքը: Դատեք ինքներդ, թե ինչպես են առաջացել մեր հանրությանը քաջ հայտնի խումբ-խմբավորումներն ու «թայֆաները»։ Սրանք պատահական զուգադիպություններ չեն, դրանք մեր օրերի կարևոր առանձնահատկություններից են։ Միանշանակ է, որ բոլորիս քաջ հայտնի անուն-ազգանուններից շատերը, իմա` անհատները, միայն ու միայն խոչընդոտ են դառնալու մեր տնտեսության զարգացման համար։ Խորացնելու են տնտեսական ճգնաժամը, նոր թափ են հաղորդելու արտագաղթին, վտանգի տակ դնելով մեր անկախության ու Հայ դատի խնդիրների ապագան: Խոսեմ կոնկրետ օրինակով, որն առնչվում է ակադեմիկոս Պարիս Հերունու «Արև» և իմ «Երկրների հելիոֆիկացիայի» ծրագրերին:

Երկու ծրագրերն էլ ստեղծվել են անկախության առաջին տարիներին ու հետապնդում էին մեկ կոնկրետ նպատակ` Հայաստանի արդյունաբերությունը դնել նոր ռելսերի վրա՝ հաշվի առնելով ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրողությունը, փորձել խուսանավել ու երկրի տնտեսությունը հեռու պահել սպասվող տնտեսական ճգնաժամից, որն անխուսափելիորեն գալու էր ԽՍՀՄ փլուզման պատճառով՝ անկախության հետ՝ որպես դրանց անմիջական հետևանք: Անկախանալուց հետո Հայաստանի տնտեսությունը միանգամից հայտնվեց ճգնաժամի մեջ ու այսօր էլ շարունակում է իր հետընթացը՝ ցույց չտալով առողջացման նկատելի միտումներ: Մեր առաջարկած արևային ծրագրերը կարող էին փրկել դրությունը, եթե չհանդիպեին հայկական չինովնիկության ցուցաբերած կատաղի դիմադրությանը։ Պայքարողները շատ էին՝ թե՛ դրսից, թե՛ ներսից։ Խոսենք փաստերով:


90-ականների վերջերին ակադեմիկոս Պարիս Հերունին պատենտավորեց նոր տիպի արևային էլեկտրակայաններ կառուցելու իր գյուտերը, աշխարհի բոլոր երկրների համար դրանք լավ նորություն էին, որին առաջինը արձագանքեց Չինաստանը: Ըստ նախնական պայմանավորվածության, Չինաստանը պատրաստ էր պատվիրելու 100 հազար կոմպլեկտ արևային էլեկտրակայաններ՝ յուրաքանչյուրը 4 միլիոն դոլար արժողությամբ։ Պատվերի ընդհանուր գումարը կազմելու էր 400 միլիարդ դոլար (հիշեցնեմ, որ, ըստ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած ծրագրի, 2040 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի ծավալները կհասնեն ընդամենը 57-60 միլիարդ դոլարի):
Հերունու, նաև իմ ծրագրի համար առաջնայինը Հայաստանում արևից էլեկտրական կամ ջերմային էներգիա ստանալու խնդիրը լուծելը չէր (թեև դա ևս խիստ կարևոր էր շրջափակման մեջ հայտնված Հայաստան երկրի էներգետիկ անվտանգությունն ու էներգետիկ կենսունակությունը ապահովելու համար):


Հերունու, նաև իմ ծրագրի համար առաջնային էր Հայաստանի արդյունաբերության համար նոր, հեռանկարային ու հսկայածավալ շուկաների համար աշխատող ոլորտի ձևավորումը, որը ի զորու կլիներ լուծելու վերաինդուստրացման խնդիրները, կգար փոխարինելու մեզանում ձևավորված տրադիցիոն արտադրություններին, պահպանելու ունեցած աշխատատեղերը ու հասնելու տնտեսական զարգացման առավել բարձր մակարդակի, կբարձրացներ Հայաստանի միջազգային հեղինակությունը, դերն ու նշանակությունը: Դրանք շատ կարևոր, ստրատեգիական նշանակության խնդիրներ էին, եթե հաշվի առնենք, թե ինչ մարտահրավերների առաջ էր այդ թվերին կանգնած մեր նորաստեղծ հանրապետությունը իր Սպիտակի աղետի գոտիով, շրջափակումով ու ղարաբաղյան պատերազմով:
Հերունու աշխատանքները կարևոր թիրախ դարձան մեր երկրի ներքին ու արտաքին թշնամիների համար, որոնք պայքարեցին բոլոր ճակատներով ու ոչ մի շանս չտվեցին, որ աշխարհի լավագույն արևային էլեկտրակայանը առաջինը կառուցվեր ու շահագործվեր Հայաստանում: Այդ ժամանակ հելիոֆիկացիայի ծրագրի դեմ պայքարողները քիչ էին։ Հերունու օրինակով հասկացա, թե ինչ ուժեր էին ոտքի հանված, որոնց դեմ պայքարելն անիմաստ էր առանց հաղթանակի հեռանկարի: Երկար տարիներ աշխատել եմ առանց հատուկ քննարկումների և ցուցադրումների, կարելի է ասել, գործել եմ ընդհատակում՝ զգուշանալով, որ կարող են խոչընդոտել իմ աշխատանքների բնականոն ընթացքին: Թվում էր, թե հայկական արևային ծրագրերի դեմ պայքարի ելած չինովնիկներն ունեին իրենց հստակ մոտիվացիան, հենվում էին պետական մտածողության ու կարևոր մտահոգությունների վրա: Այսպիսի տեսակետ կար. եթե զարգացնենք արևային ոլորտը, ապա Եվրոպան ամեն կերպ կստիպի փակել հայկական ատոմակայանը, գումարներ չի տա նոր էներգաբլոկի շինարարության համար, կպակասի գազի սպառումը, որը կզայրացնի մեր ստրատեգիական գործընկեր Ռուսաստանին և այլն, և այլն:


Հերունու մահից հետո նույն պայքարի թիրախը դարձավ հելիոֆիկացիայի իմ երկրաստեղծ ծրագիրը, որը հանդիսանում է «Արևի» փոխլրացնող ծրագիրը: Ինձ մեծ զարմանք է պատճառել այն հանգամանքը, թե Հայաստանում ինչ անհավանական հնարամտություն է ցուցաբերվել, որ կարողանան տորպեդահարել իմ գիտական աշխատանքները, ինչ ձևեր ու մեթոդներ են կարողացել մտածել ինձ նման ինժեներ-գիտնականների դեմ պայքարելու, նրանց աշխատանքների արդյունքները չեզոքացնելու և տապալելու համար: Էներգետիկայի նախարարությունը միալար պաշտոնապես հայտարարում էր, որ արևային էներգետիկան Հայաստանի համար վաղաժամկետ է, շատ թանկ է, այլ անհեթեթություններ էլ էին դրվում շրջանառության մեջ:


Մի անգամ «Շանթ» հեռուստաալիքով այսպիսի ինֆորմացիա տարածվեց. Հրազդան քաղաքից մի մեխանիզատոր գարեջրի մետաղյա պուլիկներից ստեղծել է արևային ինքնատիպ ջեռուցիչ, որը դրվում է պատուհանին ու ներսը տաք օդ է փչում, շատ էժան է, եթե համեմատելու լինենք հելիոֆիկացիայի համազասպյանական ծրագրի հետ, որի արժեքը կազմում է 700 միլիոն դոլար: Այդ մեխանիզատորը եղել է մեր արևային պոլիգոնում, քննարկել ենք նրա նորարարությունը, կոնկրետ խորհուրդներ եմ տվել, թող շարունակի, դա էլ պետք կգա, բայց նա էլ էր շատ զարմացել «Շանթի» «համեմատական գնահատականից»:
Մի անգամ սպառողների շահերի պաշտպան Արմեն Պողոսյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որին հրավիրել էին նաև ինձ: Առաջինը ելույթ ունեցավ սպառողների շահերի պաշտպանն ու ամենավերջին որակումներով փորձեց նսեմացնել արևային տեխնիկան ու հելիոֆիկացիայի իմ ծրագիրը՝ գովերգելով միայն ատոմային էլեկտրակայանների դերն ու նշանակությունը, բայց խոսքեր չգտավ իմ հակափաստարկներին պատասխանելու, պարզապես թողեց ու փախավ:
Իսկ Իրանի արտակարգ ու լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսիի դեպքը ուղղակի զավեշտալի էր: Վերջին տարիներին ես փորձել եմ արտասահմանյան դեսպանների միջոցով արևային տեխնիկայի զարգացման մեր ծրագրերը ներկայացնել ուրիշ երկրներում՝ փորձելով համագործակցության եզրեր գտնել տարբեր երկրների գործարարների հետ (բացառությամբ Ադրբեջանի ու Թուրքիայի): Աբովյանի մեր պոլիգոն են այցելել Թուրքմենստանի, Լիտվայի, Բելառուսի, Վրաստանի և այլ երկրների դեսպաններն ու դեսպանատների աշխատակիցները, 2014 թվականի ամռանը իմ հյուրն էր ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսին: Նրա այցը շատ հետաքրքիր ստացվեց, անկաշկանդ, համեստ ու բարյացակամ այդ պաշտոնյային դուր եկան մեր աշխատանքները, հաստատեց, որ արևային տեխնիկան մեծ ապագա ունի ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար, խոստացավ, որ իրենց աղբյուրներով համապատասխան ինֆորմացիա կտրամադրի իրանցի գործարարներին: Ի միջի այլոց, դեսպանը հրաժարվեց մեր փոքրիկ հյուրասիրությունից, մրգային ֆուրշետից, սուրճից ու թեյից, իրենց մոտ կրոնական տոնի օրեր էին, երբ ցերեկով արգելվում է որևէ ուտելիք ճաշակել: Ամեն ինչ կարծես լավ էր ստացվել, բայց հաջորդ օրը ինձ է զանգահարում դեսպանատան իրանցի աշխատակից Հմայակ Ավետիսյանը.
-Այս ի՞նչ եք արել, դեսպանը խիստ զայրացել է, հայկական թերթերը գրել են, թե Համազասպյանի միջոցով Իրանն օգնելու է Հայաստանին, որպեսզի կտրի ռուսական գազի մուտքը:
-Տեղյակ չեմ, թե ով ու ինչ է գրել, բայց պատրաստ եմ մամուլի ասուլիս հրավիրելու և հերքելու թերթերի տված անհեթեթ ինֆորմացիան:
-Պետք չէ, ավելի վատ կլինի,- խորհուրդ տվեց դեսպանատան աշխատակիցը:
Այ այստեղ, եթե մեր քաղաքական լիդերները, նախագահը, վարչապետը կամ համապատասխան նախարարները կարողանան բացատրել, թե ինչ է կատարվում մեր երկրում, ո՞վ և ինչո՞ւ է պայքարել ակադեմիկոս Պարիս Հերունու ծրագրի դեմ, ո՞վ և ինչո՞ւ է մինչ օրս պայքարում հելիոֆիկացիայի իմ ծրագրի դեմ, ո՞վ և ինչո՞ւ է պայքարում մեր բազմաթիվ գիտնականների ու գյուտարարների ազգօգուտ աշխատանքների դեմ, ապա ես պատրաստ կլինեմ համագործակցելու անգամ իրենց` հայաստանյան վարկաբեկված իշխանավորների ու չինովնիկների հետ՝ հանուն երկրի գործերի կարգավորման ու բարգավաճման:


Հաջորդ անգամ կպատմեմ, թե ինչպես ստացվեց, որ Հայաստանում մշտապես հալածված արևային ուղղությունը նոր վարչապետի օրոք դարձավ ամենակարևորն ու հույժ կարևորը, որի կայացման և զարգացման համար Հայաստանի կառավարությունն արդեն մտել է երկուհարյուրմիլիոնանոց դոլարային պարտքի տակ:

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 5996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ