Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թոշնող քրիզանթեմ՝ պատմությունը շարունակվելու է

Թոշնող քրիզանթեմ՝ պատմությունը շարունակվելու է
15.06.2017 | 08:45

Ճապոնիայում դեռ երբեք կայսրը հրապարակավ չէր խնդրել խորհրդարանին ու կառավարությանը իրեն հանգստի ուղարկել՝ հրաժարվելով գահից: Ժողովուրդը չի առարկում, բայց տխրում է՝ կայսր Ակիհիտոն շատերի համար հետպատերազմյան Ճապոնիայի խորհրդանիշն է: Ի՞նչ է սպասում Քրիզանթեմե գահին:


235 կողմ, ոչ մի դեմ, հանդիսավոր հայտարարություն՝ «Օրենքն ընդունված է», որին հետևեց նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդա Սուգիի խոր խոնարհումը: Այսպես հունիսի 9-ին Ճապոնիան հնարավորություն տվեց կայսր Ակիհիտոյին հրաժարվել Քրիզանթեմե գահից՝ արեց նոր դարաշրջան տանող առաջին քայլը: Այդ դարաշրջանը կսկսվի 2019-ի հունվարից, երբ 2018-ի դեկտեմբերին Ակիհիտոն վար կդնի կայսեր տիտղոսը: «Ես հասկանում եմ կարևորությունը, որ այդ օրենքը ստացավ օրենսդիրների 100 տոկոսի հավանությունը, նշանակում է՝ ամբողջ ժողովուրդն աջակցում է»՝ արձանագրեց ստորին պալատի նախագահ Տամադորի Օսիման: Մեկ շաբաթ առաջ փաստաթուղթը հաստատեց ներկայացուցիչների պալատը՝ լիբերալների կուսակցության միայն երկու պատգամավոր ձեռնպահ մնացին՝ բացատրելով, որ անհրաժեշտ չեն համարում հատուկ օրենք ընդունել կայսեր հրաժարականի համար: Ճապոնացիները, ինչպես հարցումներն են վկայում, դրական ընդունեցին խորհրդարանի որոշումը՝ 85 տոկոսը կողմ էր, որ կայսերը հանգստի գնալու հնարավորություն տրվի: Շագանակագեղձի քաղցկեղ ունեցող և սրտի ծանր վիրահատություն տարած 83-ամյա Ակիհիտոն ինքն է խնդրում՝ ազգին ուղղված հեռուստաելույթում նա հայտարարեց, որ առողջական վիճակը թույլի չի տալիս արժանավորինս կատարել իր պարտականությունները: Մոլորակի բնակչության մեծ մասի համար արտառոց ոչինչ չի կատարվել՝ տարեց մարդը ուզում է հանգստի գնալ, բայց Ճապոնիայի համար դա իսկական ցնցում է՝ 200 տարի ոչ մի կայսր այդ քայլին չէր դիմել:


Կային ժամանակներ, երբ Ճապոնիայի կայսրերը հրաժարականը համարում էին ժառանգորդին գահը փոխանցելու սովորական ճանապարհ: Կայսերական տունը իր պատմության մեջ բազում վերելքներ ու վայրէջքներ է ապրել` VII-VIII դարերում կլաններից մեկի առաջնորդները միավորեցին երկիրը և դարձան լիիշխան տիրակալներ, հընթացս իբրև պետական կրոն հաստատելով սինտոիզմը՝ արևի բարձրագույն աստվածուհի Ամատերասուի պաշտամունքով: Ճապոնիայի կայսրերը միաժամանակ անսահմանափակ սյուզերեններ ու քահանայապետեր էին՝ իրենց տոհմը հասցնելով Ջիմուին՝ աստվածուհու ծոռի ծոռանը: Ճապոնացիների սերունդներ էին ծնվում ու մեռնում՝ իմանալով, որ իրենց երկիրը կառավարում է աստծո ուղիղ ժառանգը, որ տիրում էր երեք մեծ գանձերի՝ սուրբ հայելուն, սրին ու յաշմայե մանյակին:
Ամեն ինչ փոխվեց XIII դարում, երբ իշխանությունն իրենց ձեռքը վերցրին սյոգունները՝ տաղանդավոր հրամանատարներ՝ ազդեցիկ տոհմերից: Կայսերը թույլատրվեց գահակալել, բայց ոչ իշխել: Նա պահպանեց սրբազան նշանակությունը, բայց իշխանությունն անցավ սյոգուններին: Այդ շրջանում կայսրերը կամ երիտասարդ մեռնում էին, կամ հրաժարվում գահից: Սահմանվել էր հատուկ տիտղոս՝ դադձյո տենո՝ գահը զիջած կայսր: Առավել հաճախ նախկին կայսրերը գնում էին բուդդայական մենաստաններ՝ կյանքի մնացած հատվածը նվիրելով կատարելության հասնելու փորձերին: Կամ հեռանում էին իրենց համար հատուկ կառուցված պալատներն ու դաստակերտները, ուր ապրում էին ձևական մեկուսացման մեջ՝ ակտիվորեն ազդելով քաղաքականության վրա: Ճապոնական պատմությունը հաշվել է 62 դադձյո տենո: Այդպես շարունակվեց մինչև 1868-ը, երբ կայսրերը, ազնվականների մի մասի օգնությամբ, որ դժգոհ էին սյոգունների կառավարումից ու հույս ունեին շահել հեղաշրջումից, վերադարձրին իշխանությունը: Այդ իրադարձությունը կոչվեց Մեյձի: Սյոգունատը վերացվեց, վերականգնվեց կայսերական ուղիղ կառավարումը: Կայսեր իրավունքները, ձևականորեն արձանագրված Սահմանադրության մեջ, փաստացի, անսահման էին: Կայսրը գործադիր իշխանության ղեկավարն էր ու գերագույն գլխավոր հրամանատարը, կարող էր լուծարել խորհրդարանը կամ առանց նրա օրենքներ ընդունել: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կայսրը՝ տիրակալ ու սինտոիստ քահանայապետ, ճապոնացիների համար հաղթանակի նկատմամբ անսահման հավատի խորհրդանիշ էր: Նրա անունով զինվորները ինքնասպան բանզայ-գրոհների էին գնում, իսկ կամիկաձեները իրենց ինքնաթիռներն ուղղում էին թշնամու նավերի վրա: Բայց սրբազան անունը Ճապոնիային չփրկեց պարտությունից:
«Մեր և մեր ժողովրդի կապերը միշտ կառուցվել են փոխադարձ վստահութան ու նվիրվածության վրա ու կախված չեն ինչ-որ առասպելներից ու լեգենդներից: Նրանք չեն որոշվում պատկերացումներով, որ կայսրը իբր աստվածային ծագում ունի, իսկ ճապոնացի ժողովուրդը մյուս ռասաներին գերազանցում է ու կոչված է համաշխարհային գերիշխանության»՝ ասաց կայսր Հիրոհիտոն իր հպատակներին 1946-ի հուվարի 1-ին:

Ճապոնիան ավերակների մեջ էր, երկիրն օկուպացրած ամերիկացիները լրջորեն քննարկում էին կայսերական իշխանության վերացման հարցը: Ի վերջո, որոշվեց, որ կայսրը հրապարակավ հրաժարվում է իր աստվածային ծագումից: Այդ ելույթից հետո, որ ստացավ «Մարդկային էության հռչակագիր» անվանումը, 70 տարի վիճում են: Ամերիկացիները համարում են, որ կայսրը խոստովանեց, որ ինքը սովորական մարդ է և չի սերում Ամատերասու աստվածուհուց, ճապոնացիները կարծում են, որ Հիրոհիտոն պարզապես հայտարարեց, որ ինքն աստված չէ: 1947-ի Սահմանադրությամբ պետության ղեկավարը վերածվեց երկրի խորհրդանիշի՝ կորցնելով պետական կառավարմանը միջամտելու իրավունքը (հենց այդ պատճառով ներկա կայսրը չի կարող պարզապես գահից հրաժարվել՝ պետք է ստանա խորհրդարանի ու կառավարության հավանությունը): Սահմանադրության մեջ բազում սողանցքեր կան, որոնք թույլ են տալիս կայսրին ցանկացած պահի արգելափակել կառավարության կամ խորհրդարանի որոշումը: Գլխավորը, որ նա իր պարտականությունները կատարում է ցմահ: Բոլոր այդ սողանցքերը ոչ նախկին, ոչ ներկա կայսրը ոչ մի անգամ չեն օգտագործել: Կայսր Ակիհիտոն, որ գահակալում է միայն 1989-ից, հետպատերազմյան Ճապոնիայի իսկական մարմնացումն է: Նա մեծացել է ամերիկացի դայակի հոգածության տակ, նրա շնորհիվ սովորել է անգլերեն և ծանոթացել արևմտյան մշակույթին: 1959-ին գահաժառանգ արքայազնը ամուսնացավ Միտիկո Սյոդեի հետ՝ ջրաղացպան բիզնեսմենի դստեր, որ հասարակ ծագում ուներ: Բազում դարեր Ճապոնիայի կայսրերն ամուսնանում էին միայն բարձրատոհմիկ կանանց հետ: Երիտասարդ արքայազնի պատմությունը, որ հանուն սիրո մարտահրավեր նետեց զառամյալ ավանդույթներին, նվաճեց ճապոնացիների սրտերը:

Օրինակելի ընտանեկան զույգ լինելով՝ նրանք անձամբ էին դաստիարակում երեխաներին՝ չդիմելով դայակների օգնությանը: Միտիկոն իր ձեռքով էր պատրաստում նրանց դպրոցական նախաճաշերը, պարբերաբար այցելում էր ամուսնու ծնողներին: Երբ հայտնի դարձավ կայսեր հրաժարականի ցանկությունը, BBC-ի թղթակիցները հարցում անցկացրին Տոկիոյի փողոցներում: Մարդիկ իրենց կայսեր մասին խոսում էին ջերմությամբ ու խոստովանում էին, որ դժվարությամբ են պատկերացնում կյանքն առանց նրա: Քրիզանթեմի գահի ապագան հիմա վտանգված է: Գործող Սահմանադրությամբ՝ կայսեր իրավահաջորդը կարող է ընտրվել միայն տղամարդկանցից: Քիչ է, որ կանայք իրավունք չունեն գահը ժառանգելու, ամուսնանալով սովորական մարդկանց հետ՝ նրանք կորցնում են իրենց տիտղոսը: Այդպես եղավ Ակիհիտոյի դստեր՝ Սայակոյի և թոռնուհու՝ Մակոյի դեպքում: Կայսրը երկու որդի ունի՝ ավագը՝ Նարուհիտոն և կրտսերը՝ Ֆումիհիտոն, բայց միայն մեկ թոռ՝ 10-ամյա Հիսահիտոն: Նա էլ կժառանգի Քրիզանթեմե գահը, եթե Նարուհիտոն հանկարծ ժառանգ չունենա, որ քիչ հավանական է՝ նա 57 տարեկան է, իսկ տիկինը՝ Մասակոն, 53: Գահի փոխանցման գործող կարգով մեծ է վտանգը, որ կայսրերի շարքը կարող է հատվել՝ Հիսահիտոն արական սեռի միակ ժառանգն է երրորդ սերնդում և եթե նա որդիներ չունենա, դինաստիան ավարտվում է:
2000-ականի սկզբին, վարչապետ Ձյունիտիրո Կոիձումիի օրոք կառավարությունը հարց բարձրացրեց ժառանգորդության կարգը փոխելու մասին՝ թույլ տալով գահը փոխանցել նաև կանանց: Բայց Սինձո Աբեն, ստանձնելով իշխանությունը, առաջարկը հետ վերցրեց: Փորձագետները կարծում են, որ չէր ուզում կորցնել սեփական կուսակցության պահպանողականների աջակցությունը: Երկու սերունդ հետո դինաստիայի ճակատագիրը նորից կարող է օրակարգում հայտնվել:

Lenta.Ru


Հ.Գ. Դարերն ու մարդիկ՝ աստվածների ու իրականության մեջ: Կայսր Ակիհիտոն դեռ մեկ տարի ունի գահը հանձնելու, նա կժառանգի Քրիզանթեմի գահը ավա՞գ, թե՞ կրտսեր որդուն, որ 10-ամյա Հիսահիտոյի հայրն է: Պատմությունը շարունակվում է և պետք չէ կասկածի տակ առնել Հիսահիտոյի թագաժառանգ արքայազն ունենալու երջանկությունը: Սինձո Աբեն էլ հավերժական վարչապետ չէ, անհրաժեշտության բերումով կարող են և գահը կայսրուհուն ժառանգելու իրավունք տալ: Ծագումով ճապոնացի մեծ փիլիսոփաներից մեկը՝ Ֆրենսիս Ֆուկույաման քառորդ դար հետո ընդունեց իր սխալը՝ պատմությունը չի ավարտվում: Ցանկացած ավարտ նորի սկիզբ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3440

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ