Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երկու Ռուսաստան. կա՞ երրորդը

Երկու Ռուսաստան. կա՞ երրորդը
16.06.2017 | 08:20

2017-ի հունիսի 12-ին աշխարհը տեսավ երկու Ռուսաստան. Մոսկվայի Կարմիր հրապարակում երգում ու պարում էր պաշտոնական Ռուսաստանը՝ նշելով իր օրը, երկրի քաղաքների փողոցներում ու հրապարակներում բողոքի ցույցեր էին անում դեռահասներն ու երիտասարդները: Նրանք պահանջում էին վերացնել կոռուպցիան, որ նրանց պոռթկումը դառնում է քաղաքական ընդվզում: Բողոքի հետևանքը զանգվածային ձերբակալություններն էին: Ճիշտ է՝ հաջորդ օրը մեծ մասին ազատ արձակեցին, բայց ծեծուջարդ եղավ: Դատելով կադրերից՝ այդ օրը ՌԴ երկու մայրաքաղաքներում պատրաստվում էին թշնամու հարձակման և կուտակել էին զինտեխնիկա:
Զավեշտ է, որ տոնի առիթով մարդկանց արտոնել էին ասպետի պես հանդերձավորվել, բայց արգելել էին պաստառներ կրել կամ կարգախոսներ հնչեցնել: Երկուշաբթի օրվա բողոքի գործողություններից հետո երկու կողմերն էլ հայտարարեցին իրենց հաղթանակի մասին՝ գրել է Frankfurter Rundschau-ն: Նախօրեին բլոգեր Ալեքսեյ Նավալնին հանրահավաքի արտոնված վայրը Սախարովի հրապարակից ինքնակամ տեղափոխել էր Տվերի պողոտա, որտեղ «Ռուսաստանի օրվա» միջոցառումներն էին անցկացվում, և ոստիկանությունը սկսեց ձերբակալել բոլորին, ովքեր հակապուտինյան կարգախոսներ էին բղավում:
Մոսկվայում բողոքողների ճշգրիտ թիվը հայտնի չէ, բայց Պուտինի հակառակորդները բարոյական հաղթանակ են տոնում: Ամբողջ երկրում ոստիկանությունը ձերբակալել է 1,8 հազար մարդու: Նավալնին արդեն նախընտրական շտաբներ ունի ռեգիոնալ 40 մայրաքաղաքներում, որ, ըստ էության, դարձել է նոր քաղաքական ենթակառուցվածք: Կոռուպցիայի դեմ պայքարի այդ մարտիկը, ըստ Frankfurter Rundschau-ի, միակն է, որ հանդգնել է մարտահրավեր նետել պետությանն ու Պուտինի «Միասնական Ռուսաստանին», բայց նրա բողոքական շարժումը հաջողություն ունի ավելի շուտ որակի, քան քանակի մեջ: Մայիսյան հարցումների համաձայն՝ նախագահական ընտրություններում Նավալնուն ձայն կտա 2 %-ը, իսկ Պուտինին՝ 82 %-ը:


Հազարավոր երիտասարդ ռուսաստանցիներ հունիսի 12-ին Ռուսաստանի օրը յուրօրինակ նշեցին՝ իշխանության դեմ ցույցերով: Նրանց խիզախությունը տպավորիչ է բռնությունների համադրությամբ՝ Neue Zuercher Zeitung-ում գրում է Անդրեաս Ռյուշը: Ցույցն ընդդեմ կոռուպցիայի էր, բայց էլիտայի հարստացման դեմ զայրույթը ընդամենը կապող օղակ է, ամեն ինչ ավելի բարդ է: Գլխավոր հարցն է՝ Պուտինի ստեղծած ավտոկրատիայում տեղ կա՞ քաղաքական մրցակցությանը, թե՞ նրա հպատակների դերը միայն նրա կառավարումը փառաբանելն է: Անդրեաս Ռյուշի կարծիքով՝ Կրեմլում 2018-ի նախագահական ընտրությունները համարում են ձևականություն, Պուտինը գնալու է չորրորդ ժամկետի, որի ավարտին նրա իշխանությունը քառորդ դարը կբոլորի՝ այնքան, ինչքան բռնակալ Ստալինինը: Քաղաքական փոփոխությունների համար պայքարում է միայն Նավալնին, բայց նա իբրև նախագահի թեկնածու ոչ մի շանս չունի, թեպետ նրան հաջողվեց քանդել ապատիայի պատը և փողոց հանել մարդկանց, որ առաջ քաղաքականությամբ չէին հետաքրքրվում: Նա կազմակերպեց բողոքի ակցիաներ միաժամանակ 200 քաղաքներում, դա հաջողություն է, որին իշխանությունը արձագանքում է որոշակի նյարդայնությամբ: Նավալնին իշխանությանը երկընտրանքի առաջ է դրել. նրանք չեն ուզում բլոգերին մարտիրոս դարձնել, բայց չեն ուզում և բողոքները թույլ տալ: Եթե Պուտինն իրականում լիներ այդքան պաշտված նախագահ, ինչպես սիրում է պետական քարոզչությունը ներկայացնել, նա հանգիստ թույլ կտար Նավալնուն մասնակցել նախագահական ընտրություններին ու կարտոներ հանրահավաքների իրավունքը իրականացնելը:


Ռոջեր Բոյզը The Times-ում գրում է, որ Կրեմլում ամենից շատ վտանգ են զգում Պուտինի «երեխաներից»՝ քաղաքների դժբախտ երիտասարդներից: Նրանք կարող են միավորվել բանվորների հետ, որ ամբողջ երկրում փողոց են դուրս գալիս կենսամակարդակի անկումի ու աշխատատեղերի կրճատումների պատճառով:

Նավալնուն հեշտ է հարթակից դուրս բերել, բայց ի՞նչ անել խնդիրների հետ, որ նա բարձրաձայնում է: Ռուսներն ուզում են արդյունավետ ու ազնիվ կառավարում, կառավարման Պուտինի համակարգը հիմնված է անձնական հավատարմության և իշխանական եկամտի վրա և ուղիղ արգելք է նրանց որոնածին:
Քաղաքագետ Գլեբ Պավլովսկին ասել է, որ մինչև տարեվերջ Նավալնին պետք է հասնի քաղաքական կոնֆլիկտայնության բարձր աստիճանի (Ведомости):
Վերլուծաբան Անդրեյ Կոլեսնիկովն այն կարծիքին է, որ Նավալնին դիտավորյալ է բողոքը արմատականացնում, բողոքողների 70 %-ը 30 տարեկան էլ չկա:
Երբ Վլադիմիր Պուտինը 17 տարի առաջ նշանակվեց նախագահի պաշտոնակատար, ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ Իոսիֆ Ստալինի պատկերը կհայտնվի օդանավակայաններում վաճառվող գավաթների ու շապիկների վրա՝ գրում է The Daily Beast-ը, որ երկիրը չի մոռանա Շառլ դը Գոլի խոսքերը՝ «Ստալինն անցյալ չէ, նա լուծվել է ապագայում»:
The Washington Post-ը գրում է, որ Մոսկվայի վերջին ընդվզումները վկայում են քաղաքական տրենդի շարունակականությունը՝ ասպարեզ է եկել քաղաքականացված բարձր դասարանցիների և ուսանողների սերունդը, որ պահանջում է հաշվետու կառավարություն: Սկզբում թվում էր, որ հանրահավաքը հնարավոր չի դառնա, Նավալնու կողմնակիցները պարզապես կկորչեն Ռուսաստանի օրը նշողների մեջ, ոչ ոք չի հասկանա՝ ով ով է: Բայց բողոքողները հավաքվեցին փառատոնի մուտքի մոտ, և երբ մեկը բղավեց «Պուտինը գող է», ամբոխի միջից արձագանքողները հստակ դարձրին բողոքողներին:
Տասնյակ նման վկայություններ կարելի է բերել ռուսական ու արտասահմանյան մամուլից, որոնց բովանդակությունը նույնն է: Փաստացի՝ Ռուսաստանում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ.


1. Արդեն երկրորդ անգամ իր մասին բարձրաձայնում է անկանխատեսելի երիտասարդների սերունդը: Նրանց հնարավոր չէ կառավարել պետական քարոզչամեքենայով, նրանք թերթեր չեն կարդում ու հեռուստացույց չեն նայում՝ նրանք ինտերնետի «երեխաներն են», սերունդ, որ ինքնարտահայտումը գտնում է YouTube-ում: Տեղեկատվության զանգվածային տարածման ժամանակակից միջոցների դեմ իշխանությունը պայքարի նույն ժանգոտ գործիքն ունի, որ օգտագործել է անցած տասնամյակներում՝ արգելքը: Արգելափակել այս ու այն կայքը, սոցիալական ցանցը, ինտերնետ հասանելիությունը: Բայց դա նույնն է, թե ձեռքով փորձես գետի հունը փոխել:
2. Ռուսական պետական քարոզչամեքենան զինանոցից հանում է և մյուս ժանգոտած զենքը՝ «Արևմուտքը Ռուսաստանում գունավոր հեղափոխություն է պատրաստում» թեզը: Կրեմլի պաշտոնական գաղափարախոսները միաձայն «փաստեր» են նշում ու եզրակացնում, որ Արևմուտքը հերթական ձախողումն է ապրելու, որ Ռուսաստանը չի հանձնվելու և այլն, և այլն: Արդյունավետության տեսակետից նման ելույթները հակառակ հետևանքն են ունենում՝ ավելի են գրգռում: Նրանց հավատում են միայն պատվիրատուները, ոչ ավելին:
3. Այս իրավիճակը մեկ օրվա պոռթկում չէ, ոչ էլ Նավալնու ստեղծածն է: Սա հետևանքն է 21-րդ դարասկզբից վարվող քաղաքականության, երբ պաշտոնական ընդդիմություն նշանակվեցին Գենադի Զյուգանովի կոմունիստական կուսակցությունը, Վլադիմիր Ժիրինովսկու լիբերալ-դեմոկրատները, Սերգեյ Միրոնովի «Արդար Ռուսաստանը»: Թե նրանք որքանով են արտահայտում կամ պաշտպանում Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքացիների տեսակետներն ու շահերը, նույնիսկ ավելորդ է քննարկել: Բայց որևէ այլ «ընդդիմություն» Ռուսաստանում չպիտի լիներ, ու իրական ընդդիմադիրները դուրս մղվեցին քաղաքականությունից: Օրենսդրական այնպիսի արգելքներ դրվեցին, որ որևէ ընդդիմադիր կուսակցություն կամ քաղաքական գործիչ Պետդումա չհասնի: Ազատական գաղափարներ ունեցող ընդդիմադիրների մի մասը սերտաճեց պետական կառույցներին, մի մասը հեռացավ քաղաքականությունից, եղան սպանվածներ: Ընդդիմության ընկալումը, որպես պետական կառավարման համակարգի անհրաժեշտ մասի՝ իր իրավունքներով ու պարտականություններով, վերացվեց, սահմանվեց թշնամու ու այլ պետության «գործակալի» կերպարը:
4. Ռուսական քարոզչամեքենան այլևս չի կարողանում ընդգրկել Ռուսաստանի ամբողջ տարածքն ու բնակչության բոլոր շերտերը: Նրանք կարող են ներգործել այլ երկրների ընտրությունների արդյունքների վրա (կամ չեն կարող ու չեն ցանկանում՝ ինչպես հայտարարում է ՌԴ նախագահը), բայց դեռահասների ու երիտասարդների անկառավարելի հատված կա, որ անկախության սերունդ լինելով՝ կաշկանդված չէ ոչ կոմունիստական հիշողություններով, ոչ հավատում է պաշտոնական քարոզչությանը: Նրանք ուզում են արժանապատիվ աշխատանք ու կյանք այսօր, ոչ թե ինչ-որ հեռու կամ մոտ ապագայում, նրանց խորթ է հայրենասիրական կռապաշտությունը:
5. Իրավիճակի վրա որոշակի ազդեցություն ունեն նավթի գնանկումն ու Արևմուտքի պատժամիջոցները, որոնց պատճառով կյանքի որակի անկում է գրանցվել ամբողջ երկրում: Ոլորտային բունտերը դա են վկայում: Տարբեր տնտեսական ծրագրեր են հայտարարվում, բայց ոչ մեկն էլ չի կատարվում:
6. Ներքին խնդիրները արտաքին քաղաքական հաջողություններով փակելու Կրեմլի մարտավարությունը չբերեց ցանկալի էֆեկտը: Ռուսաստանը խրվեց Սիրիայի «ճահճում», ինչպես զգուշացնում էին փորձագետները՝ տալով բազում զոհեր ու չստանալով ակնկալած ոչ քաղաքական, ոչ տնտեսական փոփոխությունները միջազգային ասպարեզում:
7. ՌԴ նախագահը իրենով փորձում է փակել ամբողջ քաղաքական ու տնտեսական դաշտը, նրա կառավարման օրոք լիովին դիմազրկված են մնացած բոլոր պաշտոնյաները՝ Ռուս ուղղափառ եկեղեցուց՝ վարչապետ ու երկպալատանի խորհրդարան, արդարադատության համակարգ ու ոստիկանություն՝ նրանք իրավասու են նախագահի հրամանները կատարել ու կրկնել նրա խոսքերը: Ռուսաստանում իշխանության թևերի հավասարակշռությունը ոչ միայն խախտված է, այլև վերացել է: Իշխանական ուղղահայացով կառավարել նման տարածքը չի ստացվելու օբյեկտիվորեն ու չի ստացվում, ինչը վկայում են կանոնավոր դարձած աղմկոտ պաշտոնանկություններն ու ձերբակալությունները:
Հավելեք ևս մեկ տասնյակ կետեր և կստանաք պատկերացում Ռուսաստանում ստեղծված իրավիճակի մակերեսային ու խորքային պատճառների մասին:
Այս իրավիճակում գնալ նախագահական նույն ձևական ընտրություններին, ինչ եղել է երեք անգամ, նախապես հայտնի արդյունքով, դանդաղ ինքնասպանություն է վիթխարի տարածք ունեցող պետության համար: Վլադիմիր Պուտինի անձնական ամենամեծ հաջողությունը՝ այլընտրանքի վերացումը համերկրային մասշտաբով, այժմ բումերանգի հետհարվածով դառնում է նրա ամենամեծ ձախողումը նախագահի պաշտոնում: Երբ չկա «Ով, եթե ոչ նա» հարցի պատասխանը, դա պետության թուլությունն ու դիմադրունակության անկարողությունն է վկայում ժամանակակից մրցակցային աշխարհում, որտեղ առաջնորդում են անհատները, բայց վճռում են համակարգերը: Ռուսական իշխանական համակարգը ինքն իրեն մղում է լուսանցք, և որքան արագ գիտակցվի փոփոխության անխուսափելիությունը, այնքան շուտ հնարավոր կլինի կանխել ավանդաբար իներտ ու հանդարտ ռուս մուժիկի բունտը, որի առաջ փլուզվեց Ռոմանովների կայսրությունը, չդիմացան կոմունիստները: Դա կարող է հասցնել նաև Վլադիմիր Պուտինը, եթե մի կողմ դնի կարծրատիպերն ու կաղապարված պատկերացումները պետության ու իշխանության մասին և հիշի իր երիտասարդությունը ու ոչ ստանդարտ լուծումների ունակությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Փորձեք գտնել 10 տարբերություն Ռուսաստանի ու Հայաստանի միջև՝ մի կողմ թողնելով տարածքի, ռեսուրսների մասշտաբները, արտաքին կոնֆլիկտները, կստանաք նաև այն հարցի պատասխանը, թե երբ կլինի երրորդ Հայաստանը:

Դիտվել է՝ 2518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ