Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հայաստանը Արցախի կողքին է, բայց ոչ Արցախի փոխարեն»

«Հայաստանը Արցախի կողքին է, բայց ոչ Արցախի փոխարեն»
16.06.2017 | 08:34

Մինսկի խմբի համանախագահները վերստին տարածաշրջանում էին: Նրանք հանդիպել են նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, քննարկել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Մինչ Մինսկի խումբն իր առաքելությունն է իրականացնում, Ադրբեջանը շարունակում է արհամարհել միջազգային այս կառույցի հորդորները և ամենակարևորը` անցած տարի ապրիլից հետո առաջ քաշած պահանջը` անվտանգության մեխանիզմների ներդրումը: Այսօր ոմանք կարծում են, որ հայկական դիվանագիտությունը վերջին շրջանում ավելի կոշտ է դարձել, ինչը «բարերար» ազդեցություն է ունենում հիմնախնդրի կարգավորման հարցում: Ղարաբաղյան հակամարտության այս և այլ խնդիրների շուրջ «Իրատեսը» զրուցեց ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԻ հետ:

-Ղարաբաղյան հակամարտության շուրջ ՄԽ համանախագահների վերջին հասցեական հայտարարությունից հետո հայկական կողմը մեկ քայլ էլ առաջ գնաց և արտգործնախարարի մակարդակով հայտարարեց` ժամանակն է, որ եռանախագահները ոչ միայն հասցեական հայտարարություններ անեն, այլև կոնկրետ գործողությունների դիմեն, այն է` սանձեն Ադրբեջանին: Հայկական դիվանագիտությունը կարծես հստակեցնում և կոնկրետացնում է իր քաղաքականությունը: Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ:
-Ղարաբաղյան հակամարտության գործընթացը 1988-ից մինչ օրս անցել է զարգացման տարբեր փուլեր, իսկ 1992-ից ի վեր, երբ արդեն ձևավորվել էր ԵԱՀԿ Մինսկի խումբը, առաջացել է մի իրավիճակ, երբ կարծես բոլոր հարցերի պատասխաններն ու առաջացած խնդիրների լուծումները պետք է տա հենց Մինսկի խումբը: Սա, իհարկե, ինչ-որ առումով ճիշտ մոտեցում է, բայց վերջնական լուծմանը պետք է հանգեն հակամարտող երկու կողմերը, Ադրբեջանը և Արցախը: Հայաստանը ԼՂՀ-ի (Արցախի Հանրապետության) փոխարեն չի որոշում այնպիսի հարց, ինչպիսին վերջնական կարգավորման փոխադարձ ընդունելի տարբերակն է, այլ ընդամենն օգնում է Արցախին, որ հիմնախնդրի կարգավորման ընդհանուր գործընթացում առաջընթաց ապահովվի: Եռանախագահների վերջին հայտարարությունը հասցեական է միայն այն առումով, որ արտացոլում է իրականությունը: Մեր դիվանագիտությունը պետք է ճիշտ գնահատի պահը և ամեն ինչ անի առաջնագծում միակողմանի ներդրված մշտադիտարկման մեխանիզմների միջոցով փաստացի, օբյեկտիվ իրականությունը դիվանագիտական հարաբերություններում առանցքային գործոն դարձնելու համար:
-Ադրբեջանի հռետորաբանությունը և գործողությունները վկայում են, որ այդ երկիրը հակամարտության հանգուցալուծումը միայն ռազմական ճանապարհով է տեսնում: Սա չի՞ վկայում այն մասին, որ միջազգային հանրության ջանքերն այս տարիների ընթացքում զուր են եղել:
-Չեմ կարծում, թե մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք Ադրբեջանի հռետորաբանությանը, չնայած այդ մասին համաշխարհային հանրությանն ահազանգելն անհրաժեշտություն է: Իսկ Ադրբեջանին խորհուրդ կտայի հետադարձ հայացք նետել հակամարտության ընթացքին ու տեսնել, թե քանի անգամ է նա պետականության կորստից փրկվել այդ նույն համաշխարհային հանրության ջանքերով, որի ամենացայտուն օրինակը 1994-ի զինադադարն էր, երբ Ադրբեջանն Արցախից խաղաղություն էր աղերսում: Ինչ վերաբերում է ռազմական ճանապարհով խնդրի հանգուցալուծմանը, պետք է հիասթափեցնել Ադրբեջանի ղեկավարությանը, քանզի նրանց ունեցած ակնկալիքներին ի պատասխան (կապված ժամանակի ընթացքում ուժային բալանսը հօգուտ իրենց լուծելու հետ), Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ ու միանշանակ ընդգծեց, ասելով, որ ժամանակն ընթանում է հակամարտության ոչ միայն մեկ կողմում:
-Անվտանգության մեխանիզմների ներդրման հարցն այդպես էլ «օդում» մնաց. Ադրբեջանն արհամարհում է դրանք, միջազգային հանրությունն էլ, կարծես, մեխանիզմներ չունի դրանք պարտադրելու: Եթե Ադրբեջանն այս պայմանավորվածությունն անգամ չի հարգում, հակամարտության կարգավորման լուրջ հույսեր կարո՞ղ ենք ունենալ:
-Մեզ առանձնապես չեն մտահոգում Ադրբեջանի կեցվածքը ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող միջազգային կառույցների նկատմամբ ու նրանց միջև եղած փոխհարաբերությունները: Հայկական կողմը այդ կառույցների հետ աշխատելիս կատարում է իր ստանձնած բոլոր պարտավորությունները: Անվտանգության մեխանիզմների ներդրման հարցում մենք միակողմանի գնացինք այդ խնդրի լուծմանը, և ակնկալվող դրական արդյունքը եղավ այն, որ հայկական կողմը սահմանային միջադեպերի վերաբերյալ փաստերն արդեն ի ցույց է դնում բոլորին՝ դրանով իսկ պարտադրելով հայտարարություններում լինել օբյեկտիվ:
-Երկու երկրների պաշտոնյաները կարծիքներ են հնչեցնում, որ ստատուս քվոյի փոփոխման անհրաժեշտություն կա: Համանախագահները տարածաշրջան են այցելել, Դուք տեղյա՞կ եք, թե այս հարցում ինչ զարգացումներ կան:
-Պետք է նկատի ունենալ, թե ով ինչ է հասկանում, երբ ասում եք` «երկու երկրների պաշտոնյաները կարծիքներ են հնչեցնում, որ ստատուս քվոյի փոփոխման անհրաժեշտություն կա»: Արդյո՞ք դրանք հակամարտության երկու կողմերն են՝ Ադրբեջանը և Արցախը, թե՞ այսօր բանակցությունների սեղանի շուրջ նստած Հայաստանն ու Ադրբեջանն են: Նորից պետք է նշեմ, որ Հայաստանը Արցախի կողքին է, բայց ոչ Արցախի փոխարեն (նկատենք, որ նման հայտարարություն էր արել Ադրբեջանի արտգործնախարարը, բոլորովին վերջերս էլ նման կարծիք հայտնեց Սերժ Սարգսյանը- Ռ. Խ.):
-Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում պարբերաբար բարձրաձայնվում է այն մասին, որ մինչև Ղարաբաղը չդառնա բանակցային կողմ, հնարավոր չի լինի խնդրի վերջնական լուծումը: Ըստ Ձեզ, ե՞րբ ու ի՞նչ պայմաններում պետք է Ղարաբաղը ներգրավվի բանակցային գործընթացում որպես լիարժեք կողմ:
-Երբ Արցախը կներգրավվի որպես լիարժեք կողմ, բանակցային գործընթացը կունենա ավարտուն, լիաֆորմատ և կոնստրուկտիվ տեսք: Դրական հիմքեր կստեղծվեն հարցերի ամբողջ սպեկտրի շուրջ հակամարտության երկու հիմնական կողմերի՝ Արցախի և Ադրբեջանի միջև համաձայնություն ձեռք բերելու համար: Երբ սա կգիտակցեն Ադրբեջանի իշխանությունները և կհասկանան, որ դեֆակտո գոյություն ունեցող Արցախի Հանրապետությունն արդեն փաստ է, կարծում եմ, հենց նրանք կառաջարկեն, որ Արցախը ներգրավվի բանակցությունների գործընթացում: Իսկ Արցախն այդ ընթացքում պետք է ամեն ինչ անի` իր բնակչության սոցիալական, տնտեսական, քաղաքական կայունությունն ու առաջընթացը և, որ ամենակարևորն է, անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
-Ղարաբաղը համարվում է այն թեժ կետերից մեկը, որտեղ գերտերություններից յուրաքանչյուրն իր շահերն ունի: Այսօր աշխարհում բավական բարդ իրավիճակ է, հնարավո՞ր է, որ դա հանգեցնի տարածաշրջանում լարվածության մեծացման:
-Ղարաբաղը համարել թեժ կետ, իմ խորին համոզմամբ, այնքան էլ ճիշտ չէ, եթե այն համեմատում ենք աշխարհում առկա նմանատիպ այլ հակամարտությունների հետ: Աշխարհի քաղաքական քարտեզի վրա 2008-ին որոշ սահմանափակումներով ճանաչված նոր պետականություններ կան, որոնք շարունակում են մնալ անվտանգության սպառողներ: Իր դեֆակտո գոյության հենց սկզբից Արցախի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես անվտանգության տարածաշրջանային արտադրող, որը 1991-1994-ին, ինտենսիվ ու լայնածավալ ռազմական գործողություններից հետո, կանգնեցրել էր Ադրբեջանի ագրեսիան և, հիմնվելով սեփական բանակի ու Դաշտային Ղարաբաղի տարածքների վրա, շարունակում է ապահովել անվտանգությունը տարածաշրջանում: Այնպես որ, մեր տարածաշրջանում առկա կայունության հիմնական երաշխավորը Արցախի Հանրապետության գոյությունն է, և սա պետք է հասկանան ու գիտակցեն բոլորը:
-Անդրադառնալով միջազգային զարգացումներին, Ձեր դիտարկմամբ, այսօր ի՞նչ շրջափուլում է աշխարհը, երբ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում: Ի՞նչ վտանգավոր զարգացումներ եք տեսնում, ու դրանք ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի, Ղարաբաղի վրա:
-Այս պարագայում արժե, թերևս, հիշել ու ևս մեկ անգամ կարդալ Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք, մեր սարերը» ստեղծագործությունը: Եթե մենք մեր մեջ կարողանանք լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկու պետությունների առջև, ապա, ինչպես Շիրազն է ասում`
Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:

Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ