Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Համակարգային և ոչ համակարգային ընդդիմություն. խոշորանալու պահը

Համակարգային և ոչ համակարգային  ընդդիմություն. խոշորանալու պահը
16.06.2017 | 09:15

Դեռևս մի քանի տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթներից մեկում ակնարկեց, որ իդեալական իրավիճակ և կայունության գրավական է համարում երկրում ոչ թե բազմաբևեռ, այլ երկբևեռ քաղաքական համակարգը։ Ճիշտ այնպես, ինչպես զարգացած ժողովրդավարություն ունեցող արևմտյան երկրներում։ Այսինքն՝ մի կուսակցություն իշխանություն է, մյուսը՝ ընդդիմություն, թեև արևմտյան դեմոկրատիան ենթադրում է նաև 2-3 խոշոր կուսակցություններ, որոնք շատ դեպքերում իրար փոխարինում են իշխանության ղեկին և բազմաթիվ փոքր կուսակցություններ։ Հիմնական առանցքում, սակայն, մեկ-երկու խոշոր կուսակցություններն են։ Հետագայում ՀՀ նախագահը ևս մի քանի անգամ անդրադարձել է այս խնդրին:

Ինչևէ, Սերժ Սարգսյանի երազած քաղաքական համակարգը հենց այդ երկբևեռ համակարգն է։ Եվ երբ 2015-ին հենց Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ փոփոխվում էր երկրի գլխավոր օրենքը՝ Սահմանադրությունը, նախագահը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը պատճառաբանելիս, մատնանշում էր նաև այս խնդիրը՝ քաղաքական կուսակցությունները նոր Սահմանադրության և կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում կսկսեն զարգանալ, խոշորանալ, փոքրերը, չդիմանալով օբյեկտիվ մրցակցությանը, կվերանան, և Հայաստանն աստիճանաբար կանցնի փաստացի երկբևեռ քաղաքական համակարգի, երբ իշխանության համար կպայքարեն հիմնականում երկու խոշոր ու ազդեցիկ կուսակցական ֆորմատներ, ինչը չի բացառում նաև մի քանի փոքրերի մասնակցությունը։


Վերջին խորհրդարանական ընտրությունների խնդիրներից մեկն էլ դա էր՝ մոտեցնել այդ գործընթացը։ Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն իր ելույթներում շեշտում էր, թե ճիշտ կլինի, եթե կուսակցությունները հանդես գան դաշինքներով։ Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ նախընտրական զարգացումների սկզբում խոսելով Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին՝ նշեց, որ չի ողջունում վերջինիս վերադարձը, միաժամանակ շեշտեց, որ այդուհանդերձ ողջունում է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ստեղծումը հենց միայն այն պատճառով, որ այն պարզապես դաշինք է։ Այսինքն՝ փորձ էր արվում լուծելու մանր քաղաքական կուսակցությունների չեզոքացման հարցը։ Եվ այդտեղ, իհարկե, կա ճշմարտություն, քանի որ Հայաստանի նման փոքր երկրում մոտ 80 կուսակցությունների մեծ մասն ընդամենը կնիքի սեփականատեր է և առանձնապես դերակատարում էլ չունի քաղաքական դաշտում։ Հայաստանում միշտ էլ կոնկրետ ժամանակահատվածում ընդամենը 7-8 կուսակցություն է որևէ կշիռ ունեցել, հիմա արդեն՝ է՛լ ավելի քիչ։


ՈՒ եթե նախագահ Սարգսյանն իշխանության պարագայում իրոք ստեղծեց մեկ բևեռ՝ դաշնակցությանը ըստ էության «փոքր եղբոր» կարգավիճակում մտցնելով իշխանական կոալիցիա, ապա նույն գործընթացները ոչ իշխանական կամ, պայմանականորեն ասած, ընդդիմադիր ճամբարում իրականացնելն առայժմ շատ ավելի բարդ է։ Ընդ որում, նկատենք, որ հետխորհրդային շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում, կան, այսպես կոչված, համակարգային ընդդիմություն և ոչ համակարգային ընդդիմություն։ Ընդդիմություն, որ խաղում է իշխանության գծած կանոններով և պայքարը, ըստ էության, տեսնում է սահմանադրական ճանապարհով։ Եվ ընդդիմություն, որն առնվազն որոշ չափով դուրս է իշխանական վերահսկողությունից։ Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանական վերնախավը դեմ չի լինի, որ «Ծառուկյան» դաշինքն իր հստակ դերակատարումն ունենա ընդդիմադիր դաշտում և դառնա այն 2-3 քաղաքական խոշոր միավորումներից մեկը, որոնք, իբր, պետք է լինեն օրվա իշխանությունների ընդդիմախոսը։ Ի վերջո, այն ֆինանսական տեսակետից ինքնաբավ է, որոշ չափով ինստիտուցիոնալ է և ֆորմալ առումով համապատասխանում է քաղաքական կուսակցություն կոչվելու չափորոշիչներին: Սերժ Սարգսյանի պատկերացրած ստանդարտներին, հավանաբար, համապատասխանում է նաև նորաստեղծ «Ելք» դաշինքը, որը նույնպես խոշորացման ճանապարհն է բռնել և նույնիսկ չի բացառել համագործակցության շարունակությունը, խորացումն ու մեկ կուսակցության վերածվելը։ Այս երկու ուժերն այսօրվա դրությամբ ակնհայտորեն համակարգային ընդդիմություն են, հստակ շարժվում են գծած խաղի կանոններով, որոշակի արդյունքներ են արձանագրում, պետական համակարգում՝ խորհրդարանում, Երևանի ավագանիում իրենց տեղերն են գրավում։ Այսինքն՝ վերջիններս փորձում են նշված հարթակներն օգտագործել իրենց ռեսուրսները մեծացնելու համար՝ ձգտելով զբաղեցնել ընդդիմադիր բևեռը։ Իշխանությունն էլ առանձնապես դեմ չէ նրանց ակտիվությանը, քաղաքական դիվիդենդներ հավաքելուն, նրանց հարթակներ ու լրատվական էջեր տրամադրելուն։


Սրան զուգահեռ, սակայն, ԱԺ ընտրություններից հետո Հայաստանում կա ընդդիմության մի տեսակ, որը փաստացի մնացել է լուսանցքից դուրս և բառի բուն իմաստով՝ փողոցում։ Մի մասն այս վիճակում հայտնվել է իր հոժար կամքով։ Ոչ համակարգային այդ ընդդիմությունը ներկայանում է Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած խմբով, նրա ազդեցության ներքո գտնվող ուժերով, ներառյալ ռազմական թևը՝ հայտնի «Սասնա ծռերը»։ Այս թևի հիմնական դերակատարները հիմնականում բանտերում են։ Սա այն թևն է, որը, ըստ էության, չի ընդունում իշխանության առաջարկած խաղի կանոնները, քաղաքական պայքարի, ընտրությունների մեխանիզմը` համարելով անարդյունավետ ու անհեռանկարային։ Եվ հայտարարելով, որ Հայաստանում անհնար է սահմանադրական ճանապարհով, ընտրությունների մեխանիզմով հասնել իշխանափոխության, ըստ էության, ասում են, թե իրական արդյունքի հասնելու համար պետք է գործի դնել, պայմանականորեն ասած, հեղափոխական սցենարներ։ Իշխանությունը վերջիններիս նկատմամբ, բնականաբար, կոշտ քաղաքականություն է իրականացնում, և հիմնականում ամեն ինչ ավարտվում է այս կամ այն փուլում ձերբակալություններով, դատավարություններով և լոկալ բնույթի զանգվածային ընդվզումներով։
Ոչ համակարգային ընդդիմության մեջ կարելի է, թերևս, ներառել նաև «Նոր ժամանակներ» կուսակցությունը։ Վերջինիս նախագահ Արամ Կարապետյանը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս հայտարարություններով, որ Հայաստանում ընտրություններով ոչինչ փոխել հնարավոր չէ, խոսվում է նաև հեղափոխական հեռանկարների մասին, սակայն գործը նրա դեպքում առայժմ քաղաքական վերլուծության մակարդակում է միայն։ Անշուշտ, կան նույն հայացքները կիսող այլ քաղաքական մանր ուժեր և անհատներ, բայց դրանց ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա ընդհանրապես մոտ է զրոյականի:


Միևնույն ժամանակ, Հայաստանում այսօր կան նաև որոշ քաղաքական ուժեր, որոնց ոչ համակարգային ընդդիմություն անվանելը չափազանց դժվար է, քանի որ նրանք ուղղակի տապալել են ընտրական գործընթացները։ Սրանք գրեթե երկու տասնամյակ քաղաքական դաշտում են և, ամենայն հավանականությամբ, այս ձևաչափով, ներկա կազմով, առկա լիդերներով արդեն պարզապես ժամկետանց են։ Ըստ էության, նրանք լոկ ընտրության առջև են և ներքին բարեփոխումների կարիք ունեն՝ առաջնորդների, մոտեցումների փոփոխություն, նոր ռեսուրսների որոնում։ Իսկ ամենակարևորը՝ ուզեն թե չուզեն, նրանք նույնպես պետք է գնան նույն ճանապարհով, ինչ առաջարկում էր Սերժ Սարգսյանը՝ խոշորացման։ Ինքնուրույն պետք է փորձեն խոշորանալ, ինչի հեռանկարներն այսօր չեն երևում, քանի որ, նախ՝ քաղաքական կուսակցությունների վարկանիշը Հայաստանում բավականին ցածր է, երկրորդ՝ ինչպես ցույց տվեցին վերջին ընտրական զարգացումները, այսօրվա պատեհապաշտ հասարակությունում շատերը չեն, որ կանդամագրվեն իշխանություն դառնալու հնարավորությունից զուրկ նոր կուսակցությանը։ Այս պայմաններում մնում է մի ճանապարհ. այդ քաղաքական ուժերը, որոնք նպատակների առումով համահունչ ու մոտ են միմյանց, այլ ելք չեն ունենա, քան փաստացի միավորումը։ Այս խնդիրն է, որ պետք է փորձեն լուծել քաղաքական ուժերը մինչև առաջիկա ընտրություններ։


Ի դեպ, վերջին շրջանում որոշ քաղաքական ուժեր, որոնք անհաջողության էին մատնվել խորհրդարանական ընտրություններում, անընդհատ նշում էին, որ չի բացառվում ֆորս մաժորը, սակայն ֆորս մաժորը մի քիչ լայն հասկացություն է, ոչ ոք չգիտի, թե ինչ է դա նշանակում՝ աշխարհաքաղաքական կոլա՞պս է, տարերային աղե՞տ է, Արցախյան հարցի լուծման հետ կապված խնդիրնե՞ր են, թե՞ որևէ այլ բան։ Տվյալ դեպքում ֆորս մաժորին ապավինելը նրանց կողմից ավելի շատ է նմանվում ինքնախաբեության:
Որոշ ընդմիջումից և, ինչպես մամուլն է պնդում, մոսկվաներում «ընդհատակ» անցնելուց հետո կրկին ակտիվացավ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը, հարցազրույց տալով, նույնիսկ հայտարարեց, թե ընտրությունները փաստացի կեղծված են եղել, և նորից չբացառեց այդ նույն ֆորս մաժորները, քանի որ ժողովրդի դժգոհության բաժակը լցվում է։ Սակայն Սեյրան Օհանյանի պարագայում խնդիրն այն է, որ նա այս պահի դրությամբ չունի իր կուսակցությունն ու քաղաքական հենարանը։ Ըստ էության նա Վարդան Օսկանյանի գլխավորած ուժի հենքի վրա դաշինքում կատարում է հրավիրված «աստղի» դեր։ Եթե Սեյրան Օհանյանը իրոք մտադրություն ունի մնալու քաղաքական դաշտում, առավել ևս, իրեն ասոցացնում է ընդդիմադիր դաշտի հետ, ապա ստիպված է լինելու կա՛մ նորից ֆորմալ առումով շարունակել գլխավորել ուրիշ քաղաքական ուժեր, կա՛մ փորձել միավորել մի քանի ուժեր, կա՛մ ստեղծել սեփականը և դարձյալ միանալ այլ կուսակցությունների հետ՝ խոշոր ինստիտուցիոնալ կառույց ձևավորելու համար։


Վերջերս խոշորացումների մասին խոսեց նաև հերթական անգամ ԱՄՆ-ից վերադարձած Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա ուղղակիորեն նշեց, որ առավել արդյունավետ ճանապարհը քաղաքական ուժերի միավորումն է, թեև ակնարկեց, որ խնդիրներ լինելու են, մասնավորապես, ինչպես միշտ բարձրանալու է ամբիցիաների հարցը՝ ում շուրջ միավորվել։ Այսինքն՝ ընդդիմության համակարգային և փողոցում հայտնված հատվածում թեև որոշակի պատկերացում չկա, թե ով ինչով ու ինչպես պետք է զբաղվի, սակայն օդում կա խոշորացման գաղափարը։ Ի դեպ, դժվար է ասել, թե այդ նույն գաղափարը որտեղից է ծնվել. գուցե նույն Բաղրամյան 26-ից է պայման դրվել, որ եթե ցանկանում են ռեալ քաղաքականությամբ զբաղվել և ինչ-որ բանի հասնել, ապա պետք է միավորվել։


Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ այս պահին ընդդիմադիր դաշտում բավականին խայտաբղետ վիճակ է։ Ոչ համակարգային ընդդիմությունը կա՛մ ձերբակալված է, կա՛մ փոքր խմբակներով է հանդես գալիս, հանրային հենարան էլ առանձնապես չունի։ Ի դեպ, «Սասնա ծռերի» անդամների դատավարությունն էլ լարվածության այն կետն է, որի շուրջը, ըստ գաղափարի, կարող էր համախմբում առաջանալ, սակայն, ինչպես ցույց տվեց դատավարության առաջին օրը, մեծածավալ զանգված, այնուհանդերձ, չհավաքվեց։ Այսինքն, բողոքական ընտրազանգվածն այսօր անկազմակերպ է և չի համախմբվում նույնիսկ ամենաարմատական ընդդիմադիր շարժման շուրջը։ Գոնե առայժմ այդպես է։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2514

Մեկնաբանություններ