Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պուտինի հեռախոսազանգից հետո Իրանը նախազգուշացրել է թուրքերին

Պուտինի հեռախոսազանգից հետո Իրանը  նախազգուշացրել է թուրքերին
16.06.2017 | 09:43

Հունիսի սկզբի մի ամբողջ շարք իրադարձություններ մեզ ստիպում են վերադառնալ 2017 թ. մայիսի 27-ի օրվան, երբ իրանական և ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա իրանցի պաշտոնակից Հասան Ռոհանիի միջև: Խոսքը Կատարի էմիրության շուրջ արաբական իսրայելամետ միապետությունների ստեղծած լարվածության մասին է, որից հետո Կատարին շտապեցին պաշտպանել և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը:

Խոսքը հունիսի 6-ին Սիրիայում շիական աշխարհազորին ու իրանական ռազմական խորհրդականներին ամերիկացիների հասցրած երրորդ հարվածի մասին է: Խոսքը, վերջապես, հունիսի 7-ին Թեհրանում տեղի ունեցած երկու ահաբեկչական ակտերի մասին է, որոնք 17 մարդու զոհվելու և տասնյակ մարդկանց վիրավորվելու պատճառ դարձան: ՈՒ թեև հետաքննությունը դեռ չի ավարտվել, քանի որ ահաբեկիչների երրորդ խմբին իրանցիները ձերբակալել են, Իրանի ԻՀՊԿ-ի (իսկ դա նշանակում է՝ բարձրագույն իշխանության) հայտարարությունը հստակորեն մատնանշում է, որ Թեհրանը հիմքեր ունի ահաբեկչական ակտերի իրականացման մեջ մեղադրելու ԱՄՆ-ի, Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայություններին: Եվ այն, որ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հունիսի 10-ին լրատվամիջոցների հետ բրիֆինգում հայտարարեց, թե «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ ԱՄՆ-ի գլխավորած «Կոալիցիայի» պայքարում իրենք արդյունք չեն տեսնում, ինչը պետք է ընկալվի որպես հունիսի 7-ին Թեհրանում մյուս ահաբեկչական ակտերի հարցի առնչությամբ Իրանի տեսակետի լիակատար պաշտպանություն Ռուսաստանի կողմից: Եվս մեկ մեջբերում Ռուդսկոյից. «Որպես նպատակ հռչակելով միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, «Կոալիցիան» հարվածներ է հասցնում սիրիական զորքերին, ԻՊ-ի զինյալներին անարգել բաց է թողնում շրջապատված շրջաններից, ուժեղացնելով Պալմիրայի և Դեյր-էզ-Զորի շրջանների ահաբեկչական խմբավորումները»:


Այսպիսով, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբը հավաստել է, որ ԱՄՆ-ի գլխավորած «միջազգային կոալիցիան» իր գործողություններով նպաստել է Պալմիրայի և Դեյր-էզ-Զորի մերձակա ԻՊ ահաբեկչական կազմակերպությունների ամրապնդմանը: Ավելին, ՌԴ գլխավոր շտաբի հայտարարությունը հիմք է տալիս պնդելու, որ ԱՄՆ-ի «միջազգային կոալիցիան» պարզապես դավադիր համաձայնության մեջ է ԻՊ-ի ահաբեկիչների հետ: Եվ պատահական չէ, որ քրդերի Ռաքքա կատարած ճեղքման նախօրեին միջազգային բոլոր լրատվամիջոցները հաղորդեցին... քաղաքից հենց ամերիկյան ուղղաթիռներով ԻՊ-ի ահաբեկիչների տեղափոխման մասին: Եվ հասկանալի է, թե ուր՝ Թուրքիա և Հորդանան: Իսկ արդեն հունիսի 12-ին հաղորդեցին, որ Իրանի հատուկ ծառայությունները հետապնդել ու ոչնչացրել են մի քանի զինյալների, որոնք, ենթադրաբար, մասնակից են եղել Թեհրանում կատարված ահաբեկչական ակտերին: Այս մասին հաղորդել են Իսլամական Հանրապետության ուժային գերատեսչությունների աղբյուրները՝ Թեհրանից հաղորդել է «Franse-Presse» գործակալությունը: Իրանի իրավապահ մարմինների տվյալներով, երկրի հարավային Խորմոզգանի նահանգում նախօրեին վերացվել է չորս հոգուց բաղկացած մի զինյալ խումբ. «Երկուսը օտարերկրացիներ են եղել, մյուս երկուսի անձը պարզվում է»,- հաղորդել է իրանական ոստիկանության ղեկավար Ազիզոլլա Մալեքին, հավելելով, որ գրոհի ընթացքում առգրավվել է զենք-զինամթերք, հայտնաբերվել է ԻՊ-ի դրոշ:


Ես պնդում եմ, որ տարածաշրջանում նման «հանկարծակի» հակաիրանական և հակաշիական կատաղության արմատները գալիս են հենց մայիսի 27-ից: Կարծես ոչ մի անբնական բան չկա, առավել ևս, որ իրանական աղբյուրներն էլ են բազմիցս ընդգծել, որ հենց Պուտինն է աշխարհում ամենաառաջինը Ռոհանիին շնորհավորել նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ: Ասենք, Անդրկովկասի ու Մերձավոր Արևելքի հարցում Ռուսաստանի և Իրանի սերտ համագործակցությունն էլ վաղուց գաղտնիք չէ, հատկապես 2014-15 թվականներից հետո, երբ երկու տերությունների նախաձեռնությամբ Բաղդադում ստեղծվեց միջազգային ահաբեկչության ու դրա հովանավորների դեմ պայքարի քառակողմ ռազմատեղեկատվական կենտրոն: Բայց միևնույն է, հետաքրքիր դարձավ, առավել ևս, որ հաջողվեց ճշտել, որ հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ: Տարբեր աղբյուրներ վկայում են, որ զանգի համար Պուտինը ծանրակշիռ պատճառներ է ունեցել: Բանն այն է, որ Մոսկվայից հյուսիս գտնվող Զավիդովո գյուղում մայիսի 24-ի երեկոյան տեղի է ունեցել Սիրիայի դաշնակից հակաահաբեկչական կոալիցիայի անդամ պետությունների ազգային անվտանգության մարմինների առաջին պաշտոնական նիստը: Իրանի, Ռուսաստանի, Իրաքի և Սիրիայի անվտանգության ծառայությունների աշխատակիցների հանդիպման ընթացքում կարծիք արտահայտվեց, որ վերջերս Էր-Ռիադում (ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այցի ժամանակ- խմբ.) արված սթրեսային և ոչ կառուցողական հայտարարությունները հիմք են ստեղծել տարածաշրջանային անկայունության ու լարվածության համար՝ հաղորդում է «Mehr News»-ը: Անվտանգության հարցերի համար պատասխանատու պաշտոնատար անձանց միջպետական խորհրդակցությանը, որը գումարվել էր Իրանի նախաձեռնությամբ, մասնակցում էին ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) ղեկավար, ծովակալ Ալի Շամխանին, ինչպես նաև ազգային անվտանգության գծով խորհրդատուներ. Իրաքի կողմից՝ Ֆալեհ ալ Ֆայադը, Սիրիայի կողմից՝ Ալի Մամլյուկը (ի դեպ՝ սիրիական հակահետախուզության ղեկավարը-խմբ.): Հանդիպման ժամանակ չորս երկրների անվտանգության ոլորտի ավագ պաշտոնատար անձինք ներկայացրին իրենց պլանները՝ շարունակելու համատեղ ջանքերը, մինչև տարածաշրջանում ահաբեկչության լիակատար վերացումը, և ընդգծեցին կոալիցիայի կառուցողական դերը ահաբեկչության հետևանք հանդիսացող ճգնաժամի կառավարման գործում:


Հանդիպման ժամանակ բարձրացված թեմաներից մեկն էլ համատեղ սահմաններում Սիրիայի և Իրաքի ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունն էր, նպատակ ունենալով հասնելու այն բանին, որ ջախջախված ահաբեկիչներն այլևս չկարողանան ոտքի կանգնել: Անվտանգության հարցերի ներկայացուցիչները գնահատական տվեցին Էր-Ռիադում սաուդցիների և ԱՄՆ-ի արած ոչ կառուցողական հայտարարություններին՝ որպես տարածաշրջանի անկայունության աղբյուրի, և ընդգծեցին, որ արևմտյան երկրների հակաահաբեկչական կոալիցիան պարզապես արհեստածին քարոզչություն է: Աստանայի գագաթնաժողովի նախաձեռնությունների (հատկապես այն, որոնք վերաբերում են զինադադարի պահպանմանն ու ապա էսկալացման չորս գոտիների ստեղծմանը) կատարման ուղղությամբ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի սերտ համագործակցության շարունակումը խորհրդակցությունում քննարկված ու համաձայնեցված մյուս հարցն էր: Իրանի ԱԱԲԽ-ի ղեկավար Ալի Շամխանին, իր հերթին, շնորհակալություն հայտնեց Ռուսաստանին՝ խորհրդակցության համակարգման և անցկացման համար, ինչպես նաև հայտարարեց, որ իրաքյան Էլ-Ֆալլուջայի, Մոսուլի, սիրիական Հալեպի ու մյուս օկուպացված շրջանների ազատագրումը վերջ դնի տակֆիրիզմի (սալաիզմ-վահաբիզմ-խմբ.) գաղափարախոսության վրա հիմնված ահաբեկչությանը, ուստի և տակֆիրիստ ահաբեկիչների դեմ մղվող պայքարը պետք է շարունակվի ահաբեկչության գաղափարախոսական արմատներն ու պաշտպանական գործոններն ի հայտ բերելու և ոչնչացնելու միջոցով: Հանդիպման վերջում որոշում ընդունվեց այն մասին, որ չորս երկրները պարբերաբար բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացնեն, նպատակ ունենալով հասնելու ահաբեկչության դեմ ավելի արդյունավետ պայքարի համար գործողությունների սերտ համակարգմանը:
Նշված միջոցառումների շրջանակներում նաև ուղղակի բանակցություններ տեղի ունեցան Պատրուշևի ու Շամխանիի միջև: Ինչպես հաղորդել է «Mehr News»-ը, նրանք կոչ են արել կատարել երկու կողմերի միջև անվտանգության հարցերին նվիրված համապարփակ համաձայնագրերը: Այսպիսով, վերջապես ընդունվում է, որ Թեհրանի ու Մոսկվայի միջև կա և գործում է անվտանգության հարցերին նվիրված համապարփակ համաձայնագրերի փաթեթ: Այսինքն, այն նույն փաթեթը, որ նույնիսկ անձամբ ինձ հետ վիճարկում էին Հայաստանում շատերը, այդ թվում նաև գործող իշխանությունների որոշ ներկայացուցիչներ, նույնիսկ Հայաստանի նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ..
Դե ինչ, տիկնայք ու պարոնայք անհավատներ կամ, որ ավելի վատ է Հայաստանի համար, «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ամենազորությանը» հավատացողներ, դե, վիճարկեք իրանական աղբյուրների հաղորդագրությունները, որոնք չեն հերքվում Ռուսաստանի և ոչ մի մակարդակում:


Սակայն վերադառնանք Պատրուշևի ու Շամխանիի բանակցություններին, որոնք, բնականաբար, Ռուսաստանի նախագահին Պատրուշևի զեկույցից հետո էլ հենց դարձան Պուտինի՝ Թեհրան կատարած հեռախոսազանգի և Ռոհանիի հետ զրույցի պատճառ: Ոչինչ պետք չէ հնարել և վերագրել ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Իրանին, որովհետև կան միանգամայն զուսպ, սակայն բովանդակալից լրագրային հաղորդագրություններ. Շամխանին արտահայտվել է սիրիական ճգնաժամի կարգավորման և որոշ երկրների կողմից ապօրինի ռազմական միջամտության կործանարար հետևանքներից զերծ մնալու համար ռազմական, ինչպես նաև անվտանգության ոլորտում ներկայացվող նոր պահանջների մասին, այն երկրների, որոնց գործունեությունը հանգեցնում է ավելի ծանր պայմանների և զորեղացնում ավելի վաղ պարտություն կրած ահաբեկիչներին: «Հակաահաբեկչական կոալիցիայի մշտական ռազմական և քաղաքական հաջողությունները, որոնք հանգեցրին Սիրիայում կայուն զինադադարի հաստատմանն ու բռնության և արյունահեղության սահմանափակմանը, իրենց հնարավորությունների պահպանման համար տակֆիրիստ ահաբեկիչների աջակիցների կազմակերպված ջանքերի աճի հիմնական պատճառն էին»,- նշել է Շամխանին: Այն փաստը, որ ոչ ոք չէր ողջունում Իրանի ու Սիրիայի առաջարկությունը՝ անցկացնելու Խան-Շեյխունի վրա ենթադրական «քիմիական հարձակման» անկախ ու անկողմնակալ հետաքննություն, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը արդարացումներ է որոնում Սիրիա կատարած ապօրինի ռազմական ներխուժման համար՝ հայտարարել է Իրանի ԱԱԲԽ-ի ղեկավարը:


Իր հերթին, Պատրուշևը շնորհավորել է Հասան Ռոհանիին Իրանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ և ընդունել հրավերը՝ մասնակցելու անվտանգության հարցերի բարձրաստիճան ներկայացուցիչների 8-րդ միջազգային հանդիպմանը, որովհետև նման հանդիպումները բռնության և զինված հակամարտությունների լավ այլընտրանք են: Նա գոհունակություն է հայտնել տարբեր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների զարգացման առնչությամբ, Իրանի և Ռուսաստանի սերտ ու արդյունավետ համագործակցությունը ահաբեկչության դեմ մղվող պայքարում գնահատել է որպես շատ հաջողված, Սիրիայում լարվածության թուլացման և կայունության վերականգնման երաշխիք: Ավելի ուշ Ռուսաստանը ներկայացրեց զեկույց Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ռազմական փորձագետների բանակցությունների ընթացքի մասին, որոնք նվիրված են ապաէսկալացման չորս գոտիների ստեղծման համար Աստանայում կնքված բարձր մակարդակի համաձայնագրի իրականացմանը:


Հիմա նույնիսկ գերհասկանալի է, թե Պատրուշևը ինչ է զեկուցել Ռուսաստանի նախագահին, և ինչ է Պուտինը քննարկել Ռոհանիի հետ: Բայց նախ հեռախոսային խոսակցության բովանդակության վերաբերյալ ռուսական և իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների մասին: Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը Ռոհանիին մեկ անգամ ևս շնորհավորել է պետության ղեկավարի պոստում վերընտրվելու առթիվ և հաջողություններ է մաղթել նրա գործունեության ասպարեզում՝ հաղորդել է IRNA գործակալությունը: (Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական վարչության ղեկավարի տեղակալ Համիդ Աբու Թալեբին Twitter-ում գրել է, որ ՌԴ նախագահն ընդգծել է միջուկային գործարքի գծով պարտավորություններին նվիրվածության անհրաժեշտությունը, որը հայտնի է նաև որպես գործողությունների համատեղ համապարփակ պլան (ԳՀՀՊ), ինչպես նաև քաղաքական ու տնտեսական գործակցության զարգացման կարևորությունը): Նրանք նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցեր: «Մեծ ուշադրություն է նվիրվել առևտրատնտեսական համագործակցության, այդ թվում` նավթի-գազի ոլորտում և խաղաղ ատոմի ասպարեզում խոշոր համատեղ նախագծերի իրականացման հարցերին»՝ հղում է արվել Կրեմլի մամուլի ծառայությանը: Հեռախոսազրույցի ընթացքում Ռոհանին ասել է, որ Իրանը ողջունում է հարևան երկրների հետ կապերի ընդլայնումը, ներառյալ Ռուսաստանը: Ընդգծելով միջուկային գործարքի իրականացման գծով իր պարտավորություններին Իրանի նվիրվածությունը՝ Ռոհանին ասել է, որ Թեհրանը պատրաստ է կատարելու Ռուսաստանի հետ կնքված իր միջուկային համաձայնագրերը: Մատնանշելով «Հյուսիս-Հարավ» նախագիծն ու համատեղ գործողությունները՝ Ռոհանին հավելել է, որ պետք է ընդլայնի երկկողմ համագործակցությունը ազգային շահերի և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ:

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ