Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նավաբեկյալ եպիսկոպոսի չարչարանքները-2

Նավաբեկյալ եպիսկոպոսի չարչարանքները-2
16.06.2017 | 11:30

(սկիզբը՝ այստեղ)

Եվ այսպես, գիշերային խավարի մեջ, որ պատռվում էր միայն կայծակի պարպումներով, հրաշքով ափ են դուրս գալիս «անճարները»` հինգ հայ, մյուսները մահմեդականներ ու «ֆռանկներ», այսինքն, տվյալ դեպքում` պորտուգալացիներ: Ովքե՞ր էին այդ հինգը. ինքը` Հովհաննես եպիսկոպոսը, տեր Հովսեփ քահանան, հանգուցյալ Գրիգոր Խոջամինասյանի երկու դեռատի դուստրերը և նրանց պատանի սպասավորը: Այդ ազգանունը պատահաբար չէ, որ նման ձևով եմ գրում: Նորջուղայեցի Խոջա Մինասի բազմանդամ գերդաստանի շառավիղներին կարելի էր հանդիպել թե ասիական և թե եվրոպական մի շարք երկրներում: Խոջաները շատ էին, բայց Մինասենց պարագայում այդ պատվանունը, որ նշանակում է` մեծահարուստ, տանուտեր, «ձուլվեց» ազգանվանը և սկսեց միասին գրվել (դիցուք, թիֆլիսցի Թարխան Աղամալի Խոջամինասյանը (1825-1909) ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ էր, իշխան, իսկ նրա հայրը իշխանի տիտղոսը Իրակլի II թագավորից ստացել էր 1775-ին): Բենգալիայի Խոջամինասյաններն էին, որ 1748 թ. վարձել էին ֆրանսիական «Սանտա Կատարինա» նավը, որպեսզի Հնդկաստանից Նոր Ջուղա ուղարկեն շուրջ 5000 անձնական ու գործնական նամակներ, սակայն անգլիացիները բռնագրավեցին այդ նավը և նրա ողջ պարունակությունը:
Ո՞Ւր էր դուրս եկել խեղճ նավաբեկյալների այս խումբը: Լույսը բացվելուն պես նրանք տեսնում են, որ «մի կողմն ծովն էր և միւս կողմն հանդէպ ծովուն էր սաստիկ խիտ անտառս ծառոց և ջմջմայ ջուր»: Այդ «խիտ անտառս ծառոց և ջմջմայ ջուր» ասածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ջունգլի, որը հետո մեր եպիսկոպոսն անվանում է «ճանկալ»:


Հարկ է նշել, որ նրանք ոչ միայն անզեն էին, այլև չունեին լուցկի, կրակահան, կրակ ստանալու որևէ միջոց, և այս պայմաններում պետք էր գոյատևել, մաքառել հանուն կյանքի:
Երկու օր անց ծովն ափ է նետում նավի բեկորներ, որոնց մեջ, ո՜վ հրաշք, լինում է մեռոնի զմռսված ամանը: Եպիսկոպոսի ուրախությանը չափուսահման չկար. «Բայց զկնի 2 աւուրց վարդավառի երեքշաբթի շաբաթապասին, ի յառաւօտու ծագիլն արեգական, մինչ գնացաք յեզր ծովուն, յայնժամ անճառահրաշ սքանչելեօքն Աստուծոյ յանկարծակի գտաք զսրբալոյս մեռօնն ամբողջ իւր ամանովն և մուշամպովն կապեալ և զմռով կնքեալ այնպէս որ էր անարատ յառաջագոյնն` նոյնպէս գտաք, և յայն ժամու եղեալ ցնծութիւնն մեր ոչ կարեմ գրով պատմել, քանզի նոյն սանդուխտի մէջն 100 գիրք մօտ կայր, թող զայլ ամենայն ինչսն, ամենևին մէկ զատ դուրս ոչ եկն, բայց միայն սրբալոյս մեռոնն գտաք, և առեալ զնա մեծաւ ցնծութեամբ և բազմաւ ուրախութեամբ գնացաք»: Այո, սրբալույս մեռոնի հայտնվելը բարի նշան էր, մնում էր փրկվել:


Խեղճերը շրջում են ծովեզերքի մոտակա ջունգլիներում` որևէ ապաստան կամ շինություն գտնելու հույսով, բայց մարդկային գոյության որևէ հետք չգտնելով` հասկանում են, որ ծովեզերքում մնալն անիմաստ է, հավասարազոր կործանման: Այդ իսկ պատճառով որոշում են խորանալ ջունգլիների մեջ: Գնում են երկու օր, անցնում մի փոքր գետ և հասնում անդնդախոր գետի: Այստեղ սպասում են ինը օր, այն հույսով, որ գետի մակարդակը կիջնի, և կկարողանան անցնել:
Եվ ահա կեսգիշերին «յանկարծ եկին ի մէջ մեր երկու կատաղի առիւծ գազանք` 4 մարդ յափշտակեալ տարան պատռեցին»: Հեղինակն այստեղ մի փոքր անճշտություն է թույլ տվել, բանն այն է, որ Բենգալիայում առյուծ չկար, իսկ չորս մարդու հափշտակած գիշատիչները վագրեր էին, հռչակավոր բենգալյան վագրեր: Հովհաննես եպիսկոպոսի գրվածքը, հիշեցնեմ, ունի զուտ տեղեկատվական բնույթ և գրեթե զուրկ է հուզական-զգացմունքային տարրից, սակայն դժվար չէ պատկերացնել կեսգիշերին վագրերի մռնչային հարձակումը, զոհերի ճիչն ու աղաղակը և ողջերին, հատկապես` օրիորդներին, պատած սարսափը:


Որոշում են այդ գազանաբնակ վայրից անմիջապես հեռանալ ու քանի որ ճրագ, կրակ չունեին` գիշերվա խավարի մեջ միմյանց չկորցնելու համար իրար ձեռք են բռնում ու հետ դառնում: Բայց մարդորսի համն առած վագրերը շարունակում են հետապնդել. «Այս գազանական պատուհասէն իբր զերծեալ միամիտ կայաք, և ի մէջ գիշերի դեռևս արթուն էաք, յանկարծ կրկին եկն գաղտագողի նոյն կատաղի չիք առիւծ գազանն` մի մարդ ևս յափշտակեալ տարաւ, և նստաք դողալով մինչև ցառաւօտ, իսկ ի լուսանալ առաւօտուն, գնացաք նոյն տեղն որ սրբալոյս մեռոնն գտեալ էաք»:
Լույսը բացվելուն պես պարզվում է, որ գիշատիչները խժռել էին երեք մահմեդականի ու երկու պորտուգալացու:


Վերադառնալով ծովեզր, ջունգլիից մեկ ժամ հեռավորության վրա տեսնում են առանձին կեցած 10 ծառ, և վագրերից փրկվելու համար, հասկանալով, որ վագրերը գիշերն են հարձակվում, մթնելուն պես բարձրանում են այդ ծառերի վրա, իսկ լուսանալուն պես` իջնում. «Ի տեղւոջն յայնմիկ մերձ ծովուն` 10 ծառ կայր առանձնակի. երեկոյին շուտ ելանեաք ի վերայ ծառոցն, մնացաք բոլոր գիշերն մինչև ծագիլ արևուն և ապա իջանեաք ի ծառոցն, որ կայր հեռի միով ժամաւ ի ճանկալէն, նաևս ի գազանաբնակ տեղւոջէն ևս հեռի էր միոյ աւուր ճանապարհաւ, վասն զի գազանն այն դարան մտեալ` ի գիշերի գաղտագողի գայր և յափշտակէր զմեզ, սակս որոյ ի վերայ ծառոցն անվնաս էաք ի գազանաց»: Եվ այս վիճակում խեղճերն անցկացնում են 15 օր…


Ընդհանուր առմամբ նավաբեկյալների չարչարանքները տևում են 40 օր, և բնական հարցեր են ծագում` իսկ ինչպիսի՞ն էր նրանց վիճակը և ինչո՞վ էին սնվում: Սրբազանը գրում է. «Եւ ի մէջ սոյն 40 աւուրս, որ կացաք ի ճանկալն մեր ուտելիքն այս էր. երբեմն խաչափառ (խեցգետին- Խ. Դ.) և այլ ժժմունք (ճիճու, որդ - Խ. Դ.) դժուարաւ գտեալ ուտէաք, երբեմն սակաւ մեռեալ ճէյրան (նոր սատկած եղնիկ - Խ. Դ.) գտանէաք և հում ուտէաք, և երբեն փշոց պտուղք և խօտ ուտէաք, և այսպիսի դառնութեամբ անցուցաք զկեանս մեր մինչ ի 40 օր: Եւ երկու ամիս հաց ոչ եմք կերեալ, և գլուխն մեր առանց սափրելոյ էր, և ամենայն հանդերձք փտեցան ի յառատահոս հեղմանէ անձրևաց»: Մենք ֆիլմերի ու գրքերի շնորհիվ կարող ենք զուգահեռներ անցկացնել ռոբինզոնների և այս ցնցոտիավոր ուրվականների միջև:
Հովհաննես եպիսկոպոսը հանգում է բարոյախոսության, քահանային ասելով. «Իսկ յաւուր միում մինչ դառն ողորմելի նստեալ էաք, ես ասացի տէր Յովսէփին թէ, տես, եղբայր, զի կերպարանքն մեր այլանդակեալ է ի մարդկային տեսութենէ և դարձեալ եմք իբրև զվայրենի կենդանի և վերջին թշուառութեամբ մերձ եմք ի դուռն մահու, մեք մինչ էաք ի մէջ սրբոյ Աթոռոյն` այն օրհնեալ տրտնջալով ուտէաք և բամբասէաք թէ` ջլպուրի (ջրիկ ճաշ-Խ. Դ.) մէջն ծուխ է մտած և կամ միսն սակաւ է և նիհար, ահա իրաւի արժանապէս նոյն պատիժն է զոր կրեմք արդար իրաւամբն Աստուծոյ. զայս ասելով լացաք աղիողորմ արտասուօք»:


Քառասուն օր անց` 1762 թ. օգոստոսի 16-ին, վրա է հասնում անսպասելի փրկությունը: «Եվ արդ, ի լրանալ 40 աւուր, որ էր հայոց ՌՄԺԱ թիւն, և յօգոստոսի 16 վերափոխման ամէնօրհնեալ սուրբ Աստուածածնին շաբաթապասի ուրբաթի օրն, Պաղրգանջ կոչեցեալ գիւղաքաղաք կայր` երկու աւուր ճանապարհ հեռի էր ի ծովէն. յայս յիշեալ գիւղաքաղաքն ինկլիզ պալիոզ կայր նստեալ 200 զօրականօք և այլ մարդկամբք, և քսան ղայեղով եկն գետի ջրովն ի ծովեզրն թոփով և թուֆանքով սակս մեր խորտակած նաւի դուրս եկած զատքն և կամ բեռինքն ժողովելոյ. յայնժամ տեսեալ զմեզ գթացաւ և խնամելով տարաւ զմեզ ի նաւակն իւր և բազմեցոյց ընդ ինքեան և կերակրեաց զմեզ հացիւ և այլ ուտելեօք, նաև հանդերձ ևս ետ մեզ և 6 օր պահեաց զմեզ ընդ իւր և ապա առաքեաց զմեզ խնամով ի Պաղրգանջ կոչեցեալ քաղաքն ի յօթևանն իւր ուստի ինքն եկեալ էր և անդ ևս զմեզ խնամօք ութ օր պահեցին, և մեր ազգէն ոչ կայր անդ, բայց յառաջագոյն մինչ եգիտ զմեզ այս օրհնեալ ինկլիզն, նոյն օրն ղասիտով գիր առաքեաց ի Կալկաթայ և ի Դաքայ քաղաքսն, մեր հայոց ազգին իմացումն էր տուեալ վասն զմեզ գտանելոյն»:


Ըստ երևույթին, նավի փրկված ուղևորներից ոմանց, այնուամենայնիվ, հաջողվել էր հասնել ծովեզերքից երկու օրվա հեռավորության վրա գտնվող, ըստ հեղինակի` Պաղրգանջ կոչվող գյուղաքաղաք և հայտնել նավի խորտակման մասին: Այս բնակավայրում «ինգլիզ պալիոզ կայր նստեալ 200 զորականօք և այլ մարդկամբք»: «Պայլ» կամ «պալիոզ» նշանակում է հյուպատոս, բայց տվյալ պարագայում անգլիացին` «օրհնեալ ինկլիզն», անշուշտ, բրիտանական «Արևելահնդկական ընկերության» տեղական ներկայացուցիչ էր: Սա, տեղեկանալով նավաբեկության մասին, գալիս է ծովեզերք` ափ դուրս եկած բեռները և պետքական ինչքերը ժողովելու, ինչը համապատասխանում էր ժամանակի ծովային օրենքին, այն է` ափ ելածը պատկանում էր հավաքողին: Տեսնում է նաև ինը փրկված թշվառ նավաբեկյալներին: Ինը, որովհետև վագրերի որս դարձած հինգից բացի, հիվանդությունից ու հյուծվածությունից մահացած է լինում ևս մեկ պորտուգալացի: Սրբազանը գրում է. «Մինչ ի ծովէն զերծաք, 15 անձինք էաք, 5 հայոց ազգ էաք որպէս ի վերոյ յանուանէ գրեալ եմ, և հնգեանքս ևս ապրեցաք անվնաս թէ՛ ի ծովու և թէ՛ ի ձեռաց գազանաց: Բայց ի մնացեալ ընկերոցն մերոց ի մէջ ճանկալին երեք թուրք և երկու ֆռանկ չար գազանն տարաւ և մին ֆռանկ մեռաւ, իսկ այլ մնացեալքս 15 մարդկանց ինն անձինք ազատեցաք վերջապէս թէ մեք և թէ նոքա»:


Հրա՜շք, բոլոր հինգ հայերը ողջ են մնում…
Անգլիացին փրկվածներին տեղավորում է իր նավակում, կերակրում, հագուստ տալիս և վեց օր անց ավարտելով նավից մնացած բեկորների ժողովումը` նրանց տանում Պաղրգանջ բնակավայր, որտեղ թշվառականներին խնամում է ևս ութ օր: Իմանալով, որ փրկվածներից հինգը հայեր են, «պալիոզը» սուրհանդակներ է ուղարկում Կալկաթա ու Դաքա` տեղի հայերին հայտնելով նրանց մասին: «Եւ իսկոյն մեծ Պետրոս աղայի (խոսքը վերոհիշյալ խոջա Պետրոս Հարությունյանի մասին է-Խ. Դ.) փոքր եղբայրն` օրհնեալ Բարսեղ աղայն յայնժամ Դաքայ էր, երեք ղայեղ (նավակ-Խ. Դ.) առաքեաց բազում մարդկամբք, հաց և հանդերձ ևս էր առաքեալ իւր սպասաւոր մէկ հայ տղայով, և եկեալ զմեզ տարան 4 օրն ի Դաքայ քաղաքն ի մէջ մեր քրիստոնեայ ազգին, մէկ ամիս բժիշկքն դեղ արարին մեզ առողջացուցին, զի դառնագոյն ցաւօք հիւանդ էաք»:
Հարկ է ասել, որ դրանից առաջ տասնմեկ նավաստիների հաջողվում է հասնել Դաքա` հայտնելով նավի խորտակման մասին. «Իսկ յորժամ լուան ընդ ամենայն տեղիս ազատիլն մեր, ամենեքեան թէ՛ մեր ազգին և թէ՛ այլ ազգք կարի զարմացան, զի հաւաստեաւ գիտէին որ երկու ամիս անցեալ էր մեր նաւի խորտակիլն, և առաջին օրն որ նաւն խորտակեցաւ, փոքր նաւակաւ գնացող 10 նաւավարքն և մէկ երիցու տղայ ևս ընդ նոսա զերծեալ և վասն մերոյ ազատութեան ոչ հոգսն էր արարեալ ամենևին, այլ շուտափոյթ մեր խեղդամահ լինելոյ բօթն հրատարակեալ էր, նաև խօճայ Մինասեանց լուսահոգի Գրիգոր աղայի երկու կոյս դստերքն որք ընդ մեզ ազատեցան շնորհօքն Քրիստոսի, նոցա եղբորն և այլ ազգակցացն ևս բօթն տուեալ էր, վասն այն կարծէին զմեզ կենդանի և ողջ, այլ յորժամ լուան ազատիլն մեր և մանաւանդ անճառահրաշ սքանչելեօքն Աստուծոյ սրբալոյս մեռոնի գտանիլն, իրաւի մեծ ցնծութիւն և ուրախութիւն եղև ազգիս մերոյ որք բնակեալք են յերկիրս հնդկաց»:


Բնականաբար, Հովհաննես եպիսկոպոսը իրենց փրկությունը վերագրում է Աստծո կամքին ու սուրբ մեռոնին. «Իրաւի մեծ արար տէր զողորմութիւն իւր առ ազգս մեր հայոց, զի ի յայսմ դառն ժամանակիս Աստուծոյ ամենաքաղցր գթութեամբն նոր փրկարար սքանչելիք երևեցաւ յայտնապէս ի մէջ հայկազեան ազգիս մերոյ: Բայց զայս ևս յայտ առնեմ յաղագս անպատմելի ցնծութեան և ուրախութեան սրտիս և հոգւոյս, զի Աստուածագործ սուրբ մեռոնս այս, զոր ընդ անարժանիս նուիրեալ առաքեցեր յերկիրս այս, մեծի սրբազանի տէրութեանդ նախկին և անդրանիկ շնորհաբաշխութեան սրբալոյս մեռոնօրհնեքի պտուղն էր, որ ի ժամ օրհնութեան և կարգ կատարելոյ սրբազնագործ իւղոյն, անարժանս ևս նոյնժամ ներկայացեալ ականատես էաք ի սուրբ Աթոռդ ցանկալի ի մէջ մեծահանդէս բազմութեանցն: Վասն որոյ բիւր գոհութիւն և փառք Աստուծոյ բարերարին, որ այսպիսի հրաշապատում սքանչելեօք սուրբ մեռոնին ազատեցաք ի ծովու և ի գազանաց»:


Հավատամերժները, աթեիստները, աղանդավորները և սրանց նմանները, անշուշտ, չեն համաձայնի արբազանի հետ, բայց, դե, «խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը»:

Ափսո՜ս, հազա՜ր ափսոս… Ինչո՞ւ, որովհետև Հովհաննես եպիսկոպոս Տեր-Մանուկյանը Հակոբ Ե Շատախեցուն հղած իր համառոտ «հաշվետվությունն» ավարտում է հետևյալ կերպ. «Որ և վերջապէս զայս ամենայն բանքս և պատմութիւնս առաջի ամենամեծին Աստուծոյ ճշմարտութեամբ գրեալ ծանուցի սրբազանի Տեառնդ իմոյ, և բազում բանք զանց արարեալ թողի յաղագս երկարութեանն զի մի ձանձրութիւն երևիցի Տեառնդ և կամ այլոց ընթերցողաց և ունկնդրողաց, զի ի տեղս բարեպաշտօնք ոմանք բազում անգամ խնդրեցին ի մէնջ զի ամենայն անցսն մեր գրել որպէս զպատմութիւն և տալ իւրեանց իբր նորալուր բան, իսկ մեք ոչ յանձն առանք, այլ այժմ հարկն ստիպեաց, զոր պարտ էր զամենայն որպիսութիւնս և անցսն մեր գրով ծանուցանել գերափառ Տեառնդ իմոյ»: Ձանձրույթ չպատճառելու համար մանրամասներ չի շարադրում: Չի նշում Բասրայից Սուրաթ և խորտակված նավի անվանումները, չի նկարագրում «ճանկալի»` ջունգլիի բուսական ու կենդանական աշխարհը, չի հիշատակում խոջա Գրիգոր Մինասյանի երկու դեռատի օրիորդների, նրանց պատանի սպասավորի, մահմեդականների ու պորտուգալացիների և անգամ իրենց փրկած անգլիացու անունները, այնինչ այդ ամենն այսօր կունենար մեծարժեք պատմագիտական նշանակություն: (Ասա, այ լուսահոգի մարդ, գրեիր, էլի):


Ավելին, ուշադրություն դարձրեք հետևյալ բառերին. «ի տեղս բարեպաշտօնք ոմանք բազում անգամ խնդրեցին ի մէնջ զի ամենայն անցսն մեր գրել որպէս զպատմութիւն և տալ իւրեանց իբր նորալուր բան, իսկ մեք ոչ յանձն առանք»: Այսինքն, իրեն առաջարկել են մանրամասնորեն շարադրել գլխով անցածը, բայց ինքը հրաժարվել է: Իսկ եթե համաձայներ, իր չարչարանաց պատումին գեղարվեստական շունչ հաղորդած լիներ, ապա մենք այսօր կունենայինք համաշխարհային արկածային գրականության մեր Դեֆոյին, Սթիվենսոնին, Վեռնին, Սքոթին, Կուպերին և տասնյակ այլոց: Ընդ որում, շատ ավելի վաղ:
Ափսո՜ս, հազա՜ր ափսոս…


Բայց, դե, թեական խոսելու իմաստը ո՞րն է, չեղածը չեղած է:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Բենգալյան վագրի մարդորս
  • Բանգլադեշի «ճանկալ»` ջունգլի
Դիտվել է՝ 4399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ