Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գարնանաշարժ հարության պտուղները

Գարնանաշարժ հարության պտուղները
16.06.2017 | 00:31

Այս բառերը բնավ իմը չեն, քանի որ նման խորությամբ խոսքի ակոսներ միայն սրբերը կարող են բացել, որոնք մի օր հավատքի ձեռքերը դրեցին փրկության տանող մաճին ու այլևս հետ չնայեցին ապականվող աշխարհին։
«Գարնանաշարժ հարություն» նրանք անվանել են մեռելներից Տեր Հիսուսի հառնելու օրը՝ սուրբ Զատիկը, երբ երեքօրյա մեռածը կանգնեց անդրաշխարհի խավարից դեպի երկնային լույս տանող ճանապարհին, իր հետևից կանչելով լուսո որդիներին։ ՈՒ զարմանալի չէ, որ դրանց առաջին պտուղը դարձավ խաչյալ ավազակը, որն ինքն իրեն դատեց որպես արժանի պատիժ կրող հանցագործի, բայց և միաժամանակ Հիսուսին Տեր ու Աստված ընդունեց։ Ահա և սառնաշունչ մահվանից հետո գարնան առաջին պտուղը, քանզի ըստ եկեղեցու հայրերի, Ադամը մեղանչեց գարնանը, ու մեռավ մեղքի ձմռան քնով, մինչև որ Ճշմարիտ Արեգակը՝ Հիսուսը, Իր սուրբ Արյունով քավեց մարդկության մեղքը։


Զուր չէ, որ մեր եկեղեցու վարդապետները, Սուրբ Հոգով շարժվելով, զատկական հարությունից, Տիրոջ համբարձումից ու Հոգեգալստից հետո Եղիական շաբաթապահք նշանակեցին, ի պատիվ Եղիա մարգարեի, ով արժանացավ առանց մահ ճաշակելու հրեղեն կառքով երկինք վերցվելու երանությանը։ Այդ պահքին հաջորդում է սրբերի բույլ տոնակատարությունը, որ սկսվում է սուրբ Հռիփսիմեից, ապա հաջորդում են սուրբ Գայանեն, սուրբ Հովհաննես Մկրտիչն ու Աթանագինես եպիսկոպոսը։ Իսկ շաբաթվա վերջում վիրապից Գրիգոր Լուսավորչի ելնելու օրն է հիշատակվում։ Իսկ թե ինչու այդ հերթականությամբ, հիմա կմանրամասնենք։ Եղիա մարգարեն խիստ նախանձախնդիր էր Աստծո համար, մանավանդ Իսրայելի ժողովրդի կռապաշտության մեջ ընկած ժամանակ, ու նրա աղոթքով երկինքը փակվեց ու երեքուկես տարի անձրև չեկավ, որպես խրատ ու պատիժ հրեա ժողովրդին, որն իր կռապաշտության մեղքերով փակել էր Աստծո ողորմության երկնային դռները։ Ապա նույն Եղիա մարգարեի հրամանով երկնքից կրակ իջավ, որպես ապացույց միակ Աստծո զորության, որից հետո երկինքը նրա աղոթքով բացվեց, ու անձրև տեղաց։ Այսինքն, այս մարգարեն հին ուխտի մոլորյալներին ապացուցեց Աստծո ամենակարողությունը, դարձի բերելով թե՛ Աքաաբ թագավորին, թե՛ մոլորյալ ժողովրդին։ Իսկ ահա նոր ուխտի առաջին վկաներից դարձան Հռիփսիմյաց կույսերը, ովքեր կռապաշտ ու հեթանոս Տրդատ թագավորին ու ողջ արքունիքին, իրենց հավատքի զորությամբ ու նահատակության արյան հեղումով, ապացուցեցին հավատարմությունը թագավորների Թագավորին՝ Հիսուս Քրիստոսին։ Այս առիթով մի թաքնված խորհուրդ ևս կա. երբ կույս աղջնակ Հռիփսիմեն մարտնչում էր ամեհի ու զորավոր Տրդատի դեմ, այդ պահին խորախորհուրդ պայքար էր գնում «կույս» ու անարատ, արտաքնապես տկար թվացող քրիստոնեության և բիրտ ու մարմնավոր հեթանոսության միջև: Եվ ամոթահար պարտվեց ամեհի Տրդատը՝ իր հետ և հեթանոսությունը՝ ծնկելով Կուսածին Քրիստոսի առաջ, Նրան Տեր ու Աստված դավանելով: Երկնեց Սիոնը, ու Արարատի կուսական փեշերին Սուրբ Հոգին ծնեց Քրիստոսի Սուրբ Անունը դավանողներից անդրանիկ առաջին ազգին։ Իսկ Հռիփսիմյաց ու Գայանյաց կույսերի նահատակաց մահը Տրդատ թագավորի, ապա մի ամբողջ ազգի դարձի ու ապաշխարության այն թթխմորը դարձավ (որպես օգտակար մեջբերում, ասեմ, որ Տրդատ թագավորը Գրիգոր Լուսավորչի ձեռքով մկրտվելուց հետո վերանվանվեց Հովհաննես, ի նշան առաջին քրիստոնյա ազգի առաջնորդի)։


Իսկ Հովհաննես Մկրտիչը, որ կանանցից ծնվածներից մեծագույնն էր, վկայեց ապաշխարության մկրտության շտապող հրեաներին, որ Աստծո Գառը Հիսուս Քրիստոսն է, որ վերցնելու էր մարդկանց մեղքերը։ Այս ամենի համար Արարիչ Տերը սպասեց երեք հարյուր տարի, մինչև Իր առաքյալների՝ Թադևոսի ու Բարդուղիմեոսի սերմանած ավետարանի խոսքերը առաջինը հայոց ազգը պտղակալեց ու հասունացավ, ու դարձավ Սուրբ Հոգու բերքի առաջին երախայրին: Իսկ երբ Հռիփսիմյաց կույսերն իրենց երկրում հալածվելով նախ Հռոմ, ապա Սուրբ Հոգու թելադրմամբ Երուսաղեմ գնացին, որտեղ և Տիրոջից առաջնորդություն ստացան, որ գան Հայաստան աշխարհ, արդեն սերմանվածը փխրեցնելու և պարարտացնելու իրենց սեփական արյան ոռոգումով, քանզի այդ էր Արարչի կամքը: Կուսածին Որդու մեծ ու փառավոր Անունը կրելու համար դրախտաբույր այդ երկիրը պետք է ոռոգվեր սուրբ ու անարատ կույսերի արյունով: Եվ երբ դա կատարվեց, ու երեսունչորս կույսեր նահատակվեցին Տրդատ թագավորի հրամանով, Արարատյան դաշտավայրը ոռոգվեց սրբուհիների կուսական արյունով, և տեղը աճեցին ու հառնեցին ապագա սուրբ Էջմիածնի այժմյան եկեղեցիները։ Կա մատենագրական փաստագրում, որ երբ թագավորի զինվորները սպանում ու սրախողխող էին անում սրբուհիներին, նրանք մունջ գառների նման իրենց սպանողներին էին հանձնում, որպես հայոց ազգին մատաղացու։ Իսկ երբ նրանց նահատակված դիերը թողեցին ամայի դաշտում որպես այդ շրջապատում թափառող կենդանիներին կեր, բայց հեթանոսական այդ զազրելի սովորությունը նույնիսկ կենդանիները խախտեցին, ու կույսերի մեռած մարմիններին ոչ մի գազան կամ շուն չմոտեցավ, ու այդպես մնացին ինն օր դաշտում ընկած, առանց ապականության նշույլների, մինչև որ Տերն Իր սկսած գործը կշարունակեր: Դեռևս հեթանոս հայորդիներից ոչ ոք չէր հասկանում, որ կույսերի անապական սուրբ արյունով ապագա քրիստոնեական Հայաստանի հավատքի հիմքերն են ոռոգվում։ Անցնում է ինն օրը՝ երկնային հրեշտակների նույնքան դասերի չափով, մինչև որ այդ օրերի ընթացքում կատարվեր մեկ այլ խորախորհուրդ իրադարձություն. թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի հնգապատկված երազներին անսալով, պալատական արքունիքը գնում-հանում է Խոր վիրապից տասներեք տարվա մահապարտ Գրիգոր Պարթևին՝ ապագա Լուսավորչին, ով պետք է առաջին Հայոց հայրապետը դառնար ու մի գահ հաստատեր, որ մինչև Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալուստը անսասան ու հաստատուն մնար։ Այդպես էլ եղավ, այդպես էլ կա և կլինի։ Իսկ երբ Գրիգորն իմանում է, թե իր ելքից առաջ ինչեր են կատարվել, առաջին հերթին գնում և քրիստոնեավայել թաղում է սրբուհիների անվնաս ու անապական մնացած մարմինները, ինչը ապագա հրաշքների դուռն էր բացելու Հայաստան աշխարհի հավատքի հաստատման համար։ Եվ դրանցից առաջինը եղավ այն, որ Գրիգոր Լուսավորչի աղոթքով դիվահարությունից ազատվեց Տրդատ արքան, ով մինչև իսկ խոզի կերպարանք էր ստացել անմարդկային դաժանության համար։


Բայց սատանան իր ոխը մինչև վերջ պահեց այդ քաջ ու նվիրյալ Աստծո ծառայի՝ Տրդատ-Հովհաննեսի հանդեպ, քանզի նրան իր դեռևս հեթանոս, գողամիտ ու պղծասեր նախարարները, մահաթույն խմեցնելով, հայոց մեծաբորբոք ջահը մարեցին` խավարեցնելով Հայաստան աշխարհը: ՈՒ չտարակուսենք Տիրոջ նախասահմանյալ խորհուրդների այդ թողտվության համար, քանզի, ինչպես կանանցից ծնվածներից ամենամեծը՝ Հովհաննես Մկրտիչը, կնոջ ձեռքով գլխատվեց, այդպես էլ հեթանոս արքաներից ամենաքաջը մի կույս աղջնակով պարտության մատնվեց և վերջում էլ հեթանոս հայորդիների ձեռքով նահատակության բաժակն ըմպեց: Այդպես է՝ մարդկային մտքից ու իմաստությունից վեր է Տիրոջ գործելակերպը, քանզի Նրա ծրագրերը հավիտենականությունից են ակունք առնում։
Աղոթենք, որ Տերը օրհնի և հաստատ պահի մեր Հայաստան աշխարհը բարեխոսությամբ սուրբ Հռիփսիմեի (ում հիշատակի տոնը հունիսի 12-ին էր), սուրբ Գայանեի (հիշատակի տոնը` հունիսի 13-ին), սուրբ Հովհաննես Մկրտչի ու Աթանագինեսի (հիշատակի տոնը` հունիսի 15-ին) և սուրբ Գրիգոր Լուսավորչի (Խոր վիրապից ելքի հիշատակի տոնը կկատարվի հունիսի 17-ին)։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3527

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ