Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սուրբ հաղորդությամբ երկնային կյանքի խոստացված երանությունը վայելենք

Սուրբ հաղորդությամբ երկնային կյանքի խոստացված երանությունը վայելենք
16.06.2017 | 00:37

Ավետարանական «Լեռան քարոզ» կոչվող հատվածում Հիսուսը ինը երանիների մասին խոսեց, որոնց կարող է արժանանալ յուրաքանչյուր մարդ, ով հավատում և հետևում է Աստծո խոսքին։
Հիմա ծանոթացեք այդ երանիներին ու ինքներդ որոշեք` դրանցից որն է հարազատ ձեր ներաշխարհին, ու ջանք արեք արժանանալու գոնե այդ մեկին։

. Երանի՛ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
. Երանի՛ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն:
. Երանի՛ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
. Երանի՛ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:
. Երանի՛ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն:
. Երանի՛ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:
. Երանի՛ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն:
. Երանի՛ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
. Երանի՛ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և Իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել:

Տարիներ առաջ Սուրբ երկրի Գալիլեական լճի երանիների բարձրադիր լեռան վրա կանգնած հոյակերտ եկեղեցում լինելուն արժանի եղա, որտեղ Տեր Հիսուսը ժողովրդին բացում էր երկնային երանության գաղտնիքները։ Այդ եկեղեցու գավթում շրջանաձև ինը խորաններ էին կառուցված, որոնցից յուրաքանչյուրում գրված էին ինը երանիներից մեկի բառերը։ Եվ ամեն մարդ, կարդացած լինելով այդ երանիները, մոտենում էր այն խորանին, որի երանությանը ինքը կցանկանար արժանանալ։ Թե ես որ երանու խորանին մոտեցա, դա թող մնա որպես իմ անձնական գաղտնիք, բայց դուք նույնպես ձեր երանության շավիղը գտեք ու քայլեք, մինչև որ Տերը բոլորիս արժանացնի այդ երանությանը երկնքում։


Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում առաջին հայացքից հոգով աղքատների երանությունը, քանզի այս խոսքը հաճախ սխալ մեկնաբանությունների տեղիք է տալիս, որովհետև «աղքատություն» բառն ինքնին որպես բացասական երևույթ է ընկալվում։ Բայց մի՞թե կարող էր մեր Տերը երանի տալ աղքատությանը, որ նաև թշվառություն և տառապանք է նշանակում։
Ասենք, որ հոգով աղքատությունը եկեղեցու սուրբ հայրերը մեկնաբանել են որպես մարդու ունեցած մեղքերի սակավության կամ բացակայության երանությունը։ Տարիներ շարունակ մտորելով այս խոսքի մասին` անձամբ եկել եմ հետևյալ եզրահանգման, որը կուզեի ներկայացնել ընթերցողներին։
Աղքատություն, ասացինք, նշանակում է անհրաժեշտ ու կենսական որևէ բանի պակասություն կամ իսպառ բացակայություն։ Իսկ տվյալ դեպքում «հոգով աղքատությունը» հասկացվում է որպես Աստծո ներկայության սակավություն կամ բացակայություն, քանի որ Տեր Հիսուսն ասաց. «Հոգի է Աստված, և Նրա երկրպագուները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն» (Հովհաննեսի Ավետարան 4.24)։ ՈՒրեմն կարելի է ասվածից եզրակացնել, որ հոգով աղքատ են այն մարդիկ, ովքեր մշտապես Աստծո ներկայության ու լիության քաղց ու ծարավ ունեն և ձգտում են իրենց հոգու աղքատությունը, այսինքն` Աստծո ներկայության լիությունը, կա՛մ աղոթքներով, կա՛մ էլ Սուրբ գրքի ընթերցանությամբ լցնել։ Իսկ դրա կատարելությունը Սուրբ հաղորդության խորհուրդն է լրացնում, քանզի Հիսուսը խոստացել է Հաղորդությունից հետո անձամբ բնակվել մեր մեջ, մենք էլ` Նրա մեջ` կատարյալ միություն ստեղծելով Աստծո հետ։


Բայց եկեք խոստովանենք, որ շատ մկրտված ու իրենց քրիստոնյա համարողներ ամիսներով, նույնիսկ տարիներով չեն ընդունում Սուրբ հաղորդություն, իրենք իրենց զրկելով ճշմարիտ կյանքի երկնային սննդից, քանի որ մեր Տերն է զգուշացրել. «Ով չուտի Իմ Մարմինը ու չըմպի Իմ Արյունը, կյանք չի ունենա»։ Իսկ դա միայն Սուրբ հաղորդության խորհրդով է կատարվում, այն էլ` Սուրբ պատարագի ընթացքում, երբ հացն ու գինին փոխակերպվում են Տիրոջ Մարմնի և Արյան։ Այդ պատճառով այս խորհուրդն անվանում են նաև Անդրգոյավորում կամ Անարյուն պատարագ։ Իսկ ժողովուրդն այն բնորոշել է կարճ ու ըմբռնելի. «Հաց ու գինի՝ Տեր կենդանի»։
ՈՒրեմն եկեք իմաստությամբ վարվենք մեր հավիտենական հոգիների հետ ու պարբերաբար Սուրբ հաղորդությամբ երկնային կյանքի խոստացված երանությունը վայելենք։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4292

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ