Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

«Այս խայտառակության համար նկատողությունը շատ քիչ է»

«Այս խայտառակության համար նկատողությունը շատ քիչ է»
16.06.2017 | 12:15

Վերջին օրերի մշակութային ամենաաղմկահարույց իրադարձությունը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Գայանե» բալետի հոբելյանական ներկայացման տապալումն էր: Ներկայացումից առաջ նվագախումբը հրաժարվել էր ելույթից:


Անստորագիր նամակներ, ստորագրահավաքներ, տապալված ներկայացումներ. խռովության այս և այլ ձևերը վերջին տարիներին օպերային թատրոնում բավական հաճախ են պատահում: Այսօրինակ մեծ մշակութային օջախում, անշուշտ, կարող են լինել տարաձայնություններ, դժգոհություններ, արտիստները կարող են համաձայնել կամ չհամաձայնել կադրային, կառուցվածքային և այլ փոփոխությունների հետ, կարող են բարձրաձայնել, պահանջներ ներկայացնել: Բայց եթե բողոքի նոտան հնչեցնում են ներկայացումը տապալելու փորձով, ուրեմն ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է: Մնում է ենթադրել, որ կա՛մ ներսում հարցերը չեն լուծվում, և մարդիկ հուսահատ քայլերի են դիմում, կա՛մ ինչ-որ մեկը (ներսից, թե դրսից) սադրում է ու խռովություն հրահրում:


«Գայանեի» տապալումից անմիջապես հետո մշակույթի նախարարը հանդիպեց արտիստների հետ: Հաջորդ օրը մամուլի ասուլիս հրավիրվեց: Լրագրողների հարցերին պատասխանեց թատրոնի տնօրենի պաշտոնակատարի առաջին տեղակալ ԿԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ: Հանդիսատեսի հետ նման կերպ վարվելը և՛ նախարարը, և՛ թատրոնի ղեկավարությունը համարում են անթույլատրելի. «Ինչ խնդիր էլ ունենա արտիստը, չպետք է հանդիսատեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորի: Ժողովի ընթացքում հնչեց այն միտքը, որ մեղավորներն անպայման պատժվելու են: Հիմա բոլորը բացատրություն են գրում, թե ինչու չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: Բանավոր խոսքում ասում են` մենք մեզ վատ ենք զգում, բայց դա բացատրություն չէ»,- ասաց տնօրենի տեղակալը, չժխտելով, որ նվագախմբում կան շատ բարեխիղճ, պրոֆեսիոնալ մարդիկ: Ըստ նրա` տպավորությունն այն է, որ մի քանիսը սադրել են, մյուսները հոսանքի տակ են ընկել: Խոսքը մոտ 80 երաժշտի մասին է: Նվագախումբը ղեկավարել է դիրիժոր Աթանես Առաքելյանը:


Հիմնական պատճառը, որ կապվում էր խռովության հետ, կրճատումներն էին: Թատրոնի ղեկավարությունը պարզաբանում է, որ 583 աշխատակցից կրճատվել է տասը հոգի վարչական աշխատակազմից (այդ թվում` 5 տեղակալ), որոնց ֆունկցիաները կրկնվել են, սակայն դա գեղարվեստական մասի հետ ամենևին չի առնչվել: Թե ինչ կապ ունեն արտիստները վարչական կազմի կրճատումների հետ, դեռ պետք է պարզել, բայց Կարինե Կիրակոսյանի խոսքում կար հեռավոր ակնարկ առ այն, որ խռովությունը հրահրել են աշխատանքը կորցրածները, որոնց հարազատները շարունակում են աշխատել թատրոնում:
«Ամիրյանը խնդրեց, որ ոտքի կանգնեն կազմակերպիչները, ասեն, թե ինչի համար են կազմակերպել խռովությունը և ինչ պահանջ ունեն: Ժողովին ներկա էին վարչական կազմը, նվագախմբի անդամները: Ոչ ոք ոչինչ չասաց»,- փաստեց Կարինե Կիրակոսյանը: Հարց հնչեց, որ գուցե Կոնստանտին Օրբելյանի դեմ է այս ամենը: «Նման տպավորություն չունեմ, մարդիկ պարզապես անձնական խնդիրներ են ուզում լուծել»,- եղավ պատասխանը:


Թատրոնի դիրիժոր ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ լրագրողների հետ զրույցում ասաց, որ դժվարանում է կատարվածին գնահատական տալ, զրուցել է երաժիշտների հետ, սակայն նրանք տարբեր բաներ են ասել: Թե ինչեր են ասել, չմանրամասնեց, պատճառաբանելով, որ դրանք ընդամենը ենթադրություններ են: Դիրիժորը վստահ է, որ կրճատումները կապ չունեն այս ամենի հետ, լսել է, որ կազմակերպված դավադրություն է: «Կան դժգոհություններ մեկ այլ օջախից, որ գալիս է այս օջախ, տրամաբանելը ձեզ եմ թողնում»,- ասաց նա:
Քանի որ լրագրողներին նվագախմբի անդամների հետ հանդիպել չհաջողվեց, սպառիչ կամ գոնե որոշակի պատասխաններ ստանալու համար մնում էր սպասել բացատրագրերին: Օրեր անց պատրաստ էին նաև բացատրագրերը:


Օպերային թատրոնից մեզ տեղեկացրին, որ 85 երաժշտից բացատրագիր են գրել 68-ը: Մյուսները չեն գրել այն պարզ պատճառով, որ ներկայացման ժամանակ իրենց տեղում են եղել, սպասել են գործընկերներին և դիրիժորին: Բալետի արտիստներին նույնպես փորձել են սադրել, ասել են, որ բոլորը դրսում են, ներկայացում չի լինելու: Սակայն կանխվել են սադրանքն ու շփոթությունը: Ավելին` բալետմայստեր Վիլեն Գալստյանը դուրս է եկել ծառայողական մուտք ու հանդիմանել երաժիշտներին, հորդորել վերջ դնել խռովությանը:
Նվագախումբը, ի տարբերություն արտիստական կազմի, մատնված է եղել ինքնահոսի: Պարզեցինք, որ նվագախմբի վարիչ Գարեգին Սիմոնյանն այդ օրը բացակայել է աշխատանքից (հիվանդության պատճառով, բայց մեկ ժամ հետո եկել է), կոնցերտմայստեր և առաջին ջութակ Գայանե Աբրահամյանը ուշացած է եկել (ճանապարհային խցանումների պատճառով):


Նվագախումբը ղեկավարող դիրիժոր Աթանես Առաքելյանը նստած սպասել է` երբ են իրեն հրավիրելու: Սպասող նվագախմբի կազմում է եղել նաև գեղարվեստական ղեկավարի տեղակալ Կարեն Շիրինյանը, այս դեպքում` որպես ֆլեյտահար:

«Իրատեսը» զրուցեց ԿԱՐԵՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ, նախ փորձելով պարզել, թե ինչ արդյունք է տվել բացատրագրերի ուսումնասիրությունը, և ի՞նչ պատիժ է սպասում մեղավորներին:
«Բացատրագրերը ոչ մի արդյունք չեն տվել, քանի որ ոչ ոք չի ուզում ասել, թե ով է իրենց դրդել նման բան անելու,- ասաց նա:- Այդպես էլ սպասում էինք, չնայած ապշելու բան է, ճշմարտությունն ասելուց ինչո՞ւ են վախենում, չեմ հասկանում: Մոտ 80 տոկոսով գիտենք, թե ովքեր են, բայց մենք հո քրեական հետախուզությունի՞ց չենք, որ կարողանանք առանց ստույգ փաստի ինչ-որ բան անել: Կփորձենք լուծում գտնել, որովհետև, բնական է, անպատիժ չենք թողնի, և նկատողությամբ չի սահմանափակվի պատիժը: Այս խայտառակության համար նկատողությունը շատ քիչ է: Առայժմ` այսքանը, դեռ աշխատում ենք այդ ուղղությամբ, կանչում ենք, բարեկամաբար զրուցում բոլորի հետ»:


Հետաքրքրվեցինք, թե միջադեպի հետ ի՞նչ կապ կարող են ունենալ աշխատանքից ազատված աշխատակիցներն ու նրանց հարազատները, որոնք շարունակում են աշխատել թատրոնում, ավելին` նվագախմբի կազմում են: «Ինչ-որ հիմնարկում հնարավոր է աշխատեն հարազատներ, ընտանիքի անդամներ, բայց եթե կան ընտանիքներ, որոնք զբաղվում են նաև նման բաներով, պետք է անկասկած պատժվեն,- ասաց Կարեն Շահինյանը:- Դեռ ստույգ պատասխանել չեմ կարող, որովհետև փաստեր չունեմ, սակայն նվագախումբը պետք է պատժվի նույնիսկ այն դեպքում, երբ չի կարողանում պատասխանել, թե ինչու չի նվագել: Կան ներողություն խնդրողներ, որովհետև մեծ մասը նորմալ մարդիկ են և հասկանում են` ինչ ցնցում էր դա: Մենք առաջին հերթին աշխատում ենք հանդիսատեսի համար, ուրեմն ինչպե՞ս կարող էինք վիրավորել հանդիսատեսին: Մեծամասնության համար շատ ծանր է այս ամենը, որովհետև թատրոնում նվիրյալները միշտ ավելի շատ են, քան պրովոկատորները»:


Կարեն Շահինյանը, գեղարվեստական ղեկավար լինելուց զատ, նաև իբրև երաժիշտ այդ օրը նվագախմբի կազմում է եղել: Խնդրեցի պատմել իր անմիջական տպավորությունների մասին, նաև հարցրի` որպես պատասխանատու անձ փորձե՞լ է պարզել` ինչ է կատարվում, դուրս գալ, խոսել ծառայողական մուտքի մոտ խմբված ընդդիմադիրների հետ:
«Ես նստած էի նվագախմբի մյուս անդամների հետ ու ինքս էլ չէի հասկանում` ինչ է կատարվում: Ռադիոյով հայտարարվում է առաջին զանգ, երկրորդ, որից հետո հրավիրվում է նվագախումբը, երրորդից հետո` դիրիժորը: Ամառվա օրերին, գիտենք, փորձերից, անգամ ներկայացումից 10-15 րոպե առաջ երաժիշտները դրսում ծխում են կամ մաքուր օդ շնչում: Նվագախմբի տեսուչը դուրս է գալիս, ծափ տալիս` բոլորին հրավիրելով ներս: 20-25 հոգի, ինձ հետ միասին, տեղում նստած սպասում էին, որ զանգը հնչել է, հիմա կգան»: Սակայն երաժիշտների ժամանումը սպասվածից ավելի է ձգվել: Զրուցակիցս պարզաբանում է. «Պրովոկացիայի ամենակարևոր մասն այն էր, որ լուր էին տարածել, թե բալետի արտիստները չեն պարելու: Այդ ժամանակ ես բարձրացա բեմ, պարզեցի, որ արտիստներն իրենց տեղում են: Նրանք էլ վրդովված հարցնում էին` ինչո՞ւ չենք սկսում: Այդպես ժամանակը ձգվեց»:


Եթե բոյկոտի առաջին նախադեպը` «Անուշ» օպերայի տապալումն ընդդեմ կենսաթոշակային կուտակային համակարգի էր, այսինքն, հասարակական խնդիր էր առաջ քաշվում, հանդիսատեսն ինքն էլ սատարում էր արտիստներին, ապա խաչատրյանական բալետը տապալվեց անհասկանալի պատճառներով և, հարց բարձրացնելու փոխարեն, բազում հարցերի տեղիք տվեց: Հուսանք` չեն ուշանա նաև պատասխանները։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3255

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ