Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իսկ ո՞վ կժխտի, որ Սվիտալսկին ճիշտ է

Իսկ ո՞վ կժխտի, որ Սվիտալսկին ճիշտ է
16.06.2017 | 13:26

«Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը և հետագա քայլերը» համաժողովը դարձավ սկանդալային՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու ելույթի պատճառով: Մենք այն երկիրն ենք, որտեղ ճշմարտությունը դառնում է սկանդալ՝ դա են վկայում նրա խոսքին հաջորդած գնահատականները իշխանական դաշտից, որ հաստատում են ինչ ասել է ու չի ասել Պյոտր Սվիտալսկին, բայց կարող էր ասել:
Իսկ ի՞նչ է նա ասել: Որ Հայաստանում ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող ԿԸՀ կազմը պետք է փոփոխվի: Որ՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում իշխանությունը փորձում է Ընտրական օրենսգիրքը համապատասխանեցնել իր շահերին։

«Սակայն աշխարհում Ընտրական օրենսգիրքը չի դառնում բաժանող խնդիր, կցանկանայի, որ նույնն էլ Հայաստանում լինի։ Իմ խորհուրդն է` բարելավեք Ընտրական օրենսգիրքը: Ինչպես ընտրությունները ցույց տվեցին, բարելավման տեղ ունի։ Հայերի համար կարևոր է հաստատությունների արժանահավատությունը։ Ընդհանրապես, հայերի համար հատկապես կարևոր է ԿԸՀ-ն։ Ես բարձր եմ գնահատում ԿԸՀ-ի աշխատանքը, սակայն այդ կառույցը պետք է լինի հանրային մեծ վստահություն վայելող։ Խոսքն ընկալումների մասին է։ Կարծում եմ` ԿԸՀ-ի կազմը պետք է ընդլայնվի, այնտեղ պետք է ներառվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հայերին իմ խորհուրդն է՝ մտածեք` ինչպես ԿԸՀ-ն դարձնել արժանահավատ։ Եթե հանձնաժողովն ուզում է, որ հանրությունը վստահի իրեն, պետք է ունենա արժանահավատ գործող կառույց»:

ՈՒ ի՞նչն է սխալ: Քանի՞ ընտրող է հավատում ԿԸՀ-ին ու նրա որոշումներին: Պաշտոնի բերումով՝ Պյոտր Սվիտալսկին չի ասել, որ ընդհանրապես ընտրական գործընթացը արժանահավատություն չի ներշնչում, բայց կարող էր, չէ, ասել՝ ապրելով Հայաստանում ու տեղյակ լինելով ընտրության մեխանիզմներին:
«Լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, թե բարոյական ինչպիսի ճգնաժամ կա դպրոցներում՝ փող բաժանելու դեպքեր, մարդիկ ծեծի են ենթարկվել, ընդհանրապես` խայտառակ դեպքեր։ Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար»՝ հիշեցրել է Պյոտր Սվիտալսկին: Սխալ կա՞:


Նա արձանագրել է, որ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում մեծ հաջողություն գրանցվեց, երբ ընդդիմությունն ու իշխանությունը որոշեցին նստել մեկ սեղանի շուրջ ու քննարկել խնդիրները, այդուհանդերձ՝ «Կոնսենսուսն Ընտրական օրենսգրքի շուրջ ներառել է սահմանափակ թվով կետեր: Կային կետեր, որոնք չընդունվեցին: Խոսքն, այսպես կոչված, ռեյտինգային ցուցակների մասին է:
Հայաստանում պետք է որոշեն՝ այդ ցուցակներն աշխատեցի՞ն, թե՞ ոչ: Եկեք չտրվենք պատրանքներին, սա բավական լուրջ խնդիր է: Բոլոր կողմերը պետք է փոխհամաձայնության գան, որ գտնեն լուծում: Ես ունեմ իմ սեփական կարծիքը, ես համոզված եմ, որ բոլոր հայերը պետք է քննարկեն այս խնդիրը»: Սա՞ է սխալ: Հայաստանի ներքին գործերին միջամտե՞լ է, երբ առաջարկվում է վերանայել ԵԽ անդամ Հայաստանի Ընտրական օրենսգիրքը վիճելի դրույթի վերաբերյալ, որ համամասնական ընտրակարգը վերածել է գերմեծամասնականի: Դրույթ, որ ապահովում է ընտրության ելքը հօգուտ փողի ու վարչական ռեսորսների: Սխա՞լ է, երբ Պյոտր Սվիտալսկին ասում է. «Պահանջվեց 25 տարի, որ գնանք այդ նպատակի ուղղությամբ: Ես գիտեմ, թե ինչ արտաքին և ներքին գործոններ են ձևավորել այս ճանապարհը, բավականին երկար՝ համեմատած այլ երկրների հետ, համեմատած նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ: Կարող ենք նաև ճանապարհը գնահատել դրական՝ համեմատ այլ երկրների: Դա թող գնահատեն պատմաբանները: Հաջորդ համապետական ընտրությունները բավական հեռու են, ես այստեղ չեմ լինելու, շատ փորձագետներ այստեղ չեն լինելու, երևի շատ բաներ մոռացված կլինեն»:

Իհարկե, ԵՄ դեսպանը կարող էր և չասել՝ ինչ ասել է, կարող էր խոր գոհունակություն հայտնել ընտրությունների ավարտից ու արդյունքներից, ի վերջո, նա Հայաստանի քաղաքացի չէ ու Հայաստանը նրա հայրենիքը չէ: Բայց նա բարեխիղճ պաշտոնյա է, որ փորձում է բարեխիղճ կատարել իր աշխատանքը: Գուցե զարմանալի է, որ նրա խոսքից հետո քննադատությունը թիրախ ընտրեց հատկապես ԿԸՀ-ի վերաբերյալ ասվածը, բայց դեռ չեն անդրադարձել իրավապահ համակարգի նրա գնահատականին: Իսկ նա համարում է, որ եթե իրավապահ մարմինները չեն դիտվում անկախ ու չեզոք, երբեք չեն կարողանա համոզել մարդկանց, թե ի շահ հանրության են գործում։ «Թեև իրավապահ համակարգը պետության բաղկացուցիչ մասն է, չպետք է ընկալվի որպես քաղաքական էլիտայի շահերին ծառայող համակարգ։ Հանրային ընկալումները պետք է փոխել»:


Կա՞ առարկություն: Իհարկե, կլինի, իրավապահ համակարգը Հայաստանում ոչ թե իշխանության առանձին թև է, այլ՝ մաս: Սա փաստ է, որ եվրոպական որևէ երկրում ամբողջ համակարգի կազմաքանդման պատճառ կդառնար, որովհետև կառավարման տրամաբանությունը պահաջում է մարդու իրավունքների պաշտպանություն, իսկ իրավապահ համակարգը Հայաստանում մարդ համարում է միայն իշխանություն ունեցողին:
Չասե՞ր Պյոտր Սվիտալսկին, որ ընտրատեղամասերում ընտրություններն արդար են եղել, սակայն ուշադրություն պետք է դարձնել, «թե ինչ է եղել դրսում»։ «Մենք տեղյակ ենք ձայներ գնելու, ընտրակաշառքի, սպառնալիքների, ուղղորդման դեպքերի մասին։ Կար անգամ մի նկար, որում պատկերված էին բուժհաստատություններում հիվանդների փոխարեն քվեարկող բժիշկներ: Գուցե փոքր երևույթներ են, սակայն ազդեցիկ են»: ՈՒ ո՞վ չգիտի նրա ասածը: Գուցե անակնկալ էր, որ նա ասում է՝ ինչ բոլորը գիտեն: Բայց մեղադրել նրան, որ ուզում է Հայաստանը ժողովրդավար տեսնել, նշանակում է՝ չհասկանալ ԵՄ դեսպանի առաքելությունը և գործունեության նպատակը:

«Հայերը գենետիկորեն ուզում են ազատություն ու բավականին քաջ են` պայքարելու իրենց ազատության համար։ Ես լավատես եմ Հայաստանի ապագայի հարցում: ժողովրդավարությունն այստեղ հասունանալու է, և Հայաստանն ունենալու է արդյունավետ գործող ընտրական համակարգ»՝ գուցե ա՞յս հեռանկարն է վախեցրել արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, որ նրա ելույթը որակել է «որոշակի փորձ ներքին քաղաքականության մեր հարցերին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի՝ անկախ նրանից դա արվում է բարի՞, թե՞ այլ նպատակներով»:

Արդարադատության նախարարը իրեն թույլ է տվել սահմանել ԵՄ դեսպանի իրավասությունները, որ, իսկապես անթույլատրելի է. «Ինչ վերաբերում է ընտրական համակարգին, ես կարծում եմ, որ այս հարցը ևս քաղաքական հարց է, և դրա վերաբերյալ իրենց կարծիքը և դիրքորոշումը արտահայտում են ոչ թե դեսպանները, այլ առաջին հերթին համապատասխան ոլորտի մասնագետները: Իսկ համապատասխան ոլորտում ամենաբարձր մարմինը, որը ես գիտեմ, Վենետիկի հանձնաժողովն է, որ տվել է իր եզրակացությունը: Եվ այն, որ մեր կողմից ընդունված համակարգը իրականում համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, դա փաստ է, դա փաստված է»՝ հայտարարել է Դավիթ Հարությունյանը:

Այո՞: Վենետիկի հանձնաժողովով պաշտպանվել ԵՄ պատվիրակության ղեկավարի՞ց: Ճկուն քայլ է, բայց կա ճշմարտություն՝ ոչ մի օրենսգիրք չի սահմանում ընտրությունները առևտուր դարձնել: Իսկ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորել է ԵՄ դեսպանին պահպանել քաղաքական կոռեկտությունը և չմիջամտել երկրի ներքին օրակարգային խնդիրներին՝ Հայաստանը ինքնիշխան երկիր է։ Կարծես՝ ԵՄ դեսպանը պատերազմ է հայտարարել Հայաստանին և ՀՀԿ պաշտոնյաները կռվի են դուրս եկել թշնամու դեմ:
«Մենք ընդունում ենք, որ, այո, մեր Եվրամիության գործընկերները կարող են առաջարկություններ անել, գնահատականներ հնչեցնել, բայց շատ ավելի ճիշտ կլինի, երբ այդ առաջարկություններն արվում են ավելի կոռեկտ, ավելի դիվանագիտական բառապաշարով։ Երբեմն մարդիկ գուցե մոռանում են, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է, և նույնիսկ նույն ԿԸՀ անդամների խնդիրը, նույն ռեյտինգային խնդիրը, ընտրությունները բացառապես ՀՀ քաղաքական ուժերի և պառլամենտում ընդգրկված քաղաքական ուժերի մենաշնորհն է»՝ ասել է ԱԺ փոխնախագահը:

Նա ևս սահմանել է ԵՄ պատվիրակության ղեկավարի «լիազորությունները»՝ զրկելով նրան խորհուրդ տալու իրավունքից. «Խոսքը գնահատականների մեջ է՝ անձի գնահատականների մեջ է, որն իր լիազորությունների մեջ չի մտնում և որը Աժ լիազորությունների մեջ է, չեմ ասում իշխանության, ասում եմ Աժ քաղաքական ուժերի։ ԿԸՀ-ի վստահելիության, իրավունքների փոփոխության հարցը, դա մեր ներքին խնդիրն է, և մենք խնդրում ենք որևէ մեր գործընկերների, շատ հարգելով նրանց, պահպանել քաղաքական կոռեկտությունը և չմիջամտել ներքին օրակարգային խնդիրներին»։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եվ ինչո՞ւ իշխանավորների մտքով չի անցնում, որ ԵՄ դեսպանը ոչ թե միջամտում է, այլ մտահոգ է ու ուզում է օգնել: Եվ դա առաջին անգամը չէ: Վիրավորական է, որ օտարն ուզում է օգնել, իսկ սեփական իշխանավորները սոփեստությանն ու ստին են ապավինում: Դա արդեն ախտորոշում է, որ վկայում է հիվանդությունը բուժման ենթակա չէ:

Դիտվել է՝ 2263

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ