Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բացատրությունների սպառված ժամանակը

Բացատրությունների սպառված ժամանակը
18.06.2017 | 13:19

Լավ, հետո՞: Ինչքա՞ն: Չորս զինվոր զոհվեց: Նրանց մայրերը որդի էին ունեցել, որ ադրբեջանցիները խփե՞ն: Ծնվել էին, որ զինվոր դառնա՞ն ու զոհվե՞ն: Ու՝ ինչքա՞ն, դեռ ինչքա՞ն: Պաշտպանության նախարարությունը իր հայտարարությունն է անում, արտաքին գործերի նախարարությունը՝ իր: Հետո թշնամու գերատեսչությունների հաղորդագրություններն են համեմատում: Տարբեր պաշտոնյաներ իրենց վրդովմունքն են հայտնում, երբեմն բողոքում են միջազգային կառույցների լռությունից կամ ոչ համարժեք գնահատականից:

Գնահատատականից ինչի՞: Իրավիճակի՞: Թե՞ զոհված զինվորի չապրած կյանքի: Հեռու, ապահով, բարեկեցիկ մի տեղ նստած՝ ինչ-որ պաշտոնյաներ որոշում են՝ ասե՞լ, որ ադրբեջանցիները խախտում են հրադադարը, թե՞ չասել, ասե՞լ, որ ահաբեկիչ են, թե՞ չասել: Ինչպե՞ս կազդի իրենց ասածը բանակցությունների ընթացքի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վրա, Ադրբեջանի ներքին վիճակի: Գրողի ծոցը, ի՞նչ բանակցություններ, ի՞նչ Մինսկի խումբ, եթե զինվորները զոհվել ու զոհվում են դիվանագետների ու քաղաքական գործիչների գործունեության կամ անգործունակության պատճառով: Ու բոլորը ճիշտ են, բոլորն իրենց արդարացումն ու հիմնավորումն ունեն: Ի՞նչ արդարացում ու ի՞նչ հիմնավորում մահվան առաջ: Չորս, թե մեկ, թե հարյուր՝ զինվորի: Սուտ են բոլոր բացատրությունները: Չկա բացատրություն: Կա պատերազմ: Կա թշնամի, որ ուզում է քո հողը, քո կյանքը ու քո հաշվին իր ապրելը:


Մինսկի խմբի համանախագահները պիտի գնան Բաքու ու ի՞նչ ասեն՝ մի՞ կրակեք: Դուք սխա՞լ եք: Չեն հասկանում իրենց սխալը, իրենց են ճիշտ համարում, հետո՞: Եվս քանի՞ տասնամյակ է պետք՝ հասկանալու համար, որ խոսքը զենքի դեմ փաստարկ չէ: Արդյու՞նք են ուզում, ոչ թե պիտի գնան-գան՝ խոսեն, ոչինչ չասող հայտարարություններ անեն, այլ՝ պատժամիջոցներ սահմանեն, զինադադարը խախտելը ահաբեկչություն որակեն: Միջազգային տնտեսական ծրագրերից վտարեն: Դա է գործը, ոչ թե խոսքը, որի դեմ հակառակ խոսք է հնչում ու բոլորը թքած ունեն՝ ով է ճիշտ, ով սխալ:


Նրանք չե՞ն անում: Չեն անում, որովհետև մենք ընդունել ենք խաղի իրենց կանոնները ու սպասում ենք իրենք ինչ կասեն, որ մի ոչինչ չասող արձագանք էլ մենք հրապարակ նետենք: Այդպես ինքնահաստատվում ենք թույլի ու պաշտպանվողի կարգավիճակում, որ ուժեղ է դարձնում ադրբեջանցուն: Ու նա կրակում է, որ աշխարհին ցույց տա իր չեղած ուժը: Ռազմաքաղաքական դաշինքի պայմանագրի մասին խոսելու փոխարեն ՀՀ ԱԳՆ-ն խոսում է ինչ-որ նպատակների մասին, որոնց Ադրբեջանն ուզում է հասնել: Ձեր նպատակը ո՞րն է: Կարևորը դա է: Պատերա՞զմ է պետք, որ Լեռնային Ղարաբաղը միացվի Հայաստանին: Պատերազմը զինադադարից հետո ե՞րբ է դադարել: Հեյդար Ալիևի՞ իշխանության օրոք: Ուզու՞մ էր, ինչու՞ խաղաղության համաձայնագիր չկնքեց: Ավելի՞ն էր ուզում խաղաղությունից: Չթողեցի՞ն, որ իրենց խնդիրները ադրբեջանցների ու հայերի հաշվին լուծե՞ն: Ի՞նչ է փոխվել: Իլհամ Ալիևը ոչ խաղաղություն է ուզում, ոչ պատերազմ, ոչ Ղարաբաղ, իշխանություն է ուզում, բայց ինչու՞ մեր հաշվին, մեր զինվորների կյանքի հաշվին: Երկիրը քանդվում է, իսկ նա կրակում է, որ մոռանան սնանկացող բանկերի ու իրենց պահանջների մասին: Մոռացա՞ն, վաղը հենց իրենց վրա է կրակելու: Մեզ՝ ի՞նչ: Ինչքա՞ն կարելի է մեղքը Թուրքիայի վրա գցել, Ռուսաստանի, ԱՄՆ-ի: Սա է հրահրում, նա է հրահրում՝ հետո՞: Հավերժ պաշտպանվողի վրա չկրակելը պատերազմի տրամաբանությանը դեմ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ չկարողացա ոչինչ գրել:

Դիտվել է՝ 4101

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ