Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երկրորդ ալիքի դիվանագիտություն, մինչև ե՞րբ

Երկրորդ ալիքի դիվանագիտություն, մինչև ե՞րբ
20.06.2017 | 01:25

Հունիսի 16-ին զինադադարի խախտման հետևանքով հայկական կողմը չորս զոհ ունեցավ: Պաշտպանության նախարարությունը տվյալ ունի՞, թե 1994-2017-ին զինադադարի խախտումները քանի կյանք են խլել: Քանի՞ քրեական գործ է հարուցվել ու փակվել: Պատկերը նույնն է՝ պաշտոնական դատապարտումներ ու ցավակցություններ, մեկնաբանություններ, բովանդակությունը միշտ նույնն է՝ Ադրբեջանը խախտում է զինադադարը, հետո հայտարարում, որ պատասխան գործողություններ է ձեռնարկել կամ չի էլ հայտարարում, ասում է՝ այդպես էլ լինելու է, քանի հայկական զորքերը «օկուպացված» տարածքներից դուրս չեն եկել: Ադրբեջանը կրակում է բանակցություններից առաջ, բանակցություններից հետո, երբ բանակցում են, երբ բանակցություններ չկան:

Այսինքն՝ ստատուս քվոն փոխելու համար հնչող կրակոցները դադարել են արդյունավետ լինել: Զինադադարի խախտումները այնքան հաճախակի են, որ աշխարհին չեն հիշեցնում կոնֆլիկտը լուծելու անհրաժեշտությունը: Ընտելացել են: Միջազգային ասպարեզում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը օրակարգի առաջին կետ չէ: Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում պատերազմները օր առաջ ավարտելն է աշխարհը համարում առավել կարևոր՝ այդ պատերազմների պատճառով սեփական տանն է բախվում ահաբեկչության: Բաքվի այս գործելաոճը վաղուց դարձել է ահաբեկչություն` այդ մասին առաջինն ու ամենաբարձրը պիտի խոսեն հայերը: Խոսո՞ւմ են: ԱԳՆ-ի ու ՊՆ-ի նույնաբովանդակ հայտարարություններին հաջորդում են քաղաքական գործիչների նույնաբովանդակ հայտարարությունները, բոլորի ընդհանուր հայտարարը մեկն է՝ միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատի ու կարգի հրավիրի Ադրբեջանին: Այսինքն՝ մենք ևս ընտելացել ենք, որ Իլհամ Ալիևը օֆշորային սկանդալը մարում է շփման գծում կրակելով, բանկերի փակվելը մարում է շփման գծում կրակելով, նավթի գնանկման հետևանքով սոցիալական բողոքը մարում է շփման գծում կրակելով: Իլհամ Ալիևը ամեն ինչին ունի նույն պատասխանը՝ հայերը օկուպացրել են իր երկրի քսան տոկոսը, մեկ միլիոն փախստական անտուն-անտեր է, հարցի լուծումը ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերն են, ու՝ այդպես միշտ, նույնիսկ եթե բանակցում է ու համաձայնում ինչ-որ առաջարկների ու տարբերակների: ՈՒրիշ ոչինչ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները խնդիր ունեն մնալու միջնորդական առաքելության շրջանակներում՝ դա է նրանց մանդատը: Զինվորները սպանվում են շփման գծի երկու կողմերում: ՈՒ ոչ ոք պատասխանատու չէ նրանց սպանության համար:

Բանակցությունների գաղտնիությունը, ձևաչափը, կամ որևէ այլ պատճառ բոլորիս ընտելացրել է, որ վիճակն այս է ու այսպես է մնալու: Իսկ դա բթացնում է ոչ միայն հասարակության զգոնությունը, այլև գիտակցությունը, դա մղում է պատասխանատվությունը միայն իշխանության վրա դնելու ու նրանից արդյունք ակնկալելու: ԼՂՀ հիմնախնդիրը իշխանության տասնյակ խնդիրներից միայն մեկն է, թող որ առաջնային, բայց ոչ միակը, ինչը նշանակում է լուծման մեջ հաշվի են առնվելու բոլոր մյուս խնդիրների վրա հնարավոր հետևանքները: ՈՒրեմն՝ իշխանության և հասարակության խնդիրները տարբեր են: ՄԽ համանախագահները կարող են հասցեական հայտարարություններ անել ու չանել, ՄԽ համանախագահ երկրների նախագահները կարող են պատժամիջոցներ սահմանել ու չսահմանել ագրեսոր ու ահաբեկիչ դարձած Ադրբեջանի դեմ: Քաղաքական-փորձագիտական դաշտը միայն հոլովում ու խոնարհում է տարբեր ժամանակներում տարբեր քաղաքների ու անձանց անունը ստացած բանակցային սկզբունքները, բայց այլընտրանք ոչինչ չի առաջադրում: Ինչո՞ւ: Ե՞րբ է գիտակցվելու, որ չեն աշխատում սկզբունքները, իրավիճակ է փոխվել, աշխարհն է փոխվել, նոր լուծումներ են պետք: Երկրորդ ալիքի մարտավարությունն իրեն չի արդարացնում՝ սպասողական դիվանագիտությունը մեծացնում է Եռաբլուրը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի՞նչ եղավ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի համաձայնագիրը:

Դիտվել է՝ 3144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ