Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եռանկյունի՝ առանց անկյունների

Եռանկյունի՝ առանց անկյունների
20.06.2017 | 01:29

ԱԺ ընտրությունները Հայաստանում ավարտվել են, հետընտրական զարգացումներ չեղան: Թվում էր՝ ընտրություններն անցյալ են ու չեն վերադառնա օրակարգ: Անցյալ շաբաթ «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը և հետագա քայլերը» համաժողովն անսպասելի վերադարձրեց թեման՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու ելույթի պատճառով: Պարզվեց՝ ոչ միայն մենք գիտենք մեր ընտրությունների անցկացման մեխանիզմներն ու արդյունքների գինն ու արժեքը: Պարզվեց՝ մենք այն երկիրն ենք, որտեղ բարձրաձայնվող ճշմարտությունը դառնում է սկանդալ: Լավ հայտնի է՝ ի՞նչ էր ասել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, անհայտ մնաց՝ ինչո՞ւ ասաց: Կարող էր և ոչինչ չասել: Կարող էին բուռն ու տևական չարձագանքել տարբեր մակարդակների պաշտոնյաները: Պարզվեց՝ չեն կարող, ուրեմն, ասված էր՝ հերքեք, ժխտեք, մերժեք:

Այսինքն՝ Պյոտր Սվիտալսկին ասել էր այն, ինչի պահանջարկը օդում կար ու վտանգավոր էր, որ հնչեց: Բայց ո՞վ է Հայաստանում հավատում ԿԸՀ-ին: Ավելին՝ ո՞վ է հավատում, որ ԿԸՀ-ն կփոխվի, երբ փոխվի կամ համալրվի կազմը: Ո՞վ է հավատում իրավապահ համակարգի անկախությանը, ո՞վ չգիտի, որ իրավապահ համակարգը քաղաքական էլիտայի շահերի պաշտպանությանն է ծառայում, ու հանրային ընկալումը չի փոխվի, քանի համակարգի գործունեության նպատակն ու որակը չեն փոխվել: Ո՞վ չգիտի, որ Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը գրվում են օրվա նախագահի համար: Ո՛չ միայն Հայաստանում: Որ ամեն խորհրդարան իր գործունեության ավարտին փոփոխություններ է կատարել Ընտրական օրենսգրքում՝ հարմարեցնելով մեծամասնության օրենսդրական վերարտադրությանը: Որ քառյակի համաձայնությամբ ընդունված օրենսգիրքն էլ փոփոխությունների կարիք ունի, ու դա վերաբերում է հատկապես ռեյտինգային ընտրությանը, որը, իրավաբանորեն ինչպես էլ հիմնավորվի, գործնականում համամասնական ընտրակարգը վերածում է մեծամասնականի: Որ Հայաստանում ընտրություններին չեն հավատում: Ինչո՞ւ է սա դառնում սկանդալ, երբ ԵՄ պաշտոնյան է խոսում փոփոխությունների անհրաժեշտությունից: Երբ նա է բարձրացնում ընտրական ինստիտուտների արժանահավատության խնդիրը: Նույն ԵՄ-ի, որի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում փոփոխվեցին ընտրության տեխնիկական միջոցները: Ստացվում է՝ աջակցեցիք, փողը տվեցիք, շնորհակալ ենք, մնացածը մեր ներքին գործն է, մենք ինքնիշխան երկիր ենք, կուզենք՝ մեր ընտրողի ձայնը կգնենք, կուզենք՝ կթողնենք ձրի քվեարկի՞: Սա է արժանահավատության հայկական ընկալումը: Իշխանական՝ այո, իսկ հասարակակա՞ն: Փաստորեն՝ նաև հասարակական: Հասարակության մաս են և՛ իշխանությունները, և՛ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները, և՛ մեծ ու փոքր գործարարները՝ իրենց մանկլավիկներով: ՈՒ սա բարոյական ճգնաժամ է: Ոչ միայն բարոյական, համակարգային ճգնաժամ է:

Եվ այնքան երկար ու այնքան խոր է այդ ճգնաժամը, որ դադարել ենք գիտակցել՝ համարում ենք գոյության բնական միջավայր: Ի վերջո, զարմանալին ոչ այնքան այն էր, որ այդ ամենի մասին խոսեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, որքան նրա խոսքի ծայրահեղ գնահատականները: Իշխանականները ստանդարտ էին՝ հավուր պատշաճի հնչող նույն դեմագոգիան ու սոփեստությունը, որն առաջին բառից անգիր գիտես ինչով է ավարտվելու: Այդ գործում ինքն իրեն գերազանցեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, հատկապես երբ ընտրությունների արժանահավատության հաստատման ապացույց նշեց Սահմանադրական դատարանի վճիռը: ԵՄ անդամ որևէ երկրում եթե որևէ Սահմանադրական դատարան կայացներ այն վճիռները, ինչ տասնամյակներով կայացնում է Հայաստանի ՍԴ-ն, հաջորդ օրը ամբողջ կազմով հարկադրված կլիներ հրաժարական տալ, կամ կառույցը կկազմալուծվեր: ՈՒ դա էլ բոլորս գիտենք: Գագիկ Հարությունյանից սկսած:

Տարօրինակ էին տեսակետները, որ իրավիճակից վերացարկված՝ սկսեցին որակել ՀՀ-ԵՄ հարաբերությունները և նույնիսկ որոշեցին, որ ԵՄ-ը Հայաստանին դեղին քարտ է ցույց տալիս: Ճիշտ նույն տրամաբանությամբ, բայց հակառակ ծայրից գալով՝ որ Հայաստանը փորձում է հերթական անգամ ճողոպրել ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից: Պարզապես անլուրջ է Ռուսաստանի վրա մեղքը բարդել, որովհետև Բրյուսելը հաստատ նախապես Մոսկվայի հետ հարցը պարզած կլինի: Համադրել բոլոր գնահատականները ու որևէ եզրակացություն անելն անհնար է: Անհնար է տրամաբանական եզրակացության հանգել, տեսակետների ներհակ բազմազանությունը ստիպում է արձանագրել՝ Հայաստանում չի կայացել ոչ միայն քաղաքական ու տնտեսական ինքնիշխանությունը, այլև մտածողության: Չկա անկախ փորձագիտական գնահատական՝ այս դաշտն էլ բաժանված է պետությունների ու շահերի միջև, և միակ «անտեր» ու «անշահ» պետությունը մնացել է Հայաստանի Հանրապետությունը: ՈՒ հաստատ Պյոտր Սվիտալսկին մեղավոր չէ այդ հարցում: «Հայերը գենետիկորեն ուզում են ազատություն ու բավականին քաջ են` պայքարելու իրենց ազատության համար։ Ես լավատես եմ Հայաստանի ապագայի հարցում: Ժողովրդավարությունն այստեղ հասունանալու է, և Հայաստանն ունենալու է արդյունավետ գործող ընտրական համակարգ». ի՞նչ էր մտածում Պյոտր Սվիտալսկին, երբ ասում էր այս բառերը: Չգիտեմ, երևի իր երկրի փորձը նկատի ուներ: Կամ՝ պարզապես այն կառույցում, որը նա ներկայացնում է, լավատեսությունը տրենդ է, որին դավաճանելը դեմ է քաղաքականության հիմնարար սկզբունքներին:


Իսկ այն երկրում, որտեղ ապրում ենք մենք, տրենդ է խոսքի ու գործի պարտադիր հակասությունը: Վերջին ապացույցը տվեց «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի այցը: Էդուարդ Շարմազանովին դեռ մեջբերում էին Հայաստանի ինքնիշխանության մասին, բայց եկավ Միլլերը, ու ինքնիշխանությունը վերածվեց «համագործակցության», «հայ-ռուսական միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացման և ամրապնդման»: Եկավ Միլլերն ու պատմեց Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման գործում «Գազպրոմի» ունեցած ներդրումի ու զարգացման ծրագրերի մասին: Մենք հիմա աննկարագրելի երջանիկ ենք, որ «Գազպրոմ Արմենիան» Հայաստանի ներքին շուկայում բնական գազի մատակարարման և բաշխման բացարձակ մենաշնորհ ունի: Օրենսդրորեն ամրակայված: 2013-ին Հովիկ Աբրահամյանի գերակտիվությամբ վավերացված պայմանագրով «մինչև 2043-ի դեկտեմբերի 31-ը հայկական կողմը երաշխավորում է, որ չի ընդունի որևէ օրենք, հրամանագիր կամ իրավական որևէ ակտ, որը ոտնահարում է «Գազպրոմի» իրավունքներն ու շահերը»: Համաձայնագիրն ամենաթույլ խոչընդոտն է, որ Հայաստանը այլընտրանք գտնի ռուսական հույժ քաղաքական կիրառություն ունեցող գազին: Միլլերը եկավ Հայաստան, որ փակի հայ-իրանական «գազային» հարաբերություններն ու ԱՄՆ-ի էներգետիկ ներդրումները: Եվ սա այն «համագործակցությունն» է, որ ժխտում է Էդուարդ Շարմազանովի տեսական դատողությունները: Դա կախվածություն չէ միայն էներգետիկայի ասպարեզում, քաղաքականություն է ու բիզնես, որը Հայաստանին վերապահել է ռուսական հետամնաց տնտեսության ծայրամասային շուկայի դեր ու տեղ: Միլսը առաջարկում է նոր տեխնոլոգիաներ ու իսկապես ինքնիշխանություն, Միլլերը՝ մնալ իշխանության ու ամեն ինչ թողնել անփոփոխ: Միլսի առաջարկը վերաբերում է պետությանը, Միլլերինը՝ անձերին: Բառի բուն իմաստով՝ անձերին: Սերժ Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին: Փոփոխությունների դրայվն ու նոր ոգին, բարեփոխումների տրամաբանությունը մտնում են փակուղի: Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք ստորագրված Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման համաձայնագրից (ապշեցուցիչ պայմաններով՝ լրիվ անվճար), Ռոբերտ Քոչարյանի օրոք ստորագրված «Գույք` պարտքի դիմաց» համաձայնագրից (նույնքան ապշեցուցիչ, երբ ոչ մի կետը չկատարվեց) մինչև Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ԵԱՏՄ-ի անդամակցության համաձայնագիրը Ռուսաստանն արդեն սեփականել է Հայաստանում անշարժ ու անգամ «շարժական գույքը»՝ աշխատանքային միգրանտների տեսքով: Ի՞նչ է մնացել Կարեն Կարապետյանին: Սոսկ «համագործակցել»: Կարո՞ղ էր փակ շրջանակից դուրս գալ: Պարտավոր էր՝ իբրև ինքնիշխան Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ իր գործունեության հիմքում դնելով իր պետության շահը: Դեյուրե՝ այո, դեֆակտո՝ ոչ: Առավել ևս, որ Միլլերի հետ նրան կապում է աշխատանքային գործունեությունը Հայաստանում, որի ժամանակ «Գազպրոմը» հաջողությամբ փակեց տնտեսական զարգացման հեռանկարները՝ գազի սակագնով ու օդից գոյացած պարտքերով, որի դիմաց սեփականեց Իրան-Հայաստան գազամուղի վերջին 40 մետր խողովակաշարը: Եթե անգամ գազը Հայաստանին մատակարարվում է ցածր գնով, սահմանին թանկանում է կրկնակի: Հոդաբաշխ բացատրություն չկա: Կա անհոդաբաշխ իրականություն: Տրենդը նույնն է՝ Կարեն Կարապետյանը, իբրև վարչապետ, ի վիճակի չէ անելու որևէ քայլ, որ դուրս կգա ռուս-հայկական ռազմավարական համագործակցության ռուսական ընկալումից: Ի՞նչ տարբերություն գործող նախագահի ու գործող վարչապետի միջև: Հայաստանի համար ու Ռուսաստանի տեսակետից:


Ռուսաստանում դարասկզբից խոսում են, որ տնտեսության կառուցվածքը պետք է դիվերսիֆիկացվի, ռիսկային է ապավինել էներգակիրների վաճառքի հաշվին տնտեսություն պահելուն ու ապրելուն: Միայն խոսում են: Նավթի ու գազի գնանկման, Արևմուտքի տնտեսական պատժամիջոցների ստիպմամբ անգամ ռուսական տնտեսության դիվերսիֆիկացման քայլեր չեղան, խորհրդային տեխնոլոգիաներով մրցունակ արտադրանքը միֆ է, որին շատ հարբած մարդն էլ չի հավատա: Վերստին հույսը զենքի վաճառքն է, նավթն ու գազը: Ռուսաստանում: Աշխարհը որոնում է էներգետիկ այլընտրանք, իսկ ՌԴ նախագահը ստորագրում է ՌԴ տնտեսական անվտանգության ռազմավարությունը, վավերացնելով, որ կանաչ տեխնոլոգիաների զարգացումն ու միջազգային էներգետիկ շուկայում կառուցվածքի փոփոխությունը դիտվում են ՌԴ տնտեսական սպառնալիք: Այսինքն՝ այն, ինչ Միլսն առաջարկում է Հայաստանին, սպառնալիք է ՌԴ տնտեսությանը: ԱՄՆ-ի դեսպանը Հայաստանի այլընտրանքային էներգետիկայի ոլորտում 8 միլիարդ դոլար ներդրումների հարցով բանակցում է վարչապետի հետ: Դա էլ սպառնալիք է Կարեն Կարապետյանի վարչապետական անվտանգությանը: ՈՒ ոչ միայն նրա: Տրամաբանորեն՝ Միլսի առաջարկից հետո նրան պիտի տասնյակ նախագծեր ներկայացվեին՝ օր առաջ ներդրումները ստանալու, էներգետիկ դիվերսիֆիկացիայի, տնտեսության զարգացման, աշխատատեղերի ստեղծման հեռանկարով: Եղե՞լ է: Եթե այո, ռազմավարական գաղտնիք է, որ չի հրապարակվել: Ասելիք չկա, անելիք՝ առավել ևս: Քանի Միլլերը գալիս-գնում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. ՀՀ կառավարությունը իր ծրագիրն է ներկայացնում ԱԺ: 2013-ի մարտին նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության առաջ պահանջ դրեց. «ՀՀ այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով՝ սա վերաբերում է 2013-ին, 2014-ին, 2015-ին, 2016-ին, 2017-ին, չապահովի 7 % տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»: Վարչապետներն ու կառավարությունները փոխվում են, տնտեսական աճի 7 % չկա: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013- 2016-ին տարեկան միջին աճը 2,5 % է եղել։ 2017-ին 2,5-ից 7 %-ի թռիչքի նախադրյալներ նույնիսկ Միլլերը չի տա: ՈՒ՝ ի՞նչ: Ոչինչ: ԱԺ-ն ծրագիրը կընդունի, ու Կարեն Կարապետյանը կաշխատի մնացած մի քանի ամիսը՝ նույն շրջագծում ու նույն տրենդով: Մեղավո՞ր են Պյոտր Սվիտալսկին ու Ռիչարդ Միլսը, որ Ալեքսեյ Միլլերը Հայաստան է գալիս՝ ասես Ռուսաստանից դուրս չի եկել: Սա այն եռանկյունին է, որն անկյուններ չունի, փոխարենը տալիս է իշխանություն: Իսկ Ադրբեջանը ԵՄ-ի հետ բանակցում է նոր համաձայնագրի շուրջ, նախորդը չստորագրվեց, երբ Բրյուսելը հրաժարվեց ամրագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության դրույթը: Նաև՝ չհրապուրվեց Բաքվի նավթ ու գազով:

Դիտվել է՝ 3111

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ