Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Քրդական հարցին Հայաստանն առավելագույն ուշադրություն պետք է դարձնի»

«Քրդական հարցին Հայաստանն առավելագույն ուշադրություն պետք է դարձնի»
20.06.2017 | 01:47

2017 թ. հունիսի 7-ին Իրաքյան Քրդստանի ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին հանդիպել է քրդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, և հանդիպման ընթացքում որոշվել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի օրը՝ սեպտեմբերի 25: Նոյեմբերի 6-ին էլ տեղի կունենան խորհրդարանական և նախագահական ընտրությունները:
Թուրք-քրդական հակամարտությունների հարցերի փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ հատկանշական է համարում այն փաստը, որ հանրաքվեի մասին հայտարարությունից հետո առաջին արձագանքը եկել է ոչ թե Իրաքի կենտրոնական իշխանությունից, այլ Թուրքիայից: Թուրքիան սա ընդունել է շատ ցավագին, Իրաքյան Քրդստանի (ԻՔ) կառավարությանը մեղադրել է Իրաքի սահմանադրությունը խախտելու մեջ: Սա այն դեպքում, երբ Իրաքյան Քրդստանի կառավարության ղեկավար կազմին, հատկապես Մասուդ Բարզանիին ընդունում էին ամենաբարձր մակարդակով: Ըստ մեր զրուցակցի՝ Թուրքիան բավականին ցավագին է ընդունում այս փաստը երկու հիմնավոր պատճառներով. 1. Իրաքյան Քրդստանի անկախացումից հետո Թուրքիան կզրկվի իրաքյան նավթի ներկրումից անմիջապես Իրաքից, որը, ի դեպ, բավականին էժան կարողանում է ձեռք բերել շնորհիվ սև շուկայի առկայության: 2. Իրաքյան Քրդստանի անկախացումից հետո, որը կունենա պարզապես Քրդստան անվանումը, ռեալ վտանգ է սպառնում Թուրքիայի հարավարևելյան, հատկապես սահմանակից քրդաբնակ նահանգներին՝ դրանք կորցնելու առումով: Եթե մինչև հիմա Իրաքյան Քրդստանին սահմանակից նահանգները չունեին ԻՔ-ի կառավարության աջակցությունը, ապա արդեն այսօր ԻՔ-ը պարզապես չի խոչընդոտում իր տարածքով Թուրքիայի քրդերի անցուդարձին: Իրաքյան Քրդստանի անկախացումը կնպաստի Թուրքիայի քրդաբնակ սահմանային նահանգների անջատողական ռազմական գործողությունների սրմանը:


«Սիրիայի դեպքում հարցը մի քիչ այլ է, այստեղ արդեն ձևավորվել է քրդական միավորում, և չեմ կարծում, թե այն էապես կազդի Սիրիայի քրդերի վրա, այլ հարց է, եթե հետագայում նրանք միավորվեն: Դա արդեն ցույց կտա ժամանակը: Իրանի դեպքում ընդհանրապես ոչ մի կերպ չի կարող ազդել Իրանի քրդերի վրա, քանի որ տարածաշրջանում, թերևս, Իրանն ունի ամենակայուն և հստակ քաղաքականություն քրդերի նկատմամբ, որից քրդերը, այսպես ասած, չեն բողոքում»,- ասում է Կարեն Հովհաննիսյանը:


Նա նաև կարծում է, որ Թուրքիան ամեն գնով կփորձի ապակայունացնել իրավիճակն Իրաքյան Քրդստանում. «Չմոռանանք, որ Թուրքիան ունի թույլտվություն Իրաքի կառավարությունից՝ հարվածներ հասցնելու Հյուսիսային Իրաքի, այն է՝ Իրաքյան Քրդստանի տարածքում գտնվող Քանդիլիի լեռներին, որտեղ գտնվում են Թուրքիայի համար գլխացավանք դարձած քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները: Այս ֆոնի վրա Թուրքիան ունի հնարավորություն «պատահաբար» հարվածներ հասցնելու նաև Իրաքյան Քրդստանի զինված ուժերին և ռազմական նշանակություն ունեցող այլ կարևորագույն օբյեկտների: Չեմ կարծում, որ Իրանը դեմ կլինի տարածաշրջանում նոր պետության ի հայտ գալուն, ի դեմս Քրդստանի, գոնե նրա համար, որ դրան դեմ է ԱՄՆ-ը, իսկ այն, որ կարող է Քրդստանն Իրանի համար վտանգ ներկայացնել, այնքան էլ այդպես չէ: Սիրիայի դեպքում, ինչպես արդեն նշեցի, հենց Սիրիայի տարածքում ձևավորված է քրդական միավորում»:


Հայաստանը պե՞տք է ունենա որոշակի քաղաքականություն կամ ծրագիր քրդական հարցի վերաբերյալ: Ընդհանրապես, ո՞րը պետք է լինի մեր վերաբերմունքը։ Կարեն Հովհաննիսյանը նշում է, որ Իրաքյան Քրդստանը, որպես քրդական շրջան, ձևավորվել է դեռևս 1970-ին, իսկ ահա 2005-ին այն դարձել է ինքնավար շրջան Իրաքի կազմում. «Հայաստանն ունի որոշակի հարաբերություններ Իրաքյան Քրդստանի կամ, ինչպես քրդերն են անվանում, Հարավային Քրդստանի հետ: Կարծում եմ` Հայաստանի դիրքորոշումն այս հարցում պարզապես չպետք է համընկնի Թուրքիայի դիրքորոշման հետ: Իսկ ընդհանրապես, քրդական հարցին մենք առավելագույն ուշադրություն պետք է դարձնենք: Սարերի հետևում չէ այն օրը, երբ մենք կարող ենք կանգնել սահմանակից Քրդստան պետությունը որպես հարևան ունենալու հարցի առջև: Այստեղ իսկապես մենք կունենանք խնդիրներ, դրա համար հարկավոր է մշակել որոշակի ռազմավարություն՝ իրադարձությունների նման զարգացման ընթացքի դեպքում Հայաստանի դերակատարության, պահանջատիրության վերաբերյալ»:


Ինչպես հայտնի է, քրդերը չեն թաքցնում մեր պատմական հայրենիքի տարածքում Քրդստան ստեղծելու իրենց մտադրությունը: «Թուրքիայի ներկայիս տարածքի հարավարևելյան շրջանները՝ Իրաքին և Սիրիային սահմանակից, շատ ավելի մոտ են քրդական ինքնավար միավորումներ ստեղծելուն, քան արևելյան՝ Իրանի և Հայաստանի հետ սահմանակից շրջաններում: Հատուկ պետք է նշեմ, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանակից նահանգները բնակեցրել է ադրբեջանցիներով, այստեղից հեռացնելով քրդերին, որոնց նա համարում է պոտենցիալ դաշնակից հայերի հետ: Թե որքան է իրատեսական արևելյան շրջաններում Քրդստանի սահմաններին հասնելը, մի քիչ դժվարանում եմ ասել, քանի որ այստեղ իրավիճակն այլ է, եթե, իհարկե, չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ, ինչպիսիք եղան 2016-ի գարնանը, երբ PKK-ի մի քանի պայթեցումներից հետո գրեթե դատարկվեցին Իգդիրն ու Կարսը ադրբեջանցիներից: Ինչպես արդեն նշեցի, Հայաստանը պետք է մշակի հստակ ռազմավարություն, որ անհրաժեշտության դեպքում կարողանա ճիշտ օգտվել իրավիճակից»,- եզրահանգեց Կարեն Հովհաննիսյանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2828

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ