«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Արդյունաբերությունը սկսվում է շուկայից

Արդյունաբերությունը սկսվում է շուկայից
20.06.2017 | 02:03

«Արդյունաբերությունը սկսվում է շուկայից» միտքը ծագեց իմ ուղեղում, երբ «Հեռանկարի» հյուրն էի և պատասխանում էի լրագրող Արամ Աբրահամյանի հարցերին՝ Երևանի ավագանու ընտրությունների առիթով կազմակերպված քարոզարշավի շրջանակում:
Արդյունաբերությունը, անշուշտ, պետք է սկսվի շուկայից: Իրողություն, որը պարզ ճշմարտություն է, և որի իմաստը պետք է հասկանալի լինի Հայաստանի քաղաքական ու տնտեսական գործիչներին, բնականաբար նաև նրանց, ովքեր անցումային տարիների այս դժվարին ժամանակահատվածում իրենց վրա են վերցրել երկրի ու հայ ժողովրդի ճակատագիրը տնօրինելու մեղքը, պատասխանատվությունն ու պատիվը:


Իմաստային առումով այն նման է Ստանիսլավսկու «Թատրոնը սկսվում է հանդերձարանից» հայտնի արտահայտությանը, դրա բառափոխված տարբերակն է: Ստանիսլավսկին պնդում էր, որ թատրոնում մանրուքներ լինել չեն կարող, այնտեղ ամեն ինչ պետք է լինի կատարյալ:
Արդյունաբերության ու տնտեսության հարցերում, առավել ևս, մանրուքներ լինել չեն կարող, այստեղ, թերևս, ամեն ինչ շատ կարևոր է, ու առաջնայինը շուկան է, մանավանդ երբ խոսքը ժամանակակից շուկայական հարաբերությունների մասին է: Այս պայմաններում տնտեսական հաջողությունների հասնելու համար ամենակարևոր գործոնը, հիմնական շարժիչ ուժը, իհարկե, շուկան է, կարևոր է, թե ինչպես է այն կազմակերպված ու որքանով է ծառայում տվյալ երկրի տնտեսական շահերին:


-Ձեր կարծիքով, ո՞րն է Երևանի ամենակարևոր խնդիրը,- Արամ Աբրահամյանի հարցին կարծրատիպի աստիճանի հասած պատասխան տվեցի.
-Մեր քաղաքի համար ամենակարևորը աշխատատեղերի խնդիրն է, աշխատատեղեր՝ 18-25 տարեկան երիտասարդների համար, երկրորդ ամենակարևոր խնդիրը՝ աշխատատեղեր 25-30 տարեկան երիտասարդների համար և այսպես շարունակ՝ մինչև պրոֆեսիոնալ ու փորձառու մասնագետների համար համապատասխան աշխատատեղերի խնդիրների լուծումը:
-Ի՞նչ կապ ունի Երևանի քաղաքապետը աշխատատեղերի հետ, ինչպե՞ս նա կարող է լուծել աշխատատեղերի խնդիրը, եթե գործարանները քաղաքապետարանին չեն պատկանում:
Իհարկե, պրոֆեսիոնալ լրագրողը կարող է նաև չիմանալ այն խոր կապի մասին, որը գոյություն ունի աշխատատեղերի հետ ասոցացվող գործարանների, ֆաբրիկաների, գիտական հիմնարկների ու սպասարկման տարատեսակ օբյեկտների և մայրաքաղաքի տնտեսության միջև: Ճիշտ է, աշխատատեղեր ապահովող այդ օբյեկտները քաղաքապետարանին չեն պատկանում, բայց Երևանի քաղաքապետի տրամադրության տակ է գտնվում Հայաստանի ամենամեծ շուկան՝ ի դեմս Երևանի քաղաքային տնտեսության, որի ապրանքային կարիքները (պահանջարկը) բավարարելու համար կարող են աշխատել Հայաստանի բոլոր ձեռնարկությունները: Առայժմ մեր իրողությունն այսպիսին է. Երևանի քաղաքային տնտեսության կարիքները հիմնականում բավարարվում են արտասահմանյան ձեռնարկությունների միջոցով:
Պետք է ընդունել, որ Հայաստանի տնտեսության համար Երևանի քաղաքային տնտեսությունը հիմնական շուկան է. շուկա արդյունաբերական բազմաթիվ ապրանքների համար՝ սկսած փողոցային լուսավորության համար նախատեսված լամպերից, մալուխներից, նստարաններից, ավտոկանգառներից, կոյուղու խողովակներից, այգիների համար նախատեսված տնկիներից, փողոցներին հատուկ շուք տվող պլաստմասսայե «թիթեռնիկներից», աշխարհի ամենաբարձր ամանորյա տոնածառերից, կարևոր միջոցառումների համար նախատեսված 10000-դրամանոց գնդիկավոր գրիչներից վերջացրած բնական գազով լցված տոնական փուչիկներով, որոնք, ցավոք, Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնական միջոցառման ամենաթեժ պահին տեղի տվեցին, չկարողացան պահպանել իրենց փքված վիճակը, պայթեցին՝ այրվածքներ պատճառելով հարյուրից ավելի պատանիների ու աղջիկների: Փուչիկների պատմությունը մեր մայրաքաղաքային կյանքի բազում անհեթեթությունների գլուխգործոցն էր, որը ցույց տվեց մեր պաշտոնատար անձանց հանցավոր անտարբերությունն ամեն ինչի նկատմամբ: Նման հարցերում քաղաքապետը միանձնյա է որոշում, թե քաղաքային տնտեսության համար որ երկրի, որ ֆիրմայի արտադրանքն է պետք գնել ու ինչ գներով:


Մեր ճանաչված լրագրող Արամ Աբրահամյանն այս ամենը պետք է, որ լավ իմանար, բայց պարզվեց, որ չգիտեր ու իր միամիտ հարցադրումներով ի ցույց դրեց, ջրի երես հանեց մեր երկրի ամենացավոտ հարցերից ևս մեկը. բավական չէ, որ մեր երկիրը չունի զարգացման ռազմավարական ծրագիր, որևէ խելամիտ տնտեսական քաղաքականություն, չունի արդյունաբերական քաղաքականություն, չունի ժամանակակից տեխնիկական քաղաքականություն, մեր արդյունաբերության ու ընդհանուր տնտեսության կազմակերպման հարցերում խորիմաստ դատողություններ են անում ու համապատասխան կարծիք, հայեցակարգ կամ այլ մոտեցում են ձևավորում ոչ թե պրոֆեսիոնալ մասնագետները, այլ այդ բնագավառներից հեռու կանգնած, տարբեր ոլորտների մասին մոտավոր ու մակերեսային պատկերացումներ ունեցող լրագրողները, սոցիոլոգներն ու հումանիտար ոլորտի մյուս հայտնի ու անհայտ գործիչները: Նրանց արած դատողությունների ու ըմբռնումների հիման վրա էլ ձևավորվում են այն մոտեցումներն ու պրիմիտիվ կոնցեպտները, որոնք թևածում են հայկական իշխանական շրջանակներում ու ժամանակ առ ժամանակ հնչեցվում հանրապետության նախագահների, մեկը մյուսին փոխարինող վարչապետների, երկրի խնդիրներից անտեղյակ ու անհոգ նախարարների, քաղաքապետների և պետության տնտեսական ու արդյունաբերական քաղաքականությունը որոշող մյուս գործիչների շուրթերից: Մեր երկրի պրոֆեսիոնալ մասնագետներն առայժմ հեռու են պահվում երկրի տնտեսական ու տեխնիկական քաղաքականությունը մշակելու-վարելու գործերից, նրանց կարիքը մեր երկրում դեռևս չի զգացվում, որովհետև 25 տարի շարունակ մեր իշխանությունները որդեգրել են տնայնավարության, շուկայական հարաբերությունների հետ ոչ մի առնչություն չունեցող այնպիսի քաղաքականություն, որը համահունչ է մարդկությանը հայտնի սկզբունքի հետ. ձի տալ, էշ առնել:
Եթե մեր իշխանություններն առաջիկայում ևս հավատարիմ մնան իրենց որդեգրած քաղաքականությանը, տնտեսության կազմակերպման հարցերում մեր երկրի վզին փաթաթեն իրենց մակերեսային պատկերացումներն ու անգրագիտության սահմանները հատող դատողությունները, ապա մենք հաստատուն քայլերով կշարունակենք մեր հետընթացը՝ օրեցօր կորցնելով մեր տնտեսական, արդյունաբերական ու գիտական պոտենցիալը: Ժամանակակից արդյունաբերություն կազմակերպելու բարդագույն խնդիրները լուծելու պատիվը պետք է վերապահվի միայն ու միայն պրոֆեսիոնալ մասնագետներին, նրանց, ովքեր հստակ ձևով պատկերացնում են գիտության ու նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված ժամանակակից արդյունաբերություն կազմակերպելու հիմնախնդիրները:
Ստորև ես բաց կթողնեմ Հայաստանի տնտեսության զարգացման հարցերում Երևանի քաղաքապետարանի ունեցած դերի վերաբերյալ քննարկումները, այստեղ ամեն ինչ պարզ է ու հասկանալի, ամեն ինչ կազմակերպված է հետխորհրդային «ատկատային» էկոնոմիկայի կանոններին համապատասխան և ուրիշ ոչինչ, այլ կերպ լինել չէր էլ կարող, ամեն ինչ գալիս է իշխող վերնախավերի շահերը ապահովելու հրամայականից ու տրամաբանությունից:
Բոլոր ժամանակներում ու աշխարհի բոլոր երկրներում տնտեսության կազմակերպման հարցերում գործել ու գործում է մեկ հիմնական գաղափար` ապահովել զարգացման կամ շահութաբերության բարձր տեմպերը: Դա ապահովել է երկրների դինամիկ զարգացումն ու անվտանգությունը:

Այդ ու միայն այդ նպատակներն իրագործելու համար է, որ հասարակությունների մեջ տեղի են ունեցել ու շարունակում են տեղի ունենալ այն խորքային պրոցեսները, որոնք անխուսափելիորեն հանգեցում են հասարակական հարաբերությունների արմատական փոփոխությունների (հասարակական-տնտեսական ֆորմացիաների առաջացման), հեղափոխությունների, ռեֆորմների ու պատերազմների: Պատերազմներն առաջանում են որոշակի քաղաքական ու տնտեսական շահերի սպասարկման, շուկաներին ու ռեսուրսներին տիրապետելու համար, ներկայումս ընթանում է առևտրային դաժան համաշխարհային պատերազմը: Պատերազմ՝ էներգետիկ ռեսուրսներին ու արտահանման հիմնական շուկաներին տիրելու համար: Եվ վա՜յ թույլերին ու անբաններին, վա՜յ այն երկրներին, որոնց իշխանավորները զբաղված են սեփական երկրների թալանով, դրանք մեր ժամանակների մեռել պլոկող կողոպտիչներ են:


Մեր օրերում առևտրային պատերազմները դարձել են տնտեսությունների զարգացման կարևոր գործոններից, դրանք առայժմ կրում են քողարկված խաղաղ բնույթ, բայց միտում ունեն ոչ միայն զարգանալու, այլև, ապագայում, վերածվելու մասշտաբային զինված հակամարտությունների: Իրողություն, որը, ի վերջո, կվերածվի համաշխարհային պատերազմի՝ միջուկային զենքի կիրառմամբ… Առավել քան համոզված եմ: Ընդամենը ժամանակի խնդիր է:
Այս ամենն անմիջականորեն առնչվում է համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցած գլոբալիզացիայի գործընթացին, վկայում է ռեսուրսների ու սպառման շուկաների խիստ փոխկապվածության մասին:


Նշենք, որ բոլոր երկրների տնտեսությունների համար գոյություն ունի ռեսուրսների ձեռքբերման և արտադրանքի իրացման շուկաների խնդիրները լուծելու հիմնական ճանապարհ. տնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրում, որը կարելի է բնութագրել ընդհանրական հետևյալ բանաձևով` շուկաներին տիրապետում են նրանք, ովքեր տիրապետում են տեխնոլոգիաներին:
Հիշյալ բանաձևը, թերևս, ճիշտ ու կիրառելի է միայն այնպիսի դեպքերում, երբ շուկաների հարցերում պետությունների միջև ձեռք են բերվում որոշակի համաձայնություններ ու պայմանավորվածություններ: Առևտրային պատերազմի իրողություններից մեկն էլ այն է, որ անհրաժեշտ շուկաներին հնարավոր է տիրել նաև զոռով ու զոռբայությամբ, կաշառքով, պետությունները թուլացնելով, տնտեսական պատժամիջոցներ կիրառելով և զարտուղի այլ ճանապարհներով, որոնք հատուկ ու հասանելի են գերտերություններին ու մոնոպոլիստական կազմակերպություններին: Եթե շուկաներին տիրելու ճանապարհին նորագույն տեխնոլոգիաների գործոնին գումարում են նաև գերտերությունների իրականացրած քաղաքական, ֆինանսական ու ռազմական ճնշումները, ապա դժվար է լավատեսորեն պատկերացնել Հայաստանի տիպի թույլ երկրների վիճակը, հաշվարկել տնտեսական հաջողությունների հասնելու նրանց տնտեսական ու քաղաքական հեռանկարը:

(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի
ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 10449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ