Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պուտինի հեռախոսազանգից հետո Իրանը նախազգուշացրել է թուրքերին

Պուտինի հեռախոսազանգից հետո Իրանը նախազգուշացրել է թուրքերին
20.06.2017 | 02:10

(սկիզբը՝ այստեղ)

Խոսելով խաղաղության ու կայունության ամրապնդման, մասնավորապես Սիրիայում, ահաբեկչության դեմ պայքարի նպատակով Մոսկվայի և Թեհրանի համագործակցության մասին` ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանը պաշտպանում է Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի եռակողմ գործակցությունը Սիրիայում զինադադարի ռեժիմի պահպանման համար: «Որոշ երկրների, մասնավորապես ամերիկյան նոր վարչակազմի և Սաուդյան Արաբիայի առանձին գործողություններ տանում են նրան, որ իրավիճակը տարածաշրջանում բարդանում է: Բոլոր պետությունները պետք է համախմբեն ջանքերը ահաբեկչությանն իրական դիմակայություն ցուցաբերելու գործում»,- հավելել է Հ. Ռոհանին: Ռուսաստանի և Իրանի առաջնորդները հավաստել են նվիրվածությունը Աստանայի պայմանավորվածություններին և շարունակում են հետևել Սիրիայում ապաէսկալացման (ազատ) գոտիների ստեղծման հուշագրին: Ռոհանին բարձր գնահատական է տվել հակաահաբեկչական պայքարում և Սիրիայում զինադադարի պահպանման ուղղությամբ իրանա-ռուսա-թուրքական գործակցության հարցում Թեհրանի ու Մոսկվայի համագործակցությանը: Նա նաև իր երկրի վճռականությունն է հայտնել «շարունակելու և զարգացնելու այդ համագործակցությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման նպատակով»: «Սիրիայում տիրող իրադրությունը քննարկելիս ընդգծվել է այդ երկրում հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը նպաստելու ուղղությամբ համատեղ ջանքերը մեծացնելու կարևորությունը»,- հաղորդում է ՌԴ նախագահի աշխատակազմը: Պուտինը, իր հերթին, ասել է, որ Ռուսաստանը հավատարիմ է ՄԱԿ-ի հովանու ներքո ընդունված միջազգային համաձայնագրերին: Նա ասել է նաև, որ Սիրիայում մի շարք երկրների ագրեսիվ գործողությունները անհանգստություն են պատճառում Մոսկվային: Պուտինն ավելացրել է. «Մենք հերթական անգամ հայտարարել ենք, որ Իրանն ու Ռուսաստանը Սիրիայում են այդ երկրի օրինական կառավարության հրավերով և միջազգային իրավունքի շրջանակներում: Մենք կշարունակենք մեր ջանքերը տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգության ապահովման նպատակով»:


Եվ այսպես, Շամխանիի հետ բանակցություններից և անվտանգության հարցերի համար պատասխանատու պաշտոնատար անձանց առաջին միջպետական խորհրդակցությունում մտքերի փոխանակությունից ու կոնսուլտացիաներից հետո Պատրուշևը հաղորդեց այն ուղերձը, որով Զավիդովո էր եկել Իրանի ծովակալ Շամխանին: Եվ, դատելով ըստ ամենայնի, ուղերձում գնահատման հստակ շեշտադրումներ են արված եղել Սիրիայի հարցով ԱՄՆ-ի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի հետ Ռուսաստանի «կոնսուլտացիաների» առնչությամբ: Մի բան էլ կա, որը մեզ ստիպում է առանձնահատուկ ուշադրություն դարձնել 2017 թ. մայիսի 24-27-ի ժամանակահատվածին, և այդ «մի բանը» իր նրբերանգներն է ավելացնում Պուտինի ու Ռոհանիի հեռախոսազրույցի գնահատման գործում: Աշխարհի լրատվամիջոցներն արդեն հաղորդել են, որ Իրանի նախագահական ընտրությունների (մայիսի 19) նախօրեին, այսպես կոչված, «անհայտ ուժերը» Պակիստանի կողմից Իրանի վրա ահաբեկչական հարձակում ձեռնարկեցին, մարտական բախումների ընթացքում զոհեր և վիրավորներ եղան իրանական սահմանապահների, այսինքն, ԻՀՊԿ-ի զինծառայողների կողմից: Իսկ Զավիդովոյում Պատրուշև-Շամխանի բանակցություններից հետո իրանցիները երկօրյա, կարծես վաղուց ծրագրված և ավանդական «Բեյթ օլ-Մոկկադդաս 29» զորավարժություններն անցկացրին Սպահանի կենտրոնական նահանգում՝ ի պատիվ իրաքյան օկուպացումից Խորեմշեհրի ազատագրման 35-րդ տարեդարձի: Զորավարժությունների ընթացքում գործի դրվեցին իրանական բանակի ցամաքային զորքերի տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում՝ հետևակ, հրետանի, արագ արձագանքման ուժեր, անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռներ: Այդուամենայնիվ, այդ զորավարժություններն առանձնանում են: Նախ, որովհետև դրանց ավարտին հաջորդեց (մայիսի 27) մուսուլմանական Ռամադան սրբազան տոնը: Երկրորդ, որովհետև դրանց մասնակցում էին լեգենդար 65-րդ օդադեսանտային «Nohed» բրիգադի հատուկ նշանակության ընտիր ուժեր, ինչպես նաև ռազմաօդային ուժերի կործանիչներ:

«Nohed» բրիգադի զինվորականները նախորդ տարիներին մի քանի անգամ հիշատակվել են Իրանի և Սիրիայի լրատվամիջոցներում, երբ խոսվում էր իրանական ռազմական խորհրդականների՝ Իրաք և Սիրիա գալու մասին, ինչպես նաև, երբ հաղորդվում էր Իրաքում և Սիրիայում ավազակային միավորումների զանգվածային ոչնչացումների, օրինակ, 2014 թ. աշնանը ԻՊ-ի զինյալներից Տիկրիտի ազատագրման մասին:


Բայց կա նաև երրորդը: Ի դեպ, պատահական չէ, որ Պուտինը որոշել էր Ռոհանիին զանգահարել հենց մայիսի 27-ին և ոչ թե 25-ին, երբ, տրամաբանորեն, Պատրուշևը պետք է Ռուսաստանի նախագահին ծանոթացներ Շամխանիի հետ իր բանակցությունների արդյունքներին: Հավանաբար, Պուտինը նախորդ շաբաթ օրը Ռոհանիին շնորհավորում էր ավելի շատ ոչ թե վերընտրվելու, այլ հենց Սուրբ Ռամադանն սկսվելու առթիվ: ՈՒրեմն, այդ օրը, այսինքն՝ մայիսի 27-ին, Մախաչկալայում և «Զոլոտոյ» գետածոցում (Աստրախան) Ռուսաստանը զորավարժություններ էր սկսել, որոնց մասնակցում էին Կասպյան նավատորմի 20-ից ավելի վերջրյա ռազմանավեր և մոտ 500 զինվորականներ: «Կասպյան նավատորմի ռազմանավերի անձնակազմերը անցկացնում են տարբեր ուղղվածությամբ ռազմանավային զորավարժություններ, որոնց ընթացքում հղկում են ռազմանավերը մարտի և արշավի նախապատրաստելու գործողություններ, սովորեցնում, թե ինչպես պետք է սպառազինություններն ու տեխնիկական միջոցները գործի դնել»,- ասել է հարավային զինվորական օկրուգի (ՀԶՕ) մամուլի ծառայության պետ Վադիմ Աստաֆևը:

Զորավարժությունների ծրագրով նախատեսված էր նաև ռազմանավերի հակաօդային պաշտպանության ստուգում, հղկվում էին օդային նպատակակետերի հայտնաբերման ու կալանման, ռազմանավերի զենիթահրետանային համալիրներից և հակաօդային պաշտպանության այլ միջոցներից հրաձգության նախապատրաստության նորմատիվները: Հնարավոր է, որ ժամանակի զուգադիպությունն այն առումով, որ իրանական «Բեյթ օլ-Մոկկադդաս» զորավարժությունների ավարտը զուգադիպում էր Կասպից ծովում ռուսական զորավարժությունների սկսվելուն, հենց զուգադիպություն էր, պատահականություն: Բայց ես հակված եմ այլ կերպ մտածելու, որովհետև հենց նույն օրը ռուսական ռազմատիեզերական ուժերը (ՌՏՈՒ) ոչնչացրին ԻՊ խմբավորման ավելի քան 120 զինյալների, որոնք ուղևորվում էին Ռաքքայից Պալմիրա (Թադմոր): Այս դրվագը մենք էլի առիթ կունենանք հիշելու, երբ ստիպված կլինենք խոսել քրդական գործոնի մասին: Ավաղ, քրդերից ոմանք նորից հավաստիացնում են, թե «ԱՄՆ-ն ու Իսրայելը իրենց կպաշտպանեն ամեն փորձանքից»: Դե, Աստված տա, որ մեկ-երկու քուրդ գործիչներ, որ գոյություն ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՊՀ անդամ այլ երկրներում, կարդան այս նյութը, միգուցե այդ դեպքում նրանք կհասկանան, որ Իրանն ու Ռուսաստանը ունեն անվտանգության հարցերին նվիրված համապարփակ համաձայնագրերի փաթեթ, որում տեղ են գտել նաև տարածաշրջանի քրդերի հետ կապված համալիր խնդիրները: Մայիսի 27-ին Ռաքքայի ու Պալմիրայի արանքում ԻՊ-ի զինյալների շարասյանը ռուսական ՌՏՈՒ-ի հասցրած հարվածը նախազգուշացում է նաև սիրիացի այն քրդերին, որոնք փորձում են տխրահռչակ «կոմպլեմենտարություն» խաղալ ԱՄՆ-Իսրայել և Իրան-Ռուսաստան դաշնազույգերի միջև:

Հապա պատկերացրեք. այս զույգերի միջև խուճապային անզորությամբ դես ու դեն է զարնվում մի ամբողջ Թուրքիա, իսկ այստեղ ցեղեր են, որ երբեք չեն ունեցել հստակ պետականություն ու հանկարծ մտքներով անցկացնում են հավասարակշռել...
Իհարկե, մենք հազիվ թե երբևէ ճիշտ իմանանք, թե ի վերջո ինչի են հանգել Պուտինն ու Ռոհանին, իսկ դրանից առաջ՝ Պատրուշևն ու Շամխանին, բայց անզեն աչքով էլ նկատելի է, որ քննարկումներում առանցքային են եղել ԱՄՆ-ի նախագահի այցերը Սաուդյան Արաբիա և Իսրայել, այդ այցերի ժամանակ Թրամփի արած հայտարարությունները, ստորագրած փաստաթղթերը և այլն: Աշխարհի արդեն բազմաթիվ անգլալեզու լրատվամիջոցներով տարածվում են «ուղերձներ»՝ այս կարգի խոսուն վերնագրերով. «Արաբական ՆԱՏՕ-ն ընդդեմ Իրանի» կամ «Մերձավորարևելյան «դաշնախումբն» ընդդեմ Իրանի» (խոսքը Իսրայելի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի մասին է՝ ԱՄՆ-ի «հովանու ներքո») և այլն, և այլն: Հայտնի է, որ ամերիկացիներն ու սիոնիստները ոչ միայն սպառնում են, այլև գործի են գցել հակաիրանական ակտիվ քայքայիչ գործողությունների մեխանիզմներ, իսկ այն, ինչ Պակիստանի կողմերից վրա հասավ Իրանի նախագահական ընտրությունների նախօրեին, բնականաբար, «առաջին փորձարկումն» էր: ԱՄՆ-ի 45-րդ նախագահի այցը Սաուդյան Արաբիա և Իսրայել, այցի աշխարհագրությունն ու աշխարհաքաղաքական ենթատեքստն ընդգծեցին Մերձավոր Արևելքում ուժային մի հստակ բևեռի ձևավորումը: Հիշատակված երեք պետությունների շահերը, նրանց հեռանկարային գնահատականներն ավելի ու ավելի են հանգում մեկ կետի. «ԻՊ-ը վատն է, բայց Իրանն ու տարածաշրջանի նրա դաշնակիցներն ավելի վատն են»: ԻՊ-ի լիակատար ոչնչացումից հետո, տեսանելի ապագայում նման արդյունքի թեականությամբ հանդերձ, տարածաշրջանում նոր իրավիճակ կառաջանա, հնարավոր չէ մեծ ճշգրտությամբ հաշվարկել այն: Բայց Վաշինգտոնում, Թել Ավիվում ու Էր-Ռիադում ներքին մի զգացողություն կա այն բանի, որ Թեհրանն այդ նոր իրավիճակից համատարած օգուտներ կստանա: Մինչդեռ ամերիկա-իսրայելա-սաուդյան դաշնախումբը կարող է ակնբախ կորուստներ կրել և հայտնվել ավելի լուրջ մարտահրավերների դեմ հանդիման:


Մերձավորարևելյան «դաշնախմբին», նախ և առաջ, անհանգստացնում է Իրաքի և Սիրիայի տարածքների ռազմական և քաղաքական վակուումի լեցունությունը, որտեղից «իսլամական պետությունը», ինչպես նաև սաուդամետ «Ալ Քաիդայի» սիրիական տարբերակները, արդեն քշվել են կամ անխուսափելիորեն կքշվեն: Իր վերջին բոլոր խոշոր պարտություններով հանդերձ, ԻՊ-ը չի կորցրել հարձակողական գործողությունների, առավել ևս՝ Իրաքի ու Սիրիայի լայն ռազմաճակատում տեղային հակահարվածներ հասցնելու ունակությունը: Խմբավորման վերահսկողության տակ է մնում սիրիական Հոմսի և Դեյր էզ-Զորի նահանգների մի ընդարձակ տարածք, անապատային տեղանքի մոտ 80 տոկոսը և Իրաքի Անբարի նահանգի մի քանի բնակավայր: Բաղդադի ու Դամասկոսի կառավարական ուժերի կողմից այդ վակուումը լցնելը ձեռնտու չէ ԱՄՆ-ին, Իսրայելին ու Սաուդյան Արաբիային՝ մի շարք պատճառներով: Դրանցից գլխավորը իրանամետ խմբավորումների դիրքերի ամրապնդումն է ԻՊ-ից հետ գրավված շրջաններում: Այստեղից՝ իրաքյան քրդերի «փեշմերգայի» ռազմականացված կազմավորումների բացահայտ հարձակումը շիական «Հաշդ ալ-Շաաբի» աշխարհազորի վրա, ամերիկյան կոալիցիայի վերջին «կանխիչ» հարվածը Սիրիայի կառավարամետ ուժերի շարասյանը՝ սիրիական Աթ-Թանֆայից (Հոմսի նահանգ) հյուսիս-արևմուտք:


Ռաքքայից դեպի Պալմիրա ԻՊ-ի զինյալներին բաց թողնելու ակտը ցույց տվեց, որ ցավոք, ոչ միայն Բարզանիի կլանն է Իրաքում պահպանում հավատարմությունը ԱՄՆ-Իսրայելին, սիրիացի քրդերի մեջ ևս կան ուրացողներ ու դավաճաններ: Ահա թե ինչ է տեղի ունեցել մայիսի 27-ին՝ Ռաքքայի և Պալմիրայի արանքում. իսլամական զինյալները ցանկացել են դուրս պրծնել շրջապատումից և հասնել Պալմիրա: Ինչպես հայտնի է դարձել Իրանի և Ռուսաստանի հետախուզությանը, ահաբեկիչներին որոշել են բաց թողնել «Սիրիական ժողովրդավարական ուժերի» կազմի մեջ մտնող քրդերի ջոկատները: Այսինքն, այն նույն ուժերի, որոնց հովանավորում և օգնում են ԱՄՆ-ը, Իսրայելը և Մեծ Բրիտանիան: Ռուս զինվորականները տարածքը վերցրել են ուժեղ հսկողության տակ: Երբ խոշոր տրամաչափի գնդացիրներով զինված պիկապներով զինյալների զորասյունը հայտնաբերվել է, նրան ավիահարված է հասցվել, ինչի հետևանքով այն լիովին ոչնչացվել է: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, Ռաքքայի շրջանից ահաբեկիչների զորասյան ելքը հնարավոր է դարձել «Սիրիական ժողովրդավարական ուժերի» կազմի մեջ մտնող քրդական ջոկատների հրամանատարության և այդ շրջանում գործող ԻՊ խմբավորումների առաջնորդների միջև պայմանավորվածության շնորհիվ: Այդ պայմանավորվածության համաձայն, զինյալներն ստացել են ապահով ելքի, այսպես կոչված, «հարավային միջանցքը»: Ինչպես հաղորդել է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, իրադրության ուսումնասիրման նպատակով ակտիվացվել են հետախուզության բոլոր տեսակները: Ահաբեկիչների ելքի հնարավոր երթուղիներում օրնիբուն աշխատում են ռուսական անօդաչու թռչող սարքերը: ԻՊ զինյալների խմբերի ոչնչացման համար այդ շրջանում ներգրավվել են Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռներ, ուղղաթիռներ և հատուկ նշանակության ստորաբաժանումներ: Իսկ եթե ես այդ ամերիկամետ «Սիրիական ժողովրդավարական ուժերի» կազմի մեջ մտնող սիրիացի քրդերի տեղը լինեի, հիմա լրջորեն կմտորեի այն մասին, թե ինչ կլինի, երբ իրանական 65-րդ օդադեսանտային բրիգադի ¥«Nohed») այս կամ այն ստորաբաժանումն ու միավորումը Սպահանում անցկացված վարժանքներից հետո վերադառնա Սիրիա և տեղակայվի Ռաքքայի շրջանում:


Մի խոսքով, ինձ թվում է, որ արդեն հասունացել է մի այսպիսի թեմա. «Իրանն ու շրջանի քրդերը»: Երևի շուտով փորձեմ լուսաբանել այն: Խոստանում եմ շատ հետաքրքիր փաստեր ու իրադարձություններ մեջտեղ հանել:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2904

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ