«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Այլ տարբերա՞կ, խնդրեմ, չզբաղվել գյուղատնտեսությամբ

Այլ տարբերա՞կ, խնդրեմ, չզբաղվել գյուղատնտեսությամբ
20.06.2017 | 08:56

Գյուղնախարարության պաշտոնական կայքում հունիսի 12-ի կարկտահարության մասին որևէ տեղեկություն չկա: Տեղադրվել է միայն հունիսի 15-ին Արմավիրի մարզ գյուղնախարար Իգնատի Առաքելյանի կատարած աշխատանքային այցի մասին տեղեկություն, ըստ որի նա հանդիպել է ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ, այնուհետև մասնակցել տնկարանի բացմանը, ներկա է գտնվել ապագայի մի շարք ծրագրերի քննարկմանը:

Իսկ գյուղացիների հետ հանդիպման մասին՝ ոչ մի տեղեկություն: Այն դեպքում, երբ հունիսի 12-ի կարկտահարությունից վերոհիշյալ մարզի 8 համայնք մեծ վնասներ է կրել: Փոխարենը գյուղացիների հետ հանդիպել է փոխնախարար Աշոտ Հարությունյանը, որոշվել է տեղերում ստեղծել համայնքային հանձնաժողովներ, որոնց հանձնարարվել է սեղմ ժամկետներում ակտերը ներկայացնել մարզպետարան, որն էլ տվյալները կամփոփի և կուղարկի հանրապետական հանձնաժողով՝ կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով: Գործին քաջատեղյակ մարդը գիտի, թե այս «խմորը որքան ջուր կվերցնի», քանի շաբաթներ ու ամիսներ կանցնեն, որ գյուղացին հերթական անգամ համոզվի, որ կարկուտը, երաշտը, բանկերի տոկոսներն ու առատ խոստումներին հաջորդած կառավարության ժլատ օգնությունը, մինչ աշուն բանկերի հետ ունեցած հաշիվները փակելու երազանքը ընդամենը կրկնապատկելու են իր հուսահատությունը:


Կառավարությունը, իհարկե, կփորձի համոզել գյուղացուն, որ անպայման միջոցներ կձեռնարկվեն, կօգնեն ինչպես և ինչով կարող են, թեկուզ հանրության մեկ այլ շերտի միջոցների, բայց ոչ պետական բյուջեի հաշվին: Եթե չօգնի էլ, ապա նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի նման «եղանակային շառ ու փորձանքից» ապահովագրվելու համար ոչ թե կհորդորի հաճախակի օրհնել դաշտերն ու ցանքատարածությունները, այլ կառաջարկի այլ տարբերակ՝ պարզապես չզբաղվել գյուղատնտեսությամբ:


Ցավալի է, երբ այս փոքրիկ հանրապետությունն իր հարուստ ընդերքով, պտղաբեր հողով ու աշխատասեր շինականով 30 տոկոս աղքատության աճ է գրանցել, ցավալի է, երբ 21-րդ դարում հակակարկտային կայաններում աշխատող մասնագետների «յաբախտի» կրակոցներից երկինքն ավելի է կատաղում, ցավալի է, որ գյուղոլորտի մասնագետների հույսը դաշտերը օրհնելն է: Առանց այն էլ ամեն առավոտ նախիրը հանդ տանելիս կամ դաշտը վարելիս ու ցանելիս հողագործի մտքում աղոթքն ու Աստված է:


Ահա թե ինչու գյուղաբնակը գյուղից ու երկրից հեռանալը գերադասում է քարին քացի տալով ապրելուց: Երկրին կերակրողը գյուղացին է, նրան մենակ մի՛ թողեք, պարոնայք, ձեր խոստումներին մի քիչ աղ ու խիղճ ավելացրեք, գործով օգնեք, մի ասեք, թե «կառավարությունը ծրագրում է եկող տարվանից փորձնական ներդնել գյուղատնտեսության ապահովագրության ու հակակարկտային ցանցային համակարգը, մի պատճառաբանեք, թե 25-ամյա անկախ պետությունից բա ի՞նչ եք ուզում, դեռ հազիվ ոտքի ենք կանգնում, համբերեք մի քիչ»:


Այսպես դանդաղելու դեպքում 35-40 տարի անց էլ նույնն է կրկնվելու, իսկ մինչ այդ իր տանջանքն ու հույսը բողբոջող ծառերից թափված պտուղների հետ ցեխաջրում թաղած գյուղացին կհեռանա հողից ու երկրից, էլ ավերակների վրա ինչպե՞ս եք թագավորելու:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5180

Մեկնաբանություններ