ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Մեր բոլոր աշխատանքներն ուղղված են պետական լեզվի շահերի պաշտպանությանը»

«Մեր բոլոր աշխատանքներն ուղղված են պետական լեզվի շահերի պաշտպանությանը»
20.06.2017 | 09:06

Վերջին շրջանում հասարակական կարծիքի կիզակետում են Լեզվի պետական տեսչությունը և նրա լուծարման հեռանկարները: Մենք որոշեցինք լինել այնտեղ և հասկանալ, թե ինչպիսին է լեզվի տեսչության արձագանքն այդ ամենին: Մեր զրուցակիցը ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆՆ է:

-Պարոն Երիցյան, տեսչական բարեփոխումները երկրում մոտենում են ավարտին: Փաստորեն, վտանգ կա, որ բարեփոխված համակարգում մենք լեզվի տեսչություն չե՞նք ունենա:
-Ինչպես գիտեք, 2009 թվականից մեր երկրում ընթանում են տեսչական բարեփոխումներ: Բայց չեմ կարծում, որ պետության կողմից լեզվի նկատմամբ հոգատարությունը և աջակցությունը անցյալում կմնան: Համոզված եմ, որ առնվազն տեսչական մարմնի կարգավիճակով պետք է շարունակել օժանդակել լեզվի զարգացմանը, նրա մաքրության և անաղարտության պահպանմանը:
-Այնուամենայնիվ, առաջին տպավորությունս տեսչության աշխատակազմից այն է, որ, կարծես, բոլորովին ձեզ չեն վերաբերում սկսված գործընթացը և դրա շուրջը ծավալվող հասարակական կարծիքը: Հետաքրքիր է, ինչո՞վ է զբաղված կառույցի աշխատակազմը:
-Իհարկե, մենք չենք կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչն առնչվում է մեր լեզվին: Մեզնից ոչ մեկը այսպիսի նախագիծ չէր սպասում, քանի որ արդեն երկար ժամանակ ամենատարբեր քննարկումների կիզակետում եղել են լեզվի հարցերով զբաղվող այս մարմնի կարգավիճակի բարձրացման հարցը և լիազորությունների ընդլայնումը: Մենք շարունակում ենք մեր բնականոն աշխատանքը: Այս օրերին կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնում. տնտեսավարողներին Երևանում և Գյումրիում իրազեկման թերթիկներ ենք բաժանում, որոնց միջոցով նրանց ծանոթացնում ենք լեզվական օրենսդրությանը և հորդորում, որ իրենց գործավարությունը, ցուցանակները, գովազդային վահանակները համապատասխանեցնեն ՀՀ լեզվական օրենսդրությանը:
-Փաստորեն, շարունակում եք հետևել հրապարակային գրվածքների լեզվական ձևավորմանը: Փոփոխություն կա՞:
-Իհարկե: Մի մասը համապատասխանեցնում է օրենսդրությանը, մյուսները, իրենց սովորության համաձայն, ընդվզում են, երրորդներն էլ խուսափում են անգամ իրազեկումը ստանալուց: Միևնույն է, արդյունք կա, քանի որ մեր գործելակերպը հետևողական է:
-Գիտենք, որ արդեն գրեթե 2 տարի է՝ ստուգումներ չեք իրականացնում: Ի՞նչ ուղղվածություն ունի ձեր գործունեությունը:
-Միայն վերահսկողությունը չէ մեր գործառույթը: Լեզվի տեսչությունը կանոնադրական մի շարք խնդիրներ ու նպատակներ ունի. այն ստեղծված է որպես երկրում միասնական լեզվաքաղաքականություն իրականացնող մարմին: Ասել է՝ մեր բոլոր աշխատանքներն ուղղված են պետական լեզվի շահերի պաշտպանությանը, բոլոր ոլորտներում պետական լեզվի կենսագործունեության ապահովմանն ու զարգացմանը. սկսած կրթության լեզվից մինչև պաշտոնատար անձանց՝ հայերենին տիրապետելու հարցերը:
-Ես հիշում եմ, որ լեզվի տեսչությունը գործավարությանը, ձևաթղթերին, ցուցանակներին ներկայացվող պահանջների կատարումը պարբերաբար ստուգում էր հանրապետության մի շարք բժշկական և դեղագործական ընկերություններում: Վերահսկողության շնորհիվ շատ բան փոխվեց այս բնագավառում:
-Այո՛, ճիշտ եք, առողջապահական ոլորտում մենք համալիր ստուգումներ իրականացրինք: Վիճակն անմխիթար էր: Մեր ստուգումներից և երկարատև համագործակցությունից հետո լեզվավիճակը դրականորեն փոխվեց: Սակայն այսօր որոշակի հետընթաց ունենք: Դա վերջին երկու տարում ստուգումներ չիրականացնելու հետևանք է նաև: Այս բացը լրացնելու նպատակով դիտարկումներ ենք անցկացնում և դրա արդյունքներով արդեն ավելի քան 100 առողջապահական հիմնարկների զգուշացում-հորդորակներ ենք բաժանել, նաև պարզաբանումներ, մեկնաբանություններ տվել, հարկ եղած դեպքում` քննարկումներ ծավալել:
-Առանձին խոսակցության նյութ է զանգվածային լրատվամիջոցների լեզուն: Հեռուստատեսությունում օր օրի ավելանում են օտարալեզու հաղորդումները: Ի՞նչ եք անում այս ուղղությամբ:
-Հեռահաղորդակցության ոլորտում, և ոչ միայն, վերահսկողական գործառույթներ իրականացնելիս տեսչությունը բախվում է բազմաթիվ խնդիրների, որոնցից հիմնականը օրենսդրական դաշտի անկատարությունն է, ինչպես նաև տեսչությանը վերապահված լիազորությունների սահմանափակ լինելը: Պետական լեզվի նկատմամբ ոտնձգությունների հանցավոր քաղաքականությամբ պատասխանատվությունից խուսափելու փորձերը հանգեցնում են այն իրողությանը, որ այսօր օտար լեզուներով հաղորդումներ են հեռարձակում գրեթե բոլոր հեռուստաընկերությունները: Լեզվի բնագավառում այս ոլորտում օրենսդրության պահանջը խախտելու համար պատասխանատվություն նախատեսված չլինելու պատճառով եթերում աստիճանաբար սկսում է ավելանալ օտար լեզուն: Իսկ տեսչությունը սահմանափակվում է հորդորելով և ամփոփագրեր ուղարկելով:
-2011 թվականին փոփոխություն եղավ Լեզվի մասին օրենքում: Լեզվի անաղարտությունը վերահսկելու պարտականություն ավելացվեց, բայց որքան ինձ է հայտնի, հայերենի անաղարտության չափորոշիչներ չկան, ինչպե՞ս եք որոշելու՝ անաղա՞րտ է խոսքը, թե՞ ոչ:
-Պատկերացրեք, որ նախկինում հայերենի անաղարտությունը վերահսկելու կարիք գրեթե չէր լինում, բայց հիմա խնդիրն իր ողջ էությամբ ահագնացել է մեր առջև: Լեզվի անաղարտության չափորոշիչներ մշակելու անհրաժեշտություն է առաջացել: Թեպետ մասնագետներին հասկանալի է, որ անաղարտ հայերենը հայոց լեզվի կանոններին ենթարկվող լեզուն է: Ինչևէ, համաձայն եմ, որ այստեղ չափորոշիչների կարիք կա, և դա հրատապ խնդիրներից է:
-Որքանով ես առնչվել եմ այս կառույցին, տարիների ընթացքում այն ոչ միայն թվաքանակով է փոքրացել, այլև գործառույթներով: Տեսչությունն արդեն տևական ժամանակ փորձում է պարզ ու հանրահայտ ճշմարտությունները պաշտպանել դատական գործընթացներում: Եվ այդ ամենը նա անում է առանց իրավաբանների: Ես, անկեղծ ասած, չեմ պատկերացնում, թե ինչպես եք պայքարում տնտեսավարողների վարձած թանկարժեք փաստաբանների դեմ:
-Այո, երբեմնի կառավարությանն առընթեր, 50-ից ավելի աշխատակից, լիազորությունների լայն շրջանակ ունեցող հզոր կառույցի փոխարեն այսօր ունենք նվազեցված հնարավորություններով, որպես ՀՀ կրթության և գիտության նախարարության առանձնացված ստորաբաժանում գործող Լեզվի պետական տեսչություն: Ճիշտ եք, առանց իրավաբանների, դատարաններում գրեթե ամեն օր գործ ունեցող կառույցի աշխատանքն այսօր փակուղային է: Եթե սրան էլ ավելացնենք դատարանների նմանատիպ գործերով տրամագծորեն հակադիր որոշումները, պատկերը լիարժեք կդառնա: Այս ամենի հետ կապված մեկ անգամ չէ, որ ներկայացրել ենք մեր առաջարկությունները` նշելով նաև միջազգային փորձը:
Մասնավորապես, Լեզվի պետական տեսչությունը ¥ինչպես և մյուս տեսչությունները¤ պետք է իրավունք ունենա, օրենսդրությունից ելնելով, իհարկե, սահմանելու պատասխանատվության չափը: Վերջինիս հետ անհամաձայնության դեպքում օրենքը խախտած կողմը որոշումը կարող է վիճարկել դատարանում: Սա է քաղաքակիրթ ու արդյունավետ ձևը, ոչ թե ամիսներով դատական գործընթացներից գլուխ չհանելը և արդյունքում էլ դատարկ նստելը, քանի որ տնտեսավարող սուբյեկտները գործի են դնում իրենց բոլոր լծակները:
-Նոր սահմանադրությամբ ՀՀ նախագահի, ԱԺ պատգամավորների և դատավորների հայերենի տիրապետման պահանջ է դրված: Ընտրությունների նախօրյակին կարգ մշակվեց, հարցաշար, բայց արդարացրե՞ց իրեն ստուգման այդ ձևը:
-Ընտրական օրենսգրքի պահանջը կատարելու մի փորձ էր դա: Իմ խորին համոզմամբ` պատգամավորության բոլոր թեկնածուների հայերենի իմացությունը պետք է ստուգվի: Եվ դա պետք է արվի ոչ ընտրությունների շեմին, այլ դրանց նախորդող ժամանակահատվածում: Սա առաջիկայում, մինչև հաջորդ ընտրություններ լուծելիք հարց է:
-Գանք Հայերենի տերմինաբանական կոմիտեի չարչրկված թեմային: Լսել եմ, որ վարչապետին կից հայերենի բարձրագույն խորհուրդ է ստեղծվել: Գիտեմ նաև, որ խորհրդի աշխատանքների կազմակերպական մասով տարիներ շարունակ լեզվի տեսչությունն է զբաղվել: Շարունակելո՞ւ եք այդ աշխատանքները:
-Լեզվի տեսչությունը երկար է պայքարել հայերենի բարձրագույն խորհրդի կարգավիճակը բարձրացնելու ուղղությամբ: Խնդիրն այն էր, որ ՀԲԽ-ի ընդունած որոշումները կարգավիճակի պատճառով պարտադիր չէին դառնում հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Այդ իսկ պատճառով մենք նոր կանոնադրություն մշակեցինք և շրջանառեցինք նախագիծը: Արդեն 5 ամիս է, որ վարչապետին կից ստեղծվել է խորհուրդը, բայց որքան ինձ է հայտնի, դեռ հրապարակային գործունեություն չի ծավալել: Ենթադրվում է, որ բարձրագույն խորհուրդը, ըստ աշխատակարգի, տարին մի քանի անգամ նիստեր կգումարի և լեզվաշինության ասպարեզում կանոնակարգման ինչ-ինչ որոշումներ կկայացնի։ Բայց լեզվին աջակցող, ամենօրյա, տարին 365 օր գործունեություն ծավալող մարմին է պետք: Ի դեպ, տեսչությունը երբեք չի կատարել հայերենի բարձրագույն խորհրդի գործառույթները, բայց կազմակերպել է խորհրդի աշխատանքները, իսկ հիմա ընդհանրապես ներկայացված չէ խորհրդի կազմում:
-Պարոն Երիցյան, 2002-2005 թվականներին մշակվել և իրականացվել է լեզվական քաղաքականության պետական ծրագիրը, որի գործողության ժամկետը վաղուց լրացել է: Պետք չէ՞ թարմացնել այն: Ի վերջո, լեզվի տեսչությունը ստեղծվել է երկրում միասնական պետական լեզվաքաղաքականություն իրականացնելու նպատակով:
-Կարևոր խնդիր եք արծարծում: Այս տարիների ընթացքում մի քանի անգամ մշակել և շրջանառել ենք լեզվաքաղաքականության պետական ծրագիրը, սակայն այն տարբեր մակարդակներում, հատկապես նախկին էկոնոմիկայի նախարարությունում, կանգնեցվել է: Հիմա շրջանառում ենք 2018-2023 թթ. լեզվաքաղաքականության պետական ծրագիրը: Այն ողջամիտ և, ես կասեի, իրական ծրագիր է, եթե ընդունվի, ֆինանսավորվի և ընթացք ունենա: Դրանով մենք երկրում առկա շատ լեզվաքաղաքական խնդիրներ կլուծենք, այլապես այսպես` առանց երկարաժամկետ ծրագիր ունենալու աշխատելը նման է այս ու այնտեղ կրակներ հանգցնելուն:
-Լինելով տեսչությունում, մենք քաղաքացիների հանդիպեցինք: Գիտենք նաև, որ նրանք լեզվական պարզաբանումներ ստանալու խնդրանքով հաճախ են դիմում տեսչությանը, և ոչ միայն քաղաքացիները, պետական հիմնարկները, կազմակերպությունները: Փաստորեն, Լեզվի պետական տեսչությունը միակ մարմինն է, որ իրավասու է պատասխանելու նման հարցադրումներին:
-ՀՀ կառավարության N 821 որոշմամբ լեզվի տեսչությունն ունի քաղաքացիների` առանձնակի դժվարություն ներկայացնող անուն-ազգանունների գրության և արտասանության վերաբերյալ պարզաբանումներ տալու պարտավորություն, ինչպես նաև իրականացնում է քաղաքացիների ընդունելություն: Դիմումներ և հարցումներ են ստացվում ՀՀ իշխանության բարձրագույն, տեղական ինքնակառավարման, դատական մարմիններից, գիտության, կրթության, տնտեսության ամենաբազմազան ոլորտներից, անհատ քաղաքացիներից, այլևայլ կազմակերպություններից: Տեսչությունը պատասխանում է լեզվական հարցումներ պարունակող հարյուրավոր հեռախոսազանգերի:
ՈՒրիշ ինչո՞վ է զբաղված տեսչությունը:
Պետական լեզվաքաղաքականության իրականացման վիճակն ուսումնասիրելու նպատակով կազմակերպվում են գործուղումներ հանրապետության մարզեր և քաղաքներ: Տեսչության աշխատակիցներն արձագանքում են լեզվական խնդիրներին վերաբերող հրապարակումներին, մասնակցում են հաղորդումների, հարցազրույցների, հանդես են գալիս հոդվածներով, լուսաբանում տեսչության գործունեությունը: Տեսչությունում մշակվում և խմբագրվում են տասնյակ ամփոփագրեր ու հորդորակներ:
Հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ համագործակցությունը, բազմաթիվ հրապարակումները մամուլում, հեռուստառադիոմեկնաբանությունները, մամուլի ասուլիսներն ապահովում են տեսչության աշխատանքների թափանցիկությունը, հրապարակայնությունը և հետապնդած խնդիրների հասարակական հնչողությունը` ըստ էության, իրականացնելով լեզվաքարոզչություն:
-Պարոն Երիցյան, ինչպե՞ս եք գնահատում ներկայիս լեզվավիճակը:
-Ցավոք, այստեղ վատթարացման միտումներ եմ տեսնում, քանի որ առնվազն երկու տարի տնտեսավարողները համոզված են, որ ինչ էլ անեն, իրենց ձեռքը բռնող չկա: Հորդորակներով, նամակագրություններով, իրազեկելով, համոզելով, բարոյական խրատներ կարդալով հեռուն գնալ չես կարող: Օրենսդրական դաշտը պետք է կատարելագործել: Լեզվի պաշտպանությանն առնչվող օրենսդրությունը, չնայած եղած նախագծերին, հինգ տարի պարզապես մատնված է անտարբերության: Իսկ խնդիրներն այս հարափոփոխ աշխարհում անընդհատ ավելանում են: Դա պայմանավորված է ոչ միայն վերահսկողության բացակայությամբ: Լեզվավիճակի վատթարացման պատճառներ կարող են լինել նաև ներքին ու արտաքին գործոնները: Ներքին գործոն ասելով նկատի ունեմ մեր` հայերիս օտարապաշտությունը, ազգայինն ու սեփական արժեքները չգնահատելը, իսկ արտաքին գործոնների պակաս երբևէ չենք ունեցել, թե՛ մենք՝ որպես ժողովուրդ, թե՛ մեր լեզուն:
-Ես նկատել եմ, որ հատկապես հայ հանրությունը հետաքրքրված է լեզվի հարցերով: Մամուլում, հեռուստատեսությամբ հետևում եմ մեր մտավորականների, նաև շարքային քաղաքացիների` լեզվի տեսչությունը լուծարելու արձագանքին: Ինչո՞վ է պայմանավորված, ըստ Ձեզ, այդ բուռն արձագանքը:
-Այո՛, լեզվի հարցը մեզ համար ցավոտ ու զգայուն խնդիր է: Մենք, հատկապես մեր մտավորականները, շարքային քաղաքացիները և գործարարների մի, առավել օրինապահ մասը գորովանքով ու խանդաղատանքով են վերաբերվում մեր լեզվին, ամեն ինչ անում են մեր կողքին կանգնելու, իրենց աջակցությունը ցուցաբերելու, ինչ-որ բանով լեզվին ու տեսչությանը աջակցելու համար, հատկապես այս օրերին, երբ բավականին անհասկանալի ու անորոշ վիճակ է ստեղծվել:
-Ի՞նչ ելքեր եք տեսնում այս վիճակից դուրս գալու համար: Այս ամենով հանդերձ, լեզվի տեսչությունում աշխատանքային մթնոլորտ է, և որ ամենակարևորն է` աշխատակազմը վստահ է, որ իրենք մեր երկրի, մեր պետության կայացման ասպարեզում շատ կարևոր և լուրջ առաքելությամբ են զբաղված:
-Լեզվի պետական տեսչությունը նվազագույնը վերակազմավորել լեզվի տեսչական մարմնի: Կարող է քննարկվել նաև այլ, ավելի բարձր` գործադիր և վերահսկողական գործառույթները միասնաբար կիրառող մարմին ստեղծելու հարցը, որի շուրջը խոսակցություններ կան առնվազն 6-7 տարի:
Սա այնքան կարևոր հարց է, որ չպետք է հապաղել: Լեզուն միշտ էլ պաշտպանության և աջակցության կարիք ունի` ինչով էլ զբաղված է արդեն 24-ամյա տարեգրություն ունեցող լեզվի պետական տեսչությունը:

Հարցազրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Հ. Գ. Այնքան տարվեցինք լեզվական խնդիրներով, որ մոռացանք տեսչության պետ Սերգո Երիցյանին շնորհավորել ծննդյան 60-ամյակի առթիվ: Նա իր հոբելյանը նշում է աշխատանքային մթնոլորտում:
Մեզ մնում է միանալ բոլոր շնորհավորանքներին:

Դիտվել է՝ 3943

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ