Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Երանի այն մարդուն, ով իր հույսը Աստծո վրա է դրել»

«Երանի այն մարդուն, ով իր հույսը Աստծո վրա է դրել»
20.06.2017 | 00:07

Խոսք միայն Արարիչ Աստված ունի, և Իր պատկերն ու նմանությունը կրող մարդը։ Իսկ մարդկային խոսքը այնպիսի մեծ զորություն ունի, որի մասին նույնիսկ ինքներս պատկերացում չունենք։ Հիմա մի փոքր հեռվից գանք, որ մեր նպատակին ճշգրտությամբ հասնենք։
Յուրաքանչյուր մեղք մի-մի վիրուսի է նման, որ ապականված աշխարհից թափանցում է մեր ներաշխարհ և մտքի, հոգու, ապա մարմնի ցավերի ու անհանգստությունների պատճառ դառնում։ Բայց հիմա պետք է առավել ուղղորդվենք խոսքի միջոցով ներթափանցող մեղքերին։ Մեր խոսքերի կարևորության մասին ունկնդրենք երկնքից իջած կենդանի Աստծո Խոսքին՝ Հիսուսին, Ով մի անգամ ասաց. «Բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ: Բայց ասում եմ ձեզ, թե մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթեոս 12. 33-37)։

ՈՒրեմն, եթե մեր խոսքերը այդքան կարևորություն ունեն, որ դրանցով կամ պիտի դատապարտվենք, կամ արդարանանք մեր Աստծո դատաստանի ժամանակ, լավ կլինի որ այսուհետ մեր լեզվին տիրություն անենք, մանավանդ բամբասող կանայք ու հայհոյող տղամարդիկ, քանի որ այս երկու մեղքերը ամենատարածվածն են աշխարհում։ Իսկ ստության մեղքի մասին էլ չեմ ասում, որ սկսվեց Եդեմի դրախտից ու ավերելով աշխարհը, դժոխքի մոդելի վերածեց այն, քանի որ այս աշխարհի իշխանին՝ սատանային, Ավետարանում նաև «ստության հայր» են անվանում։ Ճշմարտություն և սուտ խոսքերը հակառակ են, ինչպես որ լույսն ու խավարը, և ինչպես որ լույսը երբեք չի պարտվի խավարից, այդպես էլ ճշմարտություն խոսողը՝ ստության հորից։ Այդպես էլ գրված է սաղմոսներից մեկում. «Ճշմարտությունը քեզ կզրահապատի», մեկ այլ թարգմանությամբ. «Նրա (Աստծո) ճշմարտությունը որպես զենք քո շուրջը կլինի» (90.5)։ Ասեմ, որ այս սաղմոսները այնպիսի կարևորություն ունեն քրիստոնեական աշխարհում, որ ամենահաճախն են գործածվում հոգևոր պատերազմում, որպես հաղթական զենք չարի ամեն տեսակի հնարքների դեմ։ Ընթերցողին խորհուրդ կտայի հաճախ աղոթել սաղմոսներով, քանի որ դրանք Աստծո Սուրբ Հոգով մեզ ընձեռված հոգևոր զենք են բարի պատերազմում հաղթող դուրս գալու համար։ Հնում, երբ դեռ չկային այժմյան եկեղեցական ժամագրքերը, քրիստոնյաները անդադար սաղմոսերգությամբ էին մղում առաջին պատերազմները ու միշտ հաղթող դուրս գալիս։ Ձեզ ի՞նչ է թվում, ինչո՞ւ Խորհրդային Միությունը, իր հիմնադրումից ի վեր, սկսեց մարդկանց մտքերից ու սրտերից հանել, վերացնել Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը։ Ասեմ՝ շատ պարզ նպատակով, որպեսզի ճշմարտություն չիմացող մարդուն հեշտությամբ կարողանա մոլորեցնել փուչ գաղափարներով։ Մինչև հիմա էլ կան միլիոնավոր մարդիկ, որոնք հավատարիմ են մնացել կոմունիստական փուչ նպատակներին, չեն էլ թողնում դրանց մոլորյալ ծառայի դիակը թաղեն ու պաշտում են կուռքի նման։


Հիմա մեր նպատակը ընթերցողներից շատերի մեջ Աստծո խոսքի ու սաղմոսների հանդեպ հավատ ու ջերմություն սերմանելն է, քանի որ մարդը ինչքան էլ առողջ լինի, բայց Աստծո խոսքին անհաղորդ, ըստ Ավետարանի, քայլող մեռել է, որն իր մեջ երկնային կյանք չունի, այլ միայն ժամանակավոր կյանքով է բավարարվում, որի ընդհատումով էլ հավիտենական տանջանքներին է արժանանալու, քանի որ տգիտաբար կամ կամովին հրաժարվել է Հիսուսից, Ով ասել է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ով Իմ խոսքը լսում է ու հավատում է Նրան, Ով Ինձ առաքեց, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտվում, այլ մահվանից կյանքի անցնում» (Հովհաննեսի Ավետարան 5.24):
Իսկ այժմ Աստծո Խոսքի՝ սաղմոսի զորության մասին մի վկայություն կարդանք, որ ինձ ու տղայիս է պատահել։


Երբ նա դեռ ուսանում էր ու 15 տարեկան չկար, ընկերական վատ շրջապատ ընկավ, ընկերներն էլ իր նման հեղհեղուկ միտք ունեին։ Նրանցից մեկը, որ տաքսու վարորդի տղա էր, առաջարկել էր մի ունևոր կնոջ տուն մտնել ու իրեր գողանալ։ Ընդ որում` այդ կինը կավատ էր ու իր տունը այդ նպատակներին էր ծառայեցնում։ Երևի մի առիթով լսել էր հորից, ու ընկերների հետ որոշել էին լակոտություն անել՝ այդ տունը մտնելով։ Մի խոսքով լրիվ սատանայի հյուսած մի ցանց էր խեղճ ու հիմար տղաների համար։ Դե, սատանան էլ հենց նման առիթ է փնտրել, ու հենց տեղում երեքին էլ բռնել է տվել։ Երկար քննելուց հետո գործը հանձնեցին դատարան։ Այդ ժամանակվա դատապաշտպանները դրածոներ էին, որոնք միայն դատարանի որոշումներն էին հաստատում։ Մի խոսքով, կա՛մ մեծ կաշառքով ազատում ես երեխայիդ, որ անչափահասների գաղութում հանցագործի չվերածվի, կա՛մ էլ հնազանդվում ես եղած վիճակին։ ՈՒ քանի որ դեռ նորադարձ էի, իմ տկար աղոթքներով փորձում էի իրավիճակից դուրս գալ, որովհետև հենց առաջին դատավարության ժամանակ հասկացա, որ տաքսու վարորդը իր տղայի համար կլորիկ գումար է տվել դատախազին, իսկ ջահել միայնակ մոր տղան չգիտեմ ինչպես է վճարել, որ նրան էլ են հանում գործի միջից, ու մնում էր միայն տղայիս հարցերը լուծեն «օրինաբար»։ Ինձ կողքից հասկացրին, որ մի քանի հազարով կարող եմ ազատել որդուս, բայց ես չէի ուզում կաշառքի մեղքի տակ մտնել։ Գիշերները մղձավանջով էին ընթանում, չարն անընդհատ տեսարաններ էր բերում մտապատկերիս, թե ինչպես են արդեն խուզում տղայիս գանգուր մազերն ու կալանավորի հագուստով տանում անչափահասների գաղութ, որտեղ նրան արդեն գողական բարքերով տղաներն են դիմավորում և ամեն կերպ փորձում կոտրել ու նսեմացնել։ Այդ պահերին հիշում էի հայր Աբրահամին, ով իր Իսահակ որդուն տանում էր զոհաբերելու, ու Տիրոջից հայր Աբրահամի հավատքի նշույլ էի խնդրում, շարունակում էի սաղմոսներով և իմ իմացած աղոթքներով ամեն կերպ մաքառել։ Երբ վերջին դատավարության օրը եկավ, ես դրանից առաջ մի սաղմոս էի կարդում, որտեղ գրված էր. «Տերն ամուր է պահում բոլոր սայթաքողներին և ոտքի է կանգնեցնում բոլոր գլորվածներին» (144.14)։ ՈՒ հենց այս տողերը կարդալիս, Սուրբ Հոգին մեծ ջերմություն դրեց սրտումս, հաստատելով, որ այդպես էլ կլինի։ Եվ երբ եկավ վերջնական դատի օրը, տեսա, որ դատավորի սենյակի մուտքի մոտ երկու ոստիկաններ էին կանգնած։ Սատանան իսկույն միտք սրսկեց, որ արդեն եկել են տղայիդ տանելու, մտիր դատավորի մոտ ու փող խոստացիր, բայց ես զորացած կարդացածս սաղմոսի խոսքերով, չարին հակառակ կանգնեցի։

Դատավարությունն ընթացավ ըստ կաշառքների տված սցենարի. այն երկու ընկերներին ներում տվեցին, իսկ տղայիս երկու տարի կալանք՝ անչափահասների գաղութում անցկացնելու։ Հետո ընդմիջում հայտարարեցին, որ գնան վերջնական վճիռն ընդունեն ու գան կարդան։ Բնական էր, որ ես ելք էի փնտրում վճիռը բեկանելու, բայց չգիտեի, թե ինչպես։ Այդ ժամանակ միտք եկավ ինձ՝ ուղիղ գնա դատախազի մոտ, որը երկու տարվա առաջարկությունը արեց, ու անձամբ նրա հետ խոսիր։ Գնացի։ Երբ խնդրեցի թույլ տալ, որ իր աշխատասենյակը մտնեմ, նա ինձ այնպիսի սառցե ու անտարբեր հայացքով դիմավորեց, որ դրան ոչ մի զորություն կամ խոսք չէր կարող դիմակայել։ Զոհին նայող հայացքով նա սպասում էր, թե ինչ զենք եմ գործածելու իրեն ամենակարող թվացող որոշման զորության վճռի դեմ։ Կա՛մ մեղքի խավարի մեջ «լույս» տվող փող, կա՛մ մի մեծ պաշտոնյայի անուն, կամ էլ խեղճ ու կրակ հոր արցունքների կաթիլներ, որոնցից նրանք երևի շատ են տեսել ու արհամարհել։ Երբ մոտեցա նրա գրասեղանին, ներքին մղումից առաջնորդված, ձեռքս տարա ծոցագրպանս ու Ավետարանս հանելով, մեկնեցի նրան. ասելով. «Եթե Ձեր վճռից հետո տղայիս գաղութում ավելի լավ կդաստիարակեն, քան այս գրքի խոսքերը կարդացող հայրը, ապա թող այդպես լինի, եթե ոչ, ապա ինքներդ որոշեք»։ Նրան մեկնածս գրպանիս Ավետարանը կաշվե փոքր դրամապանակի էր նման, ու դատախազը ինքնաբերաբար ձեռքը մեկնեց ու վերցրեց այն։ ՈՒ այս անգամ ինքը հիպնոսացածի նման բացեց այն ու սկսեց կարդալ։ Անցավ հինգ րոպե, էլի հինգ րոպե, ևս հինգ րոպե. նա գլուխը կախ, խորասուզված ու լուռ կարդում էր։ Իսկ երբ վերջապես հայացքը բարձրացրեց, ես ապշեցի. նրա աչքերում արցունքներ էին հայտնվել։ Դիվային սառույցը հալվել էր, իսկ աչքերի մեջ կենդանություն էր հայտնվել, քիչ առաջվա վիշապի գիշատիչ հայացքի փոխարեն։ ՈՒ նա մի տեսակ քնքշանքով, ցածրաձայն ասաց. «Էս ի՞նչ գիրք էր, ամբողջ ժամանակ կարդալիս մեռած մորս էի տեսնում առջևս, որ ժամանակին նման խոսքեր էր ասում, բայց ես ոչ հասկանում էի, ոչ էլ բանի տեղ էի դնում»։ Ես հատ-հատ ասացի. «Դա մեր Արարիչ Աստծո խոսքերն են»։ Նա խնդրահարույց հայացքով ասաց. «Կարո՞ղ եմ այս Ավետարանը ինձ վերցնել»։ Արդեն երեսուն տարի անց, ես այդպես էլ չեմ հասկացել, ճի՞շտ արեցի, որ մերժեցի իր խնդրանքը, քանի որ ես էլ էի այն շատ սիրում, ու այդ ժամանակ գրպանի Ավետարան ունեցողը հոգևոր մեծ գանձի տեր էր համարվում։ Ինչևէ, թող Տերը ների ինձ, եթե սխալ եմ արել, բայց ես նրան խոստացա մեկ ուրիշը, ավելի խոշոր տառերովը իր համար ճարել։ Իսկ երբ դատը շարունակվեց, աներևույթ երկնային Սցենարիստի զորեղ Ձեռքով սատանայի գրածը ջնջվեց, ու որդուս ազատ արձակման վճիռ կայացվեց, ուսման վայրում հսկողության տակ առնելու պայմանով։ Ահա այսպես Տերն Իր ամենակարող Խոսքով փրկեց Իրեն հուսացողներին։ Քանզի գրված է սաղմոսներում. «Երանի այն մարդուն, ով իր հույսը Աստծո վրա է դրել»։ «Ընտիր են խոսքերը Տիրոջ, Նա ապավեն է բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են Նրա վրա» (17.30)։


Աստծո Խոսքի զորությունը օգնական ու պահապան լինի ամենքիս։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5147

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ