Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Շալվարը լա՛յն է, կա՛րճ է…»

«Շալվարը լա՛յն է, կա՛րճ է…»
20.06.2017 | 09:29

Հայ կինոյի սիրահարը «01-99» կարճամետրաժից հարկավ հիշեց սույն արտահայտությունը, որը Խորհրդային Միության տարիներին հաջողությամբ կարող էր շատուշատ բաների տարողունակ բնութագրական դառնալ: Հիմա ցավով, ափսոսանքով թե արգահատանքով ենք հիշում, փաստը մնում է փաստ, որ թեև ԽՍՀՄ կոչված երկիրը չկա, փոխարենը կա նրանում տիրություն արած մենթալիտետը, որը ոչ միայն դժվարությամբ է իր ապրելու իրավունքը զիջում, այլև ավելի ծաղկում, փթթում ու բարգավաճում է:

Թե համանուն քաղաքի «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտը ինչ տևական ժամանակում կառուցվեց, ու վերջնահաշվում վրան ծախսված գումարը քանի անգամ գերազանցեց նախահաշիվը՝ հասնելով թվային այնպիսի աստղաբաշխական արտահայտության, որից կլորացան անգամ կլորանալու նվազագույն իսկ շանս չունեցող այլոց համար Պուտինի, մեզ համար թանկագին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի աչքերը, ներկայացնելու առիթ ունեցել ենք, որքան էլ խնդիրը սկզբունքորեն մեզ չի վերաբերում ու չի էլ կարող վերաբերել, քանզի մեզանում նման արատավոր բարքերը պարզապես տեղ չեն կարող ունենալ: Ավարտ ունենալու աղոտ հույսեր ներշնշող «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությունը միամտորեն աչքս չխոթեք: Նախ այն ընթացքի մեջ գտնվող կառույց է, ու այդ իսկ պատճառով լափումների ծավալն ամբողջությամբ հստակեցված չէ (հիշո՞ւմ եք, թե սույնի շուրջ այն էլ ի՜նչ հուզախռով ձայնով ի՜նչ քաղաքական կապիտալ էր ուզում կուտակել Հայաստանում երբևիցե գոյություն ունեցած ամենաիշխանական Իշխան Զաքարյանը, ով ուտելու իրավունք ունեցող հանուրի հետ մեջտեղ ուտելով ու կողք էն բանից անելով՝ կարծում էր, թե իր տարածած գարշահոտն անուշաբուրություն է, մինչև որ իր ոչ պակաս էկզոտիկ կողակցով հանդերձ ստացավ քթին), երկրորդ (մենք նորից վերադարձել ենք «Հյուսիս-Հարավին»)՝ կառույցն այդ միանգամայն խիստ «ազնիվ» նպատակներով իրականացվող պետական թալանի դասական օրինակ է, որի գլխավոր դերակատարներին միանգամայն «արժանիորեն» սպասում են պետական բարձր պարգևատրումները, ծառայողական աստիճանասանդղակով առաջքաշումները, շքանշան-մեդալները:


Վիտալի Մուտկոն, որը Ռուսաստանի Դաշնությունում սպորտի հետ կապված աշխատանքների գլխավոր դեմքերից է, ձեռքի հետ էլ փոխվարչապետի կարգավիճակ ունեցող անձ, նեղացել է, որ Համադաշնության գավաթի բացմանը նվիրված հանդիսավոր արարողության, մարզադաշտի շահագործման հսկայածավալ աշխատանքի փաստը թողած՝ ոմանք մարզադաշտի կտուրի կաթելն ու հանդիսավոր արարողության ժամանակ դաշտում հայտնված ջրափոսն են նկատել: ՈՒ պիտի գոհություն հայտնել Աստծուն, որ բարձրաստիճան չինովնիկի նրա ականջով չի ընկել նորզելանդացիների կարծիքը խոտածածկի որակական պարամետրերի մասին:
Չէ՜, դրանում առանձնապես անհանգստացնող բան չկա, մարդիկ ընդամենը ասել են, որ իրենք ավելի վատ խոտածածկ ունեցող մարզադաշտերում էլ են եղել: Էհ, նրանք ինչ իմանային կամ ինչու պարտավոր պիտի լինեին իմանալու, որ այս գարնանը սանկտպետերբուրգյան այս մարզադաշտում երկու խաղ անցկացնելուց հետո բոլորովին նոր խոտածածկը հիմնովին փոխվել, արդիական պահանջներին համապատասխան տեսքի բերելու փորձ է արվել: Իսկ եթե այսքանից հետո ինչ-որ բան այնպես չի եղել, չի նշանակում, թե աշխարհն ավերվեց, պրծավ. թերությունները շտկելու համար են՝ ձեռքի հետ էլ փող աշխատելու ածանցյալով:
Մուտկոյի ասածը ո՞րն է:


Մուտկոյի ասածն էն է, որ թեպետ մարզադաշտը շահագործման է հանձնվել, սակայն առանձին բաներ դեռ թեստավորում են անցնելու:
Բա ո՜նց:
Սա շատ առողջ, տրամաբանական բան է:
Բա որ ամեն բանի շահագործում շահագործման ակտի ստորագրումով ավարտվի, մարդկանց վիճակն ի՞նչ կլինի:
Գնան սովից մեռնե՞ն:
Ոչ միայն մարդասիրական չէ, այլև հակաքրիստոնեական է: Իսկ վերջինիս զուգահեռ չէր խանգարի իմանալ, որ աշխարհում մեռնել կա, վերևներ (հասկացաք, չէ՞, լուրջ վերևներ) գնալ կա, էնտեղ հարց ու պատասխանի կոնկուրսի մասնակցել կա, ու էնտեղի ժյուրիի նախագահը էստեղի ձեր իմացած նախագահը չէ… Տո, ո՞ր մեկն ասեմ՝ անընդհատ շեղում եք, չեք թողնում ստադիոնի հարցն ավարտին հասցնեմ:
Իր հերթին մարզադաշտում հնչող ձայնի որակից է դժգոհել հանրահայտ երգիչ, դերասան Միխայիլ Բոյարսկին՝ ֆոնոգրամի տպավորություն է թողնում:
Միջանկյալ ասեմ, որ սրա մասին Մուտկոն դեռ չգիտի կամ տեղեկացված չէ:
Պրոբլե՞մ է:
Ո՞վ ասաց:
Կթեստավորեն:


Բոյարսկին, որը ֆուտբոլի ֆանատ է, դժգոհել է նաև նոր մարզադաշտի շնչի սառնությունից:
Բողոքը բանաստեղծակա՞ն է ստացվել ու հետին պլան է մղել բուն պրոբլե՞մը:
Ի՞նչ մի խնդիր կա:
Հիմնախնդիրն առաջին պլան կքաշեն ու թեստավորման ճանապարհով լուծում կտան:
Ինչ վերաբերում է շնչի սառնությանը, այնպես չէ, որ դա թեստավորման ենթակա բան չէ:
Փողին մուննաթ, թեստավորմանն էլ մատաղ՝ ինչո՞վ կթու կով չէ:
Հլա թող փող աշխատելու ճակատ բացվի, տես թե թեստավորման ինչ մատերիալ մեջտեղ կգա՝ սկսած…
Չհասկացա, իսկապես չհասկացա՝ լրջով ուզում եք հատ-հատ թվարկե՞մ, թե մեջտեղ ինչեր դուրս կգան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ