Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արա Բաբլոյան. Ցավ եմ ապրում, երբ խաղաղ պայմաններում, հրադադարի ժամանակ երիտասարդներ են զոհվում

Արա Բաբլոյան. Ցավ եմ ապրում, երբ խաղաղ պայմաններում, հրադադարի ժամանակ երիտասարդներ են զոհվում
20.06.2017 | 23:21

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Արա Բաբլոյանը ցավով անդրադարձել է վերջին մեկ ամսում Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին, որոնց հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել:


«Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչական խմբավորումների կողմից մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները և կարևորում այդ չարիքն արմատախիլ անելու պայքարում միջազգային հանրության ջանքերի միավորումը»՝ ասել է ԱԺ նախագահը: Արա Բաբլոյանը փաստել է, որ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների երկկողմ օրակարգն ընդարձակվում է՝ արձանագրելով հայ-բրիտանական քաղաքական շփումների և համագործակցության ակտիվացում: Նա բարձր է գնահատել Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեությունը, որի շնորհիվ մեր երկրում իրականացվում են բազմաթիվ կրթական և մշակութային ծրագրեր՝ նպաստելով հայ-բրիտանական կապերի ամրապնդմանը: Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարությունը զարգացնելու, մարդու իրավունքները պաշտպանելու հստակ ուղղությամբ՝ աշխարհում խաղաղության և ժողովրդավարության համար պայքարող քաղաքակիրթ հանրության մասը կազմելով: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել հարցի շուրջ Մեծ Բրիտանիայի դիրքորոշման համար և նշել, որ Հայաստանը հաստատակամ է հակամարտությունը լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: «Որպես բժիշկ՝ առավել կարևորում եմ մարդկային կյանքը և ցավ եմ ապրում, երբ խաղաղ պայմաններում, հրադադարի ժամանակ երիտասարդներ են զոհվում: Քսանմեկերորդ դարում և քաղաքակիրթ աշխարհում սա անընդունելի է»՝ արձանագրել է ԱԺ նախագահը:


ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը խորհրդարանական կառավարման մեծ փորձ ունի և կարող է աջակցել Հայաստանին՝ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները զարգացնելու, ժողովրդավարությունն ամրապնդելու գործում: Ջուդիթ Ֆարնուորթը ցավակցություն է հայտնել վերջին օրերին շփման գծում զոհված չորս զինծառայողների մահվան կապակցությամբ՝ նշելով, որ հրադադարի պայմաններում այդ երիտասարդների մահը ցավալի և անընդունելի է: Տիկին Ֆարնուորթը փաստել է, որ Մեծ Բրիտանիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մոտեցումները և հակամարտության լուծումը տեսնում բացառապես բանակցային ճանապարհով: Դեսպանը նշել է, որ երկրները չեն կարող ընտրել իրենց աշխարհագրական դիրքը, բայց կարող են ընտրել ապագան. Հայաստանում տեսանելի են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ուղղությամբ կատարվող քայլերը:

Դիտվել է՝ 3894

Մեկնաբանություններ