ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Պյոտր Սվիտալսկի՝ մաս երկրորդ

Պյոտր Սվիտալսկի՝ մաս երկրորդ
22.06.2017 | 00:09

Կարելի էր վերնագրել՝ «Մի սովորական համաժողովի անսովոր հետևանքներ» կամ «Ինքնիշխանության հայկական ու եվրոպական ընկալումները»: Կարելի էր ևս մեկ տասնյակ դիպուկ կամ հեգնական, կարճ կամ երկար վերնագրեր գտնել: Բայց բովանդակությունը մեկն է՝ ԵՄ պատվիրակության ղեկավարը պաշտպանեց Եվրամիության պատիվը: Նրանցից, որ կարծում էին, թե պաշտպանում են Հայաստանի ինքնիշխանության պատիվը: Նրանից, որ այդ պատվի դեմ ոտնձգության մտադրություն չուներ ու չունի: Բայց պատիվ ունի: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին երեկ ասուլիս տվեց:


«ՈՒրախ եմ, որ հայերը շատ լավ հասկանում են, որ Հայաստանի ինքնիշխանությանն սպառնացող վտանգները այլ տեղ են թաքնված և ոչ մեր բարեկամական աջակցության մեջ»՝ հայտարարեց նա՝ արձագանքելով իրեն ուղղված մեղադրանքներին, որ փորձել է միջամտել Հայաստանի ներքին քաղաքական հարցերին։ «Ես ինքս այնպիսի երկրից եմ, որը շատ զգայուն է չմիջամտելու և ինքնիշխանությանը վերաբերող հարցերում, մենք ապրում ենք փոխկապակցված աշխարհում, մենք պետք է ընդունենք, որ կան մեխանիզմներ, կոնվենցիաներ, պայմանագրեր, աշխատանքային պայմանավորվածություններ, որոնք մյուսներին հնարավորություն են տալիս արտահայտելու իրենց կարծիքը, թե ինչ է կատարվում այս կամ այլ երկրում»,- ասաց Սվիտալսկին: Նա ստիպված էր բացատրել, որ անցյալ շաբաթ համաժողովում իր «բարեկամական ոգով հնչեցրած կարծիքում» որևէ նորություն չի եղել, նույն տեսակետները ԵՄ-ն արտահայտել է նախորդ հայտարարություններում, աշխատանքային հաղորդակցություններում և դիտորդների պաշտոնական գնահատականներում։


«Հարցեր կան, որոնց վերաբերյալ ԵՄ-ն ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է խոսել, և մենք միշտ դա անում ենք, մեր հայ գործընկերները ընդունել են որոշակի պայմանավորվածություններ մեր ներգրավվածության վերաբերալ։ Շատ հարցեր բխում են Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված ֆինանսավորման համաձայնագրերից։ Ի՞նչ է սա նշանակում. երբ երկու կողմերի միջև կա պայմանագրային պայմանավորվածություն, ոչ միայն մեր իրավունքն է որպես պայմանագրի կողմ, այլև իմ պարտավորությունն է խոսել դրա մասին։ Այդ շրջանակի հարցերից են, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների, օրենքի գերակայության հարցերը»՝ սա՞ էին ուզում լսել Սվիտալսկուն ի պաշտոնե քննադատողները: Թե՞ որ Հայաստանի ԱԺ ընտրական գործընթացի կազմակերպմանը 7 միլիոն եվրոյի տրամադրումը եղել է ՀՀ իշխանությունների խնդրանքը և ԵՄ-ն երբեք չի փորձել ֆինանսական աջակցություն պարտադրել։


«Գաղտնիք չէ, որ մեր աջակցությունը Հայաստանի ընտրություններին ավելին էր, քան պարզապես ֆինանսավորելը, ուզում եմ շեշտել, որ ֆինանսական աջակցությունը տրամադրեցինք Հայաստանի իշխանությունների հստակ խնդրանքից հետո, երբեք ոչինչ չենք պարտադրել։ Եվ եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք չենք ստիպի։ Մենք հավատում ենք, որ այն, ինչ արել ենք, կարևոր է Հայաստանի համար, որ այդ աջակցության շնորհիվ ընտրական գործընթացում որոշ առաջընթաց նկատվեց: Անգամ ընտրությունների արդյունքներից շատ զայրացած քաղաքական գործիչները չեն կարող հերքել, որ նոր տեխնոլոգիաները դրական ազդեցություն ունեցան։ Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին, բայց եթե կան թերահավատ կարծիքներ, որ այդ աջակցությունը ցանկալի չէ, մենք կհարգենք Հայաստանի ինքնիշխան որոշումը»։ Լա՞վ էր: Իհարկե, որոշ ժամանակից պատասխանատու լրատվամիջոցները կարող են գրել, որ ԵՄ-ն գումարը հետ է ուզում: Ինչո՞ւ ոչ:


Բայց ԵՄ դեսպանն ասուլիսում խոսել է ոչ միայն իշխանությունների հետ հետընտրական տարակարծություններից, նա հաստատել է, որ նոյեմբերին Հայաստանի ու Եվրամիության շրջանակային համաձայնագրի ստորագրման վրա որևէ քաղաքական գործոն բացասաբար չի ազդի: Դա վատ նորություն է բոլոր նրանց համար, ովքեր համաձայն են, որ նոյեմբերին կատարվի մայաների աշխարհի վերջին օրվա կանխատեսումը, բայց այդ համաձայնագիրը նախաստորագրվելուց հետո չստորագրվի: Նրանց միակ մխիթարությունը կլինի, որ ԵՄ-ի հետ Հայաստանի վիզային ռեժիմի ազատականացման հարցը ոչ օրերի, ոչ էլ ամիսների հարց է: «Ոչ ոք չի հանել վիզային ռեժիմի ազատականացման հարցն օրակարգից: Բայց դա պետք է քննարկեն հայերը: Վիզայի ազատականացմանը մոտենալու համար երկիրը պետք է ընդունի շատ լուրջ օրենսդրական շրջանակ, լուրջ պայմանավորվածություններ: Ժամանակը չէ՞ սկսել մտածել օրենսդրական հենքը նախապատրաստելու մասին: Դա կլինի անկեղծ և ազնիվ շահագրգռության դրսևորում մեր գործընկերների կողմից: Եթե ցանկանում եք ապացուցել, որ անկեղծորեն հետաքրքրված եք ազատականացումով` սկսեք անել տնային աշխատանքը»՝ ասել է Պյոտր Սվիտալսկին: Երևի Հայաստանում այդ մասին ոչ ոք ոչ լսել էր, ոչ տեղյակ էր:


ԵՄ շուկաներ ազատ մուտքի դիմաց Հայաստանը պետք է ապահովի մարդու և աշխատանքային իրավունքների ստանդարտները՝ հիշեցրել է ԵՄ դեսպանը և տեղեկացրել, որ Բրյուսելից առաքելություն է եկել Երևան` GSP+ ռեժիմի հետ կապված Հայաստանի առաջընթացի մոնիտորինգի համար: «Ձեզնից ոմանք կարող են հարցնել` Եվրամիությունն ինչպե՞ս է իրականացնում Հայաստանում մարդու իրավունքների և աշխատանքային իրավունքների կոնվենցիաների կատարման մոնիտորինգը: Սա, սակայն, Հայաստանի և Եվրամիության միջև գործարքի մի մասն է: Մեր կարծիքով` սա win-win իրավիճակ է»՝ ասել է նա ու բացատրել. «Սա բարեկամական առաքելություն է, հետաքննության առաքելություն չէ: Գործարքը միանգամայն հստակ է. Եվրամիության շուկաներին հասանելիության դիմաց յուրաքանչյուր երկիր պետք է ապահովի մարդու իրավունքների և աշխատանքային իրավունքների ստանդարտները: Թույլ տվեք հիշեցնել, որ եվրոպական շուկաներ են ազատ մատակարարվում ավելի քան 6 հազար հայկական ապրանք: Եվ, իհարկե, դրական գնահատման դեպքում դեռևս կա Հայաստանի և մասնավորապես հայ արտահանողների համար GSP+ ռեժիմն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորություն»: Սա էլ պատասխան ԵԱՏՄ ապրանքների փոխարեն աշխատուժ արտահանողներին ու ապրանքների արտահանում-ներմուծման ժամանակ վնասներ կրողներին:


Ղարաբաղի հարցն էլ չի շրջանցվել: Պյոտր Սվիտալսկին հաստատել է, որ Եվրամիությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում սահմանային իրավիճակի վերջին լարվածությամբ: «Կյանքի կորուստը, իհարկե, սարսափելի է: Այդ երիտասարդների ամբողջ կյանքը դեռ առջևում էր, թույլ տվեք իմ կարեկցանքը հայտնել նրանց ծնողներին ու ընտանիքներին: Այս մշտական դեպքերը, հրադադարի ռեժիմի խախտումները մտահոգիչ են: Այսպիսի խաղաղությունը կարող է շատ փխրուն լինել»,- ասաց Պյոտր Սվիտալսկին: «Համանախագահները շատ լավ գործ են անում` բավականին դժվար միջավայրում: Այստեղ բազմաթիվ են մարտահրավերները: Մենք, որպես Եվրամիություն, մեր լիակատար աջակցությունն ենք արտահայտում Մինսկի խմբի համանախագահությանը: Մի քանի օրվա ընթացքում` հուլիսի սկզբին, ԵՄ հատուկ ներկայացուցիչը` դեսպան Հերբերտ Զալբերը, կգա Հայաստան: Նրա այցը Եվրամիության կողմից ապացույց է, որ մենք մեծապես կարևորում ենք այն` ինչ տեղի ունենում: Մենք մտահոգ ենք այս իրավիճակի կապակցությամբ և կարծում ենք` ճիշտ է, մեր հիմնական դերակատարությունը Մինսկի խմբի միջնորդական ջանքերին աջակցությունն է, բայց մենք պատրաստ ենք լրացուցիչ աջակցություն ցուցաբերել խաղաղության գործընթացին: Եկեք փորձենք աշխատել խաղաղության համար»,- ամփոփեց Պյոտր Սվիտալսկին: Ի՞նչ մնաց: Մնում էր, որ դեսպանը դիվանագիտական լեզուն մի կողմ դներ ու ասեր՝ մենք ձեր բարեկամն ենք, ո՞ւմ բարեկամն եք դուք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Պատմությունն ունի շարունակություն: «Ազատության» հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նրան պատասխանել է. «Կարծում եմ, Եվրամիության հարգարժան դեսպանը սվիններով ընդունելու փոխարեն իմ և իմ գործընկերների հայտարարությունները, ավելի արդարացի կլիներ, որ հարգեր մեր կարծիք արտահայտելու իրավունքը, որովհետև մարդու ազատ կամարտահայտությունը ժողովրդավարության հիմնարար ազատություններից մեկն է: Եվ երկրորդը, վերլուծեր գոնե մեր ասածները, այլ ոչ թե նեղանար: Քանի որ նեղացածությունը դրանք քաղաքական կատեգորիաներ չեն, առավել ևս դրանք դիվանագիտական կատեգորիաներ չեն: Ինչ վերաբերում է անձամբ իմ գնահատականներին, որ ես հնչեցրել եմ և «Ազատություն» ռադիոկայանի եթերում և ՀՀԿ ԳՄ նիստից հետո, ես մնում եմ իմ կարծիքին, որ ավելի արդարացի կլիներ, որ պարոն Սվիտալսկին ոչ թե ներքաղաքական կյանքի գնահատականներ հնչեցներ, այլ տեսներ նաև հիմնականում այն դրական տեղաշարժերը, որոնք տեղի են ունեցել Հայաստանում՝ նաև Եվրամիության մեր գործընկերների օժանդակությամբ: Եվ կրկնում եմ՝ ոչ միայն ֆինանսական օժանդակությամբ: Որովհետև պարոն դեսպանը շատ է հղում անում ֆինանսական բաղադրիչին: Օժանդակությունը եղել է ոչ միայն ֆինանսական, որը մենք շատ դրական ենք գնահատում: Եվ տեսնել ԿԸՀ-ի աշխատանքում այն դրական տեղաշարժը, որը եղել է: Ես մնում եմ իմ կարծիքին: Ես իմ կարծիքը արտահայտել եմ, երկրորդելու կարիք չեմ տեսնում: Պարզապես կխնդրեի և կցանկանայի, որպեսզի իմ հարգարժան գործընկերը, որը նաև պրոֆեսիոնալ և փորձառու դիվանագետ է, ոչ թե նեղսրտեր և սվիններով ընդուներ, այլ վերլուծեր իր օպոնենտների կարծիքները»:


Փաստացի՝ Հայաստանում աշխատանքի բաժանում է կատարվել. ըստ իշխանության՝ եվրոպացիները պիտի վերլուծեն իրենց ընդդիմախոսների կարծիքները, իսկ ընդդիմախոսներն ունեն ինքնիշխանություն և ձերբազատված են վերլուծելու կարողությունից: Ընդունեք, որ այդպես հարմար է: Անձնական՝ ոչինչ, միայն ինքնիշխանություն: Մի երկրում, ուր անկախության քառորդ դարից հետո չկա ինքնիշխանության ու իշխանության գիտակցություն, չի կարող լինել նաև այդ խնդիրների վերաբերյալ փաստարկված բանավիճելու ունակություն: Բայց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը դա չգիտի:

Դիտվել է՝ 2193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ