Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ-ի սոցիոլոգները պարզել են ռուսաստանցիների վերաբերմունքը Պուտինին

ԱՄՆ-ի սոցիոլոգները պարզել են ռուսաստանցիների վերաբերմունքը Պուտինին
22.06.2017 | 09:30

Վլադիմիր Պուտինի գործունեությունը միջազգային ասպարեզում ռուսաստանցիները բարձր են գնահատում, իսկ նրա ներքին տնտեսական ու հակակոռուպցիոն քաղաքականությունը՝ շատ ավելի զուսպ՝ վկայում է 2017-ին Վաշինգտոնի Pew Research Center կազմակերպության ուսումնասիրությունը: Ռուսաստանցիներն առավել գոհ են երկրի արտաքին քաղաքականությունից, որ վարվում է 2002-ից (Pew Research Center-ը առաջին հետազոտությունն արել է հենց այդ տարի): 58 % -ը գոհ է իրավիճակից, 37 %-ը՝ դժգոհ: 59 %-ը կարծում է, որ Ռուսաստանի գլոբալ ազդեցությունը մեծացել է, 17 %-ը՝ հակառակը, որ երկիրը կորցրել է ազդեցությունը: Մնացածի կարծիքով՝ ազդեցության մակարդակը նույնն է մնացել: Ընդհանուր առմամբ՝ ռուսաստանցիները համարում են, որ համաշխարհային ասպարեզում Ռուսաստանն ավելի կարևոր դեր է խաղում, քան 10 տարի առաջ էր:

Վլադիմիր Պուտինը ավելի ցածր գնահատականներ է ստացել ՈՒկրաինայի հետ հարաբերությունների հարցում, քան 2014-ին էր: Այն ժամանակ նրա քայլերին հավանություն էր տալիս 83 %-ը, հիմա 63 %-ը: Ռուսաստանցիների 87 %-ը այս կամ այն չափով վստահ է, որ ՌԴ նախագահը միջազգային ասպարեզում ճիշտ է գործում և մտածում է, որ նա կայուն է իր քայլերում: ԱՄՆ-ի հետ Պուտինի հարաբերությունները 85 %-ը դրական է գնահատել 2015-ին (Բարաք Օբամայի նախագահության օրոք), Դոնալդ Թրամփի նախագահության օրոք նրանց թիվը կրճատվել է՝ 73 %:
2015-ին Պուտինի միջամտությունը Սիրիայի կոնֆլիկտին խիստ փոխեց ՌԴ արտաքին քաղաքականությունը: Ռուսաստանցիների համարյա կեսը՝ 46 %-ը, կարծում է, որ երկիրը պիտի շարունակի նույն քաղաքականությունը: 34 %-ը այն կարծիքի է, որ Ռուսաստանի միջամտությունը պիտի նվազի, 11 %-ը՝ մեծանա: Խոսելով Ռուսաստանի նպատակների մասին սիրիական կոնֆլիկտում՝ 72 %-ը նշում է զոհերի թվի նվազումը, 64 %-ը՝ ահաբեկչական խմբավորումներին հաղթելը: Մեկ քառորդը նշում է, որ Կրեմլի նպատակը Բաշար Ասադին նախագահ պահելն է:


Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունների վրա ազդող երկրորդ գործոնը ՆԱՏՕ-ն է: Ռուսաստանցիների 41 %-ը համարում է, որ դաշինքը Ռուսաստանի հիմնական սպառնալիքն է: 2015-ին այդ կարծիքին էր 50 %-ը: 39 %-ը այսօր ՆԱՏՕ-ն անվանում է ոչ մեծ սպառնալիք, 16 %-ը ընդհանրապես սպառնալիք չի համարում: Ամենամեծ ներքին խնդիրը ռուսաստանցիները համարում են գնաճը՝ 71 %-ը և քաղաքական ղեկավարների կոռուպցիան՝58 %-ը: Գլխավոր պրոբլեմների ցանկում են աշխատանքի ոչ բավարար հնարավորությունները (54 %), ահաբեկչությունը (54 %), աղքատների ու հարուստների միջև բաժանումը (53 %), հանցագործությունները (52 %), բիզնես էլիտայի կոռումպացվածությունը (50 %):


Տնտեսական վիճակի և իրենց կյանքի նկատմամբ ռուսաստանցիների կարծիքը ևս փոխվել է: 2015-ին 73 %-ը կարծում էր, որ տնտեսության վիճակը վատ է, այսօր՝ 49 %-ը, իսկ 46 %-ը համոզված է, որ տնտեսական վիճակը բարելավվել է: Իրենց անձնական վիճակը ևս նրանք համարում են բարելավված՝ գոհ է 51 %-ը, 2015-ին գոհ էր 44 %-ը: Երիտասարդներն ավելի լավատես են՝ 18- 29 տարեկանների 59 %-ը գոհ է իր վիճակից, 50-ից մեծերի միայն 46 %-ն է այդ կարծիքին: Ապագայի նկատմամբ ռուսաստանցիներն առանձնապես վստահ չեն՝ 53 %-ը կարծում է, որ տնտեսության վիճակը չի փոխվի կամ կվատանա: Նրանց 55 %-ը հավանություն է տալիս Պուտինի տնտեսական գործունեությանը: Միակ պրոբլեմը, որ նա չի կարողանում լուծել, կոռուպցիան է: Այդ ուղղությամբ նրա քայլերին 2015-ին հավանություն էր տալիս 62 %-ը, այս տարի՝ 49 %-ը: Ավագները նվազ գոհ են նրա հաջողություններից այդ ասպարեզում, քան երիտասարդները: 50-ից մեծերի 46 %-ը հավանություն է տալիս նրա գործողություններին կոռուպցիայի դեմ պայքարում: 18-29-տարեկանները՝ 11 %-ով ավելի շատ: Pew Research Center կազմակերպության հարցումն ընդգրկել է 1002 մարդու, անցկացվել է 2017-ի փետրվարի 18-ից ապրիլի 3-ը: The Pew Research Center-ը ոչ կառավարական կազմակերպություն է, որ զբաղվում է սոցիալական հարցերի, հասարակական կարծիքի, ժողովրդագրական միտումների ուսումնասիրությամբ ԱՄՆ-ում ու աշխարհում:.
BBC


Հ.Գ. Pew Research Center-ը փաստորեն ավելի մխիթարական տվյալներ է ներկայացնում, քան «Լևադա» կենտրոնը: Զարմանալի է, որ 2017-ի փետրվարի 18-ից ապրիլի 3-ին ստացված պատկերը կտրուկ փոխվեց մի քանի օրում և արդեն հունիսի 12-ին հազարավոր երիտասարդների փողոց հանեց կոռուպցիայի դեմ պայքարում: Փաստորեն, սոցիոլոգիան սոցիոլոգիա է և՜ ԱՄՆ-ում, և՜ Ռուսաստանում, և՜ Հայաստանում՝ սխալվելիս լավ է սխալվում: Կամ՝ ճիշտ է սխալվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ