Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ի՞նչ շահեց կառավարության ծրագիրը

Ի՞նչ շահեց կառավարության ծրագիրը
22.06.2017 | 17:13

Իրար գլխի շիշ կոտրելուց մինչև «պադեզդներում» հարցերի լուծում. ահա այս մթնոլորտում ընթացան կառավարության ծրագրի քննարկումն ու հաստատումը։ «Ելք» խմբակցությունը ամբողջ ներուժն օգտագործեց անձնական քննադատության մեծ դաշտ բացելու վրա։ ՀՀԿ-ի պատասխանը չուշացավ։ Արդյունքում տուժեց բուն քննարկման հարցը` առաջիկա հինգ տարիների տնտեսական ծրագիրը, որը հավասարապես վերաբերում է և՛ ընդդիմությանը, և՛ իշխանությանը։ Ի՞նչ շահեց այդ փաստաթուղթը այս բուռն, բայց անպտուղ բանավեճից։ Հերթական անգամ հասարակությունը հասկացավ, որ այս խորհրդարանը որակապես նախորդին ոչնչով չի զիջում, իսկ քաղաքական ինտրիգն առավել կարևոր է, քան օրենքների ու ծրագրերի բարելավումն ու շտկումը։


Անշուշտ, խորհրդարանը քաղաքական հարթակ է ու առանց ինտրիգների, քաղաքական բանավեճերի դժվար է պատկերացնել, սակայն կա ողջամտության մի սահման, որից այն կողմ թեժ բանավեճն արդեն կորցնում է իր համն ու հոտը։ Ի վերջո, ցանկացած իրավիճակում կարելի է այնպիսի սուր, դիպուկ արտահայտություններ, բնորոշումներ օգտագործել, որոնք և՛ կխոցեն դիմացինին, և՛ կոռեկտության սահմաններում կլինեն։ Սա ի միջ այլոց։
Իրականում խորհրդարանում քննարկման դրվեց թերևս ամենակարևոր ծրագիրը` կառավարության հնգամյա գործունեությունը, և ինչպես վստահեցրեց ԱԺ փոխխոսնակը, անկախ այն հանգամանքից, թե ով կլինի վարչապետը, ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ շարունակելու է այս ծրագիրը։ Ասել է` Հայաստանի տնտեսական այսօրվա ծանր վիճակը կխորանա, թե կունենանք բարելավում, պայմանավորված է միայն այս ծրագրով ու դրա իրագործմամբ։ Այս հարցում ընդդիմություն-իշխանություն չկա, խոսքն արդեն երկրի մասին է, մի ողջ ժողովրդի կյանքի պայմանների։ Իսկ մենք բերել ու «պադեզդներում» ծեծվելուց ենք խոսում ու իրար միս ենք ուտում։ Էլի կերեք, բայց ուտելուց մի մոռացեք, որ ժողովուրդը հավասարապես հոգնել է և՛ իշխանության անկատար խոստումներից, և՛ դրանց վրա քաղաքական ներկայացումներ կառուցող ընդդիմությունից։ Ի վերջո, ընդդիմությունը միայն քաղաքական շոուների մասնագիտացված «կառույց» չէ, այլ առողջ առաջարկներ ներկայացնող ու ամենակարևորը` իշխանության մեծ ախորժակը զսպող մարդկանց խումբ է։ Դրա համար մեկ-մեկ կարելի է քաղաքական հավակնությունները մի կողմ թողնել և զբաղվել խնդիրներով։


Այնպես, ինչպես իշխանությունը պետք է ժամանակ առ ժամանակ հիշի, որ երբ քննադատություն կա իր հասցեին, դրան կարելի է շատ հանգիստ ու ճիշտ բառապաշարով պատասխանել։ Ընդդիմությունը նաև խորհրդարանում է սուր, հասցեական քննադատության համար։ Իշխանությունը չպետք է մոռանա, որ ընդդիմությունը հակակշռող մեխանիզմ է ստեղծում, որը հօգուտ, բայց ոչ ընդդեմ պետք է ծառայեցնել։
Եթե սա է իշխանության և ընդդիմության պատկերացրած խորհրդարանական կառավարումը, հարցերի քննարկման ձևը, ուրեմն երկրի կառավարումը բավական անպատասխանատու մարդկանց ձեռքում է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ