Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կառավարությունը գործուն աշխատող թիմ է

Կառավարությունը գործուն աշխատող թիմ է
22.06.2017 | 23:12

Վարչապետ Կարեն Կարապետյանը կմնա՞ վարչապետ 2018-ից հետո, թե՞ ոչ. հարց, որը հանգիստ չի տալիս խորհրդարանական ընդիմությանը, հատկապես «Ելքին»։ Հետաքրքիր է, որ կառավարության 2018-ի ծրագրի քննարկման ժամանակ ավելի շատ հնչեց այս հարցը, քան եղան ծրագրային լուրջ դիտողություններ վերջիններիս կողմից։ Եթե նկատենք, որ կառավարությունն է տնտեսության պատասխանատուն, ապա այս հարցադրումը գուցե և տրամաբանական էր։ Իսկ տրամաբանակա՞ն էր այն, թե՞ քաղաքական շոու` հարցրինք մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին։


-Միանշանակ պատասխան տալ կդժվարանամ, կարծում եմ` այս դեպքում երկու մոտեցումներն էլ առկա են։
-Կառավարությունը ներկայացրել է 2018-ի իր ծրագիրը, սակայն որպեսզի մարդը հավատա ապագային, նա պետք է տեսնի այսօր իրականացվող ծրագրերի արդյունավետությունը և, դրանից ելնելով, հավանություն տա նախատեսվողին։ Վերջին ինն ամիսների ընթացքում Ձեր ոլորտում իրականացված ո՞ր ծրագրերն են տեսանելի։
-Մենք մեծամասշտաբ աշխատանք ենք իրականացրել կինոյի բնագավառում, սկսած հայեցակարգից մինչև օրենքի վերջնական մշակումը, որը ենթադրում է ոլորտի զարգացում։ Սա մեծածավալ ծրագիր է։ Նմանապես գրահրատարակչության մասով հստակ ծրագրեր ենք իրականացրել, որի արդյունքում ստեղծվել են նոր գրախանութներ, ձևավորվել են շարժական գրախանութներ՝ գրաբուսներ։ Ակտիվացել է մարզային գրադարանների աշխատանքը, բացի դրանից մարզային գրադարաններում ավելացել է ժամանցի էլեմենտը։ Բազմաթիվ այլ ծրագրեր ևս իրականացվել են, սակայն ժամանակի սղության պատճառով այդ բոլորը թվարկել հնարավոր չէ։
-Դուք, որպես նախարար, նկատո՞ւմ եք մշակույթի գործիչների գործնական աջակցությունը Ձեր կողմից տարվող քաղաքականության նկատմամբ։ Նրանք համամի՞տ են Ձեր մտահղացումներին։
-Այո, և դա նկատելի է։ Ավելին, մենք միասին կարողանում ենք գեներացնել այդ ծրագրերը և ստանում ենք մշակույթի գործիչների աջակցությունը։ Անշուշտ, կան նաև որոշակի դժգոհություններ, ինչը բնական է։ Երբ ոլորտը սկսում է առողջանալ, փոխվում են խաղի կանոնները, ապա այդ դեպքում դժգոհություններ ևս պետք է լինեն։
-Ի՞նչ եք կարծում` հայ կինոստուդիայի մասնավորեցումը․․․
-Ներեցեք, ձեզ ընդհատեմ և միանգամից ասեմ, որ խոսքը կինոստուդիայի մասնավորեցման մասին է։ Ինչպես նշեցի` մշակել ենք կինոյի հայեցակարգ օրենքը, որի նպատակն է շահագրգռել արտասահմանյան կինոինդուստրիային Հայաստանում գործելու համար։ Օրենքի համաձայն նախատեսվում է ներդրումների 20 %-ի վերադարձ։ Իհարկե, դա փոքր գումար է, արտասահմանյան կինոինդուստրիային շահագրգռելու համար, քանի որ մենք չունենք համապատասխան մասնագիտական բազա։ Հետևաբար, առաջին հերթին, մենք պետք է ստեղծենք կինոդպրոց միջազգային չափանիշներին համապատասխան։ Պետք է նկատեմ, որ հայ կինոինդուստրիան տեխնիկական հագեցվածության լուրջ խնդիր ունի։ Եթե միևնույն ժամանակ երկու լիամետրաժ ֆիլմ նկարահանվի այսօր, ապա եղած տեխնիկան չի բավարարի։ Այսինքն, մենք պետք է գեներացնենք նաև մասնավորի ներդրումները տեխնիկական բազայի ստեղծման համար։ Արդյունքում ունենալով օրենսդրական լավ դաշտ, բարձրակարգ մասնագետներ, տեխնիկական բազա և ներդրումների 20 %-ի վերադարձ՝ հնարավոր է մեր կինոինդուստրիան շահավետ բիզնեսի վերածել։
-Այո, սակայն ազգայինը այդ դեպքում չենք կորցնի՞։
-Ոչ, հակառակը, այդպիսով կնպաստենք ազգային կինոյի զարգացմանն ու արտադրությանը։ Ծրագրավորել ենք ստեղծել հանրապետական կինոթատրոնների նոր ցանց, որը նախատեսում է նոր կինոթատրոնների կառուցում, անկախ սեփականության ձևից։
-Պարոն նախարար, քանի որ մեր հարցազրույցը քաղաքական հարցով սկսեցինք, ուզում եմ քաղաքականով էլ այն ավարտել։ Երբ խոսվում է վարչապետի ժամանակավոր լինելու մասին, ապա դա վերաբերում է կառավարության ողջ թիմին, որի անդամ եք Դուք։ Ի՞նչ զգացողություն եք ունենում, երբ ասում են, որ այս կառավարությունը գործելու է մինչև 2018 թիվը։
-Այս ձևակերպման հետ համաձայն չեմ։ Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը շատ գործուն աշխատող թիմ է, որը շատ անելիքներ ունի, իսկ արվածը արդեն տեսանելի է։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 6693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ