Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ավելո՞րդ է 8 միլիարդը

Ավելո՞րդ է 8 միլիարդը
23.06.2017 | 01:36

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը մեկամսյա դադարից հետո ճշտել է, որ 8 միլիարդի ներդրումները «կարող են իրականացվել, երբ էլեկտրաէներգիայի շուկան ամբողջովին ազատ կլինի, և հնարավոր կլինի Հայաստանից Վրաստան, Իրան էլեկտրաէներգիա արտահանել»: Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը նույնպես իրական հնարավորություն է ներդրումների համար: Այդ ներուժը կարող է իրացվել, երբ լինեն ենթակառուցվածքներ: Ներդրումները կարող են ուղղվել նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտ:


Ինչ համառ են ԱՄՆ-ի դեսպանները: Նախորդը աշխարհով մեկ Հայաստանի համար ներդրողներ էր որոնում, ներկան ուզում է Հայաստանը դուրս բերել շրջափակումից ու էներգետիկ կախվածությունից: Համառ են, որովհետև թիկունքում ԱՄՆ ունեն: ԱՄՆ-ում փոխվում են նախագահները, քաղաքականությունը չի փոխվում: Գերտերությունն ունի գերակայություններ ու հավատարիմ է իր քաղաքականությանը: Գերտերություն լինելն առավելություն է տալիս չնկատելու տեղական իշխանության դիմադրությունը: Ռիչարդ Միլզը դա կարող է իրեն թույլ տալ և առաջ տանել իր ծրագիրը: Նա մեծահոգի է: Եվ՝ համբերատար:
Ոչինչ, որ վարկերի հաշվին ապրող Հայաստանը գործնականում 8 միլիարդ դոլարի ներդրումը համարում է ավելորդ, ոչինչ, որ հերթով մերժում է տնտեսության զարգացման համար շահեկան, բայց «վտանգավոր» քաղաքական առաջարկները՝ միայն մնա կայուն ու ապահով: Ռիչարդ Միլզը փաստացի ուզում է Հայաստանի էներգետիկ շուկայում վերանա մոնոպոլիան: Հունիսի 1-ին կառավարությանն է ներկայացվել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության փորձագետների հետ մշակած միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը, որ 3-4 տարիների ընթացքում ազատականացում է նախատեսում: Իսկ «Գազպրո՞մը»: Իմաստ չուներ, որ Վաշինգտոնը Երևանին առաջարկեր մի ծրագիր, որը մերժելու էր Մոսկվան: Դեսպանի հայտարարության հիմքում կարող է լինել ԱՄՆ-ՌԴ էներգետիկ գործակցություն՝ տարածաշրջանային կտրվածքով, որ հեռանկարում լուծելու է նաև քաղաքական ու տարածաշրջանային տնտեսական խնդիրներ: Իհարկե, ԱՄՆ-ՌԴ ներկա լարված հարաբերությունների համապատկերում դա հնչում է արտառոց ու անհնար:

Պատժամիջոցներ, հակասություններ Սիրիայում, Կոնգրեսի հանձնաժողովներում հետաքննություններ ու հակառուսական ելույթներ, դեմոկրատների դեմարշներ հանրապետականների ու Դոնալդ Թրամփի դեմ և ինչ-որ ծրագիր Հայաստանում, որին առնչվում է Իրանը, որի հետ Վաշինգտոնի հարաբերությունները չեն ստացվում, Վրաստանը, որի հետ Մոսկվայի հարաբերությունները չեն ստացվում, Թուրքիան, որի հետ ոչ մեկի հարաբերությունները չեն ստացվում: Բայց հենց դա է խաղի հմայքը և դիվանագիտական այսբերգի իրական հատվածը: Իսկ գուցե` ոչ: Ո՞վ գիտի: Գուցե միայն Կարեն Կարապետյանը, որ ընդունել է և՛ Ռիչարդ Միլզին, և՛ Ալեքսեյ Միլլերին, և՛ Թբիլիսի է գնացել, և՛ խոստանում էր Թեհրան գնալ, բայց նա ոչինչ չի ասի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. ԱՄՆ-ի դեսպանն ասել է. «Հայաստանը մեծ ներուժ ունի վերականգնվող էներգիայի զարգացման համար, և ամերիկյան ներդրողների, ամերիկյան ընկերությունների կողմից մեծ հետաքրքրություն կա՝ այստեղ գալու և այդ ոլորտը զարգացնելու առումով»: Իսկ սենսացիան, որ նա հանդիպել է Հայաստանի էներգետիկայի նախարարի հետ, ու նախարարը դեսպանին է ներկայացրել ներդրումային երկու ծրագիր՝ թափոնների մշակմամբ էներգիայի արտադրության և հիդրոէլեկտրակայանների զարգացման ոլորտում: Միլզը ծրագրերը փոխանցել է ամերիկացի ներդրողներին: Հիմա պե՞տք է, թե՞ պետք չէ մեզ 8 միլիարդ դոլարը: Թե՞ ուրիշներն ավելին կտան: Գազով, բայց՝ մեր հաշվին:

Դիտվել է՝ 7608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ