Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կառավարության ծրագրի ծրագիծը

Կառավարության ծրագրի ծրագիծը
23.06.2017 | 01:45

Բառարաններ չեմ սիրում, մեկ-մեկ բացում եմ, որ համոզվեմ իմ սխալ լինելը: «Ծրագիր» բառի բացատրությունն էի որոնում: Հրաչյա Աճառյանը արմատապես լռեց, Էդուարդ Աղայանը «Արդի հայերենի բացատրական բառարանում» ծիրը մեկնեց շրջանը պարփակող գիծ, շրջանագիծ, եզրագիծ, ծրագիրը՝ կատարելիք աշխատանքների՝ գործունեության և այլնի նախագիծ: Ինձ հմայեց ծրագիծը՝ շարժման կամ ձգվելու ուղղությունը ցույց տվող գիծը՝ ծրագրի, գործունեության ուղղությունը:

Ո՞րն է ՀՀ կառավարության ծրագիծը:
Տեսակետները տարբեր են, բոլորն էլ՝ նույն ծիրում: Խորհրդարանաբնակ հայերը ուզում են իմանալ՝ նախ և առաջ ո՞վ է լինելու 2018-ին, հետո՝ ի՞նչ: Վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ ներկայացրեց երկրորդ ծրագիրը՝ իննամսյա աշխատանքից հետո և իննամսյա աշխատանքի համար՝ 2018-ի ապրիլին նորից հրաժարական է տալու: Փաստացի Կարեն Կարապետյանի երկու կառավարությունները ճակատագրի բերումով աշխատում են ֆորս մաժորի ռեժիմում՝ ընտրություններ, հատվածականություն, սահմանադրական հրաժարականներ: Դա նրանց խոցելի է դարձնում ի սկզբանե: Նրանց ծրագիրը՝ նույնպես: Դու ծրագրում ես, ու չգիտես՝ քո ծրագծով դո՞ւ ես գնալու: Տնտեսագետները միանգամից ախտորոշեցին՝ ծրագրում բացակայում են թվային տվյալներ, չկան կանխատեսումներ, իշխանությունը խուսափում է պատասխանատվությունից: Հայտարարված 5 տոկոս աճն էլ հնարավոր որակեցին գնաճի պարագայում՝ իբրև ինքնըստինքյան աճ: Ամենամեծ թերությունը համարվեց հստակության բացակայությունը որևէ ոլորտում, այդ թվում՝ ներդրումների: Եթե հստակ չէ հավելյալ արժեքի պահը, որի մասին հայտարարում էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, տնտեսությունը մնալու է ներկա ծավալներում, քվոտավորված ու փակ, ինչպես կար: Դատավճիռն էր՝ սա զարգացման ծրագիր չէ, ենթարկված է իշխանության քաղաքական նախաձեռնությունների ու վերադասավորումների տրամաբանությանը: Տնտեսա-քաղաքական համակարգը վերադասավորվում ու վերարտադրվում է ժառանգականության հիման վրա: Ազգային բարիքը շարունակում են տնօրինել քաղաքական վերադասավորումները վերապրածները: Կոռուպցիայի հանձնաժողովի ստեղծմամբ լեգալանում է կուտակված հարստությունը, կապիտալի ներիշխանական համաներում է կատարվում: Համայնքների խոշորացումով ապահովվում է Հայաստանի ստվերային վարչատարածքային բաժանումը՝ ընտրական հետագա գործընթացները հեշտացնելու հեռանկարով: Տնտեսաքաղաքական նոր ստատուս քվո է ամրագրվում: Միջին վիճակագրական հայը կապ չուներ:


Վարչապետ Կարեն Կարապետյանը, որ կառավարության արտահերթ նիստում ծրագիրը անվանել էր «ամբիցիոզ», ԱԺ-ում որակեց «կյանքի որակ փոխող»՝ դեպի ավելի բարեկեցիկ, ավելի ուժեղ, ավելի անվտանգ միջավայր տանող: Ասաց. «Վերջին 9 ամիսների աշխատանքի հիման վրա հստակ պատկերացնում ենք մեր ներկան, գիտենք՝ ինչ խնդիրներ և հնարավորություններ ունենք, ունենք նաև ապագայի հստակ տեսլական, գիտենք ինչ է պետք փոխել, ինչպես, և սկսել ենք դա իրագործել»: Նաև պատմեց, թե ինչ պայմաններում է կառավարությունն աշխատում. «Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, սահմանների մոտ 83 տոկոսը փակ է և միայն 17-ն է բաց։ Մեր տարածաշրջանում կան հակասող շահերով բազմաթիվ ուժեղ խաղացողներ, կախվածություն ունենք միջազգային ֆինանսական շուկաների ցնցումներից, խոշոր երկրներում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական իրադարձություններից։ Մեր իրականությունը դեռ երկար է լինելու այսպիսին։ ՈՒնենք նաև ներքին խնդիրներ, որից բոլորս քաջատեղյակ ենք։ Ես այս ամենը թվարկում եմ ոչ թե բոլորիս հուսալքելու, այլ հավաստիացնելու, որ մենք հստակ պատկերացնում ենք իրականությունը»: Ասաց՝ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, չորս սահմաններից երկուսն են բաց, բախվում է տարածաշրջանային մարտահրավերներին, որոնք սպառնում են իր անվտանգությանը:

Ասաց. «Մենք պատասխանատվությունից չենք խուսափում։ Այս ծրագիրը ներկայացնում է մեր պատկերացումը և տեսլականը մեր երկրի զարգացման առաջիկա 5 տարիներին, հիմքեր է ստեղծում մեր երկրի երկարաժամկետ զարգացման համար։ Ծրագրի հիմքում դրված է անվտանգ, արդար և խելացի Հայաստան ունենալու տեսլականը»: Կառավարության ծրագրի թիրախներն են՝ ՀՆԱ-ի 5 տոկոս աճ, նվազագույն աշխատավարձի բարձրացում 25 տոկոսով, արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի, աղքատության կրճատում՝ 12 տոկոսով: «Ոչ մեկը մեր փոխարեն չի ապրի մեր կյանքը, ոչ մեկը մեր տեղը չի անի մեր գործը։ Մեր հույսը միայն մեզ վրա պետք է դնենք, մենք միասին պետք է կառուցենք մեր երազանքի երկիրը՝ անվտանգ, արդար, անկախ և խելացի, և այն դարձնենք իրականություն։ Մենք դա կարող ենք, և մենք դա կանենք միասին։ Պետք է օր ու գիշեր նվիրված աշխատենք։ Վստահ եմ, որ այս ճանապարհով մենք կհասնենք մեր երազանքի Հայաստանին»՝ սա էլ ռոմանտիկայի համար: Ծրագիրը 123 էջ ունի: Մի քանի տողով ծրագիրը ոչ կներկայացվի, ոչ կհասկացվի: Հարցեր վարչապետին, իհարկե, եղան, բայց հարցերի հարցը ոչ թե ծրագիրն էր, այլ ծրագիրն իրականացնողը: Թեպետ, իրականում, հարցը հնարովի է: Ի՞նչ նշանակություն ունի՝ ո՞վ է ծրագիրն իրականացնում, եթե դա ոչ թե կառավարության ծրագիրն է, այլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի, այսինքն՝ վարչապետն ու կառավարությունը կարող են փոխվել, ծրագրին դատապարտված ենք: Դա է մեր ծրագիծը: Նշանակություն չունի, թե ով ինչպես է ծրագրին վերաբերվում, կարևորը ծրագիծն է: Նշանակություն չունի նաև, թե ՀՀԿ մեծամասնությունն ում է տալիս նախապատվությունը՝ ՀՀԿ նախագահի՞ն, թե՞ առաջին փոխնախագահին:

Չկա նման հարց ընդհանրապես: ՀՀԿ կարծրատիպային, ագրեսիվ պահպանողական մեծամասնությունը գնում է ոչ թե գաղափարի, այլ ուժի հետևից: ՀՀԿ-ի անփոփոխ ծրագիծը պատճառ, ոչ թե հետևանք է: Անորսալի է պահը, երբ ի հայտ է գալիս ուժեղը, ուժի բևեռը ձևավորում է խմբային բնազդը: Քանակը, որ առաջնորդվում է ապահովության ու անվտանգության սկզբունքով: Խորհրդարանական կառավարման անցնող Հայաստանում կուսակցությունները չունեն ներքին ինքնիշխանություն, ունեն առաջին դեմք, մնացյալքը կատարող են: Մարդ-կուսակցությունները որոշում են կուսակցական համակարգի բնույթը: Չկա առաջին դեմքը, չկա կուսակցություն: Կամ վերանում է, կամ այլ կուսակցություն դառնում: Հիշեք ՀՀԿ-ի տրանսֆորմացիաները: Աշոտ Նավասարդյանի մահից հետո ՀՀԿ-ն կարող էր անհետանալ, ինչպես իր հետ նույն ժամանակներում ստեղծված կուսակցությունները, որոնց անուններն էլ արդեն չեն հիշվում: Վազգեն Սարգսյանի քաղաքական որոշումը փրկեց ՀՀԿ-ին և ասպարեզ վերադարձրեց: Նրա սպանությունից հետո ՀՀԿ-ն անցավ Անդրանիկ Մարգարյանին, և արդեն ոչ թե գաղափարի հետևից գնացող ուժ էր, այլ տիրոջ: Անդրանիկ Մարգարյանի հանկարծամահությունից հետո ՀՀԿ-ն բացի վարչապետը այլ նախագահ ունենալ չէր կարող՝ ներքին տրանսֆորմացիան ու քաղաքական դաշտում կարգավիճակը դա էր պահանջում: Թե ինչ է լինում կուսակցությանը՝ նախագահի հեռանալուց հետո, ցուցադրական օրինակ տվեց ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի հետ ու առանց նրա, Գագիկ Ծառուկյանի վերադարձով: Հազարամյակից հազարամյակ համագումար անող ԱԺՄ-ի մասին ավելին կպատմի Վազգեն Մանուկյանը, բայց նույնիսկ Հանրային խորհրդի նախագահը չի կարող ժխտել, որ առանց իրեն ԱԺՄ-ն տրոհվեց ու վերացավ: ՀՀՇ-ի հիմնարկեքն ու հոգեհանգիստը Լևոն Տեր-Պետրոսյանն իր ձեռամբ արեց: Համարյա ինչպես ՀԱԿ-ինը: Հին ու նոր կուսակցություններին մեկ առ մեկ հիշատակելու հարկ չկա՝ բոլորիս աչքի առաջ են հայտնվել ու անհետացել, կամ գործում են՝ իրենց միակի ղեկավարությամբ: Հարցը միայն նրանց անձը չէ: Կուսակցությունը երեխայի պես է՝ պիտի ծնես, սնես, կրթես, ամուսնացնես, աշխատանք գտնես՝ պիտի պահես, անսահման սերը քիչ է, փող է պետք: Ինչքան շատ, այնքան հզոր: Իսկ փող ունի իշխանությունը: Կամ՝ իշխանության ծրագծում գտնվող գործարարները: Հարցեր կա՞ն, թե ինչու չեն կայանում կուսակցությունները: Կամ՝ ո՞վ է լինելու ՀՀ վարչապետը ինն ամիս հետո: Միջին վիճակագրական հայի համար ոչ մի տարբերություն: Խորհրդարանական, թե նախագահական կառավարում՝ փոխվում է միայն ցուցափեղկը, կառավարումը մեխանիզմը չի փոխում: Չի բացառվում, որ ՀՀ ապագա վարչապետը նույնիսկ Բաղրամյան 26-ից չտեղափոխվի Հանրապետության հրապարակ: Ի՞նչ իմաստ ունի: Ավելի մոտ է խորհրդարանին, խորհրդանշական է ու գործնականում հարմար:


Բոլոր նրանց, որ մոռացած պայծառ հեռանկարը, դեռ հետաքրքրվում են օրընթաց քաղաքականությամբ, չափազանց կարևոր էին թվում իշխանության ու ընդդիմության հարցերը վարչապետին, նրանց ելույթները, ելույթների հնչերանգները: Իբր դա ցույց էր տալու՝ ով ով է, ով ինչպես է վերաբերվում Կարեն Կարապետյանին ու Սերժ Սարգսյանին: Միֆ: Ամեն ինչ վաղուց հայտնի ու պարզ է: ՀՀԿ-ն ունի միայն ու միայն մեկ լուսատու, մնացյալներից հեշտ ու հանգիստ ազատվելու կայուն ավանդույթներ կան՝ հիշեք՝ ինչպես հրաժարական տվեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, որ նախագահ դառնա Հովիկ Աբրահամյանը, հիշեք ինչու ու ուր գնաց Տիգրան Սարգսյանը, որ Հովիկ Աբրահամյանը դառնա վարչապետ, ինչպես ու ինչու վարչապետ դարձավ Կարեն Կարապետյանը և ուր է հիմա Հովիկ Աբրահամյանը: Նրանք բոլորը ժամանակի մեջ լուծում էին իրենց հատկացված խնդիրը, ոչ ավելին: Ոչ ոք չէր ասել, որ այդ խնդիրը պետական կառավարումն է կամ միջին վիճակագրական հային է վերաբերում: ՀՅԴ-ն միշտ եղել է իշխանական ծիրում, ու նրա ծրագիծը հենց դա է: Նույնը ԲՀԿ-ն, որ ժամանակի մեջ իր ամբիցիաներն ավելացնում ու նվազեցնում է՝ նայած իրավիճակի և միշտ ինչ-որ մեկի կողքին է: Հրապարակավ՝ ժողովրդի, փաստացի՝ օրվա նախագահի: «Ելք» դաշինքը մնա՞ց: Նրանք պարտավոր են պահել ընդդիմության պատիվը՝ հարցեր տալ, ելույթներ ունենալ, լինել ու մնալ միջին վիճակագրական հայի հետ, խորհրդարանական իշխանական խաղերը նրանց չեն վերաբերում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Կառավարության ծրագրի քննարկումը ակնհայտ դարձրեց.


1. ԱԺ մեծամասնության համար հարցերը լուծված են, իրենց ելույթներում նրանք նույնիսկ Կարեն Կարապետյանի անունը չէին տալիս, հավատարմության երդումը տրվում էր ծրագրին, վարչապետը ժամանակավոր ֆիգուր է:
2. Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ական է, բայց պայքարող տեսակ չէ, նա հեռանալու է կամ մնալու է հանգամանքների թելադրանքով: Նրա պոռթկումը, որ ինքը պատրաստ է լինել վարչապետ և Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալու համոզողների մեջ չկա, համարեք դրայվի դրսևորում: ՀՀԿ-ի համար անցանկալի, բայց՝ մարդկային ու հասկանալի:
3. Կառավարության ծրագիրը տեխնիկական փաստաթուղթ էր՝ Սահմանադրության պահանջով բերվեց ԱԺ և հաստատվեց՝ տեխնիկական կառավարության տեխնիկական ծրագիր, որ երաշխիք չի տալիս, թե հաջորդ կառավարությունը կկատարի անգամ այն դեպքում, երբ որ հայտարարվում է՝ ծրագիրը ՀՀ նախագահինն է, ՀՀԿ-ինը ու ՀՅԴ-ինը:
4. Հետևողականորեն հասարակությանը ներշնչվում է գաղափարը, որ նախագահ, թե վարչապետ, միայն Սերժ Սարգսյանն է ի զորու ղեկավարել երկիրը: Համակարգը շարունակում է ինքնապահպանությունը՝ միջին վիճակագրական հայի հաշվին:
5. Պահեստայինների նստարանը վտանգավոր գաղափար է, պետք է իսպառ վերացնել ու հիմք ընդունել իշխանական կաղապարված կայունությունը:
6. Ցուցափեղկային ժողովրդավարությունը խորանում է, իրականը՝ հեռանում:
7. Նախագահները, վարչապետները, կառավարությունները, ծրագրերը փոխվում են, ծրագիծը՝ ոչ: Քանի դեռ երկիրը չունի ինքնիշխան ծրագիծ, կատարելու է ուրիշի ծրագիրը:

Դիտվել է՝ 3664

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ