Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարչապետը փորձում է խուսափել «ֆալստարտից»

Վարչապետը փորձում է խուսափել «ֆալստարտից»
23.06.2017 | 08:35

Այս շաբաթ Ազգային ժողովում ընթանում էին ՀՀ կառավարության նոր ծրագրի քննարկումները։ Իրավիճակը յուրահատուկ է նրանով, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդամենը 9 ամսում օրենսդիր մարմնին է ներկայացրել իր երկրորդ ծրագիրը՝ այն հեռանկարով, որ ևս 9 ամիս հետո գուցե ներկայացնի արդեն երրորդ ծրագիրը։ Փաստորեն, գործող վարչապետը մտել է մի շրջապտույտի մեջ, որտեղ ձևավորում է կառավարություն, այնուհետև ներկայացնում է ծրագիր, ըստ օրենքի պահանջների, հրաժարական է տալիս, հետո նորից նշանակվում է, կրկին ձևավորում կառավարություն, ներկայացնում ծրագիր, և այդպես շարունակ:
Քաղաքական այս դեժավյուն մի բացառիկ իրավիճակ է. 18-19 ամսում տեսականորեն Կարեն Կարապետյանը կարող է երեք անգամ կառավարություն ձևավորել և երեք անգամ ներկայացնել համապատասխան ծրագիր։


Իրավիճակի առանձնահատկությունը նաև այն է, որ կառավարության ծրագիրն այսօր ներկայացվում է 2018-ի ապրիլից հետո վարչապետի թեկնածուի շուրջ անվերջանալի խոսակցությունների ֆոնին։ Ակնհայտ է, որ այդ խոսակցությունները, անկախ ամեն ինչից, միևնույն է, շարունակվելու են մինչև 2018-ի ապրիլ։ Իհարկե, պետք է նկատել, որ այդ ֆոնն անհամեմատ մեղմ է, մանավանդ նախագահ Սերժ Սարգսյանի, իսկ հետո նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություններից հետո՝ թե իրենց միջև իրականում մրցակցություն, առավել ևս, հրաժարականի մասին խոսակցություններ չկան։
Կառավարության նոր ծրագրով Կարեն Կարապետյանը փորձում է երկու բավականին նուրբ խնդիր լուծել։ Մի կողմից՝ պետք է ներկայացնի ծրագիր, որը բխում է այսօրվա օրենսդրությունից և վարչապետի ներկա լիազորություններից ու գործառույթներից, մյուս կողմից, քանի որ այդ ծրագիրը պետք է ներառի որոշակի ժամանակաշրջան 2018 թվականից հետո, նաև պետք է ունենա դրույթներ, որոնք բխելու են 2018-ից հետո գործադիր իշխանության նոր գործառույթներից, նոր Սահմանադրությունից, և ամբողջովին համապատասխանի խորհրդարանական համակարգ ունեցող երկրին։ Իսկ այդ համակարգում, ինչպես հայտնի է, թիվ մեկ պաշտոնյան լինելու է վարչապետը։ Այսինքն՝ Կարեն Կարապետյանը, ամենայն հավանականությամբ, պետք է փորձեր շատ չտարածվել հատկապես քաղաքական ասպարեզում, որպեսզի նախ և առաջ իր կուսակցական թիմի շրջապատում ոմանց մեջ խանդի տեսարաններ չառաջանան և չշահարկեն Կարեն Կարապետյանի նկրտումները։ Բայց, միևնույն ժամանակ, փաստաթուղթը պետք է ներառեր հեռանկարների մասին դրույթներ, ռազմավարական մոտեցումներ, ինչը, առանց քաղաքական ոլորտ մտնելու, հնարավոր չէ։ Այդ պատճառով առաջին հայացքից իրարամերժ թվացող այս երկու խնդիրները վարչապետը պետք է փորձեր լուծել։


Այսպիսով՝ նոր ծրագրում, ամենայն հավանականությամբ, վարչապետը փորձել է պատասխան տալ մի շարք հարցերի, որոնք մինչ օրս օդում կախված էին, և որոնց շուրջ բավականին լուրջ քննարկումներ, մեկնաբանություններ, շահարկումներ կային։ Փաստորեն, գործադիր իշխանության ղեկավարն այս ծրագրով պիտի կարողանար շատ հարցեր ուղղակի հանել օրակարգից, այլ հարց է, թե որքանով դա ի վերջո հաջողվեց իրագործել:
Ինչևէ, կառավարության ծրագրով Կարեն Կարապետյանը հղում է մի շարք ուղերձներ։ Գաղտնիք չէ, որ իշխանական որոշ գործիչների «թեթև ձեռքով» ձևավորվել են որոշակի չափորոշիչներ, որոնք, այսպես ասած, սահմանում են, թե 2018-ին ով կարող է լինել վարչապետ։ Ժամանակին ՀՀԿ-ի որոշ շրջանակների իղձերն արտահայտող Էդուարդ Շարմազանովը նշել էր, որ վարչապետ կլինի նա, ով ամենաշատը կհամապատասխանի երկրի անվտանգության դոկտրինին։ Այս առումով հատկանշական է, որ ծրագրում ուղղակիորեն նշված է, թե անվտանգության համակարգը, երկրի պաշտպանվածությունը հիմնված են լինելու զարգացած տնտեսության վրա։ Ասել է թե՝ անվտանգությունը պայմանավորված է լինելու երկրի տնտեսական մակարդակով, դինամիկ զարգացող, բարեփոխվող տնտեսությամբ։ Այդ թեզը դրված է հենց կառավարության ծրագրի նախաբանում։ Սա, փաստորեն, վարչապետի անվտանգության կոնկրետ տեսլականն է և հստակ պատասխանը՝ չափորոշիչներ սահմանողներին։


Երկրորդ քաղաքական մեսիջը վերաբերում է ծրագրի իրագործման կոնկրետ ժամկետներին։ Գործող կառավարությունը, իշխող կոալիցիայի փաստացի հավանությամբ, իր համար շատ կոնկրետ գործունեության ժամկետներ է սահմանել, ընդ որում՝ նվազագույն ժամկետը՝ 2017-2022 թվականներ։ Վարչապետը, մի քանի անգամ արդեն պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ ինքը ցանկություն ունի և պատրաստ է 2018-ի ապրիլից հետո էլ պաշտոնավարելու նույն պաշտոնում։ Հիմա այդ խոսքերին գումարվում է կոնկրետ ծրագիրը, որը փաստում է ոչ միայն նրա պատրաստակամությունը, այլև 2018-ից հետո վերջինիս անելիքները։ Սա ուղղակի մեսիջ է, որ Կարեն Կարապետյանը, որպես անձ, հավակնություններ ունի և պատրաստ է բարձրագույն պաշտոնը զբաղեցնելու։ Եվ ԱԺ-ում ներկայացված ծրագիրն ընդունվելու դեպքում ստացվում է, որ քաղաքական թիմը՝ գործող կոալիցիան, հավանություն է տալիս այն փաստաթղթին, որը հստակեցված ժամանակաշրջանում պետք է իրականացնի գործող վարչապետը։


Փորձագիտական հանրության ուշադրությունից չվրիպեց այն շեշտադրումը, որ ծրագրի մեջ այս անգամ կան նաև զուտ քաղաքական խնդիրներ, որոնցից նախկինում, կարծես, հեռու էր մնում գործող վարչապետը։ Դա վերաբերում է արտաքին քաղաքական, ներքաղաքական որոշ հարցերի, Արցախի խնդրի հայեցակարգին և այլն։ Առանձին անդրադարձ կա նաև պաշտպանության համակարգին` ֆիքսելով ազգ-բանակ կոնցեպցիան և առանձնակի ուշադրություն դարձնելով ռազմարդյունաբերության ոլորտին։ Ժամանակին վարչապետը խուսափում էր այս հարցերից, ամենայն հավանականությամբ, որպեսզի քաղաքական ընդդիմախոսները, նաև իշխանական համակարգում, ժամանակից շուտ դա որպես ֆալստարտ չընդունեին, թիրախ չդարձնեին։ Հետաքրքիր է, որ այդ մասին բաց տեքստով խոսեց նաև ինքը՝ վարչապետը, իր պաշտոնավարման շուրջ հարցերը տեղափոխելով «կոռեկտության» հարթակ՝ ավելորդ շահարկումներից խուսափելու համար: Այսօր արդեն այդ թեմաները չեն շրջանցվում և դրանցից յուրաքանչյուրի շուրջ լուրջ մեսիջներ են հղվում։
Բայց, ամեն դեպքում, այդ շահարկումներից խուսափելու և խոցելի չլինելու համար վարչապետն իր կառավարության քաղաքական տեսլականները ներկայացնելու բավականին ապահովագրված ձևաչափ է գտել, ասելով, որ դա հիմնվում է ՀՀ նախագահի ուղերձի, ՀՀԿ և ՀՅԴ ծրագրերի, կոալիցիոն հուշագրի, ինչպես նաև լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա։ Ծրագրի խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին, որ գործող վարչապետն ամեն ինչ անում էր, որ չընկնի որոշ շրջանակների կողմից իր համար հմտորեն նախապատրաստված «ծուղակը», մասնավորապես, կուլ չգնա իրեն «ֆալստարտի» մղող խմբերի ձգտումներին: Ընդ որում՝ այս անգամ այդ նպատակի համար, Սերժ Սարգսյանի բնորոշմամբ, «բեմականացում» իրականացնող խմբերը լիովին օգտագործեցին առաջին հերթին խորհրդարանական, այսպես կոչված, «ընդդիմադիր» ռեսուրսները:


Խոսելով փաստաթղթի տնտեսական ասպեկտի մասին` հեղինակներն անընդհատ շեշտում են, որ այն հավակնոտ ու իրատեսական է։ Իրատեսական լինելու առումով գուցե կարելի է համաձայնել. ՀՆԱ-ի տարեկան 5 տոկոս աճը, 5 տարվա ընթացքում գործազրկության 12 տոկոս նվազեցումը, ՀՆԱ-ում արտահանման ցուցանիշը 40-ից 45 տոկոսի հասցնելը, նվազագույն աշխատավարձի 25 տոկոս բարձրացումը դժվար հասանելի բաներ չեն։ Այս ամենն իրագործելի է, և, հաշվի առնելով ծրագրի կառուցվածքը, որտեղ բավականին հստակ ժամանակացույց է տրված, մոտ ապագայում կարելի է կյանքի կոչել։


Ինչ վերաբերում է հավակնոտ լինելուն, ամենայն հավանականությամբ, կառավարությունն իրեն մի փոքր ապահովագրում է ապագայի համար։ Փորձում է առավելագույնից մի փոքր ցածր նշաձող դնել, որ այն հաղթահարելու խնդիր չլինի։ Մասնավորապես, այս տարվա համար սահմանված է 3,2-տոկոսանոց տնտեսական աճ, բայց, դիտարկելով առաջին 5 ամիսները, նկատում ենք արդեն 6,5-տոկոսանոց աճ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Ակնհայտորեն այդ 3,2 տոկոսը շատ համեստ ցուցանիշ է և հեշտ գերազանցելի, եթե լուրջ ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի՝ կապված ավելի շուտ արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական կոնյունկտուրայի հետ։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3475

Մեկնաբանություններ