Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանի վերքերը Աբովյան փողոցում

Հայաստանի վերքերը Աբովյան փողոցում
23.06.2017 | 09:20

ՆԱԽԵՐԳ


«Լեզուն մեր սրբությունն է»` այսպես են ասում ՀՀ քաղաքական, պետական և մշակութային այրերն ու տիկնայք։ Նման հրովարտակը, անշուշտ, հնչում է դեմքի վեհատեսիլ արտահայտությամբ։ «Մեռնիմ իրան, էնի մեզի համար սուրբ ա»` սա էլ, ինչ խոսք, հնչում է ՀՀ քաղաքական վերնախավի քրեական հենարան ոմն մանդատակիր դմբուզի բերանից։ ՈՒ քանի որ վերջինս ավելի պարզունակ էակ է, նրա դեմքի արտահայտությունը կլինի լացակումած, մի քիչ էլ զարմացած։ Հանրային երրորդ խավի, այն է` քաղաքացիական հասարակության, «Իրատեսի» ընթերցողների և, իհարկե, հեղինակների (նաև ձեր հեզ ծառայի) համար շարականի պես է հնչում հետևյալ թևածող խոսքը. «Մենք սիրում ենք մեր մայրենին, ինչպես որ պաշտում ենք լյառն Արարատ, մատյանը Նարեկ և Մհերի Ագռավաքարը»։ Սակայն ոմանց համար մայրենի լեզվի հանդեպ գրեթե սրբազնական ակնածանքը նույնացվում է «Արարատ» կոնյակի, թոնրի գաթայի և այլ «ազգային-ստամոքսային» սևեռումների հետ։ Ամեն բան կախված է անձի արյան մաքրությունից` հայկազունի՞ է, թե՞ խառնածին։
Այժմ Աբովյան փողոցով իջնենք վար և ծանոթանանք այն բռնագրաված օտարալեզու թարախապալարների հետ։

ԽԱՌՆԻՃԱՂԱՆՋ ՍՈԴՈՄ ԵՎ ԳՈՄՈՐ


«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները։
Հայաստանի Հանրապետության օրենքը լեզվի մասին»։
17.04.1993 թ., ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան։
Պետական լեզվի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների օրոք։

Բայց ինձ ցնցեց այս դրույթը. «...սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները»։ Սպասարկո՞ւմ է, թե՞, այնուամենայնիվ, վերահսկում է, զի սպասարկման ակունքներում ուրվագծվում է դժգույն մի կերպար` սպասավորը։ Բայց սա թողնենք կրթյալ այրաց ու տիկնանց քննությանը, եկեք ինձ հետ բարձրանանք-հասնենք Աբովյան պուրակ, վերստին հիանանք մեծն Խաչատուրի վեհ արձանով, ծաղկեպսակ դնենք նրա ոտքի տակ և ծնկաչոք հայցենք գրական-ազգային լուսավորչի ներողամտությունը, զի նրա մասիսահայաց աչքի առջև խավարամտությունն է դրության տերը։ Ի դեպ, Աբովյանը նախորդել է գրական զարհուրելի բռնկում Գաբրիել Գարսիա Մարկեսին։ Տեսեք, Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» համարվում է համաշխարհային գրականության հիմնաքարը մոգական ռեալիզմի տիրույթում։

Սակայն, ըստ իս, մոգական ռեալիզմի առաջին կոթողային ստեղծագործությունը հենց «Վերք Հայաստանի» վիպասքն է։ Սա էլ թողնենք գրական գիտակների քննությանը, ինքներս փորձենք գեթ կռահել, թե ինչ է սպասարկում Աբովյանի արձանը վեհ Աբովյան պուրակում և մայր փողոցն ի վար։ Աբովյանի արձանի թիկունքում գովազդային ցուցանակներ են, տպավորիչ է «Yans»-ը։ Առջևում մեկ այլ ցուցանակ է, որը հանրահռչակում է ՀՀ անկախության 25-ամյակը` «Եռագույն հպարտություն» նշանաբանի ներքո։ Պուրակում աչք է շոյում օտարատառ անվանումների տեսականին, CAVALLI, SHOW CLUB և այլն։ Հայերենն այստեղ չի զիջում դիրքերը` ազդարարելով ի լուր հայ հանրության և ՀՀ-ում զբոսաշրջվող համայն հայության, որ հայերենը անտեսված չէ։ CAVALLI-ից վար «Կարաոկե-Կավալի» ազդագիրն է` հնչուն և մի քիչ էլ կպչուն։


Վար եմ իջնում ազգասեր գլուխս ողբահեծեծ հակելով մերթ աջ, մերթ էլ ձախ։ Ահա Վիկտոր Համբարձումյանի արձանն այգու խորքում։ Արձանին դիմահայաց առողջապահական կենտրոնն է, զարդանախշված հետևյալ ազդագրերով` ՆՅՈՒ-ՄԵԴ և ՃպվՑՐ ցՐՏսՏչՌՌ, իսկ քիչ ներքևում իրենց եվրոպական ծառայություններն են առաջարկում ՊԱՈԼԼԻ-ն, ՅԱՄ-ՅԱՄ-ը և ԿՈՒՏՅՈՒՐ-ը։ Շարունակում եմ վախվորած էջքս. Իսահակյանի արձանի շրջակայքում վրաս են հարձակվում KFC-ն, SAS SUPERMARKET-ը, «Նիրվանան» և «Մետրո Նոմ» հասարակական կենտրոնը։
Մինչև Ալեքսանդր Մանթաշյանի արձանին հասնելը «Դուդուկահարների եռյակի» արձանախումբն է։ Այս միջավայրում խիստ գլխապտույտ զգացի` ըմբոշխնելով հետևյալ անվանացանկը. «Գուրմե, դուրմե», «Բոլսեռո-Bolsero», «Բեսոնի», «Ռոբերտո», նաև «Մի-մի Mi-Mi», «Լուկրեցիա-Lukretia», «Նաիրիան-NaIRIan», SWAROVSKI, BROADWAY, Բուլանժեղի-Պատիսեղի, իհարկե Աբովյան փողոցում անկարող էր ի հայտ չգալ այս հանրահայտ ցուցանակը. «Դեղատուն Natali Farm»։

Այս խառնիճաղանջ աջաբսանդալը շարունակվում է մինչև փողոցի վերջը։ Ազնավուրի հրապարակին դիմահայաց մի շքեղ շենք է դիրքավորված, վրան հսկա տառերով գրված PAPARAZZI, ներքևում էլ հայերեն անվանումը` ՊԱՊԱՐԱՑԻ։ Ընդ որում` օտարալեզու անվանումը վերևում է, հայերենը` նրա հովանու տակ, այսինքն ներքևում։ Ընդ որում` PAPARAZZI-ն գրեթե երկու անգամ մեծ է ՊԱՊԱՐԱՑԻ-ից։ Անշուշտ զայրացա, այնուհետև զովացա նկարիչների միության ցուցասրահում և շարունակեցի շրջագայությունս։ Վերջապես հնաոճ շենքի ճակատին տեսա մի գովազդ-գրություն, որը համապատասխանում էր ՀՀ կառավարության 2002-ի թիվ 270 որոշմանը, այն է` հայերեն անվանումը պետք է լինի վերևում, օտարալեզուն` նրանից վար։ Հայերենը չափերով չպետք է զիջի օտարալեզու գրությանը։ ԳՈՐԳԵՐ-ը վերևում էր, CARPETS-ը` ներքևում։ Հանդարտվելով հոգեպես, տագնապում էի քաղաքականապես, խորհելով, թե ինչու են անգլալեզու (նաև` ամերիկալեզու) գրությունները բռնախեղում Աբովյան մայր փողոցը, իսկ ռուսերենը անգո է, անհայտ։

Կներեք, այստեղ խախտվել է պատմաքաղաքական արդարությունը։ Նախ` մեծն Խաչատուրը ժամանակին ձոներգել է «ռսի օրհնած ոտքը»։ Այնուհետև` չէ՞ որ մենք ՌԴ-ի ռազմավարական գործընկերն ենք, նրա միակ հավատարիմ դաշնակիցն անդր և այսրկովկասներում (այլ տեսանկյունից եթե դիտարկենք` նաև Երկիր մոլորակում), հանուն վերոնշյալ օրհնության և ներքոհիշյալ դաշնակցության կապտաչյա գերտերությանն ենք նվիրաբերել մեր երկրի արյունատար անոթներն ու հենաշարժային գրեթե ողջ համակարգը, բայց և այնպես, անկյուն ենք մղել կիրիլիցա գիրը, զլանալով մայրաքաղաք Երևանն ու Աբովյան փողոցը շենացնել ռուսալեզու ազդերով, գովազդերով, ֆիրմային անվանումներով և այլնով։ Այս մտքերով ոտնիգլուխ վայրիվերված` կատարեցի մի քանի քայլ և, ինչպես օազիսն անապատում, աչքս շոյեց ֆիրմային մի անվանում` Бегемотик, այսինքն` գետաձիուկ։
Այս Սոդոմ-Գոմորն ամենուր է, մայրաքաղաքի բոլոր հատվածներում` սկսած «էլիտար» կենտրոնից և վերջացրած արվարձաններով։

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԿՐՏՈՒՄ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ


Այս հոգեցունց արշավանքից խիստ ալեկոծված հողմաղացը թունդ հարբեց և ահա թե ինչ ունկնդրեց իր յոթերորդ երազում։
Եվ կյանքի ու մահվան գետը
հորդահոս
կնքավազանն է դառնում բառերի,
և նրանք, որ արդեն,
իբրև քրիստոնյա, մկրտվել են,
այս անգամ կնքվում են կրկնակի,
իրենց լեզվի ծոցում նորից
մկրտվում են,
իբրև ապրող, պարող,
մեռնող զինվորներ,
և հայոց լեզվի պահապան
վերմակի տակ
չկան շինական և թագավոր...
(«Հայոց լեզու»)

Այս խորունկ-գեղագետ բանաստեղծությունը ժամանակին քարագրել է մարգարտատող պոետ Արմենը Մարտիրոսյան (1943-2012 թթ.)։
Լավ, բարի, բայց ինչո՞ւ են ներկա շինականները, այսինքն` խանութպանները և թագավորները, ինչ խոսք, երկրի բարձրագույն ղեկակալները, օրնիբուն մկրտում օտարաշունչ լեզուները, ոչ հայեցի բառն ու բանը, բանն ի՞նչն է։ Գուցե փորձենք խելք խելքի տալ շինականով, թագավորով, արարող զինվորներով և, Լեզվի պետական տեսչությունը լուծարելու փոխարեն, նրան շնորհենք հատուկ պետական կարգավիճակ, դիցուք` ՀՀ նախագահին առընթեր։ Գուցե այն դառնա համահայկական հիմնադրա՞մ։ Միգուցե այն գործի ՀՀ ազգային անվտանգության համակարգո՞ւմ (անկեղծ ասած, այս միտքն ինձ խորապես հուզեց)։ Այսպիսով, ՀՀ լեզվի փրկօղակ կառույցը պետք է օժտվի արտակարգ լիազորություններով, այսինքն, լեզվախախտների ականջներն ու լեզուն քոքահանելու իրավազորությամբ։ Այնինչ, մեր լեզվի անաղարտությունն այսօր պահպանվում է ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքի 3-րդ հոդվածով։ Սակայն չէ՞ որ իր բոլոր հոդվածներով այս օրենքը, առհասարակ, կանաչ ճանապարհ է բացում իրավախախտումների առաջ։ Սակայն գերհարցը մնում է մորեմերկ բաց` ինչո՞ւ է մեր վերին և ներքին ատյանների (թագավորաց և շինականաց) ձեռքերով կրտվում մայրենին` մեսրոպատառն ու ոսկեղենիկը։ Սա, կներեք, արտաքին պատվեր-պարտադրա՞նք է, թե՞ ներքին դավադրություն։

ՎԵՐՋԵՐԳ


Տուգանքներն ու մնացած պատժամիջոցները, ակնհայտ է, որ առ ոչինչ են, ձայն բարբառո հանապատի, ինչի վկայությունը ՀՀ մայրաքաղաք Երևանի մայր փողոց Աբովյանի հակահայկական նկարագիրն է։
Ե՞լքը։
Ելքը մեկն է` անհապաղ ստեղծել հայոց լեզվի անաղարտությունն ապահովող դատարան։ Եվ նրան կից` կալանատուն։
Զինչե՞ր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 10598

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ