Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Խոստանում է չհիասթափեցնել հանրապետության գլխավոր կինոիրադարձության երկրպագուներին

Խոստանում է չհիասթափեցնել հանրապետության գլխավոր կինոիրադարձության երկրպագուներին
23.06.2017 | 10:02

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 14-րդ կինոփառատոնը ներկայացնում է իր ավանդական ծրագրերը՝ խոստանալով չհիասթափեցնել հանրապետության գլխավոր կինոիրադարձության երկրպագուներին:
Կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, հյուրերի բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը և «Հայացք ներսից և դրսից» ծրագրի համակարգող Անի Հակոբյանն անդրադարձան «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերին:


«Արտամրցութային ծրագրերը» ներառել են Կաննի, Բեռլինի և Վենետիկի միջազգային կինոփառատոների մրցանակակիր ֆիլմերը. ընդհանուր առմամբ՝ ավելի քան 70 ֆիլմ:
«Երևանյան պրեմիերաների» ցանկում ընդգրկված են Կիմ Կի-Դուկի «ՈՒռկանը», Լավ Դիասի «Հեռացած կինը», Թոմ Ֆասարթի «Ընտանեկան պատմություն», Յուջին Քորի «Հավանայի ուրվականը», Հոն Սան-սուի «Հաջորդ օրը», Էլդիկո Էնյեդի «Մարմնի և հոգու մասին», Ֆաթիհ Աքինի «Անէությունից» և այլ ֆիլմեր:


«Հետահայաց ցուցադրություններ» ծրագիրը կներկայացնի բրիտանացի ռեժիսոր, «Ոսկե ծիրանի» այս տարվա Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթի նախագահ Հյու Հադսոնի «Հրե անվանակառքեր», «Հեղափոխություն», «Ալտամիրա» ֆիլմերը:
«Հարգանքի տուրք» խորագրի ներքո անդրադարձ կլինի ֆրանսիացի ռեժիսոր, «Նոր ալիք» ուղղության նախահայրերից մեկը համարվող Ժան-Պիեռ Մելվիլի հարյուրամյա հոբելյանին՝ նրա ֆիլմերի ընտրանու ցուցադրությամբ:


Կցուցադրվի նաև անցյալ տարի մահկանացուն կնքած մեծանուն ռեժիսոր Անջեյ Վայդայի վերջին՝ «Հետպատկերներ» ֆիլմը: Միքայել Ստամբոլցյանը տեղեկացրեց, որ ֆիլմի ցուցադրության օրը փառատոնը կհյուրընկալի ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին, որին կհանձնվի Համաշխարհային կինոյում ունեցած մեծ վաստակի համար Փարաջանովյան թալերը՝ Անջեյ Վայդայի ընտանիքին փոխանցելու նպատակով:


Կինոփառատոնի շրջանակներում կհարստանա նաև մեր աստղային հրապարակը. կբացվեն Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի, Սերգեյ Իսրայելյանի աստղերը: Անվանի այս կինոգործիչների հոբելյանները կնշանավորվեն նաև նրանց նվիրված ֆիլմերի ցուցադրությամբ:
«Հայեր՝ հայացք ներսից և դրսից» ծրագրի շրջանակներում Հայաստանի մասին պատմող հայ և օտարազգի հեղինակների 36 ֆիլմ կցուցադրվի:


«Իրատեսի» հարցին, թե ինչ դիտանկյունից են ուղղել իրենց հայացքները մեզ և մեր հայրենիքին «Հայեր. հայացք ներսից և դրսից» ծրագրում ներկայացված ֆիլմերի հեղինակները, թե արդյոք շարունակվո՞ւմ է մեզ ցեղասպանված, տևականորեն պատերազմող, տնտեսական ճգնաժամի ու հոգեբանական բարդությունների բեռան տակ կքած ժողովուրդ և երկիր ներկայացնելու կարծրացած միտումը, Անի Հակոբյանը պատասխանեց. «Շատ հետաքրքիր բացահայտումներ կան այդ ֆիլմերում: Հայաստանն անսպասելի կողմերով է ներկայացվում: Կան անգամ սկանդալային տեսանկյուններ: Կցուցադրվի մի հետաքրքիր պարսկական ֆիլմ, որն այնպես է ներկայացնում Հայաստանը, որ ուղղակի պատմել չարժե: Հետաքրքիրն այն է, որ մենք մեզ մի հայացքով ենք տեսնում, դրսինները՝ մեկ այլ: Եվ դրսի այդ հայացքը օգնում է մեզ փոխվել, ինքներս մեր աչքում բացահայտվել: Բոլորիդ հրավիրում եմ դիտելու այդ ֆիլմերը, տեսնելու մեզ նոր տեսանկյունով»:


«Արտամրցութային ծրագրերը բազմազան են, որովհետև հավաքված են ֆիլմեր աշխարհի տարբեր կողմերից, տարբեր թեմատիկաներ են ընդգրկում: Իսկ երբ նայում ես մրցութային ֆիլմերը, ակամա տեսնում ես, որ ամբողջ աշխարհի կտրվածքով կինոյում հետաքրքրություն կա որոշակի մի ուղղության նկատմամբ, այս կամ այն թեմայի՝ ինչ-որ առանձնացող շեշտադրում կա»,- ասում է Միքայել Ստամբոլցյանը: Նա նաև հավելում է, որ մի շարք նորույթներ են մտահղացել կինոփառատոնի կազմակերպիչները, սակայն, հաշվի առնելով, որ հաջորդ տարին լինելու է «Ոսկե ծիրանի» հոբելյանական՝ 15-րդ փառատոնը, նպատակահարմար են գտել դրանք հանրությանը ներկայացնել մեկ տարի հետո:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ