Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մենք ունենք մի բան, որը չունի աշխարհում ոչ մի այլ ժողովուրդ. ունենք մի ներքին ատաղձ, մի ամուր հոգևոր աշխարհ, որի շնորհիվ գոյատևել ենք»

«Մենք ունենք մի բան, որը չունի աշխարհում  ոչ մի այլ ժողովուրդ. ունենք մի ներքին ատաղձ, մի ամուր հոգևոր աշխարհ, որի շնորհիվ գոյատևել ենք»
23.06.2017 | 10:26

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 23-ին կկայանա «Ամեն» էպիկական ներկայացման պրեմիերան: Օգոստոսին այն կցուցադրվի Իտալիայի Վերոնա քաղաքում՝ Arena di Verona-ում, որը նախատեսված է 15 հազար հանդիսատեսի համար: Այնուհետև ներկայացումը կցուցադրվի աշխարհի խոշորագույն քաղաքներում՝ Լոնդոնում, Փարիզում, Նյու Յորքում, այլուր: «Ամեն»-ի շրջանակներում կկազմակերպվեն նաև այլ միջոցառումներ` լուսանկարների ցուցահանդեսներ, պերֆորմանսներ, մշակութային հանդիպումներ և այլն:
Նախագծի ստեղծագործական կազմում ընդգրկված են հայ և օտարազգի արվեստագետներ՝ Արաքսյա Մուշեղյան, Էդուարդ Այանյան, Ջիոմմարիա Մոնթի, Սուրեն Ենոքյան-Իսրայելյան, Գրիգոր Խաչատրյան, Արման Ջուլհակյան, Արա Ասատուրյան, Միքայել Շարաֆյան, Հասմիկ Չախմախչյան, Ելենա Շուբինա և այլք:
Երևանում նախագծին մասնակցում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան), Նորքի Հայորդաց տան «Նարեկ» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Արման Ջուլհակյան), Երևանի Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոցի վոկալ համույթը, Հրաչուհի Բասենցը, Բարսեղ Թումանյանը, Ջուլիետ Գալստյանը, Ռոզի Անուշ Սվազլյանը, Հասմիկ Թորոսյանը, Հովհաննես Այվազյանը, Բեռչ Քարազյանը, Դավիթ Բաբայանցը, Գևորգ Դաբաղյանը և այլք:
Իմ զրուցակիցը «Ամեն» ներկայացման երաժշտական պրոդյուսեր և կոմպոզիտոր ԱՐԱՔՍՅԱ ՄՈՒՇԵՂՅԱՆՆ է:

«ԱՆԱԶՆԻՎ ԿԼԻՆԵՐ, ՈՐ «ԱՄԵՆԸ», ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒՑ ԱՌԱՋ, ՆԵՐԿԱՅԱՑՎԵՐ ԴՐՍՈՒՄ»


-Արաքսյա, քանի որ «Ամեն» շոուն հայրենասիրական նախագիծ է, կազմակերպիչներդ նպատակահարմար եք գտել իտալական Վերոնա քաղաքում կայանալիք եվրոպական պրեմիերայից առաջ այն ներկայացնել հայաստանցի հանդիսատեսին։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս լսարանից:
-Ասել, թե ինչ-որ ակնկալիքներ ունենք, սխալ կլինի: Դա ավելի շուտ մեր ցանկությունն է, որ հայաստանցի արվեստասերներն առաջինը տեսնեն ներկայացումը: Սա նախադեպը չունեցող նախագիծ է: Այն մեր մասին է, մեր ազգի մասին է: Մեր պատմությունը մենք պատմում ենք մեր լեզվով՝ երաժշտական լեզվով: Եվ իսկապես մեծ ցանկություն ունենք մեր հանդիսատեսին տալու առաջինն այն տեսնելու հնարավորությունը: Անազնիվ կլիներ, որ «Ամենը», Հայաստանում ներկայացվելուց առաջ, ներկայացվեր դրսում, իսկ մեր հասարակությունն այն դիտեր ավելի ուշ՝ հեռուստատեսությամբ: Կարևորն այն է, որ մարդիկ հասկանան, թե ուր են գալիս, ինչ են տեսնելու բեմում «Ամեն» ներկայացման ժամանակ: Սա բոլոր ժանրերից հավաքված սինթեզ է, շոու, որի ընթացքում շատ ծանրաբեռնված է լինելու բեմը՝ լավ առումով, և բեմից գալու է շատ մեծ, դրական էներգիա:

«ՀԵՆՑ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՍ ԵՐԵՎԱՑՈՂ ՀՈՐԻԶՈՆԻՆ, ՁԳՏՈՒՄ ԵՍ ՆՈՐ ՔԱՅԼ ԱՆԵԼ, ԷԼԻ ԱՌԱՋ ԳՆԱԼ»


-«Ամեն» էպիկական դրամայի մտահղացումը ձևակերպված է այսպես. «Դու ապրում ես, կարծես թե, նորմալ, հագեցած կյանքով, բայց ինչ-որ բան չի հերիքում՝ միգուցե օդ, տարածություն, և ցանկություն է առաջանում սովորականի սահմաններից դուրս գալու, լայնացնելու հորիզոնները»։ Այս նախագիծը կարելի՞ է համարել հորիզոնի վերջնագիծ Ձեզ համար, թե՞ սա մի քայլ է, որին հաջորդելու են այլ քայլեր:
-Անպայման հաջորդելու են նոր քայլեր, որովհետև, եթե դու կանգ ես առնում, ապա որպես արվեստագետ մեռնում ես: Սա մի քայլ է, որը մոտեցնում է երևացող հորիզոնը: Բայց հենց մոտենում ես երևացող հորիզոնին, ձգտում ես նոր քայլ անել, էլի առաջ գնալ, զարգանալ, ինքդ քեզ վրա աշխատել, որ աճես: Եթե այդ աճն արվեստագետի մեջ չկա, ուրեմն նա չի բացվում, չի առաջադիմում: Դա ամենօրյա աշխատանք է: Չկա մի օր, որ ես չտեղեկանամ, թե ինչ է կատարվում աշխարհում՝ երաժշտության, արվեստի մյուս ժանրերի ոլորտներում: Երբ մարդը գիտի շատ, դա նրան հնարավորություն է տալիս մեծացնելու իր սահմաններն ու այդ մեծ սահմանների մեջ ստեղծագործելու: Ինչքան փակվում ես աշխարհի առաջ, այնքան քո տեսահորիզոնը նեղանում է: «Ամենը» բազմաշերտ ստեղծագործություն է, այն ո՛չ թատրոն է, ո՛չ մյուզիքլ, ո՛չ օպերա: Այն շոուի այսօրվա լավագույն չափանիշներով պատրաստված ներկայացում է, որի ընթացքում հանդիսատեսը կլսի ժամանակակից երաժշտական լեզվով պատմվող մեր պատմությունը՝ փոփ, ֆոլկ, սիմֆոնիկ, խմբերգային երաժիշտների մատուցմամբ միաժամանակ: Այսինքն՝ նորույթ են տեսնելու բեմում, որը մի առանձին ստեղծագործություն է: Ասել, որ այն կտրանսֆորմացվի մեկ այլ բանի, դեռ չեմ կարող: Սա կարող է իր կյանքը շարունակել որպես, ասենք, համերգային ծրագիր, կարող է ցուցադրվել առանձին հատվածներով: Բայց այն մի ամբողջություն է, ոչ թե առանձին համարներից բաղկացած երաժշտական ծրագիր: Հետևաբար, դժվար է ասել, թե ինչ շարունակություն կունենա ապագայում:

«ԵՍ ԴՐՍԻ ՍԻՐՈՒՆ ԿՅԱՆՔՈՎ ԱՊՐՈՂ ՄԱՐԴ ՉԵՄ, ՈՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՀԵՌՎԻՑ ՆԱՅՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»


-Դուք փորձել եք պատմել մեր պատմությունն այնպես, ինչպես տեսնում և զգում եք այն։ Ապրելով Ռուսաստանում՝ այդ պատմությունը տեսնում եք Հայաստանում ապրողների՞ս, թե՞ այլ հայացքով, այլ աչքով:
-Առնո Բաբաջանյանը մի դիպուկ բան է ասել. «Ես բնակվում եմ Մոսկվայում, բայց ապրում եմ Երևանում»: Ինչքան էլ ես դրսում ապրեմ, միևնույն է, այստեղ եմ ծնվել, այստեղ եմ մեծացել, ծնողներս, ընտանիքս հիմա էլ ապրում են այստեղ, և ես չեմ կարող կտրվել Հայաստանից: Շատ լավ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում այստեղ, ինչպես են մարդիկ ապրում: Ես դրսի սիրուն կյանքով ապրող մարդ չեմ, որն ուղղակի հեռվից նայում է Հայաստանին ու չի պատկերացնում, թե ինչ է այստեղ կատարվում: Հակառակը՝ շատ լավ եմ պատկերացնում Հայաստանն ու Հայաստանի կյանքը, և «Ամեն» նախագծում ցույց է տրված այդ ամենը: Մենք շատ ենք ուզում, որ լավ բաները շատ լինեն մեզանում, բայց չենք կարող անտեսել, որ կան նաև ծանր բաներ:


«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԲԱՌԵՐՈՎ ՊԱՏՄԵԼ ՄԵՐ ՀԱՐՈՒՍՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱ ԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ, ՊԱՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ՀՈՒԶԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՎՐԱ ՆԵՐԳՈՐԾԵԼՈՎ»


-Մեր մի քանի հազարամյա պատմությունը լի է ձեռքբերումների, հպարտության, ցավի, կորուստների իրողություններով: Ի՞նչ սկզբունքով եք առանձնացրել «Ամեն» ներկայացման մեջ ներառված պատմությունները:
-Նույնիսկ չի կարելի ասել, որ մենք պատմություններ ենք ներկայացնում: Ներկայացնում ենք այն ամենը, ինչը համարել ենք ամենանշանակալիցը մեր պատմության մեջ: Փուլերով անցնում ենք այդ ամենի վրայով: Չէինք կարող շրջանցել մեր նախաքրիստոնեական շրջանը, ներկայացնում ենք կրակապաշտ եղած ժամանակները, մեր անտիկ պատմության փուլը: Մենք ցույց ենք տալիս, որ այն ազգն ենք, որն ունեցել է հարուստ անցյալ, հետո նոր մտել քրիստոնեության շրջան: Մենք ունեցել ենք բազմաթիվ ողբերգություններ, շեշտադրված է 1915 թվի Հայոց ցեղասպանությունը, որը ժամանակի մեջ մեզ՝ այսօրվա ապրողներիս համար ամենամոտն է: Մենք էքսկուրս ենք անում ու ցույց տալիս, թե փուլ առ փուլ ինչպես է ձևափոխվել մեր ազգը: Մենք ունենք փայլուն դերակատարներ, տաղանդավոր երգիչներ, որոնք ինչ-որ դերեր են խաղում բեմում, բայց, ըստ մեր՝ հեղինակներիս գաղափարի, «Ամենի» ներկայացման գլխավոր հերոսը մեր ազգն է: Մենք չենք կարող բառերով պատմել մեր հարուստ պատմությունը, և դա անում ենք երաժշտության, պարի միջոցով, հուզական դաշտի վրա ներգործելով:
-«Ամեն» շոուն որակվում է իբրև ազգի վերածննդի մասին պատմություն: Ըստ Ձեզ՝ մեր ազգն արդեն ապրո՞ւմ է այդ վերածնունդը, թե՞ այն առջևում է:
-Երբ ներկա էի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սերժ Թանկյանի բացօթյա համերգին, նկատում էի, որ, չնայած ողբերգական տարելիցին, այդ համերգը մի պոռթկում էր և ցույց էր տալիս, որ մենք իսկապես վերածնված ազգ ենք: Աշխարհով մեկ սփռված ենք, բայց կարող ենք անուն առ անուն հիշել, թե որքան շատ անվանի մարդիկ ենք տվել աշխարհին: Մենք նվիրել ենք այդ անուններն աշխարհին, դա վերածնունդ չէ՞: Կապ չունի, որ մենք հիմա ապրում ենք տնտեսական, քաղաքական ծանր վիճակում: Ցավոք, մեր աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ երևի ամեն օր փառք պիտի տանք Աստծուն, որ գոնե այսքանն ունենք: Եվ այս պայմաններում շարունակում ենք ստեղծագործել, ունենք ցանկություն ապրելու, ինչ-որ բան անելու: Մենք, տեղներս նստած, լացուկոծ չենք անում, չենք խնդրում, որ մեզ խղճան: Ինքներս անում ենք մեր կարողացածը: Եվ մեր ներկայացման գաղափարն էլ հենց այդ է, որ մենք ստեղծող, մեր ունեցածն աշխարհին տվող ազգ ենք: Մենք ունենք մի բան, որը չունի աշխարհում ոչ մի այլ ժողովուրդ. ունենք մի ներքին ատաղձ, մի ամուր հոգևոր աշխարհ, որի շնորհիվ գոյատևել ենք, հաղթահարել բոլոր դժվարություններն ու հասել այսօրվան:
-Ժանրային առումով յուրօրինակ «Ամեն» ներկայացմանը մասնակցում են բազմաթիվ ու բազմաժանր արվեստագետներ: Ինչպե՞ս եք կատարել նրանց ընտրությունը: Դժվար չէ՞ր այդքան արվեստագետների միևնույն հարթության վրա համատեղելը:
-Երևի թե ամենահեշտը եղել է դա, որովհետև մեր բոլոր մասնակիցներն էլ պրոֆեսիոնալներ են, մարդիկ են, որոնք սիրում են արվեստն ու ապրում են արվեստով: Երբ արվեստագետին առաջարկում ես մի բան, որն իրեն հետաքրքրում է, որում ինքը կարող է բացվել, նա մեծ հաճույքով է ընդունում նման առաջարկը: Չգտնվեց մեկը, որին հետաքրքիր չթվար մեր առաջարկը: Եթե ինչ-ինչ մարդիկ էլ մերժել են մասնակցության առաջարկը, ապա դա արել են միայն այն պատճառով, որ այլ զբաղվածություն են ունեցել:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2939

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ