Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անթաղ ննջեցյալնե՞ր, թե՞...

Անթաղ ննջեցյալնե՞ր, թե՞...
23.06.2017 | 08:49

Յուրաքանչյուր մարդ, երբ մկրտությամբ ծնունդ է առնում Եկեղեցու սուրբ ավազանից, Սուրբ Մյուռոնի կնիքով դառնում է Աստծո զավակ: Այս սրբազան խորհրդի միջոցով է, որ մարդ ոչ միայն ազատվում է ադամական անհնազանդության մեղքից, այլև ազատվում է անցյալի գործած բոլոր անօրենություններից ու մեղքերից:

Այո՛, Աստված այսպիսով մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի մեր կյանքը նորից սկսենք՝ որպես Քրիստոսին ժառանգակիցներ և Երկնքի Արքայության զավակներ: Եվ եթե մենք հավատարիմ մնանք Ավետարանի ոգուն և հաղորդակից լինենք Եկեղեցու սրբազան խորհուրդներին, անշուշտ, պիտի փրկվենք վերահաս պատժից: Սակայն այսօր, ցավալիորեն, այլ է պատկերը. շատերը մկրտվում են, սակայն անհաղորդ են մնում Եկեղեցու Սուրբ խորհուրդներին: Հիսուս հայտնի Անառակ որդու առակի միջոցով ցույց է տալիս, որ Աստված, լինելով բարեգութ Հայր, միշտ էլ հայացքը հառած դեպի մեղավոր մարդը` սպասում է նրա դարձին, բայց և զգուշացնում է. «Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում և չի գտնում: Այն ժամանակ ասում է՝ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա. և գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրված ու կարգի բերված: Այն ժամանակ գնում և վերցնում է իր հետ իրենից ավելի չար յոթ այլ ոգիներ և մտնում բնակվում է այնտեղ. և այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան առաջ էր» ¥Մատթ.12.43-45¤: Մկրտությամբ մաքրվում ենք ամեն տեսակի աղբ ու կեղտից, մեր միջից վտարվում է անօրենության որդին՝ չարը, սակայն մաքրվելուց հետո պետք է լցվել Աստծո խոսքով, որ տեղ չմնա չարի համար, որ չոչնչանանք նրա նենգավոր ներգործուն ուժից: Եկեղեցին է մկրտության ավազանից մինչև գերեզման մարդուն առաջնորդողը:

Ցավալի է, որ մարդ իր կյանքն անցկացնում է՝ անհաղորդ լինելով սրբություններին, բայց առավել ցավալի է, երբ մեղքերի մեջ կքած մարդուն դեպի գերեզման են առաջնորդում առանց քահանայի, առանց աղոթքի, կարծես Տիրոջ խոսքը լինի. «Թող մեռելները թաղեն իրենց մեռելներին»: Միայն հոգով մեռած մարդուն է հատուկ նման անհարգալից վերաբերմունքը մկրտված ննջեցյալի հանդեպ, որն առավել ևս աղոթքի կարիք ունի: Երանելի սուրբ Գրիգոր Լուսավորիչը, հրեշտակի հետ զրույցում, ննջեցյալների հետ կապված հետևյալ հարցերն է ուղղում. «Գնացող հոգիները մնացողներին հիշո՞ւմ են, թե՞ բոլորովին մոռանում», իսկ Հրեշտակը պատասխանում է. «Անպայման հիշում են: Եվ եթե ապրողները նրանց անունով ողորմություն բաժանեն և Սուրբ պատարագ մատուցեն, ապա ննջեցյալների հոգիներն էլ նրանց համար կաղոթեն, որպեսզի Աստված բարի օրեր պարգևի ու փրկի զանազան փորձություններից»: Ինչքան փորձանքներ ու փորձություններ ասես չեն գալիս մարդկանց որդիների գլխին, սակայն երբեք հետևություն չեն անում: Ինչո՞ւ, չէ՞ որ մեր կյանքում պատահական ոչինչ չի լինում, և ամեն ինչ իր պատճառն ունի: Քանի՞ անգամ ենք աղոթել ննջեցյալների համար, քանի՞ անգամ ենք նրանց անունով ողորմություն արել, դրան հակառակ, մկրտված մարդիկ հուղարկավորվում են առանց եկեղեցու աղոթքների՝ մնալով անթաղ, անկնիք գերեզմանում:


Վերջերս էլ փոստով բազմաթիվ նամակներ ենք ստանում, և շատերն են մոտեցել մեզ իրենց ննջեցյալների հետ կապված հարցադրումներով. ոմանք երազում տեսել են իրենց ննջեցյալ ծնողին տառապանքի մեջ, ոմանք հանդիմանանք են ստացել իրենց ննջեցյալ բարեկամներից, որոնք, մշտապես տխուր ու թաց աչքերով խնդրել են, որ եկեղեցի գնան և աղոթեն իրենց համար, ոմանք...
Այս տեսակի երազները բազմաթիվ և բազմաբնույթ են: Երբ մոտենում են, իսկույն հարցնում ենք. մկրտվա՞ծ էր արդյոք, քահանայո՞վ եք հուղարկավորել, և պարզվում է, որ հուղարկավորությունը կատարվել է բարբարոսներին հատուկ եղանակով՝ կենդանի մեռելները հուղարկավորել են քրիստոնյա ննջեցյալին, իրենց խոսքով ասած՝ «իրենց ադաթներով»: Միայն գերեզմանը կնքելուց ու հոգեհանգստյան կարգ կատարելուց հետո է, որ նրանց երազներում ննջեցյալները այլևս չեն երևում: Թե այն աշխարհից ինչ են ուզում մեզ ասել, կարծում եմ՝ արդեն բոլորիս համար պարզ է, սակայն այլ է անկնունք մեռելների պարագան. ննջեցյալներ են մկրտվածները, իսկ մեռելներ՝ անկնունքները, որոնք հոգ չտարան իրենց հոգու փրկության համար, ինչպես Ավետարանն է ասում. «Հարուստը մեռավ և թաղվեց, իսկ Ղազարոսը Աբրահամի գրկում էր», այստեղ, իհարկե, խոսքը մեղքերով հարուստ մարդու մասին է, թե ինչ է սպասում նրանց, նորից դիմենք Սբ Լուսավորչի՝ հրեշտակին ուղղված հարցադրմանը. «Մարմնից դուրս եկած հոգիները ի՞նչ են ցանկանում», ի պատասխան Հրեշտակը ասում է. «Արդարի հոգին ցանկանում է դատաստանի օրը արքայության անբավ փառքը վայելել, իսկ մեղավորի հոգին խորհում է, թե դատաստանի օրը իր վիճակը ինչ պիտի լինի, և դժոխքի չարչարանքները մտաբերելով` միշտ լալիս է»: Տգիտության պատճառով ձեր ննջեցյալներին մի՛ թողեք անթաղ, որ հետո կիսաահաբեկված, զարմացած ու ամոթահար չվազեք եկեղեցի՝ ելք որոնելու փնտրտուքով:


Ըստ Հայ Եկեղեցու ծիսակարգի՝ թաղման կարգը կոչվում է հուղարկավորություն, որ կազմված է երկու բառից` ուղի և արկանել, որ նշանակում է ուղեկցել, ճանապարհ դնել: Տիրոջ պատվիրանի համաձայն՝ քահանան ու ժողովուրդը գնում են հանգուցյալին ուղեկցելու դեպի Աստծո արքայություն: Սա նշանակում է, որ մահացածներին արդեն Քրիստոսի հարության ներքո «մեռել» չեն համարում, այլ ննջեցյալներ, ովքեր Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ կլսեն Աստծո Որդու ձայնը և դուրս կգան գերեզմաններից (Հովհ. 5.28-29): Իսկ նրանք, ովքեր այս հավատը չունեն, «մեռել»-ից չեն տարբերվում, որովհետև «ողորմելի են, քան բոլոր մարդիկ» (Ա Կորնթ. 15. 18-19):
Եթե քահանան անկնունքին, որը ցոփ ու շվայտ, անզեղջ կյանք է վարել և չի մտածել իր հոգու փրկության մասին ու մահացել է, թաղման կարգ կատարի, ապա այս կարգը անօգուտ կհամարվի նրա համար, անգամ նրանց արած մատաղն է անընդունելի, քանզի կարգը քրիստոնեական է, և ինչպե՞ս կարող է ոչ քրիստոնյան մասնակից լինել սուրբ խորհուրդներին. անօգուտ է և ունայն: Այլ է պարագան մկրտված մարդու համար, ով ննջեցյալ է այլևս, անկախ նրա վարքից, որպես Աստծո կնիքով դրոշմված անձի՝ Եկեղեցին կատարում է հուղարկավորության կարգը, քանզի ըստ մեր Հավատքի Հոր հարցմանը, թե. «Ո՞ր գործն է ամենավատ», հրեշտակը պատասխանել է. «Ամենավատը, եթե մարդ առանց զղջման ու խոստովանության մեռնի, այդպիսին, անտարակույս հավիտենական դժոխք կգնա»:
Երանելու այն հարցին, թե. «Եթե մեկը մեղքերը խոստովանի, բայց առանց ապաշխարելու մեռնի, ի՞նչ կլինի նրա հետ», հրեշտակը պատասխանել է. «Եթե անմնացորդ զղջացել է, Եկեղեցու աղոթքն ու պատարագը նրա մեղքերը կքավեն»: Այստեղից հետևություն. մկրտված մարդու համար, որն արդեն ննջեցյալ է, շատ կարևոր և օգտակար է Եկեղեցու աղոթքը, քահանայով հուղարկավորություն կատարելը, նրա անունով ողորմություն անելը:
Անկնունքները անհաղորդ են Եկեղեցու խորհուրդներին: Կարծում ենք՝ արդեն ժամանակն անց է, սթափվե՛ք, մկրտվե՛ք, ապաշխարե՛ք, խոստովանե՛ք ձեր մեղքերը, որ ազատվեք վերահաս պատուհասներից, որ լինելու են առաջիկայում:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 2165

Մեկնաբանություններ