ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Կհանձնվի՞, թե՞ մարտը կընդունի Կատարը

Կհանձնվի՞, թե՞ մարտը կընդունի Կատարը
25.06.2017 | 00:24

Կատարն անընդունելի և անիրագործելի անվանեց՝ բոյկոտը վերացնելու համար արաբական երկրների պահանջները: Վաշինգտոնը Կատարի ու հարևանների հարաբերություններում ստեղծված ճգնաժամը անվանեց «ընտանեկան գործ»:
«Պահանջների ցանկը հաստատում է այն, ինչի մասին ամենասկզբից ասում էր Կատարը: Ոչ լեգալ շրջափակումը որևէ կապ չունի ահաբեկչության դեմ պայքարի հետ, կապված է Կատարի ինքնիշխանության սահմանափակման և մեր ներքին քաղաքականությանը միջամտելու հետ»՝ հայտարարեց Կատարի կառավարության մամլո խոսնակ շեյխ Սայիֆ ալ Թանին: Նրա խոսքով՝ կառավարությունն ուսումնասիրում է արաբական երկրների առաջադրած պայմանները և պատասխան է պատրաստում: Ավելի վաղ Կատարի Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովը հայտարարել էր, որ արաբական երկրների ներկայացրած պահանջների ցանկը հակասում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիաների դրույթներին և կոչ էր արել կառավարությանը հրաժարվել այդ պահանջները կատարելուց:


Պարսից ծոցի երկրներում քաղաքական մեծ ճգնաժամը պայթեց հունիսի սկզբին, երբ մեկ տասնյակ երկրներ Կատարի դեմ սահմանեցին դիվանագիտական ու տնտեսական պատժամիջոցներ՝ մեղադրելով ահաբեկչության ֆինանսավորման և տարածաշրջանում կայունությունը խարխլելու մեջ: Բոլոր մեղադրանքները Դոհան հերքում է: Հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Եգիպտոսը խզեցին դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ և դադարեցրին հաղորդակցությունը: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու հայտարարություններ արեցին Մալդիվները, Մավրիկիան, Մավրիտանիան: Սենեգալը, Նիգերիան, Չադը հետ կանչեցին դեսպաններին: Հորդանանը և Ջիբուտին իջեցրին իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը: Կատարի շրջափակմանը Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրներից չմիացան միայն Քուվեյթն ու Օմանը: Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած չորս երկրներ Դոհա ուղարկեցին 13 պահանջների ցանկ՝ 10 օրում կատարելու համար՝ պատժամիջոցները հանելու դիմաց: Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բահրեյնը պահանջում են, որ Կատարը փակի «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության ֆինանսավորումը, թուրքական ռազմաբազան և նվազագույնի հասցնի Իրանի հետ կապերը: Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սփայսերը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ճգնաժամը անվանեց «ընտանեկան գործ», որի լուծումը իրենք պիտի գտնեն:

«Մենք կարող ենք աջակցել այս խնդրի քննարկմանը և ուրիշ ոչինչ: Նրանք ցանկանում են և պետք է իրենք գտնեն ստեղծված իրավիճակից եքը»՝ ասաց Շոն Սփայսերը: Պետդեպարտամենտը դեռ չի մեկնաբանել արաբական երկրների ուլտիմատումը Կատարին: Պահանջների ցանկը հրապարակվեց, երբ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Կատարի հարևաններին կոչ արեց «խելամիտ և իրագործելի» պահանջներ ներկայացնել: ԶԼՄ-ները նշել են, որ Վաշինգտոնն անհանգստացած է, թե որքան երկար ժամանակ պահանջվեց Էր Ռիադին և բոյկոտի մյուս մասնակիցներին իրենց պահանջները ձևակերպելու համար: «Ասոշեյթեդ պրեսը», որ ձեռք էր բերել պահանջների պատճենը, հաղորդել է, որ արաբական երկրները պահանջել են.
*Խզել բոլոր հարաբերությունները «Մուսուլման եղբայրներ» շարժման հետ, որ արգելված կազմակերպություն է արաբական մյուս երկրներում:
*Քաղաքացիություն չտալ պահանջների ցանկը կազմած չորս երկրներում ծնվածներին և նրանց արտաքսել Կատարի տարածքից: Այդպիսով՝ ցանկը կազմողների կարծիքով՝ կկանխեն Կատարի միջամտությունը այլ պետությունների ներքին գործերին:
*Հանձնել բոլոր մարդկանց, որ գտնվում են չորս երկրների կազմած ահաբեկիչների ցանկում:
*Դադարեցնել ֆինանսավորումը բոլոր ահաբեկչական կազմակերպությունների, որ ահաբեկչական են ճանաչված ԱՄՆ-ում:
*Մանրամասն տեղեկատվություն ներկայացնել ընդդիմադիրների մասին, որոնց ֆինանսավորել է Կատարը:
*Դադարեցնել ոչ միայն «Ալ Ջազիրայի», այլև Arabi21-ի և Middle East Eye-ի ֆինանսավորումը:
*Վճարել չհրապարակված գումար՝ իբրև փոխհատուցում:
*Քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում կողմնորոշվել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի որոշումներով:
Չանվանված աղբյուրը Ռեյթերին հաղորդել է, որ Կատարին խնդրել են խզել իբր ունեցած հարաբերությունները Իսլամական պետություն և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների, արմատական շիա «Հըզբոլլահի» հետ:


Կատարին խնդրում են փակել դիվանագիտական պաշտոնները Իրանում, երկրից հեռացնել Իրանի իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսի անդամներին և Իրանի հետ վարել միայն այն առևտուրը, որը չի հակասում ԱՄՆ պատժամիջոցներին:
BBC


Հ.Գ. Փաստացի՝ ԱՄՆ պետդեպարտամենտը անհանգստանալու լուրջ հիմքեր ուներ, թե ինչո՞ւ են չորս երկրները այդքան ուշացնում իրենց կազմած պահանջների ցանկի հրապարակումը և որևէ իմաստ չկա, որ իրենք մեկնաբանեն իրենց պահանջները, երբ արդեն հայտարարել են, որ դա «ընտանեկան գործ» է: Ի՞նչ հիմնավորումներով այս պահանջները կմերժի Դոհան և ինչպես կհանգուցալուծվի ճգնաժամը: Փաստացի՝ արդեն քսան օր Կատարը շրջափակված է, և ոչինչ՝ կյանքը շարունակվում է: Եթե Կատարն ընդունի պահանջները, հաջորդ երկիրը կամ Օմանը, կամ Քուվեյթն են դառնալու, որոնց ներկայացվելու են նույն պահանջները՝ մինչև հասնեն Թեհրան: Հետաքրքիր է այդ դեպքում՝ ի՞նչը Ռեքս Թիլերսոնը կանվանի «խելամիտ և իրագործելի»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ