Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Չինական մեծ պարսպից դուրս

Չինական մեծ պարսպից դուրս
26.06.2017 | 09:45

Միջին Ասիայի հինգ երկրներ Չինաստանի ու Ռուսաստանի փափուկ փորատակն են: Այդտեղից մարտաշունչ իսլամիստական վարակը կարող է տարածվել չինական Սինձյան ու ռուսական Հյուսիսային Կովկաս: Այս հին-նոր պատմությունն արդիական է դառնում Աֆղանստանում վիճակը վատանալու պատճառով, որտեղ վերջերս հաճախացել են ռազմական գործողությունները, որտեղ Թալիբանը զենք է ստանում, որի մեջ ԱՄՆ-ը մեղադրում է Ռուսաստանին: Թալիբանը ազգայնական էքստրեմիստական իսլամիստական շարժում է, որը պաշտպանում էր ՈՒսամա բեն Լադենին, երբ նրա ահաբեկիչները հարձակվեցին ԱՄՆ-ի վրա 2001-ին: Բայց Միջին Ասիան ոչ միայն պատերազմի ու ահաբեկչության տարածման վախն է աշխարհի այն մասում, ուր շատ են աղքատ շրջանները, նաև հնարավորությունների երկրամաս է: Բազում տեսակետներով՝ Միջին Ասիան ճանապարհի վերջին կայարանն է: 1991-ին ԽՍՀՄ-ի փլուզումից անցած տարիներին, երբ խորհրդային նախկին հանրապետությունները անկախություն ստացան, այստեղ համարյա չեն եղել ներդրումներ:

Այդ պատճառով Միջին Ասիայի միլիոնավոր քաղաքացիներ դարձան արտագնա աշխատողներ, օրինակ, Ռուսաստանում, որտեղ այդ պրոլետարները սոցիալական հիերարխիայի սանդղակի ստորին աստիճանին են ու տուն են ուղարկում իրենց աղքատիկ վաստակը, որտեղ անմիջապես դառնում է նշանակալից գումար: Այդ վերջին կայարանում կենդանության նշաններ են հայտնվել՝ երկաթգծով ու ասֆալտով: Չինաստանից, որ մեկ բիլիոն, այսինքն՝ միլիոն միլիոն դոլար ներդրում է արել նոր Մետաքսի ճանապարհում, որ երկաթուղագծով, ավտամայրուղիներով, նավահագիստներով պիտի կապի Չինաստանը 60 երկրների հետ: Մետաքսի մեծ ճանապարհը, որ անգլերեն հապավվում է OBOR (One Belt One Road), և Միջին Ասիան կենտրոնական տեղում են Չինաստանի գլոբալ կողմնորոշման մեջ, ինչպես եղել է հազար ու 500 տարի առաջ: Մայիսի կեսին Պեկինում անցկացվեց լայնորեն գովազդված հանդիպումը այն երկրների ղեկավարների, որ համագործակցում են Չինաստանի հետ մեծ ու տպավորիչ նախագծում: ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի նպատակը Չինաստանի բարեկեցությունն օգտագործելն էր չինական պայմաններով նոր գլոբալ տնտեսության ստեղծման համար: Դա պետք է կատարվի չինական վերահսկողության հաստատման միջոցով համաշխարհային ինֆրակառուցվածքի հնարավորինս մեծ հատվածի վրա: Երկիրն արդեն վերահսկում է արտադրության մեծ մասը: Արտահանումը և աճն արտասահմանում, նոր Չինական ճանապարհի երկայնքով, պետք է դառնան չինական տնտեսության շարժիչ ուժը Սիի կառավարման օրոք: Վեց գլխավոր մայրուղիներից երկուսը պետք է անցնեն Միջին Ասիայով Եվրոպա: Եվս մեկը պետք է անցնի Մոնղոլիայով ու Ռուսաստանով, մեկը՝ Պակիստանով: Վերջին երկուսը Չինաստանից այլ երկրներ կգնան ծովով: Միջին Ասիան գլխավոր դերն է խաղում այս վիթխարի չինական նախագծում:

Դա կարևոր պատճառներ ունի: Պատճառներից մեկը նավթ ու գազի հանքավայրերն են, նախ և առաջ Ղազախստանում: Մյուս պատճառը Եվրոպայի հետ է կապված՝ Չինաստանում արտադրվող ապրանքների ամենամեծ շուկայի: Միջին Ասիայի բոլոր երկրները վարկեր ստացան չինական բանկերում ու նորացնում են իրենց ինֆրակառուցվածքները, չինական բանկերը Մետաքսի նոր ճանապարհի համար վարկեր են տալիս առանց հապաղման: Դա ունի քաղաքական մեծ հետևանքներ և արդեն հանգեցրել է նրան, որ հիմա Միջին Ասիայի երկրները մեծ մասամբ շրջվում են Չինաստանի կողմը և «ազատագրվում են» Ռուսաստանից, որ եղել է «մեծ եղբայր» այդ տարածաշրջանում և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Ռուսաստանը չունի Չինաստանի տնտեսական մկանները, և Կրեմլում զգուշանում են, որ կարող են կորցնել Կենտրոնական Ասիայում իրենց ազդեցությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է վիճակը շտկել այդ երկրները ներգրավելով ԵԱՏՄ-ի զարգացման մեջ՝ Կրեմլի «հովանոցի», որի նպատակը նաև ԵՄ-ի ազդեցությունը հավասարակշռելն է: Բայց իրականում Ռուսաստանը Չինաստանի հետ ազդեցության համար պայքարում շանսեր չունի՝ Պեկինի ներդրումների պատճառով: Ոչ միայն տնտեսությունն է Մետաքսի մեծ ճանապարհը դարձրել Սիի մեծ արտաքին քաղաքական նախագիծ: Զարգացած Միջին Ասիան կարևոր է՝ կանգնեցնելու իսլամիստական վարակը, որ գալիս է Աֆղանստանից Չինաստանի արևմտյան Սինձյան նահանգ: ՈՒյղուրները իրականում միջինասիական տափաստանային ժողովուրդ են, ինչպես Միջին Ասիայի մյուս ժողովուրդները: Չինաստանը պետք է կայունություն ունենա իր սահմանային շրջաններում: Դա հեշտ խնդիր չէ: Միջին Ասիայի քաղաքական կառույցները տարուբերվում են Ղրղզստանի համեմատաբար բաց ու ժողովրդավարական համակարգից մինչև Թուրքմենստանի ամենասարսափելի դիկտատուրա: Նրանք տարուբերվում են նավթվ ու գազով հարուստ Ղազախստանից՝ այս պահին փափուկ դիկտատուրա, մինչև ՈՒզբեկստան, որ ամբողջությամբ կախման մեջ է իր բամբակի արտադրությունից և շարունակում է մարդկանց աղքատության մեջ պահել:


Միջին Ասիան կարող է կայանալ իբրև տարածաշրջան: Բնակչության կեսը 27 տարեկանից փոքր է, համեմատաբար լավ կրթված, համարյա բոլորը գրել-կարդալ գիտեն: Սա գրավիչ տարածաշրջան է: Բայց նաև վտանգավոր՝ հարևան Աֆղանստանի պատճառով: Այդ պատճառով դաժան պայքար է մղվում հոգիների ու ռեսուրսների համար՝ չինական ազդեցության, Ռուսաստանի հետ կապերի, Աֆղանստանի իսլամիստների միջև: Հաղթողը, կարծես, կանխորոշված է:
Մորտեն ՍՏՐԱՆԴ, Dagbladet, Նորվեգիա


Հ.Գ. Արևմտյան փորձագետները հաճախ են անդրադառնում չինական Մետաքսի մեծ ճանապարհին: Որոշ գնահատականներով՝ Իրանն այդ նպատակով նետվում է Իրաքի սահման: Իսրայելը, նույն նպատակով, իր քաղաքականությունն է կառուցում Սիրիայում ու տարածաշրջանում: Ֆրանսիացի քաղաքագետ Թիերի Մեյսանը հավատացնում է, որ «Մերձավոր Արևելքի տարածաշրջանային կոնֆլիկտների վարագույրը դեռ երկար չի բարձրանա»: Նրա կարծիքով՝ Սի Ցզինպինի նախագահության և երկու ճանապարհների աջակցության օրոք, Վաշինգտոնը սկսեց «Սունիստան» ստեղծել Իրաքի ու Սիրիայի տարածքում: Այդ նպատակով ԱՄՆ-ը ֆինանսավորեց, զինեց ու ԻՊ ուղարկեց իր ռազմական խորհրդատուներին, որ թույլ չտան Բեյրութ-Դամասկոս-Թեհրան-Պեկին ճանապարհի գոյությունը: Մեյսանի կարծիքով՝ «Թրամփի վարչակարգը ուսումնասիրում է և բանակցում, որ փոխի ադ քաղաքականությունը և Պեկինի հետ գործընկերային հարաբերություններ հաստատի», քանի որ «Մոսկվայի ու Պեկինի միջև արդեն կա գաղտնի համաձայնագիր», որի համաձայն Դամասկոսը խոստացել է միակողմանի դադարեցնել կրակը, իսկ Մոսկվան ու Վաշինգտոնը «հավատացրել են Թել Ավիվին, որ Սիրիան թույլ չի տա իր սահմաններին իրանական զորքերի, առավել ևս լիբանանանյան «Հըզբոլլահի» գոյությունը: Բացառություն են ռուսական զորքերը»: Պարզվում է՝ եղել են «գաղտնի բանակցություններ Իրանի ու ԱՄՆ-ի միջև», գաղտնի քննարկումներին մասնակցել են Սաուդյան Արաբիան և Իսրայելը: Էր Ռիադն ու Թեհրանը 17 ամսվա համաձայնագիր են ստորագրել, որի արդյունքն է.


1. ՑԱԽԱԼ-ի մասնակցությունը Եմենի պատերազմում և մարտավարական միջուկային զենքի փոխանցումը:
2. Սաուդյան Արաբիան վերակառուցվում է այնպես, որ մնա սալաֆիտական պետություն, բայց կառավարման ինստիտուտները լինեն աշխարհիկ:
3. Ենթադրվում է Իրաքյան Քրդստանին անկախություն տալ (հանրաքվեն սեպտեմբերին է նշանակված), Խալի (Արաբիայի ու Եմենի տարածքում) ու Օգադենի (դրանով է պայմանավորված Կատարի զորքերի հեռացումը Ջիբուտիի սահմաններից) գազային հանքավայրերի շահագործումը:
4. Եգիպտոսը Տիրան ու Սանաֆիր կղզիները զիջում է Սաուդյան Արաբիային: Դրանով Էր Ռիադը դեֆակտո ընդունում է «Քեմպ Դևիդի համաձայնագիրը, իսկ Իսրայելը հաստատում է սաուդյան երաշխիքներ ստանալը».
Կան նաև այլ կետեր, ընդհուպ՝ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև համաձայնագիր՝ Մերձավոր Արևելքում ազդեցության գոտիների բաժանման մասին: Ստացվում է աշխարհը պտտվում է Մետաքսի մեծ ճանապարհի կամ այդ ճանապարհը փակելու շուրջ: Եվ Մերձավոր Արևելքի իրադարձությունները ծավալվում են այդ սցենարով: Գուցե: Իսկ գուցե ամեն պետություն իր շահերն է առաջ տանում՝ Պեկինին դարձնելով կամ քավության նոխազ, կամ տիրակալների տիրակալ: Չինական մեծ պարսպից դուրս աշխարհը նույնքան անկառավարելի է, որքան եղել է պարիսպը կառուցելիս: Հարց՝ Հայաստանը պարսպից նե՞րս է, թե՞ դուրս՝ պարիսպ, որ այլևս անցնում է Մետաքսի մեծ ճանապարհներով՝ վեց, ութ, թե տասը տարբերակներով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ