Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մեր բարձրագույն ուսումնական համակարգը կարիք ունի լուրջ խոշորացման»

«Մեր բարձրագույն ուսումնական համակարգը կարիք ունի լուրջ խոշորացման»
27.06.2017 | 09:34

Հայաստանի պետբյուջեն բավական քիչ գումար է հատկացնում գիտության ոլորտին։ Այս մասին բարձրաձայնվեց նաև կառավարության ծրագիրն ԱԺ ներկայացնելու ժամանակ։ ԿԳ նախարար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՑ փորձեցինք պարզել` հնարավո՞ր է ֆինանսական սուղ միջոցներով գիտական արդյունք ստանալ ու զարգացնել ոլորտը։

-Հայաստանում և՛ գիտության, և՛ կրթության ֆինանսավորումը բավարար չէ, միջազգային ստանդարտներից բավականին ցածր է, և սա բոլորի համար է ակնհայտ։ Բայց մենք պետք է ոչ թե դրա վրա կենտրոնանանք, այլ եղած միջոցներն արդյունավետ օգտագործելու։ Կարծում եմ, կրթությունն ու գիտությունը ինչ-որ խնդիր լուծելու համար գործիք են։ Օրինակ, ապահովել մեր երկրի պաշտպանունակությունը, պահպանել բնական գիտությունների երկրի համբավը, ապահովել հայ տեսակի շարունակականությունը։ Եթե այսպիսի մեծ խնդիրներ դնենք, կհասկանանք` եղած միջոցներն արդյունավե՞տ են օգտագործվում, թե՞ ոչ։ Կհասկանանք նաև, որ, բացի պետական աջակցությունից, սփյուռքի ներուժը ևս պետք է ներգրավել որոշ ոլորտներում։ Այնպես է ստացվել, որ հաճախ մարդիկ են ներդրումներ անում, բայց արդյունք չկա։ ԱԺ-ում «Թումոյի» օրինակը բերվեց, այո, այն կրթական ռեսուրս է, ու կապ չունի, որ մասնավոր նախաձեռնություն է։ Մշակվել է համատեղ ու հսկայական օգնություն է ցուցաբերում մեր կրթական համակարգին։ Յոթ հազար երեխա ամեն անգամ ստանում է այն հմտությունները, որոնք երբեք չեն կարող ստանալ դպրոցում։ Հիմա սա մեր կրթական համակարգի մա՞սն է, թե՞ ոչ։ Իհարկե մասն է, որովհետև պետությունը գումար քիչ ունի, բայց հրավիրել և օժանդակել է ներդրողներին` նպաստավոր պայմաններ ապահովելով։ Նույնը կարելի է ասել գիտության ոլորտի վերաբերյալ։ Մենք «Հորիզոն 2020»-ի անդամ ենք, պետք է կարողանանք այնպես անել, որ եթե մեր ներուժը չի բավարարում, հրավիրենք մեր գործընկեր գիտնականներին, ձևավորենք ուժեղ խմբեր։ Եթե «Հորիզոն 2020»-ի շրջանակում շահենք գրանտ, դա մեզ կբերի տասնյակ միլիոն եվրոներ, ինչը շոշափելի արդյունք կապահովի գիտության ոլորտում։ Եթե չենք կարող, օրինակ, կենսաքիմիայի ոլորտում նման արդյունքի հասնել, ուրեմն ընտրենք այնպիսի դաշտ, որն արդյունք կապահովի։ Դրա համար ես կողմնակից եմ բաց պլատֆորմների, այսինքն, պետք է ունենանք այլընտրանքային բևեռ։ Ով ուզում է որևէ ոլորտում օգտակար ներդրում անել, պետք է նրա համար պայմաններ ապահովել։
-Գիտությունն ու տնտեսությունը միաժամանակ պետք է զարգանան, սակայն մեզանում մեծ խնդիր է գիտությունը բիզնեսին մոտեցնելը։ Այսօրվա գիտնականը որքա՞ն է օգնում տնտեսության զարգացմանը, նրա պոտենցիալն օգտագործվո՞ւմ է տնտեսությունում։
-Այսօր տնտեսության ծանր վիճակով է պայմանավորված գիտության ծանր վիճակը։ Ի վերջո, գիտությունը սպասարկող է։ Այլ խնդիր ևս կա։ Եթե կրթության և գիտության մի ուղղությամբ ակնառու նվաճում արձանագրենք, դա կհանգեցնի նոր աշխատատեղերի ստեղծման։
-Գիտության համար լուրջ կորուստ է նաև ուղեղների արտահոսքը, ինչպե՞ս կարող ենք դա կասեցնել։
-ՈՒղեղների արտահոսքը չենք կարող կանգնեցնել, փոխարենը կարող ենք «արտահոսած» ուղեղները կապել հայրենիքին։ Աշխարհում չկա մի երկիր, որ կարողանա իր ուղեղների արտահոսքը կանգնեցնել։
-Եթե երիտասարդ գիտնականների սոցիալական խնդիրները լուծվեն, աշխատավարձն էլ «մարդավայել» լինի, գուցե կարողանա՞նք նրանց մեզ մոտ պահել։
-Աջակցության դասական օրինակ եղավ ճարտարագիտական համալսարանում, երբ բերեցին հայտնի «Շնայբերի» էլեկտրիկին, ստեղծեցին ուժեղ հարթակ, գերազանցիկ ուսանողին տվեցին ամսական 500 դոլար և ասացին, որ ավարտելուց հետո նրանց լավ աշխատանք է սպասում։ Ստեղծվեց մոտիվացիա, և ճարտարագիտականի էներգետիկական բլոկը սկսեց ապրել։ Այսինքն, բիզնեսը մտավ կրթության և գիտության ոլորտ։ Այսօր մեր հիմնական խնդիրը հենց այս կապի ապահովումն է։
-Ձեր տպավորությամբ, մեր բիզնես աշխարհը հետաքրքրվա՞ծ է գիտական ոլորտով։
-Եթե բիզնես աշխարհն ունի հեռանկար, բայց չունի որակյալ կադրեր, պետք է դիմի կրթությանը և գիտական ոլորտին։
-Գիտության ո՞ր ճյուղերն են առանձնակի հետաքրքրություն առաջացնում բիզնես աշխարհում։
-Տեղեկատվական բարձր տեխնոլոգիաները զարգացած են, որովհետև աշխատաշուկա կա, սակայն նույն այս ոլորտը մեզ կանգնեցնում է մեկ այլ խնդրի առաջ։ Մենք տարեկան տալիս ենք այս ոլորտի շուրջ 500-600 մասնագետ, բայց պահանջարկը 2000-3000-ի է հասնում։ Ստիպված համալրումը լինում է այլ բնագավառներից` ֆիզիկոսներ, մաթեմատիկոսներ, ռադիոֆիզիկոսներ։ Արդյունքը լինում է այն, որ ամլանում է մեր գիտական պոտենցիալը, քանի որ վերջիններս պետք է լավ գիտնական դառնային։ Մեկ այլ օրինակ. մեր պաշտպանության բնագավառն ինքնին աշխատաշուկա է, ու եթե պաշտպանության խնդիրները կապենք գիտության և բուհերի հետ, կդառնա բավական հետաքրքիր միջավայր։
-Ի դեպ, այս տարի կտրուկ նվազել է դիմորդների թիվը։ Սա բուհերում օպտիմալացման խնդիր չի՞ առաջացնելու։
-Մյուս տարի ավելի է նվազելու, իսկ բուհերում, բնականաբար, խնդիրներ առաջանալու են։ Բոլորը, այսպես ասած, անվտանգության բարձիկներ են ստեղծել։ Այս տարի նվազել է նաև ասպիրանտների թիվը, մյուս տարի կունենանք կտրուկ նվազում` մոտ 10000 դիմորդ, հետո նորից կբարձրանա 35000-ի։ Ինչ վերաբերում է օպտիմալացմանը, անկախ դիմորդների թվի նվազումից, մեր բարձրագույն ուսումնական համակարգը կարիք ունի լուրջ խոշորացման։ Փոքր երկրում, որտեղ ուսանողությունը չի հասնում 90000-ի, բայց կա 66 համալսարան, որակի կտրուկ անկումն անխուսափելի է։ Սա անթույլատրելի է, «Բարձրագույն կրթության մասին» օրենքով և հավատարմագրումով պետք է որակ պահանջենք բուհերից։ Սա հանրակրթություն չէ, որ ասենք` մի կերպ ապահովեք կրթությունը։ Սա բարձրագույն կրթություն է, որը պահանջում է լուրջ որակ։
-Նման մոտեցման ամրագրումից հետո հնարավո՞ր է բուհեր փակվեն։
-Ոչ, խնդիրն ավելի խոր է, բուհերն իրենց առաքելությանը պետք է հավատարիմ մնան։ Շատ բուհեր, հիմնական մասնագիտություններին զուգահեռ, պատրաստում են նաև տնտեսագետներ, իրավագետներ, որ չկորցնեն իրենց իրական մասնագիտությունները։ Օրինակ, եթե անասնաբուժությունը ֆինանսավորվի 70-80 տոկոսով անվճար, գյուղակադեմիան կարիք չի ունենա այլ մասնագիտությամբ կադրեր պատրաստելու, կունենանք մոբիլ, ուժեղ համալսարաններ, որոնք իրար հետ կկապվեն մեկ ցանցով, և ուսանողը կկարողանա մեկից ավելի համալսարաններում իր կրեդիտը վերցնել։ Սա մեր բարեփոխման հիմքն է։

Զրուցեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 7900

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ