Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Գյումրի մտնեք` կտեսնեք «դրախտի» և «դժոխքի» մնացորդները»

«Գյումրի մտնեք` կտեսնեք «դրախտի» և «դժոխքի» մնացորդները»
27.06.2017 | 10:15

Գյումրին հոգսաշատ քաղաք է։ «Իրատեսը» պարբերաբար անդրադառնում է քաղաքի խնդիրներին` ներկայացնելով քաղաքային իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունը։ Բազմիցս գրել ենք, թե քաղաքապետ Սամվել Բալասանյանն ինչպես է ողջ քաղաքը դիտարկում սեփական բիզնեսների համար հարմար միջավայր ու վրդովվում, երբ այդ մասին մամուլը բարձրաձայնում է։ Վերջերս էլ նա նոր «մեթոդի» է դիմում. «Իրատեսի» դեմ արշավ է սկսել սեփական աշխատակիցների միջոցով, որոնց գյումրեցիներից մեկը պատկերավոր անվանեց «Բալասանյանի փշրանքներով սնվողներ»։ Ինչևէ, «Իրատեսը» շարունակում է անդրադառնալ Գյումրու խնդիրներին։ Այս անգամ մեր զրուցակիցն է Գյումրու ավագանու անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ, որն ավագանու ընտրություններից հետո բոյկոտել է քաղաքապետարանի աշխատանքը։

-Պարոն Բարսեղյան, ի՞նչ եք որոշել` կմասնակցե՞ք նիստերին։
-Սեպտեմբերին գնալու եմ նիստի և առաջարկելու եմ բացակայությունների համար անվստահություն հայտնել ինձ։ Եթե ավագանին համարի, որ իմ բացակայություններն անհարգելի են, ես կդադարեցնեմ իմ գործունեությունը որպես ավագանու անդամ։ Եթե հարգելի համարվի, կշարունակեմ նիստի գնալ` հաշվի առնելով նաև իմ խմբակցության դիրքորոշումը, որն առայժմ հարմար է համարել, որ ես մասնակցեմ նիստերին։
-Ձեր բացակայություններն ինչ-որ չափով պայմանավորված են քաղաքապետի հանդեպ դժգոհությա՞մբ։
-Ոչ, իմ բոյկոտը պայմանավորված է «քանդակագործ» Հրայր Թովմասյանի և «գեղանկարիչ» Դավիթ Հարությունյանի մշակած ընտրական օրենսգրքի անհեթեթություններով, երբ երկու մանդատ տարբեր խմբակցություններից հենց այնպես վերցրին ու տվեցին իշխող խմբակցությանը։
-Իսկ, ընդհանրապես, քաղաքապետի գործունեությունն ինչպե՞ս կորակեք։
-Բազմիցս գնահատականներ հնչեցրել եմ, հիմա հակիրճ կլինեմ` իմ սպասած 10-բալանոց սանդղակից հազիվ 5 միավոր, ոչ ավելի։
-Երբ Գյումրու խնդիրները ներկայացնում ենք ու շեշտադրում նաև քաղաքապետի մեղավորությունը, վերջինիս կողմնակիցները հակադարձում են, թե Գյումրին Բալասանյանի օրոք դրախտ է դարձել։
-Խոր մոլորության մեջ են, Գյումրին դրախտ չէ։ Շատ եմ խոսել խնդիրներից, թե ինչ կարելի է անել, որ չի արվում։ Եթե սկսեմ խնդիրները թվարկել, երկու շաբաթ անընդմեջ պետք է խոսեմ։ Կան անարդյունավետ կառավարում, համայնքային միջոցների անարդյունավետ օգտագործում, իշխանություններին անմնացորդ «նվիրում» և այլն։ Սրանք գլխավոր թերություններն են, որոնց մասին մշտապես բարձրաձայնում եմ։
-Ասացիք, որ համայնքային բյուջեն անարդյունավետ է օգտագործվում. կմանրամասնե՞ք, թե որ խնդիրներն են անտեղի գումարներ մսխում։
-Նախ` միայն համայնքային բյուջեով գլխավոր խնդիրներն անհնար է լուծել։ Անօթևանության խնդրի կարգավորումը մոտ 35-40 մլն դոլար արժե, փողոցների նորոգումը` 80 մլն դոլարից ավելի, իսկ Գյումրու բյուջեն 6,5 մլն դոլար է։ Հիմա պատկերացրեք, թե ինչ խնդիրների հետ գործ ունենք։
-Իսկ այդ 6,5 մլն դոլարը տեղի՞ն է օգտագործվում։
-Ոչ, անարդյունավետ է ծախսվում։ Օրինակ, քաղաքապետարանի ներկայիս աշխատակազմն անհամեմատ ավելի մեծ է, քան պահանջվում է խնդիրների լուծման համար։ Նույն աշխատանքը կարելի է կատարել աշխատակազմը շուրջ 30-40 տոկոս կրճատելու պարագայում, սակայն քաղաքապետը կարծում է, որ կրճատումների անհրաժեշտություն չկա։ Սա տարբեր մոտեցումների, վարչարարության, կառավարման գիտելիքների, փորձի, իմ ու նրա գնահատականների տարբերության հարց է։
-Այդ ուռճացման պատճառներից մեկն էլ այն չէ՞, որ Սամվել Բալասանյանը քաղաքապետարանում տեղավորել է իր բարեկամ-հարազատ-ծանոթներին։ Ի դեպ, սա մեր գնահատականը չէ, այլ շարքային գյումրեցիների։
-Հարկ է նշել, որ նոր չէ քաղաքապետարանի աշխատակազմի ուռճացված լինելը։ Նախորդ քաղաքապետերի ժառանգությունն էլ կա։
-Բայց դա արդարացնո՞ւմ է գործող քաղաքապետին։ Ի վերջո, նա կարող էր հրաժարվել այդ ժառանգությունից։
-Բազմիցս առաջարկել եմ արտաքին գնահատում, ճիշտ օպտիմալացում անել, քաղաքապետարանի աշխատակազմի կարողություններն ու միջոցները համադրել և ստանալ իրական պատկերը։ Իմ առաջարկները մերժվել են, համարել են, որ եղածը նորմալ է։ Իսկ ես փոքրամասնություն եմ, մեծամասնությունը Սամվել Բալասանյանի ղեկավարած դաշինքն է, ու նրանք դա են ճիշտ համարում։ Թեև հաստիքները ժամանակին արդեն ուռճացած էին, բայց նախորդ քաղաքապետը երկու խորհրդական ուներ, մինչդեռ, 2012-ին եկավ Բալասանյանը և խորհրդականների թիվը դարձրեց յոթ։ Ավելի ուշ խորհրդականները դարձան չորսը։ Իսկ եթե շատ հետ գնանք, 1988-ին` երկրաշարժից առաջ, քաղաքային տնտեսությունը կառավարվում էր այսօրվա աշխատակազմի գրեթե կեսով, բայց Գյումրու բնակչությունը ներկայիս համեմատ երեք անգամ ավելի էր` 230-240 հազար։ Հիմա բնակչության թիվը երեք անգամ պակասել է, իսկ վարչական կազմը` աճել։ Սրանք թվեր են, որոնց հետ վիճելն անիմաստ է։ Սա փաստում է անարդյունավետ կառավարման մասին։ Կան բազմաթիվ այլ խնդիրներ ևս։
-Գյումրեցիները մեզ հետ զրույցում դժգոհում էին, որ քաղաքային բյուջեից բավական գումար է հատկացվում քաղաքապետի բիզնեսին, ասում են` ինչ «շարժվում» է, նրա բիզնեսի միջոցով է արվում` քաղցրավենիքից մինչև «Սևան» հանքային ջուրը։
-Այդ քաղցրավենիքի վրա երկու տարում 3 մլն դրամ է ծախսվել, բայց սա չէ այն հիմնական վատնումը, որ ասենք, թե բյուջեն այդ ուղղությամբ է գնում։
-Եթե չեմ սխալվում, անապահով խավին բաղնիք ուղարկելու սոցիալական աջակցության ծրագրի մասին Ձեր լրատվամիջոցն էր հրապարակել. հիմա շարունակվո՞ւմ է այդ ծրագիրը։
-Չեմ կարող ասել, բայց կար ժամանակ, որ կարիքավորների սանիտարական սպասարկման համար գումար էր հատկացվում։
-Գյումրու «Սև ղուլը» մշտապես քննարկման ծիրում է։ Ձեր գնահատականը` ի՞նչ է կատարվել պատմամշակութային այդ արժեքի հետ։
-Հիմա մենք ունենք նորոգված սև ամրոց, որն այլևս հուշարձան չէ։ Դա տեղի ունեցավ նախ և առաջ մշակույթի նախարարության հանցավոր դիրքորոշման պատճառով։ Նախկին սեփականատերը վաճառել է այն Սամվել Բալասանյանին, նա էլ նորոգել, վերակառուցել է այն և դարձրել ժամանցի կենտրոն։ «Սև ղուլ» անվամբ հուշարձան այլևս չունենք, ինչը շատ վատ է։
-Ասել է` նորոգումն այնպես է եղել, որ ոչինչ չի՞ հիշեցնում պատմական արժեքի մասին։
-Այո, որովհետև շինության վրա երեք մետր պարիսպ է բարձրացվել։ Այս ամենի մեղքը ոչ թե սեփականատիրոջն է (նրա մտքով ինչ ասես կարող է անցնել), այլ մշակույթի նախարարի, որը պետք է հասկանար պատմական արժեքի կարևորությունը։ «Հասմիկ տոտան» (նկատի ունի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին- Ռ. Խ.) պետք է կարողանար պատշաճ ուշադրություն ցուցաբերել, բայց նրան ավելի հետաքրքիր էին այլ բաներ, քան հուշարձանը։
-Փաստորեն, Դուք Ձեզ դրախտում չեք զգում, ինչպես բնորոշել էին Սամվել Բալասանյանի կողմնակիցները։
-Իհարկե ոչ, դա չափազանցություն է։ Տարբեր կարծիքներ կարող են լինել, բայց, երբ Գյումրի մտնեք, կտեսնեք դրախտի և դժոխքի մնացորդները։ Երեք հազար անօթևան ընտանիքներ, երեք հազար տնակներ և կողքին սիրուն շենքեր` հիմա սա դրա՞խտ է, թե՞ դժոխք։ Մենք ունենք սոցիալական, հասարակական մեծ բևեռվածություն, ծանր վիճակ` արտագաղթ, գործազրկություն, հիվանդացության բարձր մակարդակ։ Սա է Գյումրվա «դրախտը»։

Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 8825

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ