Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ներկայացումն ընդհատվեց՝ դերասանները հեռանում են

Ներկայացումն ընդհատվեց՝ դերասանները հեռանում են
27.06.2017 | 10:18

Հիշում եք, չէ՞, որ Զարուհի Փոստանջյանը գրավելու էր քաղաքապետարանը: Դա անհավասար մարտ էր լինելու ու միանշանակ ավարտվելու էր «Երկիր ծիրանիի» հաղթանակով, որ ուներ փուչիկներ: ՈՒ՝ թռչող ափսեներ, որ կոտրեց «չարխափանի» համար, երբ առաջին անգամ մուտք էր գործում քաղաքապետարան: Շատերը, գուցե, ծիծաղեցին նրանց հայրենասիրական սնոտիապաշտության վրա, բայց, պարզվեց՝ կպավ, չար աչքը կպավ կուսակցության հինգ անդամներից երկուսին: Սեքսիզմի մեջ քաղաքապետին մեղադրող Զարուհի Փոստանջյանը հեռացրեց իր հնգյակի տղամարդկանց՝ կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին և սկզբունքներին դավաճանելու, երևանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստով, պահանջեց մանդատները վայր դնել, անվանեց դավաճաններ ու գուցե նաև պահանջեր կախել քաղաքապետարանի պարսպից, եթե պարիսպ լիներ:

«Երկիր ծիրանիի» «մեղադրյալ» տղամարդիկ՝ Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը, հարկադրաբար ասուլիս տվեցին: Գուցե նրանք բնավ այն պարկեշտ, փորձառու, հայրենասեր ու կոփված մարտիկները չեն, որ ավագանու ընտրությունների քարոզչության ժամանակ ներկայացնում էր Զարուհի Փոստանջյանը, գուցե շատ ավելի խելամիտ ու հավասարակշիռ են, քան կարծում էր «Երկիր ծիրանիի» նախագահը: Գուցե:
Բայց նրանք էլ, ըստ իրենց հայտարարությունների, չգիտեն` ինչու են բանադրվել մեծ քրմուհու կողմից: Մանդատները վայր չեն դնի ու չեն հանձնվի ոչ մեկին՝ մտադիր են դառնալ ավագանու անկախ անդամ՝ «օրենսդրությունն ու օրակարգը թույլ են տալիս», աշխատելու են բոլորի հետ և որևէ խմբակցություն չեն պատրաստվում մտնել։ Հայկ Պետրոսյանը ասաց. «Մենք բազմաթիվ անգամ քննադատել ենք իշխանության գործելաոճը, մեր գործելաոճը լինելու է ընդդիմադիր դաշտում, սակայն իշխանությունը, եթե ուզենա ինչ-ինչ հարցերում մեզ հետ համագործակցել, մեր առաջ քաշած խնդիրները լուծել, մենք բաց ենք լինելու համագործակցությանը»։ Նրանք դուրս են եկել Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» կուսակցության խմբակցությունից, Մնացական Պարակշիևը` նաև կուսակցությունից։

«Մենք պայքարում ենք այնպիսի արատավոր երևույթների դեմ, ինչպիսիք են ցինիզմը, մեծամտությունը, անհանդուրժողականությունը, իրականության զգացողության իսպառ բացակայությունը: Շատ կարևոր է, որ մենք ինքներս չդառնանք այդպիսին, լինենք բաց բազմակարծության և առողջ քննադատության համար»,- ասաց Հայկ Պետրոսյանը: Նա այդպես էլ չի հասկացել, թե ինչու իրավիճակը քննարկելու իրենց կոչերին կանայք չարձագանքեցին. «Մեր հիմնական ենթադրությունն այն է, որ կար ոճային տարբերություն: Մենք ուզում էինք հարցերին մոտենալ սառնասրտորեն ու հետևողականորեն, մեր առաջնային խնդիրը պետք է լիներ Երևանի ծրագրի իրականացումը, իսկ մեր մնացած գործընկերներն ավելի կողմնակից էին էմոցիոնալ երանգներ հաղորդել ամեն մի հարցի, որը, ըստ մեզ, արդյունավետ չէր լինի»,- ասաց Հայկ Պետրոսյանը: Մնացական Պարակշիևն էլ կարծում է. «Դա գործելաոճի, մոտեցումների խնդիր էր: Իմ համոզմամբ, քաղաքապետարանում աշխատանքը չի կարելի դարձնել թատրոն»:


Տղամարդկանց ասուլիսին ի պատասխան «Երկիր ծիրանիի» կանայք հայտարարություն տարածեցին՝ պարզաբանելով Պարակշիևին և Պետրոսյանին անվստահություն հայտնելու պատճառները: Պարզվեց՝ նրանք պարտավորված են եղել հավատարիմ մնալ «Երկիր ծիրանիի» ծրագրային դրույթներին, սակայն իրենց վարքով, գործունեությամբ և կայացրած որոշումներով հակառակն են ապացուցել:Հունիսի 17-ին կուսակցության ընդլայնված ժողովի ընթացքում Պարակշիևը և Պետրոսյանը հանդես են եկել հայտարարությամբ, պնդելով, որ իրենց չեն հետաքրքրում կուսակցության ծրագիրը, գաղափարախոսությունը և սկզբունքները, իրենք չեն պատրաստվում կյանքի կոչել և չեն կարող թիմային աշխատանքի մասնակից լինել: Նախապես ստանձնած պարտավորությունների չկատարման վերաբերյալ հայտնել են, որ չեն կարող իրականացնել՝ ժամանակ, պատրաստվածություն, փորձ և հմտություններ չունեն: «Երկիր ծիրանին» պնդում է, որ Պարակշիևն ու Պետրոսյանն անգործություն են դրսևորել Երևանի ավագանու հունիսի 16-ի նիստի ժամանակ: Այսինքն՝ չեն գոռգոռացել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Այսինքն՝ Զարուհի Փոստանջյանը ԵԾ-ի տղամարդկանց մեղադրում է իր բեմադրած թատերական ներկայացումներին չմասնակցելու համար: Բայց ո՞րն է հենց իր՝ Զարուհի Փոստանջյանի բեմադրությունների իմաստը ու օգտակար գործողությունների գործակիցը: Ո՞ր ծրագրային դրույթներին են իրենց վարքով, գործունեությամբ և կայացրած որոշումներով հակառակվել խմբակցության տղամարդիկ: Որտե՞ղ էր թիմային աշխատանքը, որին նրանք չեն մասնակցել: Ընդհանրապես՝ ո՞րն է ԵԾ-ի դերն ու նշանակությունը: Անի գնա՞լը: Սպիտակ կաբրիոլետով Հանրապետության հրապարակում շրջե՞լը: Ընտրությունների օրը մրցակցի շտաբ գնա՞լը: Առայժմ՝ միայն զավեշտ ու սկանդալներ՝ իբրև սկանդալների շարունակություն: Զարուհի Փոստանջյանը որևէ պատկերացում ունի՞ Երևանի խնդիրների ու այդ խնդիրների լուծումների մասին, բացի քաղաքապետարանը գրավելուց ու Տարոն Մարգարյանի կյանքը դժոխք դարձնելուց: Սիմվոլիկ խոսքը տպավորիչ է, հիշվող, բայց բովանդակազուրկ է, երբ սիմվոլով սկսվում, սիմվոլով ավարտվում է: Փաստացի՝ Զարուհի Փոստանջյանն ինքը դարձել է անհեթեթ հայտարարությունների ու գործողությունների սիմվոլ, մինչդեռ նպատակները բոլորովին այլ էին: Կամ՝ այլ էին թվում: Ափսոս էր գաղափարը: Ծիրանի գաղափարը:
Եվ այն քվեները, որ տրվեցին Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր ծիրանիին»՝ հավատալով ու հույս ունենալով, որ… ծիրանը հայկական միրգ է:

Դիտվել է՝ 15692

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ