USD485.23
EUR551.80
RUB7.32
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Ո՞ր ուղղությամբ է սուրում «քրդական նիզակը»

Ո՞ր ուղղությամբ է սուրում  «քրդական նիզակը»
27.06.2017 | 10:33

Այնպես է ստացվում, որ տարածաշրջանի քրդերի վրա Իրանի ազդեցության մասին խոսակցությունը հարկ է սկսել սպասվածից շուտ: «Իրավիճակը տեղում կանգնած չի մնում» ձևակերպումը տվյալ պարագայում լիովին արդարացրել է իրեն, և արդեն, իրոք, ժամանակ չկա «շուրջբոլորը նայելու», հանգիստ պայմաններում համակարգելու բոլոր տվյալները, դրանց հիման վրա հանգիստ մթնոլորտում հետևություններ անելու և մոդելավորելու իրադրության հետագա զարգացումը:

Իհարկե, որևէ անսպասելի բան տեղի չի ունենում, հակառակը, տարբեր կարգի պայթյունները, հայտարարությունները, ռազմական գործողությունները և այլն, միանգամայն արդարացրին իմ նախընթաց կանխատեսումներն այն առնչությամբ, թե նույն քրդերի և Թուրքիայի համար «իքս ժամի» հանգամանքները անկասելիորեն մոտենում են: Իսկ արագացման խթան է շարունակում մնալ Իրաքում քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին, որը Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվե անցկացնելու ցանկության մասին իր գարնանային հայտարարությունից հետո հիմա արդեն հաստատ ասում է, որ այդ հանրաքվեն կկայանա սեպտեմբերի 23-ին:


Համոզված եմ, որ ընթերցողների մեծ մասի համար առանց լրացուցիչ պարզաբանումների ու հիմնավորումների էլ պարզ է, թե ով և ինչպես է օգտագործում իր ազդեցությունը քրդական տարբեր ցեղերի վրա. ես կողմնակից եմ այն տեսակետին, որի համաձայն, մինչև հիմա չկա քրդական միասնական ազգություն, և խոսք կարող է լինել բացարձակապես տարբեր ցեղերի ինչ-որ դաշնային միության մասին (այդ թվում՝ լեզվական), որոնց սովորաբար, տասնամյակներ ի վեր, արտատարածաշրջանային ուժերի ու երկրների միտումնավոր հաշվարկների բերումով, ավանդաբար «քրդեր» են կոչում: Օրինակ, մայիսի 25-ին տարածված այն տեղեկությունները, թե, իբր, «քուրդ ժողովուրդը», իսկ իրականում, շատ ավելի մեծ չափով, պարզապես Թուրքիայի իրանալեզու զազա ազգությունը (որոշ գիտնականներ առհասարակ այդ ժողովրդին իրանցիներ են համարում-խմբ.) մտադիր է հայտ ներկայացնել թուրքական ՆԳՆ՝ իր առանձին քաղաքական կուսակցության («Զազայի ժողովրդական կուսակցություն») գրանցման մասին, իմ կարծիքով, պերճախոս վկայությունն է այն բանի, որ իրականում միասնական քուրդ ազգություն գոյություն չունի: Ի դեպ, ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, զազաներն արդեն տարածք են վարձակալել Անկարայի իրենց գրասենյակի համար: Նրանք ուզում են անցկացնել կուսակցության խորհրդի նիստ և ընդունել ծրագիր: Զազաների նախաձեռնող խմբի տվյալներով, Թուրքիայի խորհրդարանում այսօր կա զազա ժողովուրդը ներկայացնող 63 պատգամավոր: Այսօր ձևավորված է զազաների ցանկությունն ու, ըստ էության, քաղաքական պատվերը՝ բոլորին ժողովելու մեկ կուսակցության մեջ և մասնակցելու պետության քաղաքական կյանքին: Եթե զազա ժողովուրդն ու թուրքական խորհրդարանի զազա պատգամավորները իրոք իրենց քուրդ զգային, մի՞թե կարիք կունենային 2017 թվականին ներկայանալու իրենց ազգային քաղաքական կուսակցությամբ, ոչ թե մնալու կամ էլ ձուլվելու Թուրքիայի, այսպես կոչված, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP կամ PDG) շարքերին, որը գլխավորում է էլյազըղցի քուրդ հայտնի քաղաքական գործիչ, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Սելահետտին Դեմիրթաշը:


Ի դեպ, հետաքրքրվողների համար. Էլյազըղը 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ հաճախ հիշատակվող Մամուրեթ-ուլ-Ազիզն է կամ մեզ ավելի ճանաչելի Խարբերդը: Իրենք՝ թուրքերը, որպեսզի շատ չտանջվեն արաբերեն «Մամուրեթ-ուլ-Ազիզ» արտասանելով, հաճախ այն անվանում էին Խարպուտ, իսկ Առաջին համաշխարհային պատերազմից և այդ վիլայեթում ոչ մուսուլման բնակչության զանգվածային սպանություններից հետո... Կարճ ասած, ժամանակակից Էլյազըղը կառուցել են Խարբերդի փլատակների մերձակա հարթավայրում: Եթե կան կասկածողներ, ապա բերեմ որոշ տվյալներ: 1830-1850 թթ. Խարբերդի բնակչությունը 25 հազար էր, որից 15400-ը հայեր էին, 7240-ը՝ թուրքեր ու այլ թյուրքախոս ժողովուրդներ, մնացածները՝ քրդեր և ասորիներ: Սակայն 1895 թ. թուրքական իշխանությունները կազմակերպեցին ու իրագործեցին, այսպես կոչված, «համիդյան ջարդերը», և քաղաքի հայկական թաղամասերը կրակի ճարակ դարձան, ավերվեցին երկու հայկական եկեղեցի ու մի քանի դպրոց: Ջարդերը հանգեցրին հայ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի, բացի այդ՝ 1000 մարդ բռնությամբ իսլամացվեց: 20-րդ դարի սկզբին քաղաքում արդեն ընդամենը 12200 մարդ էր ապրում, որից 6080-ը հայեր էին, 6120-ը՝ թուրքեր: 1915 թ. հուլիսի 26-ին զանգվածային սպանությունների ալիքը հասավ Խարբերդ: 1916 թ. սկզբներին քաղաքն ավելի շատ դիարան էր հիշեցնում: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, արդեն Էլյազըղ վերանվանված քաղաքում 1960-ական թվականներին դեռևս մոտ 100 հայ էր ապրում, հիմնականում՝ նախկին որբեր, Ցեղասպանության զոհերի զավակներ, բայց նրանք թուրքական «ծխամատյաններում» արդեն հայեր չէին համարվում:


Ինչի՞ համար է այս խոր էքսկուրսը Էլյազըղի պատմության մեջ՝ կարող են հարցնել որոշ ընթերցողներ, եթե հեղինակն առաջարկում է դատողություններ անել քրդական գործոնի վրա Իրանի ազդեցության ու նոր դերի մասին: Փորձեմ համառոտակի և նրբորեն պարզաբանել: Խարբերդը հետաքրքիր աշխարհագրական դիրք ունի Մալաթիայի (Լեռնային Կիլիկիա) ու Երզնկայի կամ Մեծ Հայքի Բարձր Հայքի մարզի Եկեղյաց գավառի Երիզա ավանի միջև: Ի դեպ, մինչև հիմա էլ թուրքական իշխանությունները շարունակում են մեսխեթցի թուրքերին վերաբնակեցնել այստեղ. երևի մինչև հիմա Երզնկայի «ազգային հավասարակշռությունը» երկյուղ է պատճառում թուրքերին: Իսկ Խարբերդից ու Երզնկայից հետո արդեն քաջածանոթ Դերսիմն է, որը մինչև վերջերս կրում էր թուրքական Թունջելի անունը: Բայց մի քանի տարի առաջ զազաները Թուրքիայի նախագահ Էրդողանից այդ քաղաքը իր պատմական Դերսիմ անունով կոչելու իրավունք «պոկեցին»: Թե «Դերսիմ» բառը ինչ նշանակություն ունի թե՛ հայերի, թե՛ զազաների պատմության մեջ, չեմ խորանա, ցանկացողները մանրամասներին կարող են ծանոթանալ «Դերսիմյան ջարդերի» կամ «Դերսիմյան ապստամբության», Դերսիմում հայերի ու մյուս քրիստոնյաների զանգվածային ոչնչացումների մասին պատմող կայքերում ու տեղեկագրերում:


Զազա ժողովրդի պատմության վերաբերյալ աղբյուրներ շատ կան, և ցանկացողները կարող են կարդալ ու իմանալ, որ այդ ժողովրդին «զազա» անվանել են քրդերը, իրականում դրանք իրանական դեյլամ բուիդ ենթազգության ժառանգներ են, ինչը երևում է շատ զազաների ինքնանվանումից՝ «դըմլի», և հայերեն անվանումից՝ «դելմիկ»: Ի դեպ, նկատելի է նաև հնագույն «Ելամ» ազգա-տեղանունը: «Նրանց (այսինքն՝ զազաների-խմբ.) երկիրը լի է հայկական հին հետքերի վկայություններով, քաղաքների, գյուղերի ու վանքերի ավերակներով, որոնք հաճախ հին հայերեն գրառումներ ունեն...»,- 19-րդ դարի վերջին գրում է Կարին-Էրզրումում բրիտանական հյուպատոս Տրոթերը: Զազա ժողովրդի ոչ քրդական ծագման մասին է վկայում նրա լեզվի՝ զազակիի լեզվաբանական կառուցվածքը, որը, ի տարբերություն քրդական լեզուների, մոտ է հյուսիսիրանական բարբառներին: Գաղթի այս նույն գործընթացներով է պայմանավորված կենտրոնական Զագրոսի (Իրանում) գորանի լեզվի ծագումը, որը մերձավոր ազգակցություն է ցուցադրում զազակիի հետ: Ի տարբերություն կիսաքոչվոր քրդերի, զազաների հիմնական զբաղմունքը վաղեմի ժամանակներից նստակյաց հողագործությունն է, թեև լեռնային անասնապահությունը ևս ավանդական տնտեսության կարևոր ճյուղ է: Դերսիմը նաև փառաբանվել է իր այգիներով: Եվ այս ամենը քրդերից զազա ժողովրդի վերջին տարբերությունը չէ: Բանն այն է, որ զազաների ճնշող մեծամասնությունը, ինչպես մատնանշում են տեղեկագրերը, «իսլամի պարսից ուղղության մուսուլման է: Այն կոչվում է ալևիզմ, որը հաճախ շփոթում են ալավիզմի հետ, թեև շատ մասնագետներ ալավիզմը, ի տարբերություն ալևիզմի, ամենևին էլ իսլամին չեն վերագրում, այլ համարում են իսլամին, քրիստոնեությանը և հեթանոսությանը հարակից առանձին կրոն»:


Սխալ է թե ոչ, սակայն այն բանից հետո, երբ մոտավորապես 30-40 տարի առաջ Իրանի շիա աստվածաբանները որոշում ընդունեցին շիականությունը հավասարեցնելու թե՛ ալավականներին, թե՛ հուսի-զեյդիներին, թե՛ իսմայիլականներին և այլն, և այլն, անկեղծ ասած, ես առանձնակի տարբերություն չեմ տեսնում՝ զազաները կհամարվեն ալևականնե՞ր, թե՞ ալավականներ: Միևնույն է, զազաների մեծ մասը, ստացվում է, շիադավան է (ի դեպ, հենց հարավաբնակ զազաներն են Հայոց ցեղասպանության ժամանակ հաճախ իրենց տներում պատսպարել գաղթական հայերին): Այնպես որ, կարծում եմ, ամենևին էլ պատահական չէր, որ երկուհազարական թվականների սկզբին Թուրքիայից լուրեր էին ստացվում, թե ի հայտ է եկել ընդհատակում գործող «Հըզբոլլահ» կուսակցություն, և թուրքական «Հըզբոլլահը» գործնականում անորսալի է: Համոզված եմ, հիմա ընթերցողների մեծ մասն էլ է հասկանում, թե ինչու, ի վերջո, 2017 թվականին զազաների մեջ ծնունդ առավ Թուրքիայում սեփական ZHP ազգային կուսակցություն հիմնելու գաղափարը: Քրդերը՝ քուրդ, իսկ զազաները զազաներ են, որոնք, ի տարբերություն քրդերի ճնշող մեծամասնության, ըստ էության, շիադավան են: Այդ դեպքում հասկանալի է դառնում նաև այն, թե ինչու է հենց հիմա, ինչպես ասում են, «ոտքի ելնելով», Իրանը ակտիվ հետաքրքրություն ցուցաբերում Քրդական հարցի նկատմամբ, զուգահեռաբար «աշխատելով» այն բանի վրա, որ անմիջականորեն քրդերի շրջանում էլ աշխատանք տարվի Մերձավոր Արևելքի սուննիադավան տիրակալների դավաճանության մերկացման և տարբեր կարգի շիական ու մերձշիական կրոնական համայնքներում ներգրավելու ուղղությամբ:


Սակայն վերադառնանք մայիսի 30-31-ի իրադարձություններին: Որքան էլ տարօրինակ թվա, հանրությանը Իրանի մասին և քրդերի ներկա դերի մեջ նրա գործոնի մասին տեղյակ պահելու մտադրության իրագործմանը ինձ դրդել է այն հաղորդագրությունը, որ Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը հարցազրույց է տվել թուրքական «Anadolu» պետական գործակալությանը՝ հակաամերիկյան կոշտ դատողություններ անելով: Մի մարդ, որին Ամերիկան էր «նշանակել» Աֆղանստանի նախագահ, և որը մինչ օրս էլ իր երկրում ընկալվում է իբրև ԱՄՆ-ի ուղղակի խամաճիկ: ՈՒ հանկարծ՝ նման տարօրինակ բաներ: Չէ՞ որ Քարզային ամերիկացիները «հանեցին» Արևմուտք փախչողների «տրցակից» միայն այն բանից հետո, երբ «Թալիբան» ահաբեկչական շարժման ձեռքով 2001 թ. սեպտեմբերի 9-ին, այսինքն, ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչական հարձակումից երկու օր առաջ, ամերիկյան հատուկ ծառայությունները, փաստորեն, վերացրին «Փյանջշենի առյուծ» բադախշանցի տաջիկ Ահմադ-Շահ Մասուդին, ապա 2011 թ. սեպտեմբերի 20-ին նույն «սխեմայով» սպանեցին Աֆղանստանի նախագահ, դարձյալ բադախշանցի տաջիկ Բուրխանուդդին Ռաբանիին: Թե ինչով էին աֆղանցի երկու սուննիադավան տաջիկները խանգարում ԱՄՆ-ի իշխանություններին, առանձին խոսակցություն է, բայց պարզ է, որ Աֆղանստանում խորհրդային բանակի կողմից «ինտերնացիոնալ պարտքի կատարման» հետևանքների դեմ պայքարի վետերանները ԱՄՆ-ին թույլ չէին տալիս իրագործել իր վաղեմի երազանք-նպատակը՝ արևելքից շրջապատել Իրանը թշնամական օղակով: Իսկ Քարզայի հարցազրույցի վրա, որի հարազատ եղբորը մի քանի տարի առաջ սպանեցին «անհայտ ահաբեկիչները», ստիպեցին ուշադրություն դարձնել նույն Աֆղանստանում մայիսի 31-ին տեղի ունեցած իրադարձությունները:


Թե որտեղ է Քաբուլի դիվանագիտական թաղամասում կատարված հրեշավոր ահաբեկչության հետ Քրդական խնդրի ու Քարզայի հարցազրույցի կապող օղակը, ընթերցողները կհասկանան փոքր-ինչ ուշ: Աֆղանստանի մայրաքաղաքում պայթյունների հիմնական մասը, կարծես, կատարվել է Գերմանիայի դեսպանատան մոտ: Տուժածների մեծ մասը խաղաղ բնակիչ է: Ճապոնական NHK հեռուստաալիքը հաղորդում է, որ պայթյուններից մեկի հետևանքով տուժել է Ճապոնիայի դեսպանության երկու աշխատակից, բայց նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Սակայն պարզվել է, որ առավել տուժել է... Իրանի դեսպանատունը: Ճիշտ է, իրանական լրատվամիջոցները ահաբեկչական ակտից տուժած իրանական դիվանագետների մասին առայժմ չեն հաղորդել: Բայց, ինչպես հաղորդել է չինական «Սինխուա» գործակալությունը, վնասվել է նաև այն շենքը, որտեղ տեղավորված է այդ լրատվամիջոցի ներկայացուցչությունը (չին քաղաքացիներ, կարծես, չեն տուժել): Մայիսի 31-ի կեսօրի տվյալներով, Քաբուլի տեղական աղբյուրները հաղորդել են ահաբեկչության հետևանքով 80-ից ավելի զոհվածների և մոտ 300 վիրավորների մասին: Ոչնչով չարդարացված գազանություն. ես միայն այսպես կարող եմ բնութագրել կատարվածը, բայց ուշադրություն եմ հրավիրում այն բանի վրա, որ շենքերից տուժել են միայն իրանցիներին ու չինացիներին հատկացված շինությունները: Ահաբեկչական ակտը հետևել է այն բանին, երբ նախկին նախագահ Քարզայը «ի սրտե» անկեղծացել է թուրքական «Anadolu» գործակալության հետ: Ես հակված չեմ այս ամենը համարելու «պատահականությունների շղթա»... Բացահայտ երևում է՝ «ինչ-որ մեկը» որոշել է բոլորին հիշեցնել, թե ով է «իրադրության տերը» Աֆղանստանում, Քաբուլում, միևնույն ժամանակ «ցուցադրական պատժի» ենթարկել Իրանին ու Չինաստանին, ասենք, ներկա սիրիական ճգնաժամում նրանց հետևողական դիրքորոշման և դերի համար:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5147

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao