«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Արդյունաբերությունը սկսվում է շուկայից

Արդյունաբերությունը սկսվում է շուկայից
27.06.2017 | 10:44

(սկիզբը` այստեղ)

Հարկավոր է ճիշտ գնահատել ու հասկանալ ստեղծված իրավիճակը, ճշգրիտ հաշվարկներ կատարել ու ելքեր փնտրել, որոնք, իհարկե, կան, անպայման պետք է լինեն: Այդ ելքերից մեկը ներքին շուկայի հնարավորությունների նպատակային ու ռացիոնալ օգտագործումն է: Ճիշտ է, Հայաստանը, ի թիվս աշխարհի այլ երկրների, ընդգրկված է միջազգային բազմաթիվ առևտրային պայմանագրերում, որոնք երկրներին պարտադրում են տարբերություն չդնել ներքին ու արտաքին շուկաների միջև, արհեստական խոչընդոտներ չստեղծել ներմուծվող ապրանքների համար, ապահովել կապիտալի, ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժը, բայց, ամեն դեպքում, ցանկացած երկիր իր պարտքն է համարում միջոցներ գտնել ու շրջանցել ազատ առևտրի պայմանները, մտածել սեփական ներքին շուկան իր տնտեսական շահերին ծառայեցնելու մասին՝ չմոռանալով արտաքին շուկաներում աշխատելու պարագան: Ազատ առևտրի պայմաններն ու կնքված պայմանագրերը շրջանցելու տարբեր ձևեր ու մեթոդներ կան: Ֆրանսիայում, օրինակ, այն իրականացվում է քաղաքացի-գնորդների վրա բարոյական ազդեցություն գործադրելու միջոցով: Հայրենասեր է այն ֆրանսիացին, ով գերադասում է գնել իր երկրում արտադրված ապրանքները, երկու անգամ բարձր գնով ունենալ ֆրանսիական արտադրության կոշիկ կամ ավտոմեքենա ձեռք բերել: Ֆրանսիացիների մեծամասնությունը հետևում է այդօրինակ կոչերին:


Իրանում այլ ձևեր են կիրառվում. արգելվում է այլ երկրներից ներմուծել այն ապրանքները, որոնք արտադրվում են Իրանում:
Ամերիկայի նորընտիր նախագահը միանգամից 32-տոկոսանոց արգելք դրեց արտասահմանից բերված ավտոմեքենաների և արդյունաբերական այլ ապրանքների վրա:
Հայաստանում ևս մերթ ընդ մերթ հնչեցվում են սեփական ապրանքները գնելու հայրենասիրական կոչեր. «Գնենք մերը, օգնենք մեզ» կամ «Չգնենք թուրքական արտադրության ապրանքները» և այլն, և այլն: ՀՀ-ում, սակայն, այս ամենը մնում է ընդամենը որպես կոչ ու բարի ցանկություն, մեր քաղաքացիները դեռևս պատրաստ չեն իրենց ակտիվ մասնակցությունը բերելու համաշխարհային առևտրային պատերազմի թատերաբեմում, աշխատելու և ապրելու նոր պայմաններում: Քայլեր, որոնք առանձնապես չեն խրախուսում նաև իշխանությունները:


Հիշենք ֆրանսիական կոնյակների պատմությունը, երբ Հայաստանի տնտեսական արտաքին կապերի նախարար Եսայի Ստեփանյանի նախաձեռնությամբ կատարվեց, իմ խորին համոզմամբ, դավաճանական, դիվերսիոն ստոր քայլ. պետական մասշտաբային գնումների արդյունքում Հայաստանում, հայկական հիմնական բրենդ հանդիսացող կոնյակների կողքին, սկսեցին վաճառել ֆրանսիական «Նապոլեոն» կոնյակները (սա դեռևս 1992 թվականն էր, երբ շունը տիրոջը չէր ճանաչում, ու երկրի ապագան դեռևս մշուշոտ էր): Հիմա մենք կարող ենք փաստել, որ այդ գործարքը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Հայաստանում ձևավորվող «ատկատային» տնտեսության առաջին քայլը:


Մեր օրերում արդեն հայտնի չէ, թե ով և ինչպես է Հայաստան ներկրում ադրբեջանական խնձորների խմբաքանակ, որը վաճառվում է մեր խնձորների կողքին, ավելի բարձր գներով:
Սրանք ոչ այլ ինչ են, եթե ոչ հայկական տնտեսությունը քայքայելու հերթական հաջողված փորձեր, այս մասին կարելի է երկար խոսել, վերլուծել, քննարկել, քննադատել ու դատապարտել, բայց այդ թեմաներով դատողություններ անելու պատիվը մենք կթողնենք մեր իշխանավորներին, թող նրանք զբաղվեն ինքնաքննադատությամբ ու մեր հանրությանը տեսանելի դարձնեն, թե ինչ աններելի վնասներ են պատճառում մեր երկրի տնտեսությանը՝ օտարածին ապրանքներով պղծելով ու քայքայելով ներքին շուկան, երկիրը տանելով դեպի կործանում:
Ներքին շուկայի դերն ու նշանակությունը միայն առևտրային խնդիրներով չեն բավարարվում, ներքին շուկայի խնդիրը ունի ռազմավարական նշանակություն, եթե այն դիտարկենք մեկ այլ տեսանկյունից՝ ելնելով Հայաստանի տնտեսության վերականգնման, վերապրոֆիլավորման ու վերաինդուստրալացման պահանջներից: Ցանկացած երկրի (հատկապես փոքր) համար ներքին շուկայի դերն ավելի մեծ է, քան այն որպես առևտուրը կազմակերպելու օբյեկտ դիտարկելը, դիցուք, որպես տեղական արտադրության ապրանքների իրացման վայր՝ կատարած ծախսերը հետ բերելու և մինիմալ շահույթ ստանալու նպատակով:
Ներքին շուկան այն միակ ու կարևոր պոլիգոնն է, որտեղ կարող են իրենց մկրտությունը ստանալ, տեխնիկատնտեսական փորձարկումները անցնել երկրում ստեղծված նոր արտադրատեսակները, որոնք կարող են արտադրվել ներքին շուկայի, իսկ հաջողության դեպքում, նաև արտահանման նպատակներով՝ արտաքին շուկաներում իրացնելու համար: Որպես օրինակ վերցնենք հելիոֆիկացիայի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնոլոգիական պրոցեսների հաջորդականությունը (որպես հիմք ընդունվել է ճապոնական «Տաբայ» կորպորացիայի մշակած սխեման): Հիշեցնեմ, որ հելիոֆիկացիայի ծրագրի հիմնական նպատակը հետխորհրդային Հայաստանի արդյունաբերության վերապրոֆիլավորմանն ու արտահանմանը միտված արտադրանքի ստեղծումն է:
1. Հայաստանի արդյունաբերության զարգացման հայեցակարգի մշակում՝ ելնելով ստեղծված աշխարհաքաղաքական ու տնտեսական նոր իրավիճակից;
2. Հայաստանի համար արդյունաբերական հեռանկարային ոլորտի ձևավորում՝ ելնելով համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական միտումներից և հաշվի առնելով միջազգային շուկայի պահանջները՝ 15-20 տարվա հեռանկարով:
3. Ապագա սպառողների պահանջարկի վերլուծություն ու գնահատում:
4. Արդյունաբերական նմուշների գաղափարի առաջադրում:
5. Տեխնիկական փորձնական նմուշի նախագծում, պատրաստում և փորձարկում (զրկված լինելով սերիական արտադրություն կազմակերպելու հնարավորությունից՝ մենք ստիպված էինք անընդհատ զբաղվել միայն նոր տեխնիկական փորձնական նմուշների նախագծման ու պատրաստման հարցերով):
6. Տեխնիկական փորձնական նմուշի փորձարկումներ՝ հուսալիության ու սպառողական հատկանիշների հաստատման համար:
7. Ապագա սարքավորումների փորձնական նմուշների պատրաստում ու փորձարկումների իրականացում:


Այս կետերից հետո մեր աշխատանքային ցիկլն ընդհատվել է, ու հիմա քայլեր ենք ձեռնարկում այն շարունակելու և մշակված DVH տիպի արևային սարքերի զանգվածային արտադրությունը Հայաստանում կազմակերպելու, դրանց իրացումը Հայաստանի ու Արցախի ներքին շուկաներում վաճառելու համար: Դրանց հաջորդելու են աշխարհի տարբեր հայաշատ երկրներում հելիոտեխնիկական գործարաններ կազմակերպելու և արևային տեխնիկայի միջազգային շուկայում կայուն տեղ զբաղեցնելու համար անհրաժեշտ աշխատանքային միջոցառումները: Այս աշխատանքներն իրենց տրամաբանական ավարտին հասցնելու համար որպես փորձնական ծրագիր կարող էր ծառայել հայկական մեկ գյուղի հելիոֆիկացիայի գործընթացի կազմակերպումը, որը թույլ կտար սկսել հայկական մշակման հելիոտեխնիկայի արտադրությունը՝ առայժմ փոքր սերիայով: Որպես հնարավոր պոլիգոն ընտրված էր Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղը: Փոքր սերիան, իր հերթին, թույլ կտար կատարել անհրաժեշտ շահագործողական փորձարկումներն ու քայլեր ձեռնարկել արևային սարքերի զանգվածային արտադրությունը նախապատրաստելու համար (ենթադրվում էր, որ պետության աջակցությամբ մեզ կհաջողվեր Սպիտակում կազմակերպել հելիոտեխնիկական սարքերի բազային գործարան` 2 հազար աշխատատեղով և օրական հազար կոմպլեկտ 5 կՎտ պայմանական ջերմային հզորությամբ արևային սարքերի թողունակությամբ: Հետագայում արևային տեխնիկայի բազային գործարանը կարող էր կազմակերպվել նաև այլ երկրներում, ինչը թույլ կտար ընդարձակել արտադրությունը, մոնոպոլ դիրքեր գրավել աշխարհում ու վստահորեն աշխատել արևային տեխնիկայի միջազգային շուկայում):


Հայաստանի նման փոքր երկրների համար արևային տեխնիկայի ներքին շուկան միակ տեղն էր, որտեղ հնարավոր կլիներ կազմակերպել արտադրված արևային տեխնիկայի և՛ վաճառքը, և՛ շահագործողական փորձարկումները: Նման զանգվածային փորձարկման արդյունքները խիստ կարևոր են միջազգային շուկայի համար նախատեսված արևային տեխնիկայի նախագծման ու զանգվածային արտադրության կազմակերպման համար: Արևային տեխնիկայի մեր ներքին շուկան այն միակ տեղն է, որտեղ հնարավոր կլիներ իրականացնել մեր բոլոր հետազոտական ու արտադրական պրոցեդուրաները, դա հայկական հելիոտեխնիկական արդյունաբերություն կազմակերպելու համար տեխնոլոգիապես անհրաժեշտ կարևոր օղակ է, առանց որի հնարավոր չէ առաջ շարժվել:
Հնարավոր չէ, օրինակ, մեր արտադրական ու տեխնիկական փորձարկումների համար օգտագործել այլ երկրների ներքին շուկաները՝ որպես արևային պոլիգոններ: Մինչև այլ երկրների, օրինակ՝ Կոնգոյի, Տանզանիայի կամ Ավստրալիայի շուկաներին հասնելը, մեզ պետք է բավարարել, առաջին հերթին, մեր ներքին շուկայի պահանջարկը, հասկանալ մեր ստեղծած տեխնիկայի ու արտադրության թույլ տեղերը, վերացնել հնարավոր սխալները, կատարելագործել ստեղծված տեխնիկան ու դրանցից հետո միայն մտածել արտահանման խնդիրների մասին:


Ցավոք, այստեղ մեր գործի համար լուրջ խնդիրներ ու խոչընդոտներ են առաջացել, որոնք անմիջականորեն առնչվում են ՀՀ կառավարության կողմից այսօր Հայաստանում իրականացվող արևային ծրագրերին: Ծրագրերի հիմքում դրված է Հայաստանում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ու արևային ջրատաքացուցիչների տարածման աշխատանքների իրականացումը: Ծրագրերն ինքնին վատը չեն, եթե հիմնված լինեին հիմնականում Հայաստանում արտադրված արևային տեխնիկայի կիրառության վրա, բայց, ցավոք, նույնիսկ ջրատաքացուցիչները (դրանք 1994 թվականից փոքր խմբաքանակներով արտադրվել ու արտադրվում են հայկական մի քանի ընկերություններում) բերվում են Չինաստանից՝ հարվածի տակ դնելով Հայաստանում արևային ոլորտը արդյունաբերական հիմքերի վրա դնելու մեր բոլոր ջանքերն ու ստեղծած իրական հնարավորությունները: Այս հարցում Հայաստանի կառավարության կողմից միտումնավոր բացթողում կա, որը նման է տեխնիկական կոպիտ սխալի: Դա էր պատճառը, որ 2017 թվականի մայիսի 25-ին ՀՀ մտավորականների միության կազմակերպած մամուլի ասուլիսում ինձ իրավունք եմ վերապահել քննադատելու ՀՀ վարչապետին ու էներգետիկայի նախարարին: Ցավոք, իմ քննադատությունը յուրաքանչյուրը յուրովի ընկալեց, հիմնականում պոպուլիստական որակումների տեսքով՝ որպես Սերժ Սարգսյանի պատվերով կատարված հանձնարարություն, որպես Արա Աբրահամյանի հովանավորած կամ Պուտինի «մարդու» արած անհիմն մեղադրանք: Իմ ընդդիմախոսները այս հարցում իրավացի չեն, նրանց քննադատությունները մերժում եմ՝ որպես անհիմն ու իշխող կլանին նվիրաբար ծառայելու իրենց պատրաստակամության ցուցադրում ու հավատարմության նշան: Նման հարցերում ես մշտապես առաջնորդվել եմ Ֆեոդոր Դոստոևսկու հայտնի տրամաբանությամբ.

«Если ты идешь к цели и на каждом шагу останавливаешься, чтобы кинуть камнем на каждую лающую на тебя собаку, то ты можешь не дойти до цели»:

Այնպես որ, թող իմ քննադատները ինձ ներեն, ես նրանց վրա ժամանակ չեմ կորցնի նաև այն պատճառով, որ ՀՀ 14-րդ վարչապետին քննադատելու հարցում ես իրավացի եմ, չի կարելի Հայաստանի հեռանկարային ոլորտի ճանապարհի վրա վարչապետական հսկայական քար գցել: Մի քոռ կոպեկ անգամ չծախսելով Հերունի-Համազասպյան արևային ծրագրերը Հայաստանում իրականացնելու համար, ՀՀ կառավարությունը իրեն թույլ է տալիս այդպիսի շռնդալից վարկեր վերցնել՝ խնդրահարույց արևային ոլորտները Հայաստանում արմատավորելու, միաժամանակ, արևային տեխնիկայի հայկական շուկա-պոլիգոնը օտարների տրամադրության տակ դնելու համար:

ՀՀ ներկայիս կառավարությունն ինչո՞վ է տարբերվում Վազգեն Մանուկյանի կառավարությունից, որը պետական փողերը փչացրեց ֆրանսիական կոնյակ ձեռք բերելու համար, որի վերջնական նպատակը, իմ խորին համոզմամբ, հայկական հիմնական բրենդ հանդիսացող կոնյակային բիզնեսը հիմնական մրցակիցների ձեռքը տալը, հայկական ավանդական կոնյակագործության հեղինակությունը խաթարելն ու, ի վերջո, Երևանի կոնյակի գործարանը շան մսի գնով վաճառելու գործի նախապատրաստումն էր:

(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 12322

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ