«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ինչո՞ւ են ավելացնում Սևանից ջրառի ծավալը

Ինչո՞ւ են ավելացնում Սևանից ջրառի ծավալը
27.06.2017 | 10:51

Հունիսի 23-ին կառավարությունը հավանություն է տվել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ըստ նախագծի՝ 100 միլիոն խմ-ով ավելացվելու են Սևանա լճից ջրբացթողումները՝ բացթողման չափաքանակը 170 միլիոն խմ-ից դարձնելով 270 միլիոն խմ։


Բնապահպանները կարծում են, որ մեկ տարվա ընթացքում այդքան ջուր բաց թողնելը բավականին լուրջ վտանգներ է իր հետ բերում: Այն ձեռքբերումները, որ անցած տարիներին ունեցել ենք լճի մակարդակի հետ կապված, կզրոյանան:
Բնապահպան Հակոբ Սանասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախորդ վարչապետների գործելաոճն այսօր նույնպես շարունակվում է, կառավարությունը, փաստորեն, չհիմնավորված քայլեր է անում, բացատրելով դա գյուղացիներին աջակցելու, ոռոգման համակարգը բարելավելու նպատակադրմամբ։


«Մենք շատ լավ գիտենք, որ ժամանակին 50, 60, 70 միլիոն խմ ջուր էր վերցվում Սևանա լճից, հիմա քիչ է, 170 միլիոն խմ-ն սահմանել են որպես հիմք, 100 միլիոն խմ էլ ավելացնում են։ Կարելի է ասել, ինչպես հանքարդյունաբերության ոլորտում, տնտեսագիտական հաշվարկներ չկան։ Տնտեսագիտություն Հայաստանում չկա։ Սևանա լճի հարցում մի պարզ խնդիր կա. ՀՀ կառավարությունը, նախագահի գլխավորությամբ, չի ուզում՝ լճի մակարդակը բարձրանա։ Հենց այդ պատճառով էլ ես ժամանակին դուրս եկա համապատասխան հանձնաժողովից` տալով հիմնավորում։ Այսօր այլևս ասելիք չունեմ, քանի որ իշխանությունը Սևանա լիճը ծրագրված սանձել է. սահմանել են որոշակի չափաքանակ, ասելով, որ լճի մակարդակը նշված չափից ավելի բարձրանալու իրավունք չունի։ Ինչպես անկախության առաջին օրերին, Խորհրդային Միության տարիներին, իշխանությունը հայտարարում է, որ Սևանա լճի խնդիրը կարևորագույնն է, և լճի մակարդակի բարձրացումը մինչև 1903 նիշը մեր սուրբ պարտքն է։ Բայց նրանք ստում են։ Հայտարարել են, բայց չեն կարող ասել՝ ժողովուրդ, մենք դա չենք կարող և չենք ուզում անել։ Հակառակը, ջրամբարները կիսադատարկ պահելով, նույնիսկ Արարատյան դաշտավայրում ոռոգման գործակիցը կրկնակի մեծացնելով, փորձում են հավելյալ ջուր վերցնել Սևանա լճից և ենթարկվել Համաշխարհային բանկի թելադրած դրույթներին. Սևանա լճի մակարդակի բարձրացումը պետք է լինի 37-40 տարում։ Սա է ամբողջ խաղը, որ խաղում են բոլոր վարչապետները, որ ընդհանրապես վարչապետ էլ չեն։ Նրանք ընդամենը գրասենյակի ղեկավար են, քանի որ իսկական վարչապետը միշտ էլ եղել է հանրապետության նախագահը»,- ասում է Հակոբ Սանասարյանը։


Բնապահպանները նաև նշում են, որ իշխանությունը չի ցանկանում բարձրացնել լճի մակարդակը, քանի որ դա կարող է վնաս հասցնել ափամերձ տարածքների շինություններին։ Նրանք նաև հիշեցնում են, որ Սևանի ափին 4700-ից ավելի ապօրինի կառուցված շինություններ կան, և ապամոնտաժվել է չնչին հատվածը: Թանկարժեք շինությունները մնացել են, արդեն քանի տարի է` ՀՀ կառավարությունը չի կողմնորոշվում՝ ինչպես վարվել դրանց հետ:


Հակոբ Սանասարյանի համոզմամբ՝ Սևանից հավելյալ ջուր վերցնելը կհանգեցնի լճի մակարդակի իջեցման, ինչը կխախտի վերջին տարիներին ձևավորված փխրուն էկոհամակարգի հավասարակշռությունը:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ